Ժեշտանչի
Մետալ

Ժեշտանչի

Իտալացի «սադիստները» Մանկական զբոսայգում, լեգենդար Sepultura-ի զբոսանքները Երևանում, իրանցի մետալիստների ձերբակալումը Հայաստանի սահմանին, լեհական Vader-ի դեմ արշավը։

Երևանցի ամենաակտիվ մետալիստներից մեկը՝ Արսեն «Փինհեդ» Հակոբյանը, պատմում է, թե ինչպես ռոք համայնքի ներսում ձևավորվեց մետալիստների խմբավորումը և ինչու է նրա հիմնած Zhesht Events-ը տարիներ շարունակ այստեղ բերում աշխարհի լավագույն մետալ խմբերին (գրեթե առանց որևէ ֆինանսական օգուտի)։ 

 

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Zhesht Events

 

ԵՐԵՎԱՆ #73 | 2021

#Ռոք

Փինք Ֆլոյդից` Ալեգրովա, Ալեգրովայից՝ Մետալիկա 

Ռոք լսելն ինձ համար բավական օրգանիկ է, քանի որ ծնողներս ռոքասեր էին, էն տարիների Երևանի հիպիներն էին ու մեր տանը միշտ էլ հնչել է Բիթլզ, Դիփ Փարփլ, Փինք Ֆլոյդ և այլն։ Դեռահասության տարիքում մի պահ շեղվել էի ու հասել գրեթե Իրինա Ալեգրովային։ Հետո դե կամաց-կամաց վերադարձա լավ երաժշտությանը։ Անցումը մետալին տեղի ունեցավ Մետալիկայի «One» կիսաբալլադի շնորհիվ, որի առաջին հատվածը ռոք բալլադ էր, իսկ մյուս կեսը՝ բավական ծանր թռեշ մետալ։ Սկզբում ինձ առաջին մասն էր դուր գալիս, քիչ-քիչ սկսեց երկրորդ մասն էլ դուր գալ ու հասկացա, որ ինձ տանում է դեպի ավելի ծանր, ագրեսիվ երաժշտությունը, ու անցա ծանր թռեշ մետալին՝ Sepultura, Slayer և այլն։ 


Դրանից հետո արդեն անցումը բլեք մետալին, դեթ մետալին շատ ավելի օրգանիկ էր։ Հետագայում նույնիսկ ինքս նվագեցի հայկական մետալ խմբերից մեկում՝ Sworn-ում և նույնիսկ նոր թողարկվող ալբոմում սքրիմն ու վոկալն էր իմը։ 

 

Napalm Death

 

90-ականների Երևանի մետաղյա համայնքը

Իհարկե, մեզանից առաջ էլ ռոքասերներ կային և մետալ լսող առաջին սերունդը մենք չէինք 90-ականներին, բայց մեր ժամանակ դեռ մնում էր անդերգրաունդ վիճակում։ Մետալիստներն այնքան քիչ էին, որ բոլորս իրար ճանաչում էինք։ Հիմնական տուսվելու տեղը «Սահինյան» ակումբն էր, որտեղ երկու շաբաթը մեկ հավաքվում էին մետալի սիրահարները։ Այդտեղ կամ բարձր երաժշտություն էր միացրած լինում, կամ էլ հայկական ռոք խմբեր էին նվագում։ Ու հենց այդտեղ էլ առանց կաշկանդվելու մոտենում ու ծանոթանում էինք միմյանց հետ, քանի որ նույն հետաքրքրությունն ունեինք ու շատ չէինք։ 


Որքան քիչ էինք, այնքան կարևոր էր միմյանց գտնել-ճանաչելը, երաժշտությամբ, կասետներով փոխանակվելը։ Երևանում ընդամենը մի քանի կետ կար, որտեղից կարելի էր կասետներ ու տարբեր ռոքային ատրիբուտներ գտնել։ Կասետները հիմնականում Աբովյանի «Օրֆեյ» կամ «Կնիգոլյուբ» գրախանութներից էինք գնում, որտեղ, չգիտես ոնց, հայտնվում էին մետալ կասետներ։ 90-ականներին, երբ առանձնապես ինտերնետ էլ չկար ու քիչ ինֆորմացված էինք, կասետներն ըստ նկարի էինք ընտրում. որը դուր էր գալիս, դա էլ գնում էինք, ու եթե նույնիսկ երգերը վատն էին լինում, այնքան էինք լսում, որ սկսում էին դուր գալ։ Դե, ընտրության հնարավորություն չունեինք, ինչ կար, դա էլ լսում էինք։ 


Եթե բախտներս բերեր, ինչ-որ մեկը դրսից կասետներ կբերեր ու կձայնագրեինք, միմյանց կփոխանցեինք։ Մեկ էլ Վերնիսաժում էր հնարավոր, օրինակ, Sepultura-ի նկարով շապիկ գտնել, դա շատ մեծ բան էր այն ժամանակ։ Ամեն ինչ շատ իրական էր ու ամեն մանրուք մեծ արժեք ուներ։ Հիմա արդեն այդպես չէ, ամեն ինչ կա, ամեն ինչ հասանելի է։ 


Մեզ մոտ առհասարակ ռոքասերների համայնքը միշտ էլ տարբերվել է օրինակ ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի համայնքից։ Նման երաժշտություն մեզ մոտ, որպես կանոն, լսում է ինտելիգենցիան։ Սա վատ չի կամ լավ չի, պարզապես այդպես է ստացվել։ Բայց հատկապես մետալն իր մեջ որոշ կոնսերվատիվիզմ է պարունակում։ Դա մի բան է, որով պատում ես քեզ ու դա որոշ չափով սահմանափակում է մտահորիզոնդ, սկսում ես ուշադրություն չդարձնել ուրիշ ոչնչի ու չընդունել ուրիշ ոչինչ։ Այդ էլիտիզմն ինձ մի քիչ անհանգստացնում է։ Ես կողմ եմ այլոց ճաշակի ու նախընտրած ոճերի հանդեպ տոլերանտությանը։

 

Metal Attack փառատոնը, 2008 թվական

 

Իրանական մետալի փառատոնի մասնակիցները

 

Ինչպես էր կոփվում ժեշտը

2000-ականներին վեբ-կայք բացեցի, որն ավելի շուտ հայկական մետալ խմբերի կատալոգ էր. ներբեռնում էի նկարներ ու mp3-ներ, պատմում խմբերի մասին։ Ինչ-որ պահի միացա Հայ FM-ում «Մետալ Ֆրոնտ» ծրագիրը վարող ընկերոջս՝ Արտաշես Արամազդին, ու իր հետ «ԷքսպերիՄետալ» անունով ծրագիրը հիմնեցինք։ Այն ժամանակ մետալը մեր էության մասն էր։ Մենք աստվածացնում էինք մետալիստ խմբերին, որոնց լսում էինք ու դժվարությամբ էինք պատկերացնում, որ իրենք էլ միս ու արյունից կազմված հասարակ մարդիկ են, որ ուղղակի երաժշտություն են ստեղծում ու նվագում, ինչպես մենք։ Օրինակ՝ նորվեգական բլեք մետալի ներկայացուցիչները մեզ թվում էին բոլորովին այլ աշխարհից։ 


Շուտով սկսեցի շատ ճանապարհորդել, հաճախել տարբեր ռոք համերգների ու փառատոների։ Գնացի Մոսկվա՝ իմ սիրելի Mayhem-ի համերգին ու այդ ժամանակ էր, որ հասկացա, որ բոլոր այդ մարդկանց հետ կարելի է ծանոթանալ, շփվել ու, ինչու ոչ, հրավիրել Երևան և որ դա ինչ-որ վերացական բան չէ, լրիվ իրական է։ Մի օր էլ հասկացա, որ գրեթե նույն գումարով, ինչ ծախսում եմ այդ համերգներին գնալու համար, կարող եմ խմբերին հրավիրել Երևան ու կազմակերպել համերգներ, հետները տուսվել, շփվել և, որ պակաս կարևոր չէ, հպարտանալ, որ մեր երկրում էլ նման բաներ են կատարվում։ Այդպես ստեղծվեց Zhest Events-ը։ 


2006-ին առաջին անգամ վրացական խմբեր բերեցինք։ Հետո արդեն տարվա մեջ մի քանի անգամ մետալ համերգներ էինք կազմակերպում Երևանում։ Այդ շրջանում Տիկնիկային թատրոնի դահլիճը կահավորվեց նոր տեխնիկայով և լուսավորությամբ։ «Վիբրոգրաֆուսն» [Dogma ռոք խմբի հիմնադիրների ստեղծած պրոմոութերական ընկերությունը, որը կազմակերպել է, օրինակ, Deep Purple-ի երևանյան ելույթները – խմբ.] այդտեղ տարածք ունեցավ ու սկսեց համերգներ կազմակերպել։ Իրենց հետ համագործակցեցինք ու իրենց աջակցությամբ արդեն 10 տարուց ավելի է Տիկնիկայինի դահլիճը Երևանում դարձել է այն կետը, որտեղ պարբերաբար մետալ ու ռոք համերգներ են կազմակերպվում, որոնց շնորհիվ կտրուկ բարձրացել է դրանց թե՛ որակն ու թե՛ փոխվել հասարակական ընկալումը։ Դրանից առաջ համերգներն օրինակ Stop-ում կամ Ժուռնալիստների տանն ավելի փոքրամասշտաբ, ակումբային բնույթ էին կրում. մի քիչ ավելի կեղտոտ, աղմկոտ, ավելի վատ սաունդով, լուսավորության ու տեխնիկայի առումով՝ ավելի թույլ։ 

 

Sepultura-ից մինչև կիսալեգալ իրանցիներ

Իրականում «Ժեշտի» մենամեծ մոտիվացիան եղել է սեփական ցանկությունների բավարարումը, սեփական երազանքներին հասնելը։ Դպրոցական տարիքում, երբ Մետալիկայից անցա ավելի ծանր երաժշտության, դարձա Sepultura-ի ֆան ու նույնիսկ մեծ հավաքածու ունեի, ինչն այն ժամանակ հեշտ բան չէր։ Ու 10 տարի անց ինձ հաջողվեց կազմակերպել խմբի համերգը Երևանում։ Աննկարագրելի զգացողություն է, երբ կարողանում ես ամենասիրելի խմբիդ հրավիրել քո երկիր, շփվել, ցույց տալ քաղաքդ։ Սա թերևս կյանքիս ամենամեծ նվաճումներից մեկն է, որտեղ երբեք չի եղել որևէ ֆինանսական ենթատեքստ, եղել է միայն էնտուզիազմ և սեր երաժշտության հանդեպ։ 


Նույն զգացողություններն էին Horse the Band-ի հետ կապված, երբ երևանյան համերգից հետո միասին գնացինք Թբիլիսի, որտեղ շատ պատահական մտանք ինչ-որ փոքր փախած վարսավիրանոց։ Անհավատալի էր, որ իմ ամենասիրած մետալ խմբերից մեկի վոկալիստն իմ աչքի առաջ մազերն էր կտրում և որ այդ ամենի նախաձեռնողը հենց ես էի։ 


Մեկ այլ երազանք էլ 2008 թվականի Rock the Borders փառատոնն էր: Այդ տարի Stryfe-ի տղաները՝ ես՝ Zhesht Events-ը, «Մետալ Ֆրոնտի» Արտաշեսը, «Վիբրոգրաֆուսի» Վարդանենք, բոլորով կպանք էդ գործին: Գումար հայթայթվեց նախկին ԱՊՀ երկրներից ռոք խմբեր հրավիրելու համար։ Ընթացքում հասկացանք, որ բավական լուրջ գումարներ ենք վատնում միջակ խմբերի վրա ու այդ գումարով կարող ենք մեր սիրելի ու հայտնի խմբերից որևէ մեկին հրավիրել։ Այդպես որոշեցինք Հայաստան հրավիրել մեր այն ժամանակվա ամենասիրելի պրոգրեսիվ դեթ մետալ նվագող խմբերից մեկին՝ իտալական Sadist-ին։ 

 

Sepultura-ն՝ հայ երկրպագուների հետ

 

Sepultura


Այդ ընթացքում համընկավ իմ այցը Չեխիա, որտեղ պետք է ներկա լինեի ռոք փառատոնի և հանդիպեի Sadist-ենց։ Հետս միանգամից պայմանագիր տարա ու հենց այնտեղ էլ ստորագրեցինք։ Երբ վերադարձա, սկսեցինք համերգի նախապատրաստական աշխատանքները։ Հուզվում էինք, հաճախ սխալվում էինք, բայց, ի վերջո, ամեն բան լավ ստացվեց։ 


Սկզբում պլանավորել էինք համերգը կազմակերպել Օպերայի հրապարակում, բայց հետո տեղափոխեցինք Մանկական այգի։ Բավական մեծ բեմ ունեցանք, բոլոր այդ խմբերը եկան, Sadist-ն էլ նվագեց։ Նման էքստրեմալ երաժշտությամբ բացօթյա համերգ Երևանում առաջին անգամ էր տեղի ունենում։ Հատկապես Sadist-ենց նվագելու ընթացքում տեսնում էի, թե ինչպես էին կողքի շենքերի բնակիչներն ու անցորդները զարմացած այգու կողմ նայում։ Շատ մազալու էր այդ ամենին հետևելը։ 


«Ժեշտն» իրականացնում էր նաև ուրիշների երազանքները։ 2012-ին իրանական մետալ փառատոն կազմակերպեցինք Երևանում։ Ընդ որում, դրանցից կապի մեջ էի միայն Master of Persia-ի տղաների հետ, որոնց և խնդրեցի կապ հաստատել այլ հաջողված խմբերի հետ։ Ընտրված ու հրավիրված 10 խմբերից երկուսը տեղ չհասան. դեռ սահմանը չհատած ձերբակալեցին ու բանտ նստեցրեցին։ Բանն այն է, որ Իրանում ռոքը և առավել ևս մետալը ուղղակի ապօրինի են, հնարավոր չի համերգներ ու փառատոներ կազմակերպել, ազատ ստեղծագործել։ Եղած խմբերն իրենց տան նկուղներում թաքուն են նվագում, ու հենց դա էր, որ մեզ ստիպեց կազմակերպել իրանական մետալի փառատոն ու Երևանում այդ խմբերին ազատ հարթակ տրամադրել։ Ֆինանսավորման համար դիմել էի ԱՄՆ դեսպանատուն ու գրանտ ստացել, որը, ի դեպ, «Ժեշտի» կյանքում միակն է եղել։ Ի վերջո, փառատոնը կայացավ, վերջում խմբերին ուղարկեցինք իրենց ելույթների DVD տեսագրությունները, ինչը ևս իրենց համար մեծ բան էր։ 

 

Rotting Christ, Zhesht Events-ի 10-ամյակ

 

Saturnus, 2017, Երևան

 

«Սատանայապաշտները» Տիկնիկայինում

2019-ին լեհական Vader խմբի համերգից առաջ բողոքի մեծ ալիք բարձրացավ: Տիկնիկային թատրոնում մեր հերթական համերգը վտանգված էր։ Պարզվեց՝ մի խումբ մարդիկ դիմել էին Մշնախ՝ համերգը չեղարկելու պահանջով: Ասում էին, թե իբր խմբի մենակատար Պյոտր Պավել Վիվչարեկը սատանիստ է։ Սակայն հակառակ այդ անհեթեթ բողոքների՝ մեզ սատարողների մեծ բանակ հավաքվեց, որոնք սոցցանցերում գրառումներ արեցին, հայտնեցին իրենց աջակցությունը մեզ ու վրդովմունք հայտնեցին արվեստի ցենզուրայի հանդեպ։ Ի վերջո, ավելի օգտակար եղավ այդ աղմուկը, հասարակության մեջ նոր հարցեր բարձրացան, դիսկուրս առաջացավ ցենզուրայի ու տոլերանտության շուրջ։ 


Համերգն էլ, ի վերջո, կայացավ, Poligraf-ը սիրով հյուրընկալեց մեզ ու ամեն բան նույնիսկ շատ ավելի լավ ստացվեց, քան կլիներ Տիկնիկայինում։ Ժողովուրդը համախմբվեց, որովհետև հասկացավ, որ նմանատիպ մոտեցումներով ու ցենզուրայով չի կարելի արվեստը սահմանափակել։ Հաճելի էր տեսնել, թե ինչպես են ընկերները և նույնիսկ Տիգրան Համասյանն ու Սերժ Թանկյանը սատարում մեզ։ Սովորաբար այդպես է. մարդիկ սկսում են պայքարել նրա դեմ, ինչը խորթ է ու անհասկանալի ու դե երևակայությունն էլ սատանիզմից այն կողմ չի գնում։ 


Իհարկե, մետալը ծանր, ագրեսիվ, ջղայնություն պարունակող երաժշտություն է և, իհարկե, չեմ հերքի, որ կա նաև այդ ուղղվածությունը, բայց դա ողջ ոլորտի ընդամենը 5 տոկոսը հազիվ լինի։ Նույն հաջողությամբ կա քրիստոնեական մետալ, որտեղ փառաբանվում է Աստված։ Այս պոռթկումը վերջին տարիներին Հայաստանում որդեգրված պահպանողական, նացիոնալիստիկ տենդենցների ու ռազմավարության տրամաբանական արդյունքն էր։ Այդ ամենը, իհարկե, ազդել է հասարակության՝ ոչ ստանդարտ երևույթների հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա, մարդիկ անհանդուրժող են իրենց կարծիքով ոչ սովորական երևույթների հանդեպ։ Կարծում եմ, որ այս իրավիճակում մեծ բան է այն, որ մեր 12 տարիների գործունեության ընթացքում մեր կազմակերպած ոչ մի համերգ չի չեղարկվել, այդ թվում և Vader-ը։ 

 

Vader-ի համարյա չեղարկված համերգը

 

 

Ժանգոտ

Հայաստանում որակյալ խմբեր ու տաղանդավոր մարդիկ կան։ Բայց, միևնույն է, որքան էլ պոտենցիալով լի ու տաղանդավոր երաժիշտներ ունենանք, շատ կարևոր է, թե որ երկրում ենք ապրում, որքանով ենք հեռու կամ կտրված համաշխարհային երթուղիներից։ 


Ռոք ծաղկունք Հայաստանում երբեք էլ չի եղել, ուղղակի բոլորս փորձել ենք պահել ռոք երաժշտությունը գոնե ինչ-որ մակարդակի վրա։ Չնայած իմ գերնպատակը դրսից խմբեր բերելն էր, այնուամենայնիվ փորձել ենք միշտ սատար կանգնել նաև տեղական խմբերին, բայց ես միշտ էլ մի քիչ պեսիմիստորեն եմ վերաբերվել Հայաստանում երաժշտության ու ոչ միայն երաժշտության ոլորտին։ Մենք երբեք առաջատար չենք եղել, ու երևի դա օրինաչափ է, պարզապես պետք է համակերպվել ու չողբալ։

հավելյալ նյութեր