Իտալացի տղայի երգը
Իտալացի նկարիչ Պաոլո Կոսսիի նկարազարդ հուշերը Երևանից։
ԵՐԵՎԱՆ #23 | 2013
Պաոլո Կոսսի
Մի քանի տարի առաջ իտալացի պատկերապատող Պաոլո Կոսսին հրատարակեց «Մեծ եղեռն» գրաֆիկական նովելը, որտեղ, ինչպես կարելի է կռահել վերնագրից, նա անդրադարձել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Զարմանալի չէ, որ Կոսսին արդեն երկու անգամ այցելել է Հայաստան՝ մասնակցելով Երևանի պատկերապատման միջազգային փառատոնին: Մեր խնդրանքով հեղինակը վերարտադրեց իր տպավորությունները Երևանից՝ պատկերների և կարճ նկարագրությունների տեսքով:
Կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցի
Քայլում ես փողոցով ու հանկարծ նկատում այս փոքրիկ հնամյա եկեղեցին՝ կտրված ամեն ինչից, բայց միաժամանակ ամեն ինչի կենտրոնը: Թվում է՝ Երևանի կենտրոնի հենց այս վայրում ժամանակը կանգ է առել: Ընդհանրապես, հիանում եմ հայկական եկեղեցիներով, այդպիսի ներդաշնակ ճարտարապետություն աշխարհում գրեթե չկա:
Եղեռնի հուշարձան
Այս վայրի սրբությունը զգացվում է գրեթե ֆիզիկապես: Կառույցն այնպիսին է, որ հիշողության էներգիան կարծես գտնվում է ամեն քարի մեջ: Շատ ուժեղ զգացում ունեցա, երբ ներս մտա, մոտեցա անմար կրակին: Սիրտս երբեք այդքան ուժեղ չէր բաբախել:
Տաքսի
Պարզապես սիրում եմ նկարել տաքսիները բոլոր քաղաքներում, որտեղ լինում եմ: Երևանում տաքսիները շատ են ու բավական էժան:
Փակ շուկա
Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ: Շատ հաճելի է ժամերով կորչել այս սեղանիկների արանքներում: Իմ ուշադրության կենտրոնում համեմունքներն էին: Կան նաև բազմաթիվ բուժիչ խոտաբույսեր: Գնեցի դրանցից մի քանիսը՝ Իտալիայում կյանքում այդպիսիք չէի տեսել, ասացին, որ լավ է ստամոքսի ցավերի դեպքում:
Մատենադարան
Այստեղ 17 հազար հին ձեռագիր է պահվում՝ գանձ, որը ապշեցնում է: Այս թանգարանն անպայման պետք է այցելել ու զգալ այն հզորությունը, որ կա այդ գրքերում ու հայկական տառերում:
Զբոսանք քաղաքով
Չեմ կարող հայացքս պոկել փոքր, միանգամից աչքի չընկնող քանդակներից և ինստալյացիաներից, որոնք զարդարում են փողոցները: Ծառերի պարույրները շենքերի պատերով ձգվում են մայթեզրից մինչև վերևի հարկերը ու, թվում է, կյանքի խորհուրդը տանելով դեպի երկնային բարձունքներ:
Հայաստան կատարած ճամփորդությունն ինձ պարգևեց այնպիսի զգացումներ, որ չէի ունեցել աշխարհում ոչ մի տեղ: Երևի գաղտնիքն այն է, որ այս երկիրը մշտապես գտնվում է անցյալի ու ապագայի միջև: