Կանաչ եղջերուն, որը գրավեց նաև իմ սիրտը
1935 թվականին գերմանական դեղատներում առաջին անգամ հայտնվեց Jägermeister-ը։ Այսօր «Յագերն» աշխարհի ամենահայտնի ոգելից խմիչքներից է, որը 2006-ից ներմուծվում է նաև Հայաստան։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով լրագրող Էլեն Բաբալյանը պատմում է՝ ինչպես դարձավ գերմանական խմիչքի ինքնիշխան դեսպանը Երևանում:
Տեքստը՝ Էլեն Բաբալյանի
«Որսորդի պատվի հարցն է հարգալից և խնամքով վերաբերվել որսին, որս անել՝ ինչպես հարկն է՝ պատվելով Արարչին յուրաքանչյուր կենդանի արարածի մեջ»:
Խաղաղ համակեցության սկիզբը
Իմ ու Յագերմայստերի հանդիպումը եղավ տարատեսակ լիկյորներից, ռոմերից, վիսկիներից ու արդեն նույնիսկ 80%-անոց ստրոհներից հագենալ-հիասթափվելուց հետո: Կենսափուլն էր այդպիսին՝ փորձում էի գտնել իմ ուտելիքը, գույնը, դերը, կոչումը, առաքելությունը: Հաջողվեց գտնել միայն խմիչքը, բայց գտնել մեկ անգամ և ընդմիշտ: Բոլոր քիչ թե շատ հայտնի խմիչքները փորձեցի, կոկտեյլներ չեմ սիրել երբեք՝ դրանք դիտարկելով որպես արհեստածին մի բան: Ու երբ հերթական անգամ հերթական բարմենին թվարկեցի՝ ինչեր հաստատ չեմ ուզում խմել ու խնդրեցի նոր բան առաջարկել, բարի սեղանին դրեց 2 շոթի բաժակ՝ իմ ու իր համար: Այն, ինչ զգացի խմելուց հետո, մի երկու դար առաջ պոետները կանվանեին «սեր առաջին հայացքից», հիմա դա կոչվում է «խաղաղ համակեցություն»: Այդ օրից անցել է արդեն տասը տարի, ու ցայսօր ես ու Յագերը խաղաղ ապրում ենք՝ միմյանց փոխանցելով անմնացորդ սեր ու հավատարմություն: Ո՞րն է գաղտնիքը՝ ես չեմ վերլուծում, որովհետև իսկական սերը ենթակա չէ բանաձևերի: Թեև իմ համար Յագեր հորինող գերմանացին՝ Մաստ ազգանունով, լավ էլ բանաձևել է խմիչքը՝ երկար տարիներ համադրելով բաղադրիչներ ու, ի վերջո, գտնելով լավագույն 56-ը:
Գերմանական որակ, գերմանական կարգապահություն
Այդ 56 բաղադրիչներից յուրաքանչյուրը գործարանում կշռվում է հատուկ կշեռքով, որովհետև նույնիսկ մեկ միլիգրամ տարբերությունը կարող է ազդել Յագերի անմահական համի վրա: Այս հոդված-անկեղծ խոստովանությունը գրելիս բացահայտեցի նաև, որ ֆիրմային կանաչ՝ անսահման բրուտալ շշերում հայտնվելուց առաջ Յագերն անցնում է 383 հատ որակի ստուգման թեստավորում: Շատերն այդպես խնամքով նույնիսկ իրենց ապագա երեխայի հորը կամ մորը չեն ընտրում: Յագերի հայրը խնամքով ընտրել է նաև խմիչքի շիշը: Այն ունի մուգ կանաչ երանգ, քանի որ հենց այդ գույնն է պաշտպանում ուլտրամանուշակագույն լույսերի ներթափանցումից: Բացի այդ, շշերն արտադրվում են 1500 աստիճան Ցելսիուսի տակ, ու յուրաքանչյուր շիշ թրծվում է այնպես ու այնքան, որ դիմանա հնարավոր ամենաուժգին հարվածներին, չջարդվի ու մեզ անյագեր չթողնի: Ընդհանրապես, պետք է արձանագրել՝ Յագերի շիշը չի ջարդվում, այն միայն դատարկվում է:
Դեղ, ընկեր, բախտակից
Ի սկզբանե որսորդների համար նախատեսված խմիչքը թարգմանաբար նշանակում է «Որսի վարպետ»: Կան մի շարք պատումներ Յագերի ստեղծման ու նպատակի մասին, բայց ինձ հատկապես դուր է գալիս լեգենդն այն մասին, որ Յագերն ի սկզբանե արարել են իմաստուն քրմերը և այն նախատեսված էր դեղատներում վաճառելու համար՝ որպես բոլոր ախտերից բուժող ունիկալ դեղամիջոց: Այս տարբերակը նաև ծնողներս են շատ հավանում:
Յագերն ալկոհոլ չէ, այդ ամպլուան չափազանց սահմանափակ է նրա համար: Յագերն ընկեր է ու բախտակից՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերի համար: Նա չի կտրում իրականությունից, այլ օգնում է հասկանալ, տեղ-տեղ՝ ներել, որոշ դեպքերում՝ ժպիտով համակերպվել, իսկ ամենից հաճախ՝ գտնել: Գտնել հույզերը, խոր թաղված զգացմունքները, ապրումներն ու մոռացված երազանքները: 1934-ին սկիզբ առած պատմությունն արդեն մեկ դար շարունակ ինքն է ստեղծում պատմություններ՝ միավորելով մարդկանց ու հաշտեցնելով նրանց խռովյալ հոգիները:
Բազմադեմ Յագերը
2017-ին Jägermeister ընկերությունն 80 տարի աշխարհին Յագերս պարգևելուց հետո որոշեց թողարկել նոր արտադրանք՝ Jägermeister Manifest-ը: Այն ավելի թունդ է՝ 38%, հայաստանյան խանութներում հազվադեպ է հանդիպում, ու այդ բացը լրացնում ենք դյութիֆրիներով: Manifest-ին հետևեց Յագեր Spice-ը՝ ավելի թույլ 25%, ու նաև Յագեր Scharf 33%, և Յագեր Cold Brew Coffee-ն՝ էլի 33%: Վերջինս պարունակում է նաև 10% կոֆեին, ու, ինչպես արդեն հասկացաք, նախատեսված է շաբաթ առավոտյան ուրբաթ գիշերն արագ ու ժպիտով վերհիշելու համար:
Ովքեր են յագերիստները
Ըստ պաշտոնական թվերի, յագերիստներն ամենաշատն ԱՄՆ-ում են, հետո՝ Գերմանիայում: Նախանձելի թվեր ունի հարևան Վրաստանը, որտեղ Յագերս արդեն N1 ներմուծվող խմիչքի բրենդն է, իհարկե, չհաշված օղին ու գինին: Իր դեղատների քարտեզում Յագերը Հայաստանն ամրագրեց 2006-ին: Մենք հանդիպեցինք 2014-ին՝ անթույլատրելի բացթողում իմ կողմից: Խմիչքը լայնորեն տարածվեց մի շարք էպիկ իվենթներին աջակցելու արդյունքում: Ու հիմա երևանյան գիշերային կյանքն անհնար է պատկերացնել առանց Յագերի: Հատկապես աչք շոյող են բրենդի աքսեսուարները, ընդհանրապես, ֆիրմային կանաչն ու խաչով եղջերուն լավ երեկոյի առաջին ասոցիացիան է: Հիմա որևէ իվենթին Յագերի սարքերը տեսնելիս ես միանգամից դառնում եմ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Մուրադը՝ ընդգծված գոհ ու հպարտ, ասես անձամբ եմ մասնակցել խմիչքի բաղադրիչների ընտրությանը:
Առանձին պատմություն է որևէ վայրում Յագեր չգտնելը: Անուններ չտամ, բայց դեսպանատունը բնավ էսթետիկ չթվաց, իսկ սենսեյն առանց Յագեր՝ սկսնակ ուսանող: Նման վայրերում իմ ու բարմենների կռիվներին հատկապես մեծ սիրով են հետևում իմ ընկերները: Սակայն կան նաև վայրեր, որտեղ, իմ հետ գլուխ չդնելու համար, միանգամից մոտակա սուպերմարկետից ներմուծում են Յագեր, միայն թե դադարեմ փնթփնթալ: Եղել են վայրեր, որտեղ հաճելիորեն զարմացել եմ Յագեր տեսնելով, օրինակ՝ Ծովագյուղի Գնթունիքը: Ու եղել են Երևանի նայթլայֆի համար հենակետային իվենթներ, որոնք կյանքի չէին կոչվի, եթե Յագերը չկանգներ կազմակերպիչների կողքին:
Ինչպես խմել, ինչքան խմել
ԱՄՆ-ում Յագերը խմում են մի կտոր նարնջով՝ վրան դարչին, ինչն ընդունելի է, Ռուսաստանում՝ լիմոնով ու աղով, ինչը, իմ խորին համոզմամբ, անարգանք է խմիչքիս նկատմամբ: Ճապոնացիները Յագերը լցնում են իրենց կանաչ թեյի մեջ, ինչը տանելի է, բայց ոչ ցանկալի: Անձամբ ես առաջին երկուսը խմում եմ 50 գրամ ու 2 հատ սառույցով, հետո՝ 100 գրամ, հետո՝ առանց սառույցի, հետո… Կարևորը՝ միշտ սառը. Յագերը պետք է պահել ոչ թե սառնարանում, այլ սառցարանում։
Ինչևէ, միշտ պետք է հիշել, որ Յագերի 35%-ն շատ ավելին է, քան վիսկիների 50-ը: Ու վերջում օգտակար խորհուրդ՝ եթե խմում եք ձեր տարածքում, ապա ավելորդ անգամ խանութ չգնալու համար մի գնեք 0,7-ը կամ, ավելի վատ՝ 0,5-ը: Յագերն առավելապաշտ է ու 1 լիտրը նվազագույնն է: