Կապը սկսվում է բակից
Team Telecom Armenia-ն վերակենդանացնում է մանկության ամենաջերմ հիշողությունները։
Տեքստը՝ Լիլիթ Խաչատուրյանի
Լուսանկարները՝ Team Telecom Armenia
Թերևս չկա մարդ, որ մանկության տարիներին գոնե մեկ անգամ պահմտոցի խաղացած չլինի։ Մեկը աչքերը փակ հաշվում էր, իսկ մյուսները՝ վազում թաքնվելու։ Շատերը կհիշեն, որ բակային խաղերը միայն երեխաներին չէ, որ միավորում էին։ Պատուհաններից հետևում էին տատիկներն ու պապիկները, նստարաններին զրուցում էին հարևանները, իսկ երեկոյան ամբողջ բակը մեծ ընտանիք էր դառնում․․․
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Team Telecom Armenia-ն փոքրիկներին ու նրանց ընտանիքներին հավաքել էր «Կապը սկսվում է բակից» միջոցառման շուրջ՝ միասին նշելու տարվա ամենագունեղ ու ուրախ օրը։ Այսօր, երբ երեխաների առօրյայում էկրանները հաճախ ավելի շատ տեղ են զբաղեցնում, քան իրական շփումը, ընկերությունը որոշել էր բոլորին մի փոքր հետ տանել մանկություն և հիշեցնել, թե որքան կարևոր են բակային խաղերը, կենդանի շփումն ու իրական ընկերությունները։
Այդ օրը Երևանի երեք բակ լցվել էր ծիծաղով, աղմուկով ու մանկական անհոգությամբ։ Փոքրիկներն ու նույնիսկ մեծերը մեծ ոգևորությամբ միացել էին բոլորիս ծանոթ ու սիրելի խաղերին՝ «գործագործ», «օղակ», «կլաս», «21 քար», «անուն գոռոցի», «գետնից բարձր» և շատ ու շատ այլ խաղերի։ Մի քանի ժամով բակերը կրկին դարձել էին այն կախարդական վայրը, որտեղ մենք բոլորս ունենք մեր հիշողությունները։
Գաղափար, որը հասունացել է տարիներ շարունակ
Team Telecom Armenia-ի բրենդի զարգացման ղեկավար Էլինա Գրբաշյանի խոսքով՝ նախաձեռնության գաղափարը նոր չէ։ Մի քանի տարի առաջ պրոդուկտներից մեկի համար գովազդ էին նկարահանել, որտեղ նույնպես բակային խաղերի թեման էին օգտագործել։ «Այդ ընթացքում գործընկերներիս հետ հաճախ էինք հիշում մեր մանկությունը, քննարկում, թե որքան հետաքրքիր էին մեր ժամանակների բակային խաղերը, - պատմում է Էլինան, - Գաղափարն անընդհատ մտքումս էր՝ ինչո՞ւ չանել ավելի մեծ, հանրային միջոցառում»։ Եվ այս տարի վերջապես այն իրականություն դարձավ։


Երբ «կապը» երկու իմաստ ունի
Միջոցառման անվանումը պատահական չէ ընտրված։ Հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերությունը ցանկացել է «կապ» բառին նոր շեշտադրում տալ։
«Կապը մեր գործունեության հիմքում է, նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մենք ապահովում ենք մեր բաժանորդների շփումը իրենց սիրելիների հետ, իսկ բոլորիս առաջին ընկերական կապերը, մանկության ամենաթանկ հարաբերություններն ու հիշողությունները ծնվել են հենց բակում, ու հիշեցնում ենք, որ կապը սկսվում է բակից»,-ասում է Էլինա Գրբաշյանը։
Թվային հիգիենա և իրական մանկություն
Թեև Team Telecom Armenia-ն հեռահողարդակցական ընկերություն է, կազմակերպիչները վստահ են՝ երեխաներին պետք է սովորեցնել ոչ միայն տեխնոլոգիաներից օգտվել, այլև դրանք ճիշտ օգտագործել։
«Ժամանակակից տեխնոլոգիաները մեծ հնարավորություններ են տալիս, հեշտացնում են կյանքը, օգնում կրթվել և զարգանալ։ Սակայն շատ կարևոր է նաև իրական շփումը։ Մենք՝ որպես կապի պատասխանատու օպերատոր, կարծում ենք, որ պետք է սովորեցնենք տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործումը։ Երեխաները պետք է ունենան նաև էկրաններից դուրս լիարժեք, վառ և հիշարժան մանկություն»,-ասում է Էլինա Գրբաշյանը։
Նրա խոսքով՝ միջոցառման գլխավոր նպատակներից մեկն էլ երեխաներին գաջեթներից բակ բերելն է։ «Մենք ուզում ենք, որ երեխաները ոչ թե, օրինակ, հեռախոսով ֆուտբոլ խաղան, այլ իրականում վազեն, ընկնեն, բարձրանան, ուրախանան և ստեղծեն իրական հիշողություններ»։

Team Telecom Armenia-ի բրենդի զարգացման ղեկավար Էլինա Գրբաշյանը

Բակային խաղերը՝ զարգացման լավագույն դպրոց
Team-ը համոզված է, որ բակային խաղերը պարզապես ժամանց չեն։ Այսօր շատ ծնողներ երեխաներին տանում են տարբեր կենտրոններ, որպեսզի նրանք ակտիվ լինեն, շփվեն ու զարգանան, մինչդեռ բակային խաղերը ներառում են այդ ամենը․ «Դրանք ֆիզիկական ակտիվություն են, առողջ ապրելակերպ են, սոցիալական հմտությունների զարգացում են։ Բակում երեխաները սովորում են համագործակցել, շփվել, լուծել խնդիրներ, ընդունել հաղթանակն ու պարտությունը»,- նշում է Էլինա Գրբաշյանը ու հավելում, որ շատ է ուրախանում, երբ ամառային երեկոներին իրենց բակից երեխաների ձայներ են լսվում։
«Բոլորս ուզում ենք մի փոքր վերադառնալ մանկություն»
Միջոցառմանը հետաքրքրությամբ հետևող Մարիաննան խոստովանում է՝ նման օրերը ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար են։ «Կարծում եմ` բոլորս էլ որոշ չափով սպասում ենք նման օրերի, որպեսզի մի պահ վերադառնանք մանկություն։ Այս օրվան նշանակություն տալը շատ կարևոր է, որովհետև մեծերս էլ ենք ժամանակով հետ գնում, հիշում ենք մեր բակը, ընկերներին, խաղերը»։ Մարիաննան իր սիրելի խաղերից առանձնացնում է «անուն գոռոցին», «գործնագործը» և «գետնից բարձրը»։


«Մանկությունը պետք է ոչ թե պատմել, այլ ցույց տալ»
Փոքրիկ երեխայի մայր Սուսաննան վստահ է, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս երեխաներին զգալ այն մանկությունը, որի մասին մեծերը հաճախ պատմում են։ «Շատ ուրախ եմ, որ մեր մանկության խաղերը կրկին հիշվում են։ Այն մանկությունը, որ մենք ունեցել ենք, երեխաներին պետք է ոչ թե միայն պատմել, այլ հնարավորություն տալ տեսնել ու ապրել։ Դրանք անհոգ օրեր էին, որոնց հիշողությունները մեծ տարիքում ջերմություն են պարգևում»։
Նա ժպիտով ավելացնում է, որ արդեն սպասում է այն օրվան, երբ դստրիկը կասի. «Մամ, մի քիչ էլ խաղամ, հետո կբարձրանամ տուն»։