Կանն 2025-ը՝ Դիանա Դայանի աչքերով
Փառատոն

Կանն 2025-ը՝ Դիանա Դայանի աչքերով

Ստեղծագործական պրոդյուսեր (Parie Media), Հայաստանի Կինոռեժիսորների և Պրոդյուսերների գիլդիայի անդամ, դերասանուհի Դիանա Դայանը պատմում է 2025 թվականի Կաննի կինոփառատանի իր տպավորությունների մասին։

Տեքստը՝ Դիանա Դայանի

 

Բացման լուսանկարը՝  Dav Acobs

#Կինո

Կաննի կինոփառատոնը միշտ եղել է կինոյի սրտամուխ զարկերակը։ Մայիսյան արևի ներքո, Կաննը մի վայր է, որտեղ աշխարհի կինոգործիչները հավաքվում են ոչ միայն ֆիլմեր ցուցադրելու կամ դիտելու, այլ նաև նոր համագործակցություններ ստեղծելու, գաղափարներ փոխանակելու և համաշխարհային կինոյի ապագան ձևավորելու նպատակով։

 

Այս տարվա փառատոնը աչքի էր ընկնում իր բազմաշերտությամբ՝ արվեստային կինոյից մինչև համարձակ փորձարարական աշխատանքներ։ Մրցութային և արտամրցութային ծրագրերում ներկայացված էին ֆիլմեր, որոնք խոսում էին մարդու ներքին լաբիրինթոսների, հասարակական վերափոխումների ու մաշված ճշմարտությունների մասին։

 

Նրանց թվում էին Վես Անդերսոնի գեղարվեստական «The Phoenician Scheme»-ը, Արի Ասթերի մետա-ֆիզիկական «Eddington»-ը՝ Հոակին Ֆենիքսով և Էմմա Սթոունով, Էնդրյու Դոմինիկի բեմական դոկումենտալ «Bono: Stories of Surrender»-ը, և Դոմինիկ Մոլի սոցիալ-հոգեբանական թրիլլերը՝ «Case 137»։

 

 

Բայց Կաննը միայն գունեղ պրեմիերաները չեն։ Փառատոնի կարևոր մասն է նաև Marché du Film-ը՝ Կաննի պաշտոնական կինոշուկան։ Այստեղ, փառատոնի մրցութային մթնոլորտից դուրս, տասնյակ հազարավոր պրոդյուսերներ, ռեժիսորներ, ֆինանսավորողներ ու կինոկառավարիչներ հանդիպում են՝ պայմանագրեր կնքելու, նախագծեր pitched անելու և միջազգային համագործակցություններ ստեղծելու համար։ Շուկան այսօր դարձել է ոչ միայն գործնական պլատֆորմ, այլ նաև մշակութային դիվանագիտության տարածք՝ որտեղ ստեղծվում է վաղվա կինոն։

 

Հենց այստեղ էլ՝ կինոշուկայի շրջանակներում, ես հանդիպեցի ամերիկացի պրոդյուսերի, որը ներկայումս աշխատում է նոր նախագծի՝ «Bodied» ֆիլմի վրա։ Ֆիլմի ռեժիսորը հայ է, իսկ նախագիծը բացահայտում է մշակութային ինքնության և նոր սերնդի բախման թեմաները։ Ճակատագրի հետաքրքիր խաղով ես հրավիրվեցի մասնակցելու ֆիլմում՝ որպես առաջատար կերպարներից մեկը։ Սա ինձ համար բացառիկ հնարավորություն է՝ ներկայանալու միջազգային կինոաշխատանքի մի մասում, որը միաժամանակ հնչում է նաև հայկական շնչով։

 

Այս ամենի ֆոնին՝ այս տարվա Կաննը ինձ համար դարձավ ոչ միայն արվեստի տոնակատարություն, այլ մի վայր, որտեղ կինոն ապրում էր՝ միաժամանակ որպես լեզու, հիշողություն և շարժում։ Կաննը հիշեցրեց, որ հաջողությունն այսօր չափվում է ոչ թե տեխնիկայով կամ փայլով, այլ՝ գաղափարով ու ճշմարտությամբ։

 

Ինձ համար՝ որպես ստեղծագործական պրոդյուսեր և կինոաշխարհի մասնակից, այս փառատոնը հստակ ազդակ էր, որ համարձակությունն ու բազմազանությունը շարունակելու են ձևավորել նոր կինեմատոգրաֆիան։ Իսկ կինոյի ապագան՝ մեր ձեռքերում է։

հավելյալ նյութեր