Կարանտինում ծնվածը
Մեկուսացում 2020

Կարանտինում ծնվածը

Արենը ծնվեց, երբ Հայաստանը խոր լոքդաունի մեջ էր:

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Հեղինե Խաչատրյանի արխիվից

 

ԵՐԵՎԱՆ #67 | 2021

#Մեկուսացում2020


Կարանտինի ժամանակ հղի լինելն ու ծննդաբերելու դժվարությունները, վարակվելու վախերը և նման այլ խնդիրները գոնե մի քիչ ավելի լավ պատկերացնելու համար զրուցեցինք արվեստաբան Հեղինե Խաչատրյանի հետ, ում առաջնեկը՝ Արենը, ծնվել է հենց կարանտինի ընթացքում։

 

Հարազատների ու թթվածնի պակաս

Սկզբում իհարկե շատ վախեցա, չնայած մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե սա ինչ վիրուս է, բայց այդ շրջանում շատ ավելի վախենալու էր։ Հերիք չի, որ չգիտես, թե քեզ ինչ է սպասվում առաջին ծննդաբերության հետ կապված, դրան էլ գումարվեց վիրուսի պես տարածվող անորոշությունը։


Ստիպված ես փակվել տանը հենց այն շրջանում, երբ հարազատներդ սովորականից ավելի շատ պիտի կողքիդ լինեն։ Կարևորը, որ ամուսինս՝ Հայկը, կողքիս էր։ Ինչ-որ առումով դա լավ էր՝ այդ շրջանում միասին էինք ավելի, քան երբևէ ու տանը մենակ չէի մնում։


Նախքան կարանտինն ամեն օր պարտադիր զբոսնում էի, դե՝ հղիներին ցուցված է։ Այդպես՝ հղիությանս վերջին ամիսն անցկացրեցի տանը, հատկապես այն շրջանում, երբ ամեն անգամ տնից դուրս գալուց անցագիր պիտի գրվեր։ Լավ է, որ պատշգամբ ունենք ու մաքուր օդի իմ չափաբաժինը գոնե այդպես էի ստանում՝ թթվածնային անբավարարվածությունից խուսափելու համար։ Կարծում եմ՝ բոլոր հղիներն այդ ընթացքում ունեցել են այս մտավախությունը։ Շաբաթը մի անգամ պիտի գնայի բժշկի։ Ու ամեն անգամ փողոցում բոլոր մարդկանցից ոստիկանը հենց ինձ պիտի մոտենար ու հարցներ, թե ուր եմ գնում։ Ես էլ ամեն անգամ համբերատար ներկայացնում էի անցաթուղթս։


Հարազատներիս մինչև ծննդաբերությունն ընդհանրապես չեմ տեսել։ Վիդեոքոլերը փրկում էին իրավիճակը։ Իրենք էլ վախեցած էին, գուցե շատ ավելի, քան ես։ Ինձ ավելի շատ նյարդայնացնում էր այն փաստը, որ 8 ամիս սպասելուց հետո այս վերջին 9-րդն այսպես բարդ ու վախի մթնոլորտում է անցնում։ Փորձում էի լավատես լինել։

 

Ոտքով դեպի ծննդատուն

Բայց Արենը որոշել էր մի քիչ էլ սպասել ու իր ժամանակին չծնվել։ Եկավ բժշկի նշանակած ծննդաբերության օրն ու քանի որ խուսափում էի քաղաքային տրանսպորտից և տաքսիներից, վեր կացա ու որոշեցի ոտքով գնալ Մարգարյան ծննդատուն։ Իհարկե, կրկին մոտեցավ ոստիկանն ու կրկին խնդրեց ցույց տալ անցաթուղթը։ Հանեցի անցաթուղթն ու պարզեցի ոստիկանին՝ «Մարգարյան ծննդատուն՝ ծննդաբերելու»։ Զարմացած հարցրեց, թե ինչու ոչ տաքսիով… 

 

Հիվանդանոցում ինձ ավելի վստահ էի զգում։ Տպավորություն կար, որ ամենաապահով տեղը հենց դա է, բոլորը դիմակներով էին, ամեն բան մաքուր էր ու ախտահանված։ Միակ վատ բանն այն էր, որ Հայկն այլևս չէր կարող ինձ հետ գալ ու հիվանդանոցում ամեն ինչ մենակ պիտի անեի, դա անսովոր էր, քանի որ մայրս կամ ամուսինս ինձ նախկինում երբեք մենակ չէին թողնում։


Բարեբախտաբար ունեի շատ լավ բժիշկ, ով շատ ավելի հանգիստ էր վերաբերվում այդ իրավիճակին ու ավելորդ ցայտնոտ չէր առաջացնում։ Ընդհանուր առմամբ էլ բոլորը շատ ուշադիր էին ու շատ բարյացակամ: Վատ էր միայն, որ ծննդաբերելուց հետո էլ միայն մի հոգի կարող էր հետս լինել հիվանդանոցում իմ հարազատներից։ Հայկի մայրիկը կողքիս էր։ Այդ ընթացքում երկուսով մեզ զգում էինք կրկնակի կարանտինի մեջ։


Ապրիլի 10-ին՝ 17։00-ին, ծնվեց Արենը։ Դուրս գրվելուց էլ շատ մարդ չկար, միայն ամենահարազատ մի քանի հոգով դիմավորեցին Արենին։ 

 

Դուրս գրվելու պահն էլ միշտ այլ կերպ էի պատկերացնում, իսկ իրականում՝ արագ-արագ դուրս եկանք, նստեցինք մեքենան ու տուն։


Կարանտինում ծնված սերունդ

Հիմա էլ մտավախություններս կրկնապատկվեցին. չվարակել ու չվարակվել հավերժ մտայնությունից բացի մտածում էի՝ ի՞նչ է լինելու հետո ու այս ի՞նչ նոր աշխարհ է եկել Արենը։ Չգիտեմ հետծննդաբերական դեպրեսիա էր, թե ինչ, բայց եղել է նույնիսկ, որ նյարդերս տեղի տան ու այդ անորոշությունից լաց լինեմ։


Ես էլ, Հայկն էլ մի սերնդից ենք, որ ընդհանուր մի անուն ունի՝ անկախության սերունդ։ Մեր ծնվելու շրջանն էլ խառն ու բարդ է եղել։ Մեր մայրերն էլ շատ բաների միջով են անցել։ Հիմա էլ Արենը, ամենաբարդ տարիներից մեկի՝ 2020-ի սերունդն է՝ կարանտինում ծնված սերունդ։ 

 

Բայց կենցաղն ու ամենօրյա դժվարությունները, միևնույն է, ավելի ուժեղ էին, երեխային առողջ պահելու վախն էլ՝ ամենաուժեղը։ Հարազատներս գալիս էին Արենին տեսնելու, բայց բոլորն էլ հասկանում էին, որ պիտի մի կերպ զսպեն իրենց ու խուսափեն երեխային գրկելուց ու համբուրելուց։ Միայն ամռանը կարողացա ինձ տրամադրել ու ավելի հանգիստ վերաբերվել իրավիճակին, երեխային դուրս տանել զբոսանքների։ Փողոցում երբեմն պատահում էին մարդիկ, ովքեր սովորության համաձայն ցանկանում էին սիրել երեխային, թուշիկից քաշել, բայց ես թույլ չէի տալիս։ Իհարկե, վտանգ դեռ կար, բայց ես հասկացա, որ սահմանափակումները կարող են վնասել երեխային։


Մի օր Արենին ժպիտով կպատմեմ այս ամենի մասին, թե ոնց աշխարհում փակվեց մի շրջան ու սկսվեց մի նորը ու թե ոնց ինքը ծնվեց հենց այդ խաչմերուկում։ Իհարկե, դրանից հետո շատ ավելի վատ բան եղավ, ավելի բեկումնային։ Այս նոր աշխարհը՝ Արենի աշխարհը, հաստատ շատ տարբեր է լինելու։ Իրեն կսովորեցնեմ հայրենասեր լինել ամենաառողջ ու ամենագիտակցված ձևով՝ առանց կեղծ ռոմանտիզմի ու պատրանքների, կարծում եմ 2020-ը մեզ հենց դա սովորեցրեց։

հավելյալ նյութեր