Ժամանակավոր, բայց մնայուն
Թանգարաններ

Ժամանակավոր, բայց մնայուն

Ինչպես են Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպում բազմազան ժամանակավոր ցուցադրությունները:

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի


Լուսանկարները՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի արխիվ, Նայիրի Խաչատուրեանի արխիվ

 

ԵՐԵՎԱՆ #71 | 2021

#Թանգարաններ

ԵՐԵՎԱՆը զրուցել է ժամանակավոր ցուցադրությունների բազմազանությամբ և որակով աչքի ընկած Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի, համադրող Նայիրի Խաչատուրեանի և թանգարանագետ Մարինե Հարոյանի հետ և փորձել պարզել, թե ի՞նչ առավելություններ ունի թանգարանում ցուցադրություն իրականացնելը և ինչ խոչընդոտների կարելի է հանդիպել այդ ճանապարհին։ 

 

«Կտոր-կտոր», 2019

 

Համադրող, գիտական խորհրդատու, ցուցադրության խորհրդատու, ձևավորող, ճարտարապետ. այսպիսի մասնագիտություններ ունեցող մարդկանց անունները հաճախ չէ, որ կարելի է հանդիպել Հայաստանի թանգարաններում իրականացվող ժամանակավոր ցուցադրությունների մասին պատմող տեքստերում։ Պատճառները տարբեր են՝ ռեսուրսների և համապատասխան մասնագետների պակաս կամ էլ պատվախնդրության ավելցուկ թանգարանի աշխատակազմում ու էլի շատ բաներ։ Այնուամենայնիվ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հիմնադրումից ի վեր կազմակերպվում և հաջողությամբ իրականացվում են ժամանակավոր ցուցադրություններ՝ թանգարանի ամբողջ ներուժի օգտագործմամբ։ 

 

Համադրող Նայիրի Խաչատուրեանը պատմում է, որ 2015-ին Ֆրանսիայից տեղափոխվելուց հետո աշխատանքի անցնելով թանգարանում ՝ առաջարկել է ռազմավարություն՝ ելնելով Կոմիտասի գործունեությունից (Կոմիտասը թե՛ ժառանգություն հետազոտող գիտնական և թե՛ ստեղծագործող արվեստագետ), ըստ որի տարվա մեջ երկու անգամ կազմակերպվեն ցուցադրություններ. ցուցադրություններից մեկը պետք է լիներ պատմական թեմաներին և հավաքածուներին նվիրված, որի շրջանակում թանգարանը կհամագործակցեր այլ պետական թանգարանների և մասնավոր հավաքորդների հետ, իսկ մյուսով կներկայացներ այսօր ստեղծագործող արվեստագետներին։ Ըստ Նայիրիի՝ շատ կարևոր է ցուցադրությունների միջոցով կապ ստեղծել այսօրվա ստեղծագործողների հետ և ամբողջացնել շփումը հասարակության հետ, ինչը, ցավոք, հայաստանյան այլ թանգարաններ հիմնականում չեն փորձում անել։ Նայիրին կարևորել է նաև ցուցադրության պատկերագրքի ստեղծումն ու տպագրումը։ Նա նշում է, որ ձգտել են յուրաքանչյուր պատկերագրքի մոտենալ յուրովի՝ կախված ցուցադրության բովանդակությունից և ձևաչափից և արել այնպես, որ այդ երկլեզու պատկերագրքերը մտնեն գիտական շրջանառության մեջ և գիտական հիմք հանդիսանան ուսումնասիրողների համար։ Այս մոտեցումները շարունակել է նաև հետագա տարիներին՝ համագործակցելով թանգարանի հետ արդեն իբրև ազատ համադրող 2019-ին։   

 

«Հնչյուն և լռություն», 2017

 

2015-ին թանգարանում տեղի ունեցավ առաջին ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հաջորդը՝ նույն թվականին «Մոդեռնից պոստմոդեռնն» էր։ Գիտացուցադրական բաժնի հիմնումից հետո՝ 2016-ին, թանգարանը հյուրընկալեց Քեթրին Քուքի «Ծառերի հիշողություն» լուսանկարչական նախագիծը (համադրող՝ Նայիրի Խաչատուրեան), ինչպես նաև իրականացրեց «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» ցուցադրութունը (համադրող՝ Նայիրի Խաչատուրեան)։ 2017-ին տեղի ունեցավ «Հնչյուն և լռություն» երաժշտական գործիքների արվեստին նվիրված ցուցադրություն (համադրող՝ Նայիրի Խաչատուրեան) ու «Ընտրանին», որը ցուցադրեց հայ կերպարվեստը մասնավոր հավաքածուներից։ Նույն թվականին «Գոյնէն անդին» ցուցադրությամբ ներկայացվեցին ֆրանսիահայ արվեստագետ Ռուբէն Նաճարեանի մատիտանկարները (համադրող՝ Նայիրի Խաչատուրեան), իսկ 2018-ին տեղի ունեցավ «Հասկաքաղը»՝  նվիրված Կոմիտասի աշակերտ Միհրան Թումաճանի գործունեությանը (համադրող՝ Նայիրի Խաչատուրեան)։ 2019-ին Կոմիտասի 150-ամյակի շրջանակներում տեղի ունեցան Անուշ Ղուկասյանի և Վահրամ Գալստյանի «Կտոր-կտոր» ինստալացիան՝ ստեղծված հատուկ այդ ցուցահանդեսի համար՝ համադրողի հորդորով (համադրող՝ Նայիրի Խաչատուրեան) ու «Ապագայ մտածողը» ազդագրերի բացօթյա ցուցահանդեսը (համադրող՝ Նայիրի Խաչատուրեան)։ Հաջորդիվ տեղի ունեցան Կոմիտասի սաներին նվիրված «Ուսուցիչը» ցուցադրությունը (համադրող՝ Մարինե Հարոյան) և թանգարանի վերջին ցուցադրությունը՝ քանդակագործ Արա Հարությունյանի ստեղծագործությանը նվիրված «Կոմիտասից Կոմիտասը» (համադրող՝ Մարինե Հարոյան)։ Հաշվի առնելով, թե որքան երիտասարդ է այս թանգարանը՝ տպավորիչ է ցուցադրությունների քանակն ու բազմազանությունը, այնպես չէ՞։ 

 

Մեծ ընտանիք

Անշուշտ, համադրողն այն մարդն է, որ հետազոտում և ձևավորում է ցուցադրության հայեցակարգն ու կառուցվածքը, սակայն, ըստ Նիկոլայ Կոստանդյանի՝ դրա իրականացումն անհնար կլինի առանց թանգարանի ողջ ներուժի ներդրման։ «Ցուցադրությունն իրականություն դարձնելու համար աշխատում ենք թիմով՝ միասին։ Ներգրավում ենք թանգարանի աշխատակազմը, անհրաժեշտության դեպքում՝ թանգարանից դուրս այլ մասնագետների։ Համադրող, ձևավորող, ճարտարապետ, գիտական և տեխնիկական մասի պատասխանատուներ, խմբագիրներ և այլն. դա մի մեծ ընտանիք է, որը պետք է մի ձևով շնչի, մի ուղղությամբ նայի, միասին մի երկար ճանապարհ անցնի, որպեսզի ցուցադրությունն ի վերջո իրականություն դառնա։ Առանց յուրաքանչյուրի աջակցության անհնար կլիներ, - նշում է Կոստանդյանը, ապա առանձնացնում գլխավոր հերոսին. - Իսկ եթե փորձենք միայն մեկ հոգու անվանել, ով պատասխանատու է այս ամենի համար, ապա դա իհարկե Կոմիտասն է, որի շուրջ  ձևավորվեց այս թանգարանը»։  

 

Թանգարանագետ Մարինե Հարոյանը, որը հաճախ հանդես է գալիս որպես ժամանակավոր ցուցադրությունների խորհրդատու և համադրող, մեծապես կարևորում է տարբեր մասնագետների ներգրավումը թանգարանի ներսում իրականացվող ցուցադրություններին։ Համադրող Նայիրի Խաչատուրեանն էլ, որը 2015-2018 թթ. ղեկավարել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտացուցադրական բաժինը, կարևորում է նաև թանգարանի տնօրենի մոտեցումներն ու աջակցությունն աշխատանքին։ Ըստ նրա՝ տնօրենի և համադրողի միջև փոխադարձ վստահությունն ու համաձայնությունն աշխատանքի հաջողության գրավականն են։ 

 

 

«Կուտինայի հայկական հախճապակու արվեստը», 2016

 

Ամենը՝ Վարդապետի հետ կապված

Ըստ Նիկոլայ Կոստանդյանի՝ մեծ պատասխանատվություն է Կոմիտասի անունը կրող թանգարանում ցուցադրություն իրականացնելը։ Այս տարածքն անհնար է ընկալել որպես պարզապես սրահ և տրամադրել ցանկացած ցուցադրության համար։ Գիտական խորհրդի կողմից շատ խիստ հսկողություն է սահմանված ցուցադրության ստեղծագործական մտքի և գիտական հենքի հանդեպ։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպված բոլոր ցուցադրություններն այս կամ այն կերպ առնչվում են Կոմիտասի կյանքի ու ստեղծագործության հետ։ Սա թանգարանի որդեգրած սկզբունքային մոտեցումն է։ Մյուս կողմից՝ սկսած թանգարանի ճարտարապետությունից (շենքի հեղինակն Արթուր Մեսչյանն է) և հիմնական ցուցադրության ձևավորումից՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը փորձ է անում համադրել արդին և դասականը՝ ինչպիսին էր հենց Կոմիտասի ստեղծագործական գործունեությունը։ 

 

Առավելությունների մասին

Ժամանակավոր ցուցադրությունների կայացման գործին մեծապես նպաստում է թանգարանի հեղինակությունը, ռեսուրսը, բաժինների աշխատակիցների ներգրավվածությունը, ինչպես նաև համապատասխան կահավորմամբ սրահի առկայությունը։ Ըստ Նիկոլայ Կոստանդյանի՝ թանգարան-համադրող կապն այս բոլոր առավելությունների պարագայում շատ ավելի լավ արդյունք կարող է տալ, չէ՞ որ համադրողն այլևս ստիպված չի լինում հոգալ այդ բոլոր խնդիրները։ Կարևոր առավելություններից է նաև թանգարանային տարածքի անվտանգությունը, քանի որ այլ պետական թանգարաններից կամ մասնավոր հավաքածուներից բերված նմուշները հնարավոր է ցուցադրել միայն որոշակի անվտանգային և կլիմայական պայմանների առկայության դեպքում։ 

 

Մարինե Հարոյանն էլ հավելում է, որ թանգարանային առարկայի հետ աշխատելիս պետք է շարժվել հստակ կանոններով և սա թերևս թանգարանում ցուցադրություն անցկացնելու գործում ունի իր թե՛ դրական և թե՛ բացասական կողմերը։ Նայիրի Խաչատուրեանը թանգարանում ցուցադրություն իրականացնելու առավելությունների մասին խոսելիս նշում է. «Քանի որ աշխատում ես հաստատության հետ, ձեռքիդ տակ ունես նրա ողջ համակարգը, գործիքակազմը, կապերը։ Այդպիսով աշխատանքդ շատ ավելի համակարգված է լինում՝ ի տարբերություն այն դեպքերի, երբ անկախ համադրող ես և ստիպված ես շատ հարցերով ևս ինքդ զբաղվել ու ժամանակ վատնել»: 

 

Նայիրին ևս մեծապես կարևորում է թանգարանի ողջ ներուժի օգտագործումը։ Նա մասնավորապես շեշտում է գիտական բաժնի կարևորությունը ցուցադրության կայացման գործում. «Շատ կարևոր է աշխատանքում ներգրավել թանգարանի գիտական բաժինը, ինչպես նաև արխիվը, հանրային կապերի բաժինն ու մյուս աշխատակիցների ուժերը։ Իմ փորձից ելնելով պիտի ասեմ, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հիանալի համագործակցություն եմ ունեցել թանգարանի գիտական բաժնի երիտասարդ ու շատ պատրաստված երաժշտագետների հետ՝ հետազոտությանն աջակցելու, տեքստերի խմբագրման և գիտական ճշտգրտումներ անելու տեսանկյունից»։ Ըստ նրա՝ շատ կարևոր առավելություն է նաև այլ թանգարանների հետ աշխատանքի դեպքում տարվող փաստաթղթաշրջանառության դյուրինությունը, որն ամբողջությամբ արվում է կրկին թանգարանի համապատասխան բաժնի կողմից և համադրողին հնարավորություն տալիս կենտրոնանալ հետազոտական և ստեղծագործական գործընթացի վրա։

 

«Ծառերի հիշողություն», 2016

 

Հարմարվել նորմերի սահմանների մեջ

Անշուշտ յուրաքանչյուր աշխատանք ունի իր բարդ կողմերը թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական և թե ժամանակի ու մարդկային ռեսուրսների հետ կապված։ Այստեղ կարևոր է հստակեցնել գաղափարը։ Նիկոլայ Կոստանդյանը բացատրում է. «Մենք երբեք չենք եկել գումարից դեպի ցուցադրություն կամ տեխնիկական մասից դեպի ցուցադրություն։ Մենք միշտ ելնում ենք գաղափարից, ձևավորված մտքից։ Անկախ նրանից եղել է ռեսուրս, թե ոչ, մեր բոլոր գաղափարներն իրականություն են դարձել։ Եթե սկսենք խնդիրներից՝ ոչինչ էլ չի ստացվի։ Իհարկե, պետական թանգարանների դեպքում շատ ու շատ օրենքներ սահմանափակում և նորմավորում են ստեղծագործ մարդկանց, ստիպված ես տեղավորվել նորմերի մեջ, ու դրանց շրջանակում ունենալ հարաբերական ազատություն։ Բայց յուրաքանչյուր աշխատանք ունի դժվարություններ, այլ կերպ անհնար է»։ 

 

Հ.Գ. 

Զրույցի ընթացքում Մարինե Հարոյանը մեզ մի գաղտնիք ասաց. թանգարանում պատրաստվում են նոր ցուցադրության։ Պարզվում է, որ «Ուսուցիչը» ցուցադրությանը պատրաստվելու ընթացքում բացահայտվել է Կոմիտասի մեծ գրադարանը, որի մասին էլ ամենայն հավանականությամբ կպատմի հաջորդ ժամանակավոր ցուցադրությունը։ 

 

հավելյալ նյութեր