Կամո Նիգարյանի cabo negro-ն Rambalkoshe-ում
Rambalkoshe-ն կցուցադրի հայ պոստոդեռնիզմի առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ Կամո Նիգարյանի գրաֆիկական աշխատանքները։
06.08.2021Է՛ն տանը, որտեղ հայտնվելը մի ինչ-որ ժամանակ անհնար էր թվում, որի մասին շշուկով իրար ասում էինք՝ գիտե՞ս էն օրը ուր եմ գնացել, այ հենց էդ տան առեղծվածային շղարշից ներս մտնելու հնարավորությունները ամեն օր ավելի շատ են։ Մանկության ֆիլմից ծանոթ թվացող անունը ինչ-որ բան չի հուշում, եթե չես եղել այնտեղ։ Ի՞նչ է Rambalkoshe-ն․ ստեղծագործ անհատների հմագործակցություն, ինչ-որ առումով՝ ընտանիք, որի անդամներից յուրաքանչյուրը նույնքան խնամքով է վերաբերվում էն տանը, որտեղ ծնվում են գաղափարներ, որտեղ հավաքվում են զրուցելու, մտքերով կիսվելու։
Ժամանակակից արվեստի թանգարան, քաղաքի ամենաթույն երաժշտական իվենթների տեղ ու հիմա նաև՝ արվեստագետների հետ տարվող աշխատանք ու ցուցահանդեսներ, սա է Rambalkoshe-ն, եթե փորձենք հակիրճ լինել։ Շատ բաներ նկարագրելն ուղղակի անիմաստ է, գնալ ու տեսնել է պետք։
Առաջիկայում գնալու առիթն արդեն կա։ Ընդամենը երկու օրից, հենց իր հարկի տակ Rambalkoshe-ն կցուցադրի Կամո Նիգարյանի կյանքի վերջին տասնամյակում՝ 2000-2011թթ․ ստեղծված գրաֆիկական աշխատանքները՝ «Կաբո նեգրո» ցուցահանդեսով։ Շարք, որը դեռ երբեք չի ցուցադրվել։
Նիգարյանի Կաբո Նեգրոն
Իր 40-ամյա ստեղծագործական կյանքի ընթացքում Կամո Նիգարյանը մեծագույն ներդրում է ունեցել վիզուալ արվեստի գրեթե բոլոր ժանրերում։ Ունենալով նկարչական հրաշալի հմտություններ, Նիգարյանն ի վերջո ավարտեց իր ստեղծագործական կյանքը սպիտակ թղթի վրա՝ սև տուշով, թանաքով ու ջրաներկով՝ երբեմն պրիմիտիվության հասցնելով բարդ, բայց միևնույն ժամանակ անկեղծ ու պարզ պատկերները: Արվեստագետի կյանքում դա մի շրջափուլ էր, երբ հայտնվել էր համակարգերի կտրուկ փոփոխության կիզակետում ու կյանքի վերջին տարիներին սեփական մաշկի վրա ամենասուր կերպով էր զգում մշակութային ու պատմական շրջադարձներն ու ինչ-որ պահի Նիգարյանն անկարող գտնվեց ընդունելու նոր իրողությունը։
Նիգարյանը երբեք կոմֆորմիստ չի եղել, ոչ խորհրդային տարիներին ու ոչ էլ նորանկախ Հայաստանում, նրա արվեստը հենց դրա հավաստիքն է։ Ցավոք այդ ամենը բերում էր մենության ու ինքնաիզոլացման։ Փախուստի մի տեղ էր Կաբո Նեգրոն ու նույնիսկ ցուցահանդեսներին ներկայանալիս խնդրում էր իր անվան կողքին նշել՝ Человек из Кабо Негро. Արվեստագետի կինը՝ Մարինե Հարոյանը պատմում է, որ երբ հերթական անգամ մեկուսացված ու ճնշված գտավ ամուսնուն ու պնդեց, որ այդ մենության մեջ մնալ չի կարելի ու որ իր կողքին մարդիկ են պետք, Նիգարյանն ուղղակի պատասխանել էր․ «Իմ կողքին մարդիկ են, որ այսօր են ծնվելու»։
Եվ իսկապես, երիտասարդ սերունդն այսօր վերաբերվում է Նիգարյանին իբրև ուսուցչի, անկախ նրանից, որ անձամբ շփվելու բախտ այս սերնդին չի վիճակվել։ Rambalkoshe-ի ու անձամբ Վահան Ստեփանյանի մոտեցումն էլ Նիգարյանին հենց այդպիսին է։ Մարդ, ում ստեղծագործական հարուստ ժառանգությունը միայն հերիք կլիներ մի ամբողջ սերունդ դաստիարակելու՝ վիզուալ արվեստի մտածելակերպ սերմանելու։
Մեկ օր ցուցահանդես
Կաբո Նեգրոն, որը Rambalkoshe-ի նախատեսած ցուցահանդեսներից մեկն է, իրականում ինչ-որ առումով «Ալամեզոն» նախագծի շարունակությունն է։ Այն 40 մարդիկ, ովքեր մասնակցում են նախագծին, իրենց փոքր ներդրումն ունեն ցուցահանդեսի կայացման մեջ։ Ներդրումը հենց ֆինանսական է։ Այն սիմվոլիկ գումարը, որը նրանք վճարում են «Ալամեզոնի» շրջանակում անցկացվող վորքշոփերին ու դասախոսություններին մասնակցելու համար՝ նյութականացվում է ցուցահանդեսների տեսքով։ Սա, ըստ Վահանի լավագույն միջոցն է ցույց տալու, որ այդ ամսական վճարվող գումարը վերաճում է մեկ այլ նախագծի, մեկ այլ գաղափարի։ Ցուցահանդեսի համար չեն խնայել ոչ գումարը, ոչ էլ հնարավորությունները, օրինակ՝ տպագրական հատուկ թուղթը բերվել է հենց Իտալիայից։ Սա շատերի համար է զարմանալի։ Այդ ինչպե՞ս, ոչ պետական կառույցը, ոչ էլ որևէ ֆոնդից աջակցություն ունեցող նախաձեռնությունը հանկարծ հնարավոր է դարձնում նման ցուցահանդեսը։ Սա չպետք է զարմանալի լիներ, սա պիտի ենթադրվեր, բայց, ցավոք, Հայաստանում արվեստագետների համար չկա նման դաշտ, չկա ինդուստրիա։
Ի դեպ՝ հաջորդիվ կցուցադրվեն Վան Խաչատուրի լուսանկարները, Ռոբերտ Սահակյանցի էսքիզները, երիտասարդ, խոստումնալից արվեստագետների՝ Անուշ Գուրգենյանի և Անի Մելիքյանի գործերը, կինոդիտումներ Կարեն Ավետիսյանից, պաստառներ Վիլյամ Կարապետյանից ու էլի մի քանի, ինչպես Վահանը կասի՝ էպիկ ցուցահանդեսներ կլինեն, որոնցից յուրաքանչյուրի մասին ինքն արդեն ունի թե՛ ցուցադրության նյութն ու թե տեսլականը՝ որպես համադրող։
Rambalkoshe-ն նպատակ չունի վերածվելու ցուցասրահի՝ դասական իմաստով և չի հավակնում ցուցադրել օրիգինալ աշխատանքներ, գլխավոր նպատակը դեռևս չցուցադրված գործերը հանդիսատեսին հասանելի դարձնելն է։ Այնուամենայնիվ Կամո Նիգարյանի մեկ օրիգինալ աշխատանք «Կաբո նեգրոյի» շրջանաում կցուցադրվի։
Կարևոր է նշել, որ ցուցահանդեսը բաց է լինելու ընդամենը մեկ օր՝ օգոստոսի 8-ին, ժամը 14։00-22։00։ Ինչու՞ ընդամենը մեկ օր, հաճախ հնչող հարց է, որի պատասխանը Վահանի համար հստակ է։ Ինչպես ցանկացած այլ մշակութային միջոցառման, օրինակ՝ մեր ամենասիրելի երաժշտի համերգին գնում ենք կոնկրետ օր ու կոնկրետ ժամի, ու դրա համար անում ենք ամեն բան։ Ու ոչինչ չի կարող համեմատվել այդ մեկ օրվա ստացած տպավորությունների հետ։ Rambalkoshe-ն առաջարկում է ոչ թե մեկ-երկու ժամ, այլ մի ամբողջ օր անցկացնել այդ ցուցադրության հետ նույն տարածքում։ Լինել տան բոլոր անկյուններում, նստել-զրուցել այգում, գինի ըմպել, ծանոթանալ-շփվել։ Ու սա, թեևս այդ բոլոր իրավիճակները մեկ տեղում խտացնելու և ցուցահանդեսն էլ ավելի կարևորելու լավագույն գործիքն է։