Կանն 2024․ Թնդանոթները չեն լռում... մուսաները՝ նույնպես
Լազուրե ափին 77-րդ անգամ հեղինակային կինոաշխարհի ամենանշանային իրադարձությունը՝ Կաննի 77-րդ կինոփառատոնը բացվեց գուցե իր ամենատպավորիչ արարողություններից մեկով՝ երկու կին արվեստագետների մեծարմամբ։
Տեքստը՝ Կարեն Ավետիսյանի
Գրետա Գերվիգի մեծարումը արդեն իսկ խորհրդանշված էր ժյուրիի նախագահի պատվավոր կարգավիճակի շնորհմամբ, սակայն ժյուրիի մյուս անդամների՝ դերասանուհիներ Եվա Գրինի և Էմմա Գլադսթոունի, դերասաններ Օմար Սիի ու Պիերֆրանչեսկո Ֆավիոնյի, սցենարիստուհի Էբրու Ջեյլանի, ռեժիսորուհի Նադին Լաբաքիի և ռեժիսորներ Խուան Անտոնիո Բայոնի և Հիրոկաձու Կորեոդայի անունների հայտարարումից հետո Լյումիեր դահլիճի հսկա էկրանին հայտնվեց Գերվիգի մասնակցությամբ և հեղինակությամբ ստեղծված կադրաշար՝ սիրելի Նոա Բաումբախի կամերային ինդիներից մինչ նախորդ տարվա գլխավոր բլոքբասթերը՝ «Բարբին»՝ կինոյի պատմության համար էական նշանակություն ունեցող ֆիլմ, որի արժեքային աներկբայությունը ոչ թե գեղարվեստական որակի մեջ է, այլ պատմական փաստի կամ փաստի պատմասանության առ այն, որ Ռիֆենշտալի և Բիգելոուի որոշ բացառություններց զատ, գրեթե երբեք կնոջը չի վստահվել բլոքբասթեր, իսկ «Բարբի»-ն արդեն թարմ, բայց հավիտենական պատմություն է, նահապետական նախապաշարմունքային արգելված նշաձողի թեթևաձեռ վերբարձրացման, ուստի Գրետա Գերվիգի՝ ժամանակակից ֆեմինիստական մտավորական օրակարգի հաղթանակած մարմնավորում։
Ձոնական կրկնօրինակմամբ ֆրանսուհի նեոշանսոնիե Զահո դե Սագազանը ժյուրիի նախագահության օթյակում բազմած Գրետային նվիրեց գունեղ Modern Love երգը Բաումբախի «Ֆրենսիս հա» սևուսպիտակ տրագիկոմեդիայից։
Երկրորդ ակտը էլ ավելի տպավորիչ էր. բեմին հայտնվեց կարմրազգեստ Ժյուլիետ Բինոշը իր ներկայությամբ առաջացնելով մեծագույն հավակնություն գալիքի նկատմամբ, որտեղ Բինոշը ոչ թե մեծարվողն է, այլ մեծարողը։
Բացվեց վարագույրը ու դահլիճը կանգնեց երկարատև ու շառաչյուն ծափողջյունների մարաթոնի. հենց նոր գերագույն աստվածուհի կարգադրված մուսայի ճերմակազգեստ քայլքով ու կինոյի պատմության ստորագրությունների շարքին դասված անկրկնօրինակելի ժպիտով հայտնվեց 74-ամյա Մերիլ Սթրիփը ու փառահեղ հյուրերի 2000 հոգանոց հոտնկայս դահլիճին չխամրելու համար մնում էր միայն ծափահարել չդադարելը։
Կարմիրը, սպիտակը, իսկ հետևում 77-րդ փառատոնի երկնքի կապույտը ամբողջացրեցին Կիշլովսկու եռապատման եռագույնը ու անցյալի իդեալների հույսը դեպի անհուսադրող, բայց անխուսափելի ապագա, որտեղ թնդանոթները մի օր կլռեն մուսաների առջև։