Ժամանակակից եվրոպական կինոյի յոթ երեկո․ ուղեցույց
Կինո

Ժամանակակից եվրոպական կինոյի յոթ երեկո․ ուղեցույց

Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 12-ը «Նաիրի» կինոթատրոնում կանցկացվի ժամանակակից եվրոպական կինոյի ցուցադրությունների շար: «Կազմ» ՀԿ-ի նախաձեռնած ծրագրում ընդգրկված են Կաննի և Բեռլինի կինոփառատոներում ներկայացված ու մրցանակների արժանացած ֆիլմեր՝ պատանեկան դրամաներից մինչև փորձարարական և վավերագրական կինո։

Բոլոր ցուցադրությունները՝ «Նաիրի» կինոթատրոնում (Մաշտոցի պողոտա, 50)։

 

#Կինո

Նոյեմբերի 21, 21:30 / «Լա Գրադիվա» (145 րոպե)

Մարին Ատլանի ֆիլմը պատմում է ֆրանսիացի դպրոցականների՝ Պոմպեյ կատարած ուղևորության մասին։ Հին քաղաքի ավերակների ֆոնին դեռահասները փորձում են կողմնորոշվել իրենց ցանկությունների, վախերի և հարաբերությունների խառնաշփոթում։ Կաննի կինոփառատոնի Քննադատների շաբաթվա լավագույն ֆիլմը։

 

 


 

Նոյեմբերի 27, 21:30 / «Սենյակային աղախնի օրագիրը» (94 րոպե)

Ռումինացի ռեժիսոր Ռադու Ժուդեի նոր ֆիլմի հերոսուհին Ֆրանսիայում ապրող երիտասարդ ռումինուհի է, որն աշխատում է հարուստ ընտանիքում և մասնակցում Օկտավ Միրբոյի «Աղախնի օրագիրը» վեպի սիրողական բեմադրությանը։ Դասակարգային անհավասարության և ներգաղթյալների կյանքի մասին պատմություն՝ Ժուդեին բնորոշ սուր հեգնանքով։

 

 


 

Նոյեմբերի 28, 21:30 / «Ամեն անգամ» (121 րոպե)

Ավստրիացի ռեժիսոր Սանդրա Վոլների դրամայում ողբերգությունը միավորում է մորը, դստերն ու դեռահաս տղային։ Նրանք մեկնում են Տեներիֆե՝ իրականացնելու ընտանեկան արձակուրդը, որը ժամանակին այդպես էլ տեղի չէր ունեցել։ Անցյալն ու ներկան միահյուսվում են մեղքի զգացման և ներման որոնումների պատմության մեջ։ Ֆիլմը Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիրն է և Գերմանիայի պաշտոնական հայտը 2027 թվականի «Օսկարի» մրցանակաբաշխությանը։

 

 


 

Դեկտեմբերի 4, 21:00 / «Օբյեկտ Ա» / «Երկու լաբորանտների հոգնեցուցիչ ժամերը» (95 և 22 րոպե)

Մեկ երեկոյի ընթացքում՝ երկու փորձարարական ֆիլմ։ Անն Օրենի «Օբյեկտ Ա»-ն պատմում է երկու վիրաբույժների մասին, որոնց հարաբերություններում միահյուսվում են սերը, վերահսկողությունն ու տարօրինակ մոլուցքները։ Դրան կնախորդի Բուրաք Չևիքի կարճամետրաժը, որտեղ երկու լաբորանտների գիշերային աշխատանքը վերածվում է գիտական ճանաչողության ու ինտուիցիայի սահմանների ուսումնասիրության։

 

 


 

Դեկտեմբերի 5, 21:00 / «Ցածր ակնկալիքներ» (105 րոպե)

Նորվեգացի Էյվինդ Լանդսվիկի դեբյուտային լիամետրաժ ֆիլմի հերոսուհին երիտասարդ երաժիշտ է, որը հոգեկան ճգնաժամից հետո վերադառնում է հայրենի տուն և փորձում վերագտնել իրեն։ Գլխավոր դերում է հայտնի երգչուհի Girl in Red-ը։ Ֆիլմն ընդգրկվել է Կաննի «Ռեժիսորների երկշաբաթյակ» ծրագրում։

 

 


 

Դեկտեմբերի 11, 21:30 / «Եթե աղավնիները ոսկի դառնային» (110 րոպե)

Բեռլինալեի լավագույն վավերագրական ֆիլմի և Կալիգարիի մրցանակների դափնեկիր Պեպա Լուբոյացկին հինգ տարի շարունակ նկարահանել է իր ընտանիքի անդամներին՝ ուսումնասիրելով կախվածությունը, անօթևանությունը և սերնդեսերունդ փոխանցվող տրավմաները։ Հիմնականում հեռախոսով նկարահանված ֆիլմում օգտագործվել են նաև արհեստական բանականությամբ անիմացված լուսանկարներ։

 

 


 

Դեկտեմբերի 12, 21:30 / «Կարմիր ժայռեր» (105 րոպե)

Ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Բրունո Դյումոնի նոր ֆիլմը տեղափոխում է Միջերկրական ծովի ափ, որտեղ երեխաների երկու մրցակից խմբեր վտանգավոր խաղեր են խաղում ժայռերի վրա։ Մանկության, ընկերության, մրցակցության և առաջին սիրո պատմություն՝ Կաննի «Ռեժիսորների երկշաբաթյակ» ծրագրից։

 

հավելյալ նյութեր