Կաննի կինոփառատոն 76+
Կարեն Ավետիսյանն ամփոփում է Կաննի կինոփառատոնի ավագ մասնակիցների աշխատանքները։
Տեքստը՝ Կարեն Ավետիսյանի
Յուրաքանչյուր փառատոնային տարում միայն ալարկոտը առաջ չի քաշում մորուքավոր քննադատությունն առ այն, որ՝ «Կաննը արդեն սպանեց իրա բձեքով»։ 76-րդը բացառություն չէր, բայց արի ու տես՝ տարեցները կրկին հուսախաբ չեն անում, երբեմն էլ՝ հաջողում են դիտվել եթե ոչ թարմ ապա համարձակ, եթե ոչ կատարյալ, ապա գոնե տպավորիչ։ Այսպիսով, Կաննի կինոփառատոնի թողարկման թիվը վերցնելով որպես էյջիստական պայմանական ալեհեր շեմ։
76-ամյա Տակեշի Կիտանոն վերջապես ածում է ի կատար 3 տասնամյակ փայփայած նախագիծը, որի օրհնությունը ստացել էր ոչ ավել ոչ պակաս՝ Ակիրա Կուրոսավայից։
«Կուբի» պատմա-էպիկական երգիծական կտավում սենսեյ Տակեշին 16-րդ դարի «Ճապոնական Վարդանանքը» էկրանավորում է սամուրայական սլեփսթիք ոճավորմամաբ, սրբապիղծ ծաղրով, սեռականության այլընտրանքային վերաշարադրմամբ ու մայր շնչերակներից ժայթքող ցայտարնաղբյուրներով։ Վերջում էլ վզքաշ գլուխը տշելով ժյուրիի և հանդիսատեսի վրա՝ Կիտանոն ժպտում է ինքնաբավ կիսաճպիտով՝ կարիերայի մայրամուտին կրկին անելով բացառապես այն ինչ ուզում է, առանց մի գրամ փառատոնային դուրեկանությանն անսալու։
77-ամյա Վիմ Վենդերսը Կրուազետ էր եկել երկու ճամպրուկով՝ վավերագրական և խաղարկային։ Ժամանակակից արվեստի կենդանի դասական Անսելմ Կիֆերի մասին վավերագրությունը անցողիկ ապերետիվ էր հիմնական ուտեստից առաջ. «Կատարյալ օրերում» արվեստի որոնումն ու կյանքի ծարավը պատմվում են արդեն ոչ թե դեդակտիկ արվեստաբանությամբ, այլ բանաստեղծական գոյաբանությամբ, որտեղ Տոկիոյի զուգարաններ մաքրողը զբաղվում է երաժշտությամբ, ընթերցանությամբ և լուսանկարչությամբ։ Կարծես լինի ավտոբուսի վարորդ Փաթերսոնը, ում Ջարմուշի ֆիլմի ավարտին հյուր եկած ճապոնացին տարել է իր երկիր։
80-ամյա Մարտին Սկորսեզեի ֆիլմը շատերը միաբերան համարում են լավագույններից մեկը 21-րդ դարում և ոչ միայն սինեմատիկ կատարելության, այլ մտավորական ընդհանրացման համար. ամերիկյան երազանք որոնողների զավակ Սկորսեզեն իր «ամերիկյան երազանքը» վաղուց իրականացնելով, իրեն թույլ է տալիս իր ձյունածածկ բարձունքներից ծանրազարկ մուրճով կայացնել ամբաստանյալ Ամերիկայի նկատմամբ անզիջում ու դառնահամ դատավճիռ։
82-ամյա իսպանացի վարպետ Վիկտոր Էրիսեն, ով ժամանակին Ալմոդովարի (ինչպես և Դել Տորոյի) վրա մեծ ազդեցություն էր գործել, հիմա կարծես ինքն է տարօրինակ կերպով ոգեշնչվել ուշ շրջանի Պեդրոյից՝ հյուսելով հետահայաց խոսակցական դետեկտիվ և միևնույն ժամանակ սենտիմենտալ ձոն կինոյին, որին կարծես հրաժեշտ է տալիս ամենաարժանավայել իմաստնությամբ։
83-ամյա իտալացի Մարկո Բելոկիոն կերտել է մասշտաբային կոստյումային որմնանկար, որտեղ լայնաղեղ ժեստերով փիլոնազրուրկ է անում կղերա-ֆաշիստական սրբազան բռնակալությունը՝ եվրոպական հաստափոր կինովիպագրության կորուսյալ ուժգնությամբ։
Եվ վերջապես 90-ից 4 պակաս կրկնակի արմավենակիր բրիտանացի Քեն Լոուչը ներկայացրեց էթիկական իմպերատիվի թվով 35-րդ ուսումնասիրությունը՝ հեղինակային սառնասիրտ հետևողականության և ռեժիսորական ատաղձագործ վարպետության հերթական դասագրքային օրինակը։
Այս բոլորի լավագույնը վստահաբար անցյալում է, բայց նույնքան վստահաբար էլ ՝ գալիք սերունդը, ամառային արձակուրդներին Լազուրե ափ հյուր եկած թոռնիկների պես դեռ շատ ունի խնդրելու ալեհեր դողդողաձեռ բայց անզառամախտ պապերի թոշակից ու փեշակից։