Ժամանակի ու տարածության մեջ կորածները
SOS Երևան

Ժամանակի ու տարածության մեջ կորածները

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամները մտորում են խզված քաղաքային պատմության մասին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարը՝ Հայկ Բիանջյանի

 

ԵՐԵՎԱՆ #68 | 2021

#SOSԵրևան

Հիշողությունը մարդիկ են։ Տեղի, վայրի, քաղաքի հիշողությունը նույնպես մարդիկ են. նրանց ավանդույթները, ապրած դրվագներն ու ստեղծած միջավայրը։ Մարդու և վայրի կապը ստեղծում է հիշողությունը, իսկ այդ տարրերից մեկի անէանալը՝ խզումները։ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամներ, մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանի և ակտիվիստ Իզաբելլա Սարգսյանի հետ խոսել ենք հիշողության պահպանության և մեր խզված քաղաքային պատմության մասին։

 

 

Մարգարիտ․ Եկեք սկսենք մի շատ պարզ հարցից. ինչու՞ է կարևոր պահպանել այն քաղաքը և միջավայրը, որում ապրում ես։


Լուսինե․ Այն, թե ինչպես ես հարաբերվում աշխարհի հետ, մեծապես կախված է քո հիշողությունից. այն որոշակի կերպով սահմանում է քեզ։ Հիշողությունը ձևավորվում է տարբեր ձևերով, որոնցից մեկը տարածքն է, որտեղ դու ապրում ես։ Երբ վերացնում ես քաղաքի շերտերը, իսկ մեր քաղաքային տարածքում դա արվել է շարունակաբար, երբ չես թողնում որևէ հիշողություն այդ շերտերի մասին, դու կորցնում ես կապդ տարածքի հետ և դրանով որոշակիորեն դատապարտում ես ոչ միայն տարածքի ապագան, այլ նաև քո ապագան այդ տարածքում։ Դու դառնում ես ժամանակի և տարածության մեջ կորած մեկը։


Իզաբելլա․ Ես համարում եմ, որ մենք բոլորս պատասխանատու ենք մեր ապագայի առջև։ Եթե մենք մեզ չենք զգում սուբյեկտ, այլ համարում ենք գործընթացների օբյեկտ՝ մտածելով, որ խելացի մարդիկ մի բան կանեն և մենք ոչ մի դերակատարություն այստեղ չունենք, ուրեմն մենք անթույլատրելի աստիճանի թուլամորթ ենք։ Ես հասկանում եմ, որ մեր արածների արդյունքը կարող է մինիմալ լինել, բայց ես կարծում եմ հանցավոր անգործություն, երբ դու գիտես, որ կարող ես մի բանով օգուտ տալ, բայց ոչինչ չես անում։ Ես չեմ ուզում զիջել իմ դիրքերը։ Ասում են՝ երբ ճգնաժամի մեջ ես, թռչնի բարձրությունից նայիր հարցին կամ տարիների հեռավորությունից։ Երբ ես նայում եմ քաղաքին այդ հեռավորությունից, հասկանում եմ, որ մեր երեխաները մեզ հարցնելու են՝ ինչու՞ դուք թույլ տվեցիք, որ վիճակը հասնի սրան։ Մենք պատասխան չե՞նք ունենալու։ 


Մարգարիտ․ Իսկ ի՞նչ նկատի ունի Կոմիտեն՝ ասելով «ժառանգության պաշտպանություն»։ Որ հնին չի՞ կարելի ձեռք տալ, թող մնա ինչպես կա՞։ 

 

Իզաբելլա․ Չէ, դա էլ մի այլ ծայրահեղություն կլիներ։ Մենք չենք ասում՝ մի կպեք Երևանին, թող ամեն ինչը փլվի, վերանա։ Մենք ասում ենք՝ աշխարհում նման դեպքերի համար հատուկ մոտեցումներ կան, հնի ու նորի ճիշտ համադրելիությունը գտնելու ձևեր կան։ Նույն Կոնդի դեպքում մեր հիմնական մոտեցումն այն է, որ կառուցապատումը պետք է լինի մարդկանց  իշխանավորելու միջոցով։


Մարգարիտ․ Լավ, հիմա փորձենք հասկանալ, թե այս կործանիչ միտումների պատճառը որն է։ Չէ՞ որ սա նոր սկսված գործընթաց չէ, սրա մասին խոսվում է արդեն տասնյակ տարիներ։

 

Լուսինե․ Ես ավելի հեռուն կգնայի, մի դար հեռվից կսկսեի։ Տեսեք, երբ եկավ խորհրդային իշխանությունը, առաջին հերթին սկսեց ոչնչացնել այն ամենը, ինչը խանգարում կամ հակասում էր խորհրդային գաղափարախոսությանը։ Եկեղեցիների, մզկիթների մեծ մասը կամ քանդվեցին, կամ փակվեցին և մոռացվեցին։ Այս գաղափարախոսությունը քաղաքային միջավայրի միջոցով այլ պատմություն էր պատմում ու պարտադրում։ Նորանկախ Հայաստանում սկսվեց ակտիվ եկեղեցաշինության շրջան, այդ թվում նաև՝ անվանափոխելով կամ ոչնչացնելով սովետական կառույցները։ Ազգային զարթոնքի հիման վրա առաջացած Հայաստանն իր պատմությունն էր վերանայում՝ հիշողության հանդեպ կոպիտ միջամտությամբ։ Քանդվեց Լեզվի ինստիտուտը՝ զիջելով տարածքը եկեղեցուն։ Նման քայլերը պարտադրում և թելադրում էին որոշակի հիշողություն և դրանով կտրում էին մարդկանց կապն իրենց միջավայրի հետ։ Այս միջամտությունների գործընթացը շարունակաբար օտարել է եկող սերունդները քաղաքային միջավայրից։ Այն ստեղծել է խզումների պատմություն՝ խախտելով շարունակականությունը։


Մարգարիտ․ Եթե փորձենք ներկայացնել խնդրի հիմքը, էությունը, ինչպե՞ս դա կանեք։


Լուսինե․ Քաղաքը մարդկանց համար է ու քաղաքի մարդիկ պետք է անմասն չմնան քաղաքին վերաբերող գործընթացներից։ Մարդկանց օտարումն այս պրոցեսներից նույնպես մարդու իրավունքների խախտում է և դա է բերում նրան, որ մարդիկ ստիպված փողոց են դուրս գալիս, զզված հեռանում են Հայաստանից, կամ էլ ապատիայի մեջ է ընկնում։ Քաղաքը որպես էկոսիստեմ միայն շենքերը չեն, այլ նաև միջավայրը, որում այդ սիստեմը գործում է։ Ոչ նյութական մշակութային ժառանգությունն ու այդ ժառանգության շարունակականությունը: Օրինակ՝ քաղաքային բակերի երեխաների խաղերը։ Բակեր, որոնք այլևս չկան:

 

Քո ցանկացած միջամտություն խզում է առաջացնում ոչ միայն նյութական ժառանգության մեջ, այլ նաև ոչ նյութականի։ Ի վերջո հանրույթը, որպես այդպիսին, գոյություն ունի իր նյութական ու ոչ նյութական մշակութային ժառանգության շնորհիվ և շարունակական նոր խզումներ առաջացնելով վտանգվում է նաև տվյալ հանրույթի գոյությունը։


Իզաբելլա․ Մեր աչքի առաջ փողը հաղթեց մարդուն։ 90-ականներին գումար չկար, քաղաքը քանդվում էր խնամքի պակասից, նույնիկ օգնել պետք չէր։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ով կառուցեց Հյուսիսային պողոտան, տնտեսական աճը շինարարության հաշվին էր առաջ գնում (ինչն ինքնին մեծ փուչիկ էր), բայց ամենամեծ ցավն այն է, որ այսօրվա իշխանությունը շարունակում է պահել իրեն ճիշտ նույն կերպ։ Ներդրումների մոլուցքը գերակշռում է սթափ դատողությանը և հոգատարությանը։ Կարծես ասեն՝ ինձնից հետո  թեկուզ  ջրհեղեղ։  Բնականաբար, ամեն քայլին կա խնդիր, բնականաբար կա շահերի բախում, բայց որոշում կայացնողը հենց դրանով է տարբերվում մնացածից։ Նա ի հեճուկս այդ բոլոր խոչընդոտների, կարողանում է որոշումների գալ։ Դիմադրությունն է բերում աճի։ Մինիմալ դիմադրության ճանապարհը ոչ մի տեղ չի տանում։ Եթե շարունակվի այս նույն մոտեցմամբ, արդյունքներն անդառնալի կլինեն։ Այսօր է ժամանակը, հիմա, երեկ, երբ դու պիտի կտրուկ կերպով լուծես խնդիրները։ Լիքը մարդ կդժգոհի, կբողոքի, բայց պետք է ռիսկերի գնալ։ 


Մարգարիտ․ Քաղաքային պայքարի փորձը կարծես թե ցույց է տալիս, որ հաղթելու համար պետք են հնարավորինս մեծ ուժեր։ Բայց ինչպիսի՞ն պիտի լինի քաղաքացին, որպեսզի կարողանա պահպանել իր քաղաքն ու միջավայրը։


Իզաբելլա․ Սրտացավ և մտահոգ, ոչ միայն բողոքող, այլ նաև մի մարդ, ով պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել՝ կյանքի մի մասը նվիրելով քաղաքին։ Մենք անընդհատ քննարկում ենք, թե ինչ կարևոր է, որ մեր շարքերում սերնդափոխություն լինի, նոր մարդիկ հավաքվեն այս գաղափարների շուրջ, շարունակվի թարմ մտքերի գեներացումը։ Դա թույլ կտա ապահովել այս գործընթացների շարունակականությունը:


Լուսինե․ Մարդ, ով պատրաստ է անհաջողության և անկախ ամեն ինչից միշտ շարունակում է ձգտել։ Այդ մարդը պետք է պատրաստ լինի, որ շատերն ընդհանրապես տեղյակ չեն այս խնդիրներից և ամեն անգամ պիտի նույն հանգստությամբ, հասկանալի լեզվով բացատրի, ներկայացնի, խոսի մարդկանց հետ։ Պետք է նաև պատրաստ լինի սպառնալիքների, քննադատության։


Իզաբելլա․ Այո, պայքարի մեջ մտնելիս պիտի հիշես, որ դու կլինես թիրախում, կքննադատվես, քեզ կվերագրեն բաներ, որոնք դու չես արել։ Դա նորմալ է ամբողջ աշխարհում, սա կոնֆետ չի, որ բոլորին դուր գա։ Պիտի պատրաստ լինես դեբատների ու նաև կարծիքդ փոխելու։ Այս ընթացքում ես հասկացա, որ պրոցեսը նույնքան կարևոր է, որքան արդյունքը։ Դու կարող է չհաջողես, բայց քո քայլերը հնարավոր է բերեն այլ արդյունքների, մարդկանց մտածողություն փոխեն, նոր գաղափարներ ներմուծեն, ստեղծեն աստիճաններ, որոնք կտանեն հաջողության։ 

 

Մարգարիտ․ Ոչ միշտ, բայց մեր քննարկած խնդիրների զգալի մասն այսպես թե այնպես կապված է քաղաքաշինության ու ճարտարապետության հետ, Կոմիտեի շարքում էլ կան այդ ոլորտի ներկայացուցիչներ, բոլորս գիտենք հայաստանյան մի շարք որակյալ արվեստանոցներ, ուրախանում ենք նրանց հաջողություններով։ Բայց հենց Երևանում ավելի շատ երևում է այն ճարտարապետությունը, որը, մեղմ ասած, հեչ չի ուրախացնում։ Ինչո՞ւ է այդպես ստացվում։


Լուսինե․ Ճարտարապետությունն արտահայտում է ժամանակի շունչը։ Այն արտահայտում է այդ ժամանակի փիլիսոփայությունը։ Օրինակ՝ Հյուսիսային պողոտան այդ տարիների դիկտատորական գաղափարախոսության մարմնավորումն է։ Այսօրվա աշխարհն ազատ, բնության հետ ներդաշնակ, հորիզոնական հարաբերությունների մասին է: Դու կարող ես անցյալի ճարտարապետությունից վերցնել մի դետալ, բայց քո աշխատանքը պիտի լինի հորիզոնական, տարածքը թելադրում է որոշակի հարաբերություններ իր հետ ու երբ ես կառուցում եմ այն հորիզոնական, ապա հարաբերություններն էլ ոչ թե իշխանություն և ենթակա են, այլ հորիզոնական են։ Եվ այսօր Երևանում նման տարածքներ կառուցելը պարզապես ժամանակավրեպ է, եթե դու քո ներկան ու ապագան չես պատկերացնում հենց այդ նույն մոդելով։


Իզաբելլա․ Ճարտարապետությունը, արվեստն այս ամենը արտացոլում է մեր մտածողությունն ու աշխարհայացքը, գաղափարները, ձգտումները։ Մենք ձևավորում ենք աշխարհն այնպիսին, ինչպիսին տեսնում ենք այսօր կամ վաղը։ Արդեն երկար ժամանակ է ճարտարապետությունը դուրս է եկել ցրտից պաշտպանվելու և գլխավերևում ծածկ ունենալու կոնցեպտից։ Այսօրվա  աշխարհը գնում է դեպի ցանց, հորիզոն, ավելի ցածրահարկ շենքերի։ Դա նաև տանում է համայնքի կոնցեպտին։ Բնապահպանություն, էկոլոգիապես մաքուր և վերամշակման ենթակա նյութերի օգտագործում։ Մենք չունենք տեսլական և հստակ քաղաքականություն, որպես արդյունք ապրում ենք անցյալով և կրկնօրինակում ենք անցյալը։

 

Եթե իմանայի, որ չունենք տաղանդավոր ճարտարապետներ, ապա կլռեի, բայց ես գիտեմ, որ այդ մարդիկ կան, որ Տերյանի այն դատարկ հատվածի վերաբերյալ բազմաթիվ հոյակապ դիպլոմային նախագծեր են ստեղծվել։ Այսինքն կա հազար տարբերակ, բայց մենք նախընտրում ենք անցյալը։


Լուսինե․ Ցավոք, այսօր մեր մոտեցմամբ ցույց ենք տալիս, որ մենք այս աշխարհի պոչամբարն ենք՝ որդեգրելով երկրորդ-երրորդ ձեռքից հասած գաղափարներ ու մոտեցումներ։

հավելյալ նյութեր