Իրպենից Երևան.  Սեփական տան որոնումներով
Պատերազմ

Իրպենից Երևան. Սեփական տան որոնումներով

Հայ-ուկրաինական ընտանիքում ծնված Եվգենիա Մելքոնյանը պատերազմի պատճառով թողել է իր տունն Իրպենում, տեղափոխվել Լեհաստան, իսկ հետո՝ Երևան։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով Եվգենիան պատմել է իր անցած դրամատիկ ճանապարհի ու Սեփական տան որոնումների մասին։

Տեքստը՝ Եվգենիա Մելքոնյանի` ուկրաինուհի, հայուհի, Մարդ


Լուսանկարները՝ Բիայնա Մահարու

 

ԵՐԵՎԱՆ #75 | 2022
 

Երբ աշխարհը բաց էր, միակ տեղը, ուր ուզում էի վերադառնալ, Հայաստանն էր։ Հիշում եմ, երբ ավարտում էի կամավորական ճամփորդությունս 2021-ին, կանգնած էի Լոռի-Փամբակում՝ լեռան գագաթին ու մտածում էի՝ «Այստեղ ամեն ինչ կա»։ Այն ժամանակ ես գտա այն տունը, որը բոլորս փնտրում ենք, երբ մեծանում ենք։ Այստեղ էի ձգտում։ 

 

Նախապատմություն

Ես երազում էի ճամփորդել աշխարհով՝ ունենալով մի հատիկ ճամպրուկ, որի կեսը լցված կլինի երաժշտական գործիքներով։ Չունենալ ոչ մի պլան, ոչնչի մասին չմտածել, պարզապես վստահել աշխարհին։ Բայց մարտին, երբ սկսվեցին իմ ճամփորդությունները, դա արդեն ոչ թե երազանք էր, այլ փորձություն։ 


Փետրվարին ես ինչ-որ հրաշքով թողեցի տունս Իրպենում ու գնացի հորս մոտ՝ Բոյարկա։ Բոյարկան թեև գտնվում էր ռազմական գործողությունների եռանկյան ուղիղ կենտրոնում, ոչ օկուպացվել էր, ոչ գրոհվել։ Բայց մենք լսում էինք պայթյուններն ու տեսնում հրացոլքը։ Տնից համարյա դուրս չէի գալիս, միայն կամավորական աշխատանքների համար։ Երբ ապրում ես մարտական պատրաստակամության վիճակում, գիտակցությունդ փոխվում է, փոխվում են սովորությունները։ Շատ կարևոր է բոլորի հետ կապի մեջ լինել։ Առավոտյան առաջին հարցը դառնում է՝ «հը՞, գիշերը հանգի՞ստ էր»։ Հիմա արդեն դժվարությամբ եմ հիշում այդ օրերը, քանի որ ուղեղս պարզապես հրաժարվում է այս ամենը պահել, ավելի հեշտ է պարզապես ջնջել։ Բայց շատ լավ հիշում եմ հեռանալուս օրը։ 


9 մարտի, չորեքշաբթի։ Առաջին հանդարտ երեկոն, առաջին կանաչ միջանցքը՝ օկուպացված բնակավայրերից։ Դեռ առավոտվա ութին վստահ չէի, որ գնալու համար ճիշտ օր է, իսկ արդեն կեսօրին կայարանում էի։ Ահավոր լաց էի լինում, որովհետև նախորդող շաբաթներին՝ չնայած պատերազմի արհավիրքին, ընտանիքի ու մտերմության զգացողություն էի ձեռք բերել, անվերջ շնորհակալ էի կյանքին, բայց…


Չէի ուզում գնալ, բայց մնալն անվտանգ չէր, և ես զգում էի, որ պետք է շարժվել։ Դուրս եկա հորս տնից։ Երբեք չէի եղել «իսկական հայ աղջիկ», այս օրերին դարձա։ Աչքերս թաց էին։ Ձեռքիս մի հատիկ ճամպրուկ էր, որի կեսը՝ երաժշտական գործիքներ։ Գիտեի, որ գնում եմ նոր տուն գտնելու ու որ կանգ չեմ առնի, մինչև չգտնեմ։ 

 

Աստված ու մարդկություն

Մինչ այդ պահը պատերազմի մասին լսել էի, զգացել էի, կարդացել էի այդ մասին։ Իսկ էվակուացիոն էլեկտրիչկայում անցկացրած 14 ժամում տեսա արդեն մոտիկից։ Անհավանական բարության ու փոխօգնության կողքին տեսա երեխաների հետ փախչող կանանց հոգնությունը, վախն ու մոլորվածությունը։ Նրանք երբեք չէին երազում հենց այդպես մի հատիկ ճամպրուկով աշխարհ բացահայտել։ Չէին երազում «փախստականի» պիտակի մասին։ Ես նստած էի գնացքում ու լացելով հիշում էի հայ նախնիներիս պատմությունները ցեղասպանությունից փախչելու մասին։ Գիտեի տասնյակ պատմություններ, երբ իմ նման անծանոթ մարդկանց օգնում էին «օտարները»։ Այդ օգնությունը լավություն անելու կամ փրկելու ու փրկվելու համար չէր։ Այլ խոր գիտակցությունից, որ բարությամբ պետք է կիսվել՝ չդարձնելով ոչ մեկին զոհ կամ փրկիչ։ Դա իսկական Մարդկություն էր։ 


Այդպես ես էլ հանդիպեցի Լարիսային ու Յուրչիկին, որոնք ապաստան տվեցին ինձ Լվովում։ Իսկ կոմպոզիտոր ու կամավոր Վիլյամը, որ հասցրեց ինձ Կրակով, երաժշտության ու կյանքի մասին զրույցներով հանգստություն էր սփռում։ Իմ գործընկերուհի Կոնչետան, Ֆեյսբուքի ուժն ու Լեհաստանի պարողների համայնքը (Ալիսիան, Ալեքսանդրը, Աննան) ապաստան գտան ինձ համար։ Սիրով լցված մի տուն էր, որտեղ ապրում էին Քրիսը, Կասյան, նրանց երեք երեխաները՝ Հելենան, Վիկտորն ու Աշան, նրանց տատիկն ու շնիկ Դիդեկը։ Այստեղ ես նորից հարազատ տան ջերմությունը զգացի։ 


Զարմանալիորեն հենց այս անվտանգ ու հարմարավետ միջավայրում օրգանիզմս վերջապես տեղի տվեց: Շատ ուժեղ խուճապի գրոհ ունեցա։ Չգիտեի ինչ անել, ինչպես օգնել ինքս ինձ։ Դեղերը չէին օգնում, նոր ընտանիքիս չէի ուզում անհանգստացնել, բայց մարմինս չէր դիմանում։ Մի պահ թվաց, թե ուշագնաց եմ լինում։ Սկսեցի աղոթել, խնդրեցի Աստծուն ցույց տալ ինձ, թե հանուն ինչի պետք է ապրեմ, թե ինչը կարող է օգնել ինձ։ Առավոտյան հազիվ դողս զսպելով դուրս եկա երեխաների հետ զբոսայգում զբոսնելու։ Փոքրիկ Վիկտորը մոտեցավ ինձ, գրկեց ու ասաց՝ «I love you»: Այդ պահին հասկացա, որ այդ մաքուր սերը հարցիս պատասխանն է։ 


Նույն օրը լավացա ու որոշեցի շարունակել ճանապարհս։ Դեպի Հայաստան, որտեղ ես զգացել եմ Սերն ու Աստծուն հողի մեջ։ Գտնելով երկրորդ տունս Կրակովում, ես նորից անցա Սեփական տանս որոնումներին։ Հիմա ամեն անգամ քնելուց առաջ ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնց միջոցով ես տեսա Աստծուն ու զգացի, թե ինչպես է նա օգնում ամենքիս կյանքի ամենաբարդ պահերին։ 

 

 

Հայաստանն ու նոր իրականությունը

Տուն հասկացությունը հետազոտելիս ես եկա եզրակացության, որ ինձ համար դա ուժի տեղ է, կապ, մարդիկ, որոնց սիրում եմ, արմատներ ու երաժշտություն, որն այս ամենի արտացոլումն է։ Փոխելով գարունը ձմռանով՝ ես նորից եկա Հայաստան։ Այնքան երջանիկ էի, որ հասա, որ կայացրի այդ որոշումը, որ ինձ դիմավորեց սիրելի ընկերուհիս…


Բայց պարզվեց, որ անցած մի քանի ամիսների ընթացում իմ Հայաստանը փոխվել է։ Նույնիսկ գործ գտնելով՝ չկարողացա տուն վարձել, քանի որ գները երեք անգամ աճել են։ Խանութներում ամեն ինչ կրկնակի թանկացել է, պետությունից օգնություն չկա… Կյանքի կախարդանքից հետո խրվեցի կենցաղային առօրյայի ու իներցիայի մեջ։ Իսկ կործանիչների ձայնը լսելիս նորից ու նորից լաց էի լինում։ 


Նորից մարդիկ… Այստեղ ես տեսա, որ պատնեշի հակառակ կողմում հայտնված մարդկանց կյանքը նույնպես այլևս նույնը չէ։ Առաջին օրերին տարակուսում ու զայրանում էի, որ իմ երկրորդ հարազատ հողը, որտեղ ես Տուն էի ուզում ստեղծել, օկուպացրել են «նույները»։ Նրանցից ոմանք մեղքի զգացումից փախցնում էին հայացքը, երբ լսում էին, որ Ուկրաինայից եմ։

 

Աստիճանաբար հասկացա, որ մենք բոլորս մի տեղում ենք՝ մի ահավոր մսաղացում։ Ոմանք փախչում են, որպեսզի «օտարները» իրենց չսպանեն, իսկ մյուսները՝ որ չսպանեն «յուրայինները»։ Եվ ահա այստեղ, այս գրեթե չեզոք Հայաստանում, մենք ստացանք հնարավորություն ապացուցելու տիեզերքին, որ կարող ենք ապրել կողք կողքի։ 


Հայաստանում ինձ ապաստան տվեց հրաշալի Աիդան, որի մոտ ապրում էի կամավոր եղած ժամանակ։ Երբ շնորհակալություն եմ հայտնում նրան, միշտ ասում է՝ «Աստծուն շնորհակալ եղիր»։ Իսկ ես ասում եմ՝ «Աստված բացի մարդկանցից այլ ձեռքեր չունի»։


Է՞լ ինչ եմ անում այստեղ։ Հիմնական աշխատանքս միջոցառումների կազմակերպումն է։ Բացի դրանից այս մեկուկես ամսվա ընթացքում ծանոթացա բազմաթիվ լավ մարդկանց հետ, հարցազրույց տվեցի, պատմեցի ուկրաինական ֆոլկլորի մասին ու օրորոցայիններ երգեցի ուկրաինացի երեխաների օգնության համար կազմակերպված բարեգործական երեկոյի ընթացքում։ Երկու աշխատարան անցկացրեցի՝ ձայնի հետ աշխատանքի մասին, որոնցից մեկը նվիրված էր ուկրաինական ժողովրդական երգեցողությանը. ռուս ու հայ կանայք երգում էին ինչպես ուկրաինացի տատիկները։ Այդ օրը պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ էի երգում ուրիշ մարդկանց հետ, և դա ինձ տվեց մեծ ուժ, երախտիքի զգացում ու ուրախություն։ Հետո միասին համերգ-մեդիտացիա արեցինք, որին հիմնականում ռուսներ էին եկել, որոնք ծանոթ էին այդ մշակույթի հետ։ Անպայման կուզեմ նորից նման հանդիպում ունենալ, ու շատ կուզեմ, որ Ղրիմից Երևան տեղափոխված սքանչելի Յուլիայի «Մամա ջան» սրճարանում ուկրաինական ժողովրդական երգի փոքր երեկո կազմակերպել…


Հիմա Հայաստանը լավ հնարավորություն ունի մեծ քայլ առաջ անելու։ Հրաշալի կլիներ, եթե ստացվեր։ Բայց դա կախված է ամենքի ընտրությունից։ Ես հավատում եմ, որ միայն մեր անձնական ընտրությունով, տրամադրվածությամբ ու արժեքներով մենք կարող ենք ապագա կառուցել։ 

 

Գտա՞ արդյոք տունս

Միայն կասեմ, որ ճանապարհս դեռ շարունակվում է։ Հիմա մի ամսով գնալու եմ Վրաստան՝ պարի ու պերֆորմանսի դասախոսների խմբի հետ սարերում ռեթրիթ անցկացնելու։ 


Վերջին մեկուկես ամսվա իմ բուռն փորձից հետո կարող եմ վստահ ասել, որ կարևորը քո գործն անելն է, սիրելի մարդկանց հետ լինելը, կյանքի համար շնորհակալ լինելը, սրտի հետևից գնալը։ Պետք է զգալ ուրախությունն ու կյանքը։ Ես կշարունակեմ գործս ու կշարունակեմ փնտրել մարդկանց ու այն հողը, որոնց հետ կուզեմ մնալ ավելի, քան վերադառնալ Ուկրաինա։ 


Ես շնորհակալ եմ այս պատերազմին, որ իմ մեջ բացվեց խորքային էությունը, որ բացահայտեց, թե ինչ եմ ես իրականում ցանկանում, օգնեց ապաքինել հին վերքերս։ Թեկուզ ավելի մեծ ցավի օգնությամբ։ Շնորհակալ եմ, որ այսչափ սեր ստացա մարդկանցից, որոնց ներսում Աստված կա։ 


Իմ Սեփական տան փնտրտուքների մեջ ես երեք տուն գտա։ Շատ եմ ուզում կատարել նույն ճամփորդությունը, բայց դեպի հետ։ Ուզում եմ վերադառնալ բոլոր Սեփական տներս ու գրկել ընտանիքներիս։
 

հավելյալ նյութեր