Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյան․ «Կարասը մեծ դեր է խաղացել հայկական գինու վերածննդի գործում»
Գինի

Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյան․ «Կարասը մեծ դեր է խաղացել հայկական գինու վերածննդի գործում»

ԵՐԵՎԱՆը զրուցել է «Կարաս Գինիների» ղեկավար Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանի հետ ընկերության անցած ճանապարհի և հայկական գինեգործության նոր ալիքի մասին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ Karas Wines 

 

#Գործընկեր

Սկսենք սկզբից։ Ինչպե՞ս ստեղծվեց «Կարասը»։ 

 

Այս ճանապարհը սկսել է պապիկիս եղբայրը։ Ժամանակին, ինչպես շատ այլ ընտանիքներ, իմ նախնիները նույնպես լքել են հայրենի հողերը՝ փախչելով ցեղասպանությունից։ Հիմնավորվել Արգենտինայում, նրանք պարբերաբար եկել են Հայաստան, իսկ արդեն Սովետական Միության փլուզումից հետո սփյուռքի ներկայացուցիչների համար հնարավորություն է եղել վերադառնալ պատմական հայրենիք, փորձել վերականգնել այն կամ որևէ կերպ նպաստել նորանկախ Հայաստանի կայացմանը։ Այդպես պապիկս և իր եղբայրը սկսել են հաճախ գալ Հայաստան։ 

 

Պապիկիս եղբայրը՝ Էդուարդոն, ցանկանում էր որևէ ներդրում անել Հայաստանում, որը կտրամադրեր նոր, երկարաժամկետ աշխատատեղեր, կստեղծեր արտադրանք, որը հնարավոր է արտահանել՝ ստեղծելով կամուրջներ Հայաստանի և աշխարհի միջև։ Նրա պատկերացմամբ, դա պիտի կապված լիներ հողի կամ առհասարակ գյուղատնտեսական ոլորտի հետ։ Գինին այդ առումով ակնհայտ ընտրություն էր։ 

 

 

Ո՞րն էր առաջին քայլն այդ ճանապարհին։ 

 

Նախ, սկսեց փնտրել հողատարածք, որը թույլ կտար իրագործել իր գաղափարը։ Բարեբախտաբար, շուտով Արմավիրում գտավ հրաշալի վայր, որտեղից բացվում է ապշեցնող տեսարան դեպի Արարատ լեռը։ 

 

Այդ պահին նա հիշեց աստվածաշնչյան մի պատմություն, որը դեռ դպրոցական տարիներին էր կարդացել։ Ավանդույթն ասում է, որ Նոյն իր տապանը կանգնեցրել է հենց Արարատ լեռան գագաթին և ոտք դնելով հողին՝ առաջին բանը, որ արել է, տնկել է խաղողի որթ։ Այդ պահին նա մտածեց՝ եթե Նոյը կարողացել է այստեղ խաղող տնկել, ուրեմն մենք նույնպես կարող ենք դա անել։ 

 

Սա 2000-ականների սկիզբն էր, հայկական գինու բուռն ծաղկման մասին դեռ կարծես ոչինչ չէր խոսում, արտադրողներ գրեթե չկային։ Բարդ չէ՞ր նման պայմաններում մտնել այդ ոլորտի մեջ։ 

 

Այո՛, խորհրդային տարիներին գինին մեծապես Վրաստանի մենաշնորհն էր, մինչդեռ Հայաստանում մարդիկ ավելի շատ խմում էին օղի կամ կոնյակ։ Երբ Էդուարդոն սկսեց խաղողի վազեր տնկել գինի պատրաստելու նպատակով, բոլորը մտածում էին, որ նա խելագարվել է, բայց նա կանգ չառավ և շարունակեց աշխատել։ Արմավիրում հողը հրաբխային է, շուրջ հազար մետր բարձրություն ծովի մակարդակից՝ ծայրահեղ պայմաններ։ Չնայած այս ամենին ժամանակը ցույց տվեց, որ այն խաղողի այգիների համար շատ համապատասխան վայր է։

 

Մեզ մոտ արդեն բերքահավաք էր մեր առաջին գինիները պատրաստելու համար, երբ հայտնաբերվեց Արենիի քարանձավը, որտեղ գտնվում էր աշխարհում առաջին ամբողջական գինեգործարանը։ Սա իդեալական համընկնում էր այն ամենի հետ, ինչ կատարվում էր այդ ժամանակ «Կարասում»։ Առաջին շշալցված «Կարաս» գինին թողարկվեց 2010-ին, հաջորդը՝ 2011-ին։ Երկուսն էլ շատ կարճ ժամանակում սպառվեցին և Էդուարդոն հաջորդ տարի որոշեց հիմնադրել մեր գործարանը։ 

 

Իսկ ինչպե՞ս սկսվեց ձեր պատմությունը «Կարաս Գինիների» և Հայաստանի հետ։ 

 

Ես սկսեցի մասնակցել գինեգործարանի կյանքին 2011 թվականից։ Նոր էի դպրոցն ավարտել, երբ Էդուարդոն ինձ հրավիրեց իր հետ ճանապարհորդելու և բերեց ինձ Հայաստան։ Ի՜նչ հիացմունք ապրեցի․․․ Ես մեծացել եմ Բուենոս Այրեսում, բայց ապրել եմ հայկական ընտանիքում, հայկական ավանդույթներով, ընկերներս և ընդհանուր համայնքը, որում անցկացրել եմ ամբողջ կյանքս ևս հայկական են։ Բայց, երբ առաջին անգամ եկա Հայաստան, շատ խորը կապվածություն զգացի, արյունս սկսել եռալ։ Երբ վերադարձա Արգենտինա, անընդհատ մտածում էի, որ պիտի գնամ հետ։ Հաջորդ անգամ վերադարձա Հայաստան ամռանը՝ որպես կամավոր։ Դա մեր ընկերության՝ Արցախում իրականացվող «Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային» նախագիծն էր։ Բայց ամառն ավարտվում էր և ես պիտի վերադառնայի հետ՝ Արգենտինա, գնայի համալսարան, որտեղ ընտրել էի հոգեբանի մասնագիտությունը։ Այդ ժամանակ ես արդեն տարված էի գինով և սկսեցի հեռավար աշխատել Արգենտինայից և օգտագործել ամեն հարմար պահը Հայաստան գալու համար։ Երբ ավարտում էի համալսարանը, արդեն խորապես ներգրավված էի այս ամենում և նախագիծը ղեկավարելը տրամաբանական ու բնական շարունակություն էր ինձ համար։ 

 

 

Դուք նաև գինու գործարան ունեք Արգենտինայում։ Ինչո՞վ են տարբեր Հայաստանում և այնտեղ գինի պատրաստելու փորձառությունները։ 

 

Էդուարդոն որոշեց գործարան հիմնել Պատագոնիայում մոտ նույն ժամանակահատվածում, ինչ Հայաստանում։ Այդպիսով մենք սկսեցինք տնկել խաղողի այգիներ գինու աշխարհի սկզբնակետում՝ Հայաստանում, և «աշխարհի ծայրում»՝ Պատագոնիայում։ Ինձ համար շատ հետաքրքիր է ճանապարհորդել այս երկու վայրերի միջև և աշխատել այս երկու բացառապես տարբեր տերուարների հետ, որոնք երկուսն էլ ունեն իրենց յուրահատկությունները։ 

 

Գինեգործությունը շատ ստեղծարար փորձառություն է, երևի համեմատելի, ասենք, կերպարվեստի հետ։ Պարզապես այստեղ դու փնտրում ես քո ուզած համը, զգացողությունն ու բույրը։ Արմավիրում հրաբխային հողն ու ընդհանուր պայմանները բավականին բարդ են գինի ստեղծելու համար, բայց հենց դա էլ դարձնում է այն ավելի յուրահատուկ։ Արգենտինայում եղանակն է բարդացնում ամեն ինչ, քամին  կարող է շատ ուժեղ լինել, եղանակային ամպլիտուդը բավականին լայն է, բայց խաղը բնության հետ այս պայմաններում շատ հետաքրքիր է։ 

 

Նշեցիք, որ «Կարաս Գինիների» համար շատ կարևոր էր աշխատավայրերի ստեղծումը։ Ի՞նչ դեր ունի ընդհանուր համայնքի զարգացումը ընկերության համար։ 

 

«Կարասը»   սոցիալական ընկերություն է և մենք միշտ կարևորել ենք հավելյալ արժեք ստեղծելու գաղափարը՝ նպաստելով և տնտեսությանը և այն համայնքին, որտեղ գտնվում ենք ։ Հենց այս արժեքներն են մեզ մղում առաջ։ Մենք առ այսօր փորձում ենք անել ամեն գործընթաց ձեռքով, որպեսզի չբացառենք մարդկային գործոնը, շարունակենք տրամադրել աշխատանք և լավ պայմաններ Արմավիրի բնակիչներին։ 

 

Մենք չենք անում դա, քանի որ պարտավոր ենք, այլ նաև փորձում ենք օրինակ ծառայել տեղական աշխատաշուկայի համար։ Կայուն զարգացման գաղափարը շատ լայն է, մենք այն հասկանում ենք  համայնքին նպաստելու տեսքով, աշխատում ենք օգտագործել հնարավորինս քիչ էներգիա, կաթիլային ջրամատակարարման համակարգ, որպեսզի ջրի գերծախս չունենանք։

 

«Կարաս Գինիների» հիմքում ավանդույթներն են և ընտանեկան արժեքները։ Ի՞նչ նշանակություն ունեն սովորույթները հենց ձեզ համար։ 

 

Ես սովորույթների մեջ մեծ արժեք եմ տեսնում։ Իմ ամենօրյա կյանքում ես փորձում եմ որոշակի կարգ ունենալ, որն ի վերջո վերածվում է անձնական սովորույթների, ինքդ քո նկատմամբ հարգանքի։ Միևնույն ժամանակ համարում եմ, որ վերականգնել մեր հինավուրց մշակույթի սովորույթները, լավագույնն է, ինչ կարող ենք անել մեր երկրի համար։ Ես ծնվել եմ Արգենտինայում բայց ես ասում եմ «մեր երկիրը», քանի որ իրոք ինձ դրա մասն եմ համարում։Այն, ինչ մենք անում ենք Հայաստանում՝ ստեղծելով գինի, վերականգնելով և օգտագործելով հնուց եկած հնեցման մոտեցումները, սա որոշակի հարգանքի տուրք է այն վայրին, որտեղից մենք գալիս ենք։ Սա շատ կարևոր կետ է իմ համար, իմ ընտանիքի և ընկերության համար։

 

 

Վերջերս ընկերությունը նոր գինիներ ներկայացրեց հանրությանը, որոնք բոլորովին նոր համային և վիզուալ հատկանիշներ ունեն։ Ինչպե՞ս եկաք այդ որոշմանը։ 

 

Կարասը շուրջ 13 տարվա պատմություն ունի և մենք զգում ենք, որ շատ հետաքրքիր և ուսուցողական ճանապարհ ենք անցել։ Այս ընթացքում մենք սովորել ենք աշխատել այն հողի հետ, որը ունենք մեր այգիներում։ Հասկացել ենք, թե ինչն է մեզ դուր գալիս, ինչ տեսակ գինի ենք ուզում ստանալ։ Ես ինքս բավականին շուտ եմ մտել այս ոլորտ և հասցրել եմ որոշակի փորձ ձեռք բերել։ 2020-ին մենք վերաթողարկեցինք մեր բրենդը՝ նոր պիտակներ և նոր պորտֆոլիո ներկայացրինք։ Վերջին տարիներին կենտրոնացած էինք հենց հայկական ավանդական խաղողատեսակների վրա։ Այդ նախասիրությունը եկավ փորձի հետ միասին։ Սկզբում մենք տնկել էինք խաղողի տեսակներ աշխարհի տարբեր անկյուններից՝ կարծես ցանկանալով հարգանքի տուրք մատուցել առաջին խաղողատեսակին, որը տնկել էր Նոյը։ Այդ ընթացքում բացահայտեցինք նաև հայկական բացառիկ խաղողատեսակներ, որոնք միայն այստեղ են աճում։ Հայաստանի ներկայացուցիչ խաղողի տեսակը Արենին է և մենք ունենք Արենիի դասական ձևը, մեկ խաղողի այգու բերքից պատրաստված տարբերակը (single vineyard)։

 

Նաև հայտնաբերել ենք, որ մեր տարածքում ունենք հողի մի կտոր, որը տալիս է շատ յուրօրինակ խաղողատեսակ։ Մենք այն ֆերմենտացնում ենք կարասներում և հնեցնում բուրգունդյան տակառներում՝ ստանալով շատ նուրբ և բազմաշերտ համ։Ամառվա համար ներկայացրինք Կարաս Կանգունը, որն ամբողջությամբ պատրաստված է Կանգուն խաղողի տեսակից։

 

Վերջերս ներկայացված «Կրակի կտորը» «Կարաս Գինիների» ալտեր էգոն է։ Այս գինով փորձել ենք ցույց տալ այն բոլոր փորձարկումները, որոնք անում ենք ավելի «զվարճալի» գինիներ ստանալու համար։ Այս գինին իրոք կարծես կրակի կտոր լինի, փոքր արտադրական քանակով փորձերի արդյունք է, որը, ըստ իս, նմանը չունի։ Այս պիտակի ներքո երեք տեսակ գինի ունենք։ Դա նարնջագույն գինին է, որը կրկին բացառապես կանգուն խաղողի տեսակից է պատրաստվում, Սիրա Վոլկանիկ  և Սիրա Ալուվիալ տեսակները, որոնք առանձին պատմություն են։Մենք ունենք շատ հետաքրքիր տերուար, մի հողակտորում կա շատ հրաբխային, բազալտով և տուֆով լի հող, իսկ մյուս կողմում որտեղ ժամանակին գետ է հոսել, հողն ավելի ավազային տեսակի է։ Մենք վերցրել ենք խաղող այդ երկու հողակտորներից, լրիվ նույն ձևով վերածել ենք դրանք գինու և շշալցել երկու տարբեր շշերում, որոնք շատ հետաքրքիր է փորձել միասին։ Երկու լրիվ տարբեր համեր և փորձառություններ են։

 

Ըստ ձեզ հայկական գինեգործությունն ինչպիսի՞ ներուժ ունի։ 

 

Ոլորտը դեռ շատ երիտասարդ է։ Մեր բախտը բերեց նրանով, որ երբ եկանք Հայաստան, մենք արդեն իսկ գինեգործական ոլորտի զարգացման որոշակի փորձ ունեինք Արգենտինայում։ Վերջինս շուրջ հիսուն տարվա գինու պատմություն ունի։ Մենք նաև ունեինք պատկերացում, թե ինչպես պիտի գրավենք միջազգային շուկաների ուշադրությունը։ Մենք ուրախ ենք, որ «Կարասը» իրոք մեծ դեր է խաղացել Հայաստանում գինու ոլորտի վերածննդի գործում և մեր երազանքն է շարունակել այս ճանապարհը։ Այս մասով դեռ շատ անելիքներ կան որպես երկիր, ոլորտ և ընկերություն։ Կարծում եմ՝ լավագույնը դեռ առջևում է։