Կարգին արարողակարգ
Օրենսդիր մարմին

Կարգին արարողակարգ

Ինչպես ճիշտ դիմավորել դրսի պատվիրակություններին. ամեն ինչ ԱԺ արարողակարգի մասին:

Տեքստը՝ Էլեն Բաբալյանի

 

Լուսանկարները՝ Արաքս Քոչարյանի

 

ԵՐԵՎԱՆ #69 | 2021

#ՕրենսդիրՄարմին

Այս կանոնները կարող էին գրված լինել արարողակարգի վարչության սենյակի գրատախտակին

1. Հանդիպման ընթացքում երկու երկրների դրոշները դրվում են միայն այն դեպքում, երբ պետական այրերը հավասար կարգավիճակ ունեն:
2. Վարչապետի և դեսպանի հանդիպման ժամանակ դրվում է միայն վարչապետի երկրի դրոշը: Մնացյալը՝ նույն տրամաբանությամբ:
3. Ջրի շշերը պետք է լինեն ապակուց: Միմիայն:
4. Հանդիպմանը թարգմանչի դիմաց չի կարելի դնել գազավորված կամ սառը ջուր:

 

Ներհայաստանյան արարողակարգային բնույթ ունեն միայն պետական տոները և հիշատակի օրը.

1. Հայոց ցեղասպանության օր՝ ապրիլի 24
2. Առաջին հանրապետության օր՝ մայիսի 28
3. ՀՀ անկախության օր՝ սեպտեմբերի 21
4. Հաղթանակի և խաղաղության օր՝ մայիսի 9

Աշխարհն անդադար փոխվում է, և լոկ ամենակայուն ավանդույթներն են դարեդար ձգվում: Ցանկացած պետության մեջ ձևավորված ավանդույթները լավագույնս արտացոլվում են այդ պետության պաշտոնական արարողակարգում: Ինչպես Բրիտանիայի միապետի պայուսակի աջ կամ ձախ աթոռին դրվելն է որոշիչ դեր խաղում հանդիպման ընթացքում, նույն կերպ էլ Հայաստան ժամանած պատվիրակություններն են անցնում որոշակի արարողակարգերի միջով: Նուրբ գործի բոլոր նյուանսների վրա առաջին անգամ լույս սփռեց այդ ոլորտում քսան տարուց ավելի կոփված ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը:

 

ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը

 

Մոտոցիկլետներ Սարկոզիի ու Պուտինի համար

Սկսենք հանրահայտ փաստերից, հետևաբար՝ պահպանողական Անգլիայից: Բրիտանական միապետի պայուսակի գաղտնիքներից մեկը բացահայտեց Բարաք Օբամայի արարողակարգի նախկին ղեկավար Մարշալը: Բուքինգհեմյան պալատում հանդիպման ժամանակ նա փորձեց վերցնել թագուհու պայուսակը, սակայն անվտանգության աշխատակիցները կտրուկ արգելեցին. «ոչ ոք իրավունք չունի նույնիսկ շոշափել թագուհու պայուսակը»:  Զարմացած ամերիկացին հետո պիտի իմանար, որ թագուհու պայուսակն այլ նշանակություն ունի. եթե այն դաստակից վեր է, ապա հանդիպումը բարենպաստ է: Եթե Եղիսաբեթ Երկրորդը պայուսակը վայր է դնում, ենթակաները հասկանում են՝ ժամանակն է ավարտել հանդիպումը, թագուհին չի վայելում զրույցը:


Հայկական արարողակարգի ավանդույթների մասին ամեն-ամեն ինչ գիտի ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը: Թեև զրույցի սկզբից ևեթ նա կոտրեց պատկերացումներս ու հայտարարեց, որ հայկական պաշտոնական արարողակարգը զերծ է «հայու գենի» դրսևորումներից, սակայն որոշ նյուանսներ, այնուամենայնիվ, կան: 


Նորաստեղծ հանրապետության Ազգային ժողովի արարողակարգի բաժինը 1990-ականներին ուներ 3-4 աշխատակից, ներկայումս՝ 20-ից ավելի: Ավելացել են միջպետական այցերը, հանդիպումները, փոխվել է պետության կշիռը: Արարողակարգային հիմնական դրույթները՝ ինչպե՞ս ընդունել նախագահներին, դեսպաններին, պատվիրակություններին, ո՞ւր տանել նրանց՝ որոշել է աշխարհը ու շատ վաղուց: Արարողակարգի ասպետները լոկ պահպանում են այդ կարգը: Նույնը չես ասի հարևան վրացիների մասին: Նոր հավատարմագրում ստացող վրացի դեսպանը գործուղված երկրում ներկայանում է ազգային տարազով՝ պատրոնդաշով, վրացական թրերով: Սակայն աշխարհը որդեգրել է մինիմալիզացիայի տենդենցը՝ նվազագույն պաթոս և ճոխություն, մաքսիմալ հարգալից վերաբերմունք: Եվ, այո՛, հյուրերին արդեն հազվադեպ են մոտոցիկլետների կորտեժով դիմավորում:

 

Ի դեպ, պետական վերջին այրերը, որոնց «Զվարթնոց» օդանավակայանից կորտեժով ուղեկցել ենք կառավարական հյուրատուն, եղել են Ֆրանսիայի նախագահ Սարկոզին և Ռուսաստանի նախագահ Պուտինը: Կորտեժներն աստիճանաբար վերածվում են մոռացված ավանդույթի:

 

Բարոնուհի Քերոլայն Քոքսի այցը Ծիծեռնակաբերդ


Թիթիզ այրուձի

2000 թվականից ԱԺ-ում պետական ավանդույթների նրբություններն ուսումնասիրող Արտակ Հովհաննիսյանը հիշում է իր ընդունած առաջին բարձրաստիճան պաշտոնյաներին. «Ֆրանսիայի սենատի նախագահ Քրիստիան Պոնսելեն լեգենդար մարդ էր՝ Դը Գոլի հետ պատերազմ անցած: Հարգում էր օրենքը, կարգը, պահպանում գրաֆիկը ժամ առ ժամ: Նման մարդկանց հետ ոչ միայն հեշտ, այլև հաճելի է աշխատել»: Հովհաննիսյանը պատմում է, որ Ֆրանսիա այցից ու ֆրանսիական այրուձիի ընդունելությունը տեսնելուց հետո ուզում էին վերականգնել հայկական այրուձին: Հետո որոշեցին պետբյուջեի գումարները չվատնել թիթիզ բաների վրա:


Խորհրդարանի արարողակարգը զուսպ է, համեստ, միևնույն ժամանակ մաքսիմալ հարգալից: «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ ՀՀ պետական ամբողջ համակարգում ամենակայացած ծառայություններից մեկը արարողակարգն է: Այստեղ բոլորը գիտեն իրենց գործը, պարտականություններն ու լիազորությունները: Լինելով դիվանագիտական առումով խոցելի, մշտապես պայթունավտանգ իրավիճակներում՝ երբեք չի հրահրել տհաճ պատմություններ, լրացուցիչ խոչընդոտներ առանցայդ էլ մշտապես բարդ բանակցությունների համար»:

 

Արարողակարգային սկանդալներ

Բարդ բանակցությունների ու աշխարհում օրեցօր փոփոխվող հիերարխիային ականատես ենք բոլորս, բայց քչերս ենք նկատում նյուանսները: Արարողակարգային դասական ձախողումներից է Գերմանիայի ԱԳՆ նախարար Շտայնմայերի պաշտոնական այցն Ինդոնեզիա, երբ ինքնաթիռից դուրս գալուց առաջինը, ինչ տեսավ բարձրաստիճան պաշտոնյան՝ օդանավակայանում բարձրացված Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության դրոշն էր: Մի դրոշ, որի երկիրը վաղուց գոյություն չուներ:


Դրոշը, ընդհանրապես, բավականին խնդրահարույց թեմա է, հայկական դրոշը՝ առավել ևս: ԱԺ արարողակարգի վարչության պետը նշում է, որ մենք հատկապես ուշադիր ենք հայկական դրոշի նկատմամբ, քանի որ հակառակ դեպքում դառնում ենք Կոլումբիա: Մեր երկրում ուշադիր է պետք լինել նաև հյուրերի այցի վայրերի նկատմամբ: «Լինում է, որ ծրագիրը ենթադրում է այց Գառնի, Գեղարդ, բայց ճամփա ընկնելուց տասը րոպե առաջ Ողջաբերդում ճանապարհը քանդվում է սողանքի պատճառով: Արագ փոխում ենք երթուղին, հյուրերին տանում Զվարթնոց կամ այլ վայր»: Այս ոլորտում դասագրքեր չկան, կուրսեր և սեմինարներ՝ առավել ևս, այս մասնագիտությունը պահանջում է բարեկրթություն ու անսպասելի որոշումներ կայացնելու խիզախություն:

 

Կենտրոնամերիկյան խորհրդարանի պատվիրակությունն այցելեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն


Ո՞ւր գնալ

Միջինը երեք օր տևող այցերը պաշտոնական հանդիպումներից զատ պարտադիր ունենում են մշակութային որևէ տարր: Ցեղասպանության թանգարանում հարգանքի տուրք մատուցելը, հուշամատյանում գրանցում կատարելը պարտադիր պայման է հայկական կողմի համար: «Եղել են պետություններ, որոնք հրաժարվել են, օրինակ՝ Իրաքը, Իրանը, Չինաստանը: Պատճառները տարբեր են, կամ չեն կամեցել Թուրքիայի հետ ավելորդ լարվածություն ստեղծել, կամ իրենք էլ ունեն չլուծված խնդիր իրենց երկրի ներսում: Նման դեպքերում հայկական կողմն այցը չի դիտարկում որպես պաշտոնական՝ դրանից բխող դիվանագիտական հետևանքներով». պատմում է Արտակ Հովհաննիսյանը:


Պարտադիր պայման է նաև այցը Էջմիածնի Մայր տաճար: Մշակութային այլ վայրեր՝ Մատենադարան, Սարյանի, Չարենցի, Կոմիտասի, Փարաջանովի թանգարաններ այցերը որոշվում են ըստ պատվիրակության կազմի ազգային մենթալիտետի: Օրինակ, վրացական պատվիրակությանը՝ Փարաջանովի թանգարան, ռուսաստանյան հյուրերին՝ ռուսական արվեստի թանգարան: Հեռու գնալ չեն կարող, մաքսիմում՝ մինչև Նորավանք, Խոր Վիրապ: «Ո՞վ է որոշել՝ ո՞ւր գնալ» հարցին Արտակն ուսերն է թափ տալիս՝ այդպես է ձևը:


ԱԺ ավանդույթներից

Խոսելով խորհրդարանի ավանդույթներից՝ Հովհաննիսյանը նշում է արծաթագույն եղևնիների ծառուղու ստեղծումը. «Լավ ավանդույթ ունենք՝ առաջին անգամ այցի ժամանակ ծառ ենք տնկում: «Խոսնակների ծառուղի» պայմանական անունը կրող հատվածում զբոսնելիս կարելի է հստակ պատկերացում կազմել՝ որ մայրցամաքի երկրները դեռ չեն բացահայտել Հայաստանը: Հայաստան չայցելած երկրները, ի դեպ, շատ են: Բայց ավելի լավ է նշենք նրանց, ովքեր իրենց ավանդույթներն են բերել Հայաստան: Օրինակ, ճապոնական պատվիրակությունը, որը յոթ տարի առաջ եկավ, տեսավ, սիրահարվեց ու նույնիսկ խնդրեց խորհրդարանի այգում իրենց փոքր տեղ հատկացնել: Ճապոնական ավանդույթի համաձայն տնկեցին ազգային սակուրաներ: Ու հիմա ամեն տարի ապրիլ ամսին հատուկ պատվիրակությամբ անձամբ են գալիս իրենց ծառերին տեսակցելու: Մեկ այլ գեղեցիկ նորամուծություն է արել բրիտանացի բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ի նշան բրիտանական բարեկամության Ազգային ժողովի այգում անգլիական խնձորենիներ տնկելով:

 

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Էջմիածնի վեհարանին կից թանգարան


Արցախի Հանրապետության մասին

Առաջինը, ինչ ճշտում են արարողակարգի մասնագետները, պատվիրակության կազմն է և չվերթացուցակը: Ըստ այդմ սկսում են ձևավորել ծրագիր՝ ով կդիմավորի, որտեղ կհյուրընկալվեն ու կսնվեն, հանդիպման ժամանակ ով որտեղ կնստի: «Նախկինում ակտիվ էին միջխորհրդարանական հանձնաժողովները, բայց Կիպրոսն ու Բելառուսը վաղուց չեն երևացել, Վրաստանում ձևաչափը փակեցին, հիմա միայն Ռուսաստանի ու Արցախի հանձնաժողովների հետ ենք աշխատում:

 

Ի դեպ, Արցախին մշտապես վերաբերվել ենք ինչպես հավասարը հավասարի, դրոշով պատվել նախագահին և այլն». պատմում է Արտակ Հովհաննիսյանն ու հավելում, որ արարողակարգը ստեղծված է երկրների միջև հավասարության նշան դնելու համար: Այլևս չկան  կայսրություններ, մեծ և փոքր երկրներ: Արցախն էլ ունի հանրապետություն դառնալու լիիրավ իրավունք:


#գործկա

Արարողակարգի գուրուի հետ հարցազրույցի սկզբում ինձ զարմացրել էր նրա ցածր ձայնը: Ակամայից լարվում էի բառերը որսալու համար: Զրույցի ավարտին հասկացա՝ աշխատանքային սովորույթ է, խոսել ցածրաձայն՝ ի նշան բարեկրթության: «Մասնագիտական ի՞նչ այլ հատկություններ են ձևավորվում» հարցին ի պատասխան անկեղծացավ՝ «Լուրեր նայելիս անկախ ինձնից ֆիքսում եմ՝ պանակը ո՞ր կողմում դրեցին, դրոշի ֆլագշտոպը լա՞վն է, թե գլխառադ են արել, ո՞վ առաջինը ձեռքը մեկնեց բարևելու, հանդիպման ժամանակ ջուր կա՞ր, թե էլի մոռացել են, թեյ, սուրճ, շոկոլադ կա՞ր»:


Ի դեպ՝ շոկոլադի մասին: Կար ժամանակ, երբ Ազգային ժողովի հանդիպումներն էլ էին քաղցրանում հայկական անվանական շոկոլադով: «Ո՞ւր է շոկոլադը» հարցը շատ անսպասելի պատասխան ուներ, պարզվեց, որ ջրից բացի ամեն ինչ ունի մատուցողի կարիք, իսկ ԱԺ-ն արդեն մեկ ու կես տարի է՝ ինչ չունի մատուցող. «Անընդհատ փնտրում ենք, բայց դեռ չենք կարողանում գտնել: Աշխատավարձը փոքր է, թեյավճար էլ, հասկանալի պատճառներով, չկա: Իսկ թեյի, սուրճի կամ նույն շոկոլադի համար հյուրի ցանկությունը հարցնելը պարտադիր է»:


Զրույցի ավարտին ԱԺ արարողակարգի վարչության պետը մոտենում է պատուհանին, նայում ԱԺ շենքի քամուց ծածանվող դրոշին: Ու ես էլ չեմ ուզում հարցնել՝ ինչպես է նա վերաբերվում ազգային սիմվոլների՝ դրոշի, գերբի ու հիմնի փոփոխության նախագծին:

հավելյալ նյութեր