Երևանի հիշողության գրանիտե դրոշմանիշներն ըստ Իզա Չոլախյանի
Արվեստ

Երևանի հիշողության գրանիտե դրոշմանիշներն ըստ Իզա Չոլախյանի

Հունվարի 31-ին լրացավ ճարտարապետ Իզա Չոլախյանի 90-ամյակը։ Այս առաջին հայացքից ոչ շատ հայտնի անվան հետևում թաքնված է ճարտարապետական բազում մեծ ու փոքր նմուշների հեղինակը, որի աշխատանքների կողքով ամեն անգամ անցնում ենք Երևանում քայլելիս։

Տեքստը՝ Սոնա Կարապողոսյանի

 

Լուսանկարները՝ Դավիթ Ներսիսյանի, Աղվան Ասոյանի

#Ճարտարապետություն #Արվեստ

Իզա Չոլախյանը ծնվել է Երևանում։ Նրա հայրը խորհրդային հայտնի գործիչ Գուրգեն Չոլախյանն էր, որն ի թիվս տարբեր պաշտոնների՝ Խորհրդային Հայաստանի մշտական ներկայացուցիչն է եղել Մոսկվայում (փաստացի՝ դեսպան), ապա նաև Երևանի քաղխորհրդի նախագահ (փաստացի՝ քաղաքապետ)։ Հոր ազդեցությունը թերևս ամենից զգալին է եղել Իզայի աշխարհընկալման և կյանքի փիլիսոփայության ձևավորվան գործում, օրինակ՝ Գուրգեն Չոլախյանն այն քիչ գործիչներից էր, որ չնայած Մոսկվայում պաշտոն վարելուն և ապա տարբեր առաջարկներին ստանալուն, որոշեց վերադառնալ ու աշխատել Հայաստանում։ Հայաստանում ապրել ու ստեղծագործել ընտրեց նաև Իզան։ Հոր հոգատար, բայց կարգապահություն պահանջող  վերահսկողության ներքո սկսեց նկարել։

 

Ճարտարապետական գործունեությունն Իզան սկսել է 1960-ին, երբ ավարտելով Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտն՝ ընդունվել է «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետության արվեստանոց։ Ստուդիան, որ մի քանի տարի անց ակադեմիական կարգավիճակ ստացավ, ղեկավարվում էր Ջիմ Թորոսյանի կողմից և պատասխանատու էր Երևանում կառուցվող գրեթե բոլոր շինությունների համար։ 

 

Լուսանկարը՝ Ճարտարապետություն Շինարարություն Դիզայն ֆբ-էջից

 

 

 

Առաջին նախագիծը, որ հանձնարարվեց Չոլախյանին ներկայիս Ագաթանգեղոսի փողոցում կառուցվող «Միլիմետրովկա» բազմաբնակարանի հատակագիծն էր, որը նախագծել էին Ջիմ Թորոսյանն ու Թելման Գևորգյանը։ Հետաքրքիր ճարտարապետական գաղափարի վատ իրագործման կամ շինարարական սխալի պատճառով գաղափարի աղավաղման օրինակ դարձած այս շենքը մի քանի տարի անց նորից վերադարձավ Իզայի աշխատասեղանին, երբ նրան հանձնարարվեց ստեղծել շենքի բարեկարգման նախագիծը։ Թեև գաղափարն արժանացավ Ջիմ Թորոսյանի հավանությանը, այն այդպես էլ չիրագործվեց։ Բացի այս շենքից, Իզան նաև նախագծեց բնակելի թաղամաս Սպիտակում, Երևանի Խորհրդի ամառանոցը Նորքում (Ջիմ Թորոսյանի հետ համահեղինակությամբ), այգիներ ու մանկական խաղահրապարակներ, աշխատեց մի շարք շինարարական նախագծերի վրա։ 

 

 

 

Չնայած այս մեծ ու տեսանելի շինություններին,  Իզան հայտնի է իր փոքր ծավալ ունեցող աշխատանքներով. նա է հեղինակել քաղաքի շենքերի վրա տեղադրված հուշատախտակների զգալի մասը (ավելի քան 70-ը)։ Սրանցից առաջին երեքը, որ նվիրված էին Հրաչյա Ներսիսյանին (Մաշտոցի պող.), Մարտիրոս Սարյանին (Սարյան փող.) և Վիկտոր Համբարձումյանին (Բաղրամյան պող.), Չոլախյանը համահեղինակել է Ջիմ Պետրովիչի հետ, իսկ մյուսների վրա հիմնականում աշխատել է միայնակ։ Օրինակ՝ Ասլամազյան քույրերին, Պավել Լիսիցյանին, Նիկոլայ Բունիաթյանին, Տաթևիկ Սազանդարյանին, Տաճատ Խաչվանկյանին, Վաղարշ Վաղարշյանին և տարբեր այլ մշակութային և քաղաքական գործիչների նվիրված հուշատախտակները Իզայի սոլո աշխատանքներն են ու ցրված են Երևանի կենտրոնում՝ մի մասը Դերասանների շենքի (Մաշտոցի պող.) վրա է, մի քանիսը՝ Նկարիչների շենքի, (Աբովյան փող.) և այլն։ Ոգեշնչված պոեզիայից, հայկական միջնադարյան որմնագրությունից, արձանագրություններից ու նախշազարդերից՝ դրանք ունեն ոճային նմանություններ, բայց երբեք միանման չեն։ Հեղինակի համոզմամբ՝ հուշատախտակները պետք է այլընտրանքայնորեն արտացոլեին «իրենց հերոսներին», ինչն էլ դրանցից յուրաքանչյուր յուրատիպ էր դարձնում։ 

 

 

Հուշատախտակների ստեղծման և տեղադրման աշխատանքն ուղղակիորեն կապված էր Քաղաքային Խորհրդի հետ, ինչը ենթադրում էր որոշակի խորհրդային բյուրոկրատիա։ Միևնույն ժամանակ այն տալիս էր նաև ստեղծագործական ազատություն, որ հնարավոր է միայն կանոններով սահմանված ձևաչափի և անսահման երևակայության սահմանագծում, ինչի պակասը Չոլախյանի գործերում չի զգացվում։ Քարը հիմնականում տրամադրվում էր Քաղխորհրդի կողմից, որի տեսակը (գրանիտ, մարմար) դեր էր ունենում ոճային կատարման գործում. դիզայնն ու նյութն սերտորեն փոխկապակցված էին ու փոխազդում էին իրար։ Դիզայնը մտածելուց և նախագծելուց հետո Չոլախյանն սկսում էր աշխատել իր ամենավստահելի վարպետի՝ Զավենի հետ, ով իրագործում էր հեղինակի գաղափարները և կատարում նախագծված նրբագեղ փորագրումները։

 

 

Իզա Չոլախյանի գեղագրական աշխատանքները տարածվում են նրա ստեղծած հուշատախտակներից անդին. վերջինս է հեղինակել Երևանում և Երևանից դուրս գտնվող տասնյակ հուշարձանների վրա փորագրված գիրը, օրինակ՝ Պարույր Սևակի, Սարմենի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Ջիմ Թորոսյանի և շատ այլ հուշարձանների վրա։ Ցավոք, նրա աշխատանքների և հատկապես հուշատախտակների մի մասը գրեթե տեսանելի չէ Երևանում տարածվող անթիվ սրճարանների գունագեղ վահանակների հետևում, իսկ մի մասն ուղղակի անհետացել են շենքերի վերանորոգման աշխատանքների ընթացքում։ Բայց դրանցից շատերը շարունակում են մնալ՝ շենքերին ամուր փակցված և ծառայելով քաղաքի պատմության և հիշողության դրոշմանիշներ։

հավելյալ նյութեր