Կանայք տելեկոմում
Տելեկոմ

Կանայք տելեկոմում

ԵՐԵՎԱՆը շփվել է Team Telecom Armenia-ի փորձառու կին աշխատողների հետ ու խնդրել պատմել հեռահաղորդակցության ոլորտում իրենց աշխատանքի յուրահատկությունների մասին՝ անցյալում և այսօր։

Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի

 

Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի, Team Telecom Armenia-ի արխիվ

#ՏՏ #Գործընկեր

Վերջին 50-60 տարում կանանց մատը միշտ էլ խառն է եղել Հայաստանում կապի զարգացման հարցում. դա են վկայում ոչ միայն արխիվային լուսանկարներն ու տվյալները, այլև այսօրվա թվերը. Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ Team Telecom Armenia-ի աշխատակիցների 42%-ը կանայք են։  

 

Գանձասար գյուղի ավտոմատ հեռախոսային կայանի էլ․ մոնտյոր Ջ․ Հարությունյան

 


 


Անահիտ Մկրտչյան, աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման փորձագետ

Գրեթե 30 տարի ոլորտում

 

 

Նորամուտը

Արդեն շուրջ երեք տասնամյակ է՝ այստեղ եմ։ 1995 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունվեցի որպես գլխավոր տնօրենի տեղակալի օգնական ու առ այսօր տելեկոմ ոլորտում եմ: Կրթությամբ պատմության և անգլերենի ուսուցչուհի եմ, հասցրել եմ նաև որպես մանկավարժ աշխատել: Բայց, փաստորեն, իմ կյանքի շա՜տ մեծ մասն ապրեցի այս ընկերությունում և նրա հետ էլ զարգացա, առաջ գնացի.

.. 

Սա կապի առաջին օպերատորն է Հայաստանում և երբ մասնավորեցումից հետո սկսեցին նոր տեխնոլոգիաներ ներդնել, իսկապես առաջադեմ ընկերություն դարձավ: Տարբեր սեփականատերերի հետ մենք՝ աշխատողներս, անցել ենք շատ հետաքրքիր ճանապարհ: Այնպես որ՝ շատ բան է ինձ տվել այստեղ աշխատելը: Ինչ խոսք, նաև վերցրել է. բայց տվածն այնքան շատ է, որ վերցրածի մասին մոռանում եմ: 

 

Անվտանգությունն իբրև բնավորություն

Տեղական շատ ընկերություններում, ցավոք սրտի, աշխատանքի անվտանգ կատարումը, որպես առանձին արժեք, դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Մինչդեռ ինձ համար անվտանգությունը դարձել է բնավորություն, հիմա ես ամեն ինչին նայում եմ այդ աչքերով, անկախ նրանից աշխատանքի եմ, թե ոչ, աչքս մասնագիտորեն տեսնում է՝ որտեղ է վտանգը, մտածում եմ, թե որտեղ ինչ պետք է արվի և փորձում եմ իմ գիտելիքը միշտ օգտագործել մարդու անվտանգության և առողջության համար:

 

Ի՞նչ կար-չկար տելեկոմում ոչ հեռավոր անցյալում

Եթե ես հիմա ասեմ «փեյջեր» բառը, երիտասարդները չեն հասկանա դա ինչ է: Փեյջերը մի փոքր սարք էր, որի միջոցով կարելի էր հաղորդագրություն ստանալ։ Սակայն այդ հաղորդագրությունը մի բաժանորդից մյուսին էր հասնում մեր փեյջինգ ծառայության միջոցով։ Դե, այդ տարիներին չկային այսպիսի հեռախոսներ... Երբ բացվեց փեյջինգի բաժինը, երբ գրվեց և ուղարկվեց առաջին հաղորդագրությունը դա այնքա՜ն մեծ ուրախություն էր... Իսկ փեյջինգից առաջ տելեգրաֆն էր, երբ գնում էիր փոստ և որևէ հաղորդագրություն էիր ուղարկում ինչ-որ մեկին՝ շնորհավորանք կամ ցավակցություն և վճարում էիր ըստ հաղորդագրության բառերի քանակի:  

 

Կինը՝ ղեկավար

Եթե դու կարողանում ես հասկանալ, լսել ու հարգել դիմացինին, գիտելիք ու ժամանակ տալ, եթե հաշվի ես առնում նրա կարծիքը, ուրեմն ճիշտ ես ղեկավարում: Չմոռանանք նաև, ազդելու գործիքների մասին․ դրա հիմքում էլ պետք է լինի և՛ քո մարդկային հատկանիշը, և՛ մասնագիտական հմտությունը: Այդ գործիքները թույլ են տալիս յուրաքանչյուր իրավիճակ շտկել և ստեղծել այն, ինչ դու ուզում ես. իսկ ես ցանկացել եմ ստեղծել միջավայր, որտեղ ինքս հանգիստ կզգամ, չէ որ, ես եմ այդտեղ ապրելու, աշխատելու: 

 

95-ին բաժնի որոշ տղամարդիկ շատ վատ ընդունեցին իմ նշանակումը, բայց շուտով ամեն ինչ փոխվեց ու իր տեղն ընկավ: Անկեղծ ասած, երբ եկա, տելեկոմ ոլորտում անվտանգության մասին շատ բան չգիտեի և սկսեցի աշխատողներից այդ ամենը սովորել, բայց այնպես, որ իրենք էլ գլխի չընկնեն: Պիտի կարողանաս միավորել բոլորի տաղանդները, ներուժը, էներգիան, կարողանաս դրանք բաշխել, միացնել ու հաջողությունը կիսել գործընկերներիդ հետ, իսկ անհաջողության համար պատասխան տալ միայնակ։

 

Չեմ սիրում տանը ղեկավար լինել: Երբեք տանը չեմ վերցնում նոթբուքը. տանը մայրիկ եմ, կին, հարս և հիմա նաև՝ տատիկ և այդ դերերն ինձ դուր են գալիս: Աշխատանքը տուն տանելն արդյունավետ չէ, պետք է կարողանաս երջանիկ ապրել, որպեսզի աշխատավայրում ևս լինես ավելի արդյունավետ:

 

Կանայք Team-ում

Այսքան տարի ընկերությունում աշխատելով՝ ես այդքան էլ չեմ կարևորում կին-տղամարդ բաժանումը. կարևորը մարդու անձնական և մասնագիտական որակներն են: Ուրախ եմ, որ մեր ավանդական համակարգը հատուկ վերաբերմունք ունի կնոջ նկատմամբ և ես դա միշտ զգացել եմ իմ կոլեգաներից: Իսկ բուն աշխատանքի մեջ կարևորը գործից հասկանաս, կին ես, թե տղամարդ՝ էական չէ:

 


 

 

Ծանրոցների ընդունման և հանձնամն սեղան , օպերատորներ՝ Պալյան Աղավնի, Հովսեփյան Մանյա

 


 

Էլինա Գրբաշյան, բրենդի զարգացման ղեկավար

Ավելի քան 15 տարի ոլորտում

 

 

 

Team-ը մարդիկ են

Վստահ եմ, որ բրենդի առաջ մղիչ ուժը վառվող աչքերով մարդիկ են. ամեն ինչ պտտվում է մարդու շուրջ: Ընկերության պրոդուկտներն ու ծառայությունները ստեղծում են մարդիկ, դրանց առաջխաղացմամբ զբաղվում են մարդիկ, մասնաճյուղերում ձեզ սպասարկում են մարդիկ, զանգերին պատասխանում են մարդիկ, ուրեմն նաև բրենդի մասին ձեր կարծիքը ձևավորում են հենց այդ մարդիկ։ Հենց մարդու կարողությանն ու թիմայնության գաղափարին հավատալով էլ ստեղծեցինք Team-ը, որը կարճ ժամանակ անց արդեն ճանաչելի ու սիրված հայկական բրենդ է։

 

Կին-տղամարդ ներդաշնակությունը

Մեր ընկերությունում կանանց ու տղամարդկանց միջև որևէ տարբերություն չի դրվում, եթե խոսքը վերաբերում է աշխատանքին: Պատահական չէ, որ շուրջ 2000 աշխատողների 42%-ը կանայք են։ Պատասխանատու պաշտոններում ունենք կին ղեկավարներ. օրինակ՝ մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման տնօրենը, ընկերության ռազմավարական ծրագրերի և կորպորատիվ զարգացման վարչության ղեկավարը, բիզնեսի իրավական ապահովման բաժնի ղեկավարը, գովազդի բաժնի ղեկավարը: Բրենդի զարգացումը նույպես վստահված է կնոջ։   Երևի միակ տեղը, ուր ավելի քիչ են կանայք՝ տեխնիկական տնօրինությունն է, բայց այնտեղ էլ ունենք կին ղեկավարներ։  

 

Որքան էլ մեր իրականության մեջ կնոջ և տղամարդու դերերի մասին հստակ պատկերացումներ ու նույնիսկ կարծատիպեր կան, սակայն երբ նստում ենք մի սեղանի շուրջ և քննարկում գործնական խնդիրներ, այստեղ բացարձակ կարևոր չէ՝ դու կին ես, թե տղամարդ. կարևորվում է քո գիտելիքը, փորձը, կոմպետենտությունը։

 

Team-ում ստեղծված են բոլոր պայմանները ազատ ստեղծագործելու, նոր գաղափարներ գեներացնելու, և որ ամենակարևորն է կա վստահություն ու աջակցություն դրանք իրականացնելու համար:

 

Չեմ կարծում, որ միասեռ կոլեկտիվները լավ բան են․ կանանց ու տղամարդկանց ներդաշնակ համագործակցությունը թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում շատ կարևոր է։ Չէ՞ որ միմյանցից շատ բան ունենք սովորելու․․․



Team-ում՝ բրենդը, կյանքո՞ւմ…
 

Իսկ կյանքում՝ պարզապես կին եմ, 2 երեխաների մայր։ Շատ եմ կարևորում ընտանիքս ու միասին անցկացրած ժամանակը։

 

Հաճախ երազում եմ ու գնում երազանքներիս հետևից: Բոլոր կանանց էլ խրախուսում եմ գնալ իրենց երազանքների հետևից, հավատալ իրենց ուժերին, աշխատել ու կատարելագործվել։

 



Նարինե Մանյան, մարդկային ռեսուրսների փաստաթղթաշրջանառության առաջատար մասնագետ

Ավելի քան 40 տարի ոլորտում

 

 

Ինչպես չձանձրանալ

1983 թվականին 18 տարեկան էի, առաջին տարին ինստիտուտից կտրվեցի ու երբ ընդունվեցի աշխատանքի, այլևս չցանկացա սովորել (թեպետ, 50 տարեկանում սովորեցի-ավարտեցի Հայբուսակի իրավագիտության բաժինը): Սկզբում ինձ փորձնական ընդունեցին, բայց հետո վերցրեցին աշխատանքի: Մի րոպե անգամ չեմ ձանձրացել, թեև իմ ամբողջ կյանքի ընթացքում նույն գործն եմ արել: Նախ՝ շատ սիրել եմ գործս, և երկրորդ՝ ամեն տարի նույնը չի լինում էդ աշխատանքի բնույթը, միշտ ինչ-որ փոփոխություն կա, նոր օրենքներ են կիրառվում ու չես ձանձրանում, չես լճանում: 

 

Կնոջ ֆինանսական անկախությունը

Առաջին աշխատավարձս՝ «ռոճիկս», 120 ռուբլի է եղել, էն ժամանակ դա բավական բարձր աշխատավարձ էր. ես ավագ տեսուչ էի: Առաջին աշխատավարձովս ընտանիքիս անդամներին փոքրիկ նվերներ գնեցի, հետո էլ սկսեցի գումար հավաքել, որ ճանապարհորդեմ, սակայն այնպես ստացվեց, որ չգնացի: Դրա բացը հետո լրացրեցի դրամով աշխատավարձի ժամանակ: Կնոջ ֆինանսական անկախությունը կարևոր է, իսկ աշխատանքը դա ապահովում է: 

 

Կապն ու կանայք

80-ականներին կապի բնագավառը հիմնականում տղամարդկանց միջավայր էր, իսկ կադրերի բաժինը բոլոր ժամանակներում էլ եղել է կանանց բաժին: Մեր բախտը բերել է, որ կադրերի բաժնում աշխատած բոլոր տղամարդիկ էլ շատ լավն են էղել: Հիմա էլ մի Սոս ունեք, որ իսկական SOS է: Բոլոր ժամանակներում էլ կինը ոչ մի կերպ չի զիջել տղամարդուն. դա վստահ կարող եմ ասել:

 


 

 

ԱՀԿ, բողոքի ընդունում. էլ մոնտյոր՝ Ջ․ Ամիրյան

 


 

Նարինե Թովմասյան, ավագ ճարտարագետ

Ավելի քան 30 տարի ոլորտում

 

 

Կայանային ավագ ճարտարագետ 

Իմ աշխատանքը կապված է կայանային աշխատանքի և բաժանորդներից ստացված հայտերի հետ։ Շատերը լսելով «կայանային աշխատանք»՝ մտածում են, որ դա պիտի տղամարդը անի. չէ, ես կասեմ, որ կինն էլ կարող է դա անել: Մեծ գոհունակությամբ եմ գալիս աշխատանքի, քանի որ գիտեմ՝ պետք եմ: Երբեք իմ նկատմամբ անվստահություն չեմ զգացել աշխատավայրում, ինչ է թե կին եմ: 

 

Մասնագիտությամբ և բնավորությամբ ճարտարագետ

Կապի բնագավառում 1993-ից եմ աշխատում, իսկ մինչ այդ ավարտել եմ Կապի ինստիտուտը, այսինքն՝ աշխատում եմ իմ մասնագիտությամբ: Մենք աշխատում ենք տեխնիկական բլոկում, այնպես որ շփումը մարդկանց հետ շատ քիչ է, միայն այն դեպքերում, երբ հարց է առաջանում բաժանորդի հետ ճշտումներ կատարել: 

 

Իմ շրջապատի մարդիկ միայն գիտեն, որ ես աշխատում եմ Team Telecom Armenia-ում։ Ընդհանրապես տեխնիկական բլոկի աշխատակիցները չեն սիրում խոսել, սիրում են գործել: Ես կյանքում էլ եմ քչախոս, չնայած որ գործս կապի բնագավառում է։

 

Դիլիջանի ավտոմատ հեռախոսային կայանը (ԱՀԿ)

Դիլիջանի մեր թիմը 10 հոգուց է բաղկացած, միայն ես եմ կին աշխատող: Կարևոր հատված ենք զբաղեցնում՝ կայանային միացումներ, կայանային ակտիվացում, այս բոլոր աշխատանքներն ինժեներներն են կատարում: Միացումներից հետո ստուգում, բաժանորդներին զանգահարում, ճշտում՝ բոլորը, որպեսզի սխալմունք չլինի: 


Կապի «շտապ օգնություն»

Եթե հարևաններս ինտերնետ կապի հետ կապված խնդիր են ունենում, անմիջապես դիմում են ինձ, ես էլ որպես լավ հարևան մոտենում, նայում եմ, եթե մոդեմի ծրագրավորման հետ խնդիր կա, կարգավորում եմ, եթե գծի հետ է կապված լինում, ասում եմ՝ զանգեք 1-00։ Այդպիսի հարց լուծող կին եմ Դիլիջանում:

հավելյալ նյութեր