Կամո Նիգարյանի հեղինակային թանգարանները
Թանգարաններ

Կամո Նիգարյանի հեղինակային թանգարանները

Ինչպես Կամո Նիգարյանը փոխեց մեր պատկերացումները թանգարանային ցուցադրությունների մասին։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Մարինե Հարոյանի արխիվից

 

ԵՐԵՎԱՆ #70 | 2021

#Դիզայն #Թանգարաններ

 

Կամո Նիգարյան

Կամո Նիգարյանն (1950-2011) ուշ խորհրդահայ շրջանի արվեստի վառ ներկայացուցիչներից է, Հայաստանի ժամանակակից արվեստի հիմնադիրներից։ Նա այն արվեստագետներից էր, որի ներքին ստեղծագործական ազատությունը թույլ էր տալիս դեմ գնալ սոցռեալիստական ընդունված գեղագիտական կանոններին։ Արվեստագետի ազատությունն արտահայտվում էր արվեստի այն բազմաթիվ մեդիաներում, որտեղ փորձել է իրեն․ գեղանկարչություն, գրաֆիկա, լուսանկարչություն, արդյունաբերական դիզայն, գրաֆիկական դիզայն և թանգարանային դիզայն։

Կամո Նիգարյանի արվեստը դեռևս մինչև վերջ բացահայտված չէ։ Ծայրահեղ ազատ ու բազմաշերտ այս արվեստագետի գործունեության մի մեծ բաժին պատկանում է թանգարանային դիզայնին։ Քչերը գիտեն, որ նա հայաստանյան թանգարանային դիզայնի ոլորտի իրական հեղափոխական էր։ Կամո Նիգարյանի մոտեցումների, հեղինակային թանգարանի՝ գեղարվեստա-առասպելաբանական մեթոդի ու ցուցադրությունների իրականացման մասին զրուցեցինք արվեստագետի կնոջ՝ թանգարանագետ Մարինե Հարոյանի հետ, ով ոչ միայն մեծ ոգևորությամբ պատմեց Նիգարյանի մասին, այլև տրամադրեց նյութեր ու արխիվային լուսանկարներ։ 

 

Հեղինակային թանգարան 

Անցյալ դարի 60-80-ականներին թանգարանային ցուցադրությունների նախագծման ոլորտում ներդրված գեղարվեստա-առասպելաբանական մեթոդը հիմք դրեց թանգարանային ցուցադրության մի նոր տեսակի, որը հետագայում կոչվեց հեղինակային ցուցադրություն: Արևմուտքում այն առավել ցայտուն արտահայտվեց թանգարանային շենքերի ճարտարապետության մեջ, Խորհրդային Միությունում՝ առավելապեսթանգարանային ինտերիերի ձևավորման ոլորտում։ Նույն տարիներին աշխարհում ձևավորվեց գեղարվեստա-առասպելաբանական  մեթոդը, որը սինթեզում է ճարտապետության, գեղանկարչության, դիզայնի, թատրոնի, դրամատուրգիայի տարրեր և ցուցադրությունը հասցնում է արվեստի ինքնուրույն տեսակի։ Թանգարանային նյութը վերածվում է գրեթե թատերականացված ներկայացման։ 

 

Մեզանում այս մեթոդն առաջինը կիրառեց նկարիչ ձևավորող Կամո Նիգարյանը։ Արվեստագետը, ով արդեն 1978-ին ձևավորել էր Սարդարապատի ազգագրության թանգարանը՝  Հայկազ Քոչարի և Էդուարդ Սադոյանի հետ համահեղինակությամբ, 1984-ին՝ Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանը և Սերգեյ Մերկուրովի թանգարանը, իսկ 1985-ին՝ Մեծ հայրենական պատերազմի թանգարանը, աստիճանաբար մոտենում էր գեղարվեստա-առասպելաբանական մեթոդին և հետագա երեք աշխատանքները պիտի դրա վառ օրինակները լինեին։ 

 

Հեղափոխության թանգարանի ձևավորումը, 1987

 

Ճանապարհը, սակայն, հեշտ չէր։ Դեռևս Տեխնիկական գեղագիտության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում աշխատելու տարիներին ստացավ իր առաջին՝ Սարդարապատի թանգարանի ձևավորման պատվերը, հետո եղավ Գյումրիում Ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարանի ձևավորումը։ Իսկ ահա Հայրենական  մեծ պատերազմի թանգարանի նախագիծը բարդ պատմություն ուներ։ Մարինե Հարոյանը պատմում է, որ այդ թանգարանը պատվիրված է եղել Մոսկվայից հրավիրված նկարիչների կողմից, ովքեր եկել, գումարը վերցրել էին, սակայն գործը չէին արել։ Արդյունքում կրկին դիմեցին Նիգարյանին՝ շատ կարճ ժամանակում թանգարանը գլուխ բերելու խնդրանքով։ Վերջինս համաձայնեց ու ստեղծեց շատ հաջողված ցուցադրություն՝ յուրահատուկ թանգարանային ինստալյացիաներով։ 

 

Սակայն մի միջադեպ եղավ։ Աշխատանքի ընթացքում արվեստագետը գերմանացի զինվորի սաղավարտ էր դրել գլխին և լուսանկարվել։ Լուրը հասել էր թանգարանի տնօրենին, որը հրաժարվել է վճարել կատարված աշխատանքի դիմաց և սպառնացել դիմել ԿԳԲ։ Նիգարյանը համաձայնել է չվարձատրվել այն պայմանով, որ իր հետ աշխատող թիմն աշխատավարձ ստանա։ Համաձայնության են եկել։ 

 

Տիկին Հարոյանն ասում է․ «Ես շատ զարմացա, Կամոն սարսափելի անվախ ու ազատ մարդ էր, նրան հարցրի՝ դու իսկապե՞ս ԿԳԲ-ից վախեցա՞ր, ախր հայրդ մեկ րոպեում հարցը կլուծեր (դե իր հայրը նախկին հետախույզ էր)։ Ու ինքն ասաց, որ համաձայնեց պայմանին հենց նրա համար, որ հոր անունը հանկարծ նման կերպ չարծարծվի»։ 

 

Շինելապատ թունելով դեպի հեղափոխության թանգարան

Հեղափոխության թանգարանն (1987) առաջին ցուցադրությունն էր, որտեղ Նիգարյանը կիրառեց գեղարվեստա-առասպելաբանական մեթոդը։ Սա շատ համարձակ քայլ էր գաղափարաբանական պարտադրանքի տարիներին: Մեթոդի կիրառումը հնարավորություն տվեց հեղինակին պատմել սոցիալիստական պատումին հակասող, դրա հետ չհամընկնող ուրիշ մի պատմություն, որը թաքնված էր նկարչի կողմից կիրառված նշանագրության մեջ։ 

 

Մուտքը թունելանման ճանապարհ էր, որի երկու կողմերը` շինելի կտորով պաստառված, մռայլ, անվերջանալի թվացող պատեր էին: Այդ մուտքը, սակայն, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ընդունող խորհուրդը ստիպեց փոխել: Եվ հեղինակը գտավ այլ լուծում՝ այսուհետ դեպի ցուցադրություն տանող ուղին անցնում էր նեղ ու անհարթ գլաքարե ճանապարհով։ Յուրահատուկ էր սոցիալիստական հեղափոխության սկիզբը խորհրդանշող պաստառում 1917 թվականի գրելու կերպը։ Այնպես էր գրված, որ օրվա որոշակի ժամերին արևի լույսի փոփոխության հետ այն անհետանում էր։ 

 

 

Հեղափոխության թանգարանի ձևավորումը, 1987

 

Տիկին Հարոյանն ասում է․ «Քչերը գիտեին այդ մասին, երբեմն հատուկ այդ ժամերին էինք գնում թանգարան, որ հետևեինք, թե ո՞նց է թիվն անհետանում։ Դե ըստ կոմունիստների՝ ամեն բան սկսվում էր 1917-ից, կարծես դրանից առաջ աշխարհում ոչինչ չի եղել։ Իսկ Կամոն մի բան գիտեր»։ Ցուցադրական կահույքը ևս պատված էր շինելի կտորով։ Բացառիկ էր նաև այն, որ ընդունված մեծածավալ կտավների փոխարեն Նիգարյանն օգտագործեց լուսանկարը։ 

 

Առաջին անգամ հայաստանյան թանգարանում մի ամբողջ պատ ծածկվեց լուսանկարով, ինչը տպագրության տեսանկյունից իրականացնելն ամենևին էլ հեշտ չէր։ Ֆոտոինստալյացիան ուղեկցվում էր առաստաղից կախված լուսանկարներով, որոնք ըստ Նիգարյանի պիտի լինեին էկրաններ ու շարժանկարներ։ Հայաստանում առաջին անգամ հենց Նիգարյանը թանգարանային ցուցադրության մեջ տեսաֆիլմ օգտագործեց։ Տեխնիկապես բարդ էր, բայց ոչ անհնար։ Ցավոք, նորանկախ Հայաստանում չգիտակցվեց և չարժևորվեց այս ցուցադրությունը և անմիջապես ապամոնտաժվեց թանգարանի լուծարմանը զուգահեռ։ 

 

Պոետի կյանքը երեք հարկում։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը

Չարենցի տուն-թանգարանը (1991) Կամո Նիգարյանի երկրորդ բացառիկ աշխատանքն էր՝ հեղինակային թանգարանի վառ օրինակ։ Այս շրջանում արվեստագետն արդեն ավելի ազատ էր ստեղծագործում, նորանկախ Հայաստանում չկար նախկին ցենզուրան։ 

 

Չարենցի թանգարանի ցուցադրությունը Նիգարյանը կառուցեց մետաֆորների վրա։ Նկուղային հարկը բանաստեղծի կյանքի վաղ շրջանի՝ մանկության, Կարսի իր տան մասին էր պատմում։ Այստեղ Նիգարյանը չէր մոռացել նաև Մեծ Եղեռնի թեման և երիտասարդ, ուժեղ տղայի գրկում ցեղասպանությունից մազապուրծ եղած ծեր կնոջ լուսանկար տեղավորեց՝ իբրև վերածնվող Հայաստանի խորհրդանիշ։ Մաքսային կետերի գծանշանները հիշեցնում էին Ռուսաստանի հետ սահմանային քաղաք լինելու մասին։ 

 

 

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ձևավորումը, 1991

 

Ցուցադրության այս հատվածում Նիգարյանն անպայման գորգ օգտագործեց, քանի որ Չարենցի հայրը գորգավաճառ էր։ Հենց գորգի վրա ոսկեգույն շրջանակի մեջ հոգևորականի խորհրդանշական դիմանկար տեղավորեց և ըստ ժամանակաշրջանի երկրորդ շրջանակն արդեն կարմիր էր ու թեքված, իսկ 1937-ը խորհրդանշող հատվածում՝ ճղված, բզկտված։ Երկրորդ հարկը միանգամայն այլ էր՝ ժամանակաշրջան է փոխվել․ կոնստրուկտիվիզմ, Եղիշե Չարենցի, Կարո Հալաբյանի ու Միքայել Մազմանյանի թողարկած առաջին ավանգարդ «Ստանդարտ» ամսագրի ոգով, իսկ արդեն երկրորդ հարկ տանող աստիճաններին ամսագրի անվանումն էր` STANDARD։ Այդ հարկում էին ներկայացված  Չարենցի  «Երկիր Նաիրին» ու «Դանթեական առասպելը»։ 

 

Երրորդ հարկում ցուցադրված էին ստալինյան բռնապետության սարսափի ժամանակները, որին զոհ գնաց նաև մեծ բանաստեղծը, և հոգևորականի նույն լուսանկարն արդեն պատռված։ Ուշագրավ էր նաև Չարենցի սիլուետով հայելին, որի միջով կարծես անցնում էին ամեն անգամ թանգարանով տեղաշարժվելիս։ 

 

2004-ին այս բացառիկ ցուցադրությունը, ցավոք, փոխվեց։ 

 

 

Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը

Մերկուրովի տուն թանգարանը հիմնադրվել է 1984-ին, քանդակագործի հայրական տանը` Գյումրիում։ Թանգարանն ունեցել է երկու մշտական ցուցադրություն՝ 1984 և 2004, որոնք երկուսն էլ նախագծել է Նիգարյանը։ Առաջին ցուցադրությունը, ստեղծված լինելով խորհրդային տարիներին, կրում էր այդ տարիների գաղափարական կնիքը։ Գիտական և ստեղծագործական թիմի առջև խնդիր էր դրված Մերկուրովին ներկայացնել որպես «հեղափոխության երգիչ» և ցուցադրել առավելապես հեղինակի հեղափոխական թեմաներով և հեղափոխական գործիչներին նվիրված աշխատանքները։ Սա էր պատճառը, որ ցուցադրությունը կառուցվեց առավելապես պատկերա-նկարագրական սկզբունքով, որտեղ գերակշռող նյութը լուսանկարն էր։ 

 

Երկրորդ՝ 2004-ի ցուցադրությունն աչքի էր ընկնում արդեն հեղինակի անձնական վերաբերմունքի արտահայտմամբ։ Թանգարանի ցուցադրությունն իրականացված էր երեք հիմնական սրահներում։ Գերիշխող գույնը սպիտակն է՝ ներս հորդող բնական լույսով, նյութը` գիպս, որը քանդակագործի կողմից ամենաշատ օգտագործվող նյութն է: 

 

Սերգեյ Մերկուրովի արվեստում առանձնահատուկ տեղ են գրավում հետմահու դիմակները։ Այդ արվեստը նա հասցրեց նոր որակի։ Երկրորդ ցուցադրության համար հաջողվեց Հայաստան բերել դիմակներն ու այս անգամ, ի տարբերություն առաջին ցուցադրության, առանցքը մահադիմակներն են։ 

 

 

 

Ցուցադրված են մշակույթի և կրոնական գործիչների՝ Խրիմյան Հայրիկի, Հովհաննես Թումանյանի, Վլադիմիր Մայակովսկու, Լև Տոլստոյի, Վասիլի Սուրիկովի, Մաքսիմ Գորկու և այլոց մահադիմակները, առանձին սրահում ներկայացված են քաղաքական գործիչների մահադիմակները: Հետմահու դիմակների այս եզակի հավաքածուն ցուցադրվում է համաշխարհային քաղաքակրթության երեք խորհրդանիշների` խորանարդի, զիկուրատի և բուրգի տեսք ունեցող ցուցափեղկերի մեջ: Ինչո՞ւ։ Քանի որ դրանք հենց դամբարաններ ու պաշտամունքային կառույցներ են և մարդկության պատմության խորհրդանիշներ։ Բացի այդ, դրանք նաև ճարտարապետական ֆորմաներ են և Նիգարյանի դիտարկմամբ, եթե մտովի այդ երեք ֆորմաները պատկերացնենք իրար վրա դրված ուղղահայաց կառուցվածքով՝ կտեսնենք և՛ ստալինյան ժամանակաշրջանի ճարտարապետական կառույցներ, և՛ քառանիստ հայկական եկեղեցի։ 

 

Մտավորականների այս համաստեղության մեջ յուրաքանչյուրի նկատմամբ Նիգարյանն արտահայտել է իր վերաբերմունքը: Մի դեպքում խմբից առանձնացնելով՝ ինչպես, օրինակ՝ Մայակովսկուն: Մեկ այլ տեղ էլ միևնույն ցուցափեղկին տարբեր հարթությունների վրա է ցուցադրել մի քանի մահադիմակ։ Օրինակ՝ Խրիմյան Հայրիկի մահադիմակը ամենաբարձրն է, որպես ամենամոտը Աստծուն, երկրորդ մակարդակում բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի մահադիմակն է, ով երկրի ու երկնքի արանքում է իսկ նրանց ստորադասված է քաղաքական գործիչը, տվյալ դեպքում՝ Վառլամ Ավանեսովը։ 

 

Կամո Նիգարյանը՝ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի ձևավորման աշխատանքների ընթացքում, 2004

 

 

Ապշեցուցիչ է 20-րդ դարի առաջին կեսի քաղաքական էլիտայի (հանձին կոմունիստական ընտրախավի․ Լենին, Պլեխանով, Ձերժինսկի, Կիրով, և այլն) մահադիմակների սրահը։ Սրահի առանցքը՝ ձգված եռանկյունաձև ցուցափեղկի հայերեն ու լատիներեն արձանագրությունն է. «Մահացածների մասին կամ լավ, կամ ոչինչ» (De Mortius aut Bene, aut Nihil): Փոխելով ստանդարտ, ակադեմիական ցուցադրման մեթոդը՝ գրեթե բոլոր գործերը տեղադրված են աչքի մակարդակից ավելի ցածր կետի վրա։ Հեղինակը փոխել է նաև թանգարանային առարկայի և դիտողի միջև գոյություն ունեցող հիերարխիկ հարաբերությունները։ Քաղաքական գործիչների մահադիմակները խորհրդանշական կեռից են կախված։

 

Տիկին Հարոյանը նշում է, որ Մերկուրովի տուն-թանգարանի երկու ցուցադրությունները դասական օրինակ են թանգարանագիտության մեջ՝ այն բանի, թե ինչպես միևնույն անձին վերաբերող հավաքածուն նոր գեղագիտական հայեցակարգով և նյութի մեկնաբանման այլ մեթոդի կիրառմամբ ներկայացնելու պարագայում կարող է ստացվել միանգամայն «այլ» թանգարան:

հավելյալ նյութեր