Կարգին անկարգություն. ուսումնա-դաստիարակչական ձեռնարկ
21-րդ դարի հայկական հումորը դժվար է պատկերացնել առանց «Կարգին հաղորդման» սքեթչերի, որոնք ժամանակին հաջողացրել էին հավասարաչափ սիրվել ամենատարբեր ճաշակի ու հումորի զգացման տեր մարդկանց կողմից։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով բանաստեղծ Կարեն Անտաշյանը վերանայել է Հայկո-Մկոյի ժառանգությունը բանից անտեղյակ մատաղ սերնդի՝ երկու դպրոցական զավակների հետ և պատմել փորձի արդյունքների մասին։
Տեքստը՝ Կարեն Անտաշյանի
ԵՐԵՎԱՆ #77 | 2022
Էս վերջերս ինձ թվաց, որ տարրական դասարաններում սովորող տղաներս, ինչպես մեդիաջերմոցի ստերիլ միկրոկլիմայում աճող իրենց տարեկիցներից շատերը, իրենց ապրած տեղի ու ժամանակի իրական զգացողությունից մի տեսակ կտրված են։ Չգիտեմ, դա իրական ռիսկի զգացողություն էր, թե գոյաբանական շեղբի վրայով 1980-ականներից 2020-ականներ հասած միջին տարիքի՝ ֆոնային անհանգստությամբ տառապող շարքային մարդու խանդ՝ սպառողական երկչափության, կամ ինչպես մեր տատերն էին ասում՝ բամբակի մեջ մեծացող նոր սերնդի հանդեպ, ամեն դեպքում ինձ թվաց, որ մի բան պետք է անել։ Դե հա, որն է ծնողավարության հիմնական տեխնիկական առաջադրանքը, եթե ոչ իրական կյանքի համար իրական մարդկանց պատրաստելը։ Ես ինձ հարց տվեցի՝ որտե՞ղ է մեր ապրված և ապրվող մշակութային կոդերի, կարծրատիպերի, խոսույթի, սոցիալական հիերարխիայի, միջինացված մարդաբանության, քաղաքական համատեքստի ու պատմական նարատիվի ամենամեծ ու կենդանի շտեմարանը, որը կարելի է պատվաստել իմ քաջարի, բայց միամիտ պատանիներին իբրև իմունիտետ ցուրտ ու խաբուսիկ իրականության դեմ – «Մատյան ողբերգությա՞ն», «Վերք Հայաստանի՞», «Երկիր Նաիրի՞», «Վարդանա՞նք», իհարկե չէ՝ միայն ու միայն «Կարգին հաղորդում»։
***
Նկատենք՝ բավական կասկածելի որոշում ինտելեկտուալ և առաջադեմ դիսկուրսի մարգինալ ջատագովիս կողմից՝ հասու դարձնել մատաղ սերունդներին դրան հակընդդեմ թվացող մի բանի։ Ոդիսևսի, Շեքսպիրի, Սերվանտեսի անմահ գործերի փոխարեն Կարգին հաղորդո՞ւմ, այո՛։ Փորձեմ արդարանալ։
Ժողովրդական իմաստությունը հուշում է, որ չկա իրական կյանքի իրավիճակ, որին համապատասխան Կարգին հաղորդում չգտնվի։ Սա օգնում է կյանքի տարբեր իրավիճակներում տեսնել դեպքերի զարգացման հնարավոր դրամատիկական մոդելը և թևավոր դարձած մեջբերումներով մարսել, հումորով վերաբերվել քվանտային անորոշությանը։
Հետո, չկա միջինացված մարդկային տեսակ, որի անալոգ հերոսի մասնակցությամբ չլինի կարգին հաղորդում՝ սևավոր գողականը, տխմար և մեծամիտ հարուստը, ծույլ և փնթի բանվորը, սուտի բիթիների մի ամբողջ վաշտ, կոռումպացված քաղգործիչը, բռնարար ոստիկանը, լաչառ լրագրողը, միամիտ գյուղացին, պարզունակ ու թշվառ մտավորականը և այլք, և այսպես շարունակ։ Իրականության գործող անձանց այս կատեգորիկ դասակարգումը որքան էլ կարծատիպային լինի, մեկ է, որոշակի բազային ընկալում է տալիս պատանուն գնահատելու, ընկալելու և հասկանալու համար իրեն պաշարող իրականությունը։
Նաև՝ չկա ծեծված, հյութաքամ արած անեկդոտ, հումորային թափառող սյուժե էս հին աշխարհի տակին, որի վրա չլինի կարգին հաղորդման թողարկում։ Սյուժեների ու արքետիպային տեսարանների այս ահռելի հանրագիտարանն օգնում է հումորի տարրական զգացման զարգացմանը, ինչը դառնում է սոցիալիզացիայի ուժեղ գործիք բալիկների համար։ Գիտենք, որ հումորը տասնապատիկ ազդու է, եթե արված է ճիշտ պահին և ճիշտ կոնտեքստում, իսկ կարգինի կանոնիկ հումորային բազան իրոք քրեստոմատյանային ընդգրկում ունի։ Կարծում եմ՝ բոլոր ժամանակների բոլոր մարդկանց համար հումորի զգացումը՝ հումոր անելու և հումորը ընկալելու կարողությունը, լուրջ էվոլյուցիոն առավելություն է եղել, ոչ միայն իբրև սոցիալիզացիայի, այլ նաև ընդհանրապես գոյապահպանման ու գոյաբանական սուպերկարողություն։
***
Մյուս կարևորագույն հատկանիշը, որ ունի Կարգինը և ինչը որ հրաշալիորեն իրացրել է տարիներ շարունակ՝ բանավոր կենդանի խոսվածքի ահռելի արխիվագրումն է։ Տարբեր սոցիալական և ենթամշակութային շերտերի խոսույթը, բառամթերքը, պատումային և իմաստային կոնտեքստն այնքան օրգանիկ են փաստագրված ու խաղարկված, որ հավաստիության կասկած իսկ չեն հարուցում, ինչը, օրինակ, չի կարելի ասել վերջին տասնամյակների լայն սպառման այլ հեռուստա և կինոարտադրանքի լեզվի մասին, այդ թվում և Կարգինի ստեղծագործական կազմի թողարկած ֆիլմերի, սիթքոմների, սերիալների, որտեղից մեզ վրա սովորաբար հորդում է իրականության հետ աղերս չունեցող սնոբիստական, անբնական, կեղծ ու ագրեսիվ մի լեզու։ Բակային կյանքի մեռնող մշակույթի հետ մեռնելու վտանգի տակ է նաև բանավոր հաղորդակցության՝ խաղերի, խաղիկների, ասել-խոսելու, պատմել-լսելու, կռվել-մերվելու մի կենդանի խոսույթ, որը, ահա կարելի է գտնել Կարգինի սերիաներում։
Լավ, ակադեմիական դեդուկցիան թողնելով մի կողմ՝ միանգամից անցնեմ իմ սոցիալ-մշակութային էքսպերիմենտի արդյունքների ամփոփմանը։
***
Նախ, Կարգինի ռետրոսպեկտիվ դիտումը, բացի զուտ խնդիկներ կորզելու պրակտիկայից, նաև մի տեսակ նոստալգիկ երանգ ունի, որ հղում է մեր անկապ, բայց ջահել օրերին։ Երկրորդը, ֆուլէյջդիների և չորսկայերի մեր օրերում վատ տեխնիկական որակը մի տեսակ ներքին դիմադրություն է առաջացնում, թեպետ բովանդակությունը մի քանի սյուժե հետո սկսում է հաղթել մեր մեջի տեխնոբուրժուային։ Մյուս դիտարկումը՝ միշտ պարզվում է կան սյուժեներ, որոնք առաջին անգամ ես դիտում, ինչը շատ կայֆ է, բայց նաև պարզվում է՝ կան լիքը միջակ ու ոչ էնքան տպավորիչ սյուժեներ, որոնք միայն 10% ճշտությամբ են ընդհատվում արդեն կանոնիկ դարձած ոսկե ֆոնդի սյուժեներով, որոնցից թռած ցիտատները վաղուց մեր բանավոր հաղորդակցության համատեքստի մասն են դարձել։
Բայց, իմ դեռահաս տղաներին մատուցելու դիտանկյունով նայելիս, ամենամեծ խնդիրը, իհարկե, տարիքային ցենզուրան է, որի տակ միանգամից ընկնում են սեռական բնույթի հումորներով սյուժեները, որոնք էլի, 20% հաճախականություն ունեն, եթե ոչ ավել։ Այս ֆիլտրն էլ կիրառելուց հետո ինչ վերջնարդյունք ունեցանք։ Նախ, իհարկե, իրենց ճանաչած իրականությունից էականորեն տարբեր, ուրիշ հայկական իրականության հետ առերեսում, անսովորության ու դիմադրության զգացում, մի տեսակ համ անտարբերություն, համ էլ ուրիշ բանի հանդեպ ծագող բնական հետաքրքրասիրություն։
Հետո, հումորային իրավիճակների ընկալում, խնդալու և ոչ խնդալու բաների ճանաչողություն, որը ոչ միայն բնածին կարողություն է, այլ նաև, անշուշտ վարժեցնովի։ Այսպիսով, ժամանակ առ ժամանակ իբր պատահական էկրանին հայտնվող Կարգինի սյուժեների արդյունքում, ես նկատեցի, որ տղերքը սկսել են էդ անեկդոտներն այս կամ այն միջավայրում վերապատմել, ու հատկապես՝ հենց իրավիճակի ու կոնտեքստի թելադրանքով։ Հաջորդ անսպասելի կայֆոտ էֆեկտը՝ տղերքն իրենք անձամբ սկսեցին նկատել իրական կյանքում տեղի ունեցող խնդալու իրավիճակներն ու հետո դրանց վերածել կիսահորինովի ու կիսաիրականի վերապատմության՝ հանուն լսողներից խնդիկ կորզելու։ Դոֆամինային կախվածությունն աշխատեց։
Անշուշտ, տեղի ունեցավ բառամթերքի մի քիչ «աղտոտում» ռուսերենացված և սլենգային բառերով ու արտահայտություններով, բայց դա ես ընկալում եմ ոչ թե որպես նահանջ մաքրակենցաղ ու գիտակցված ինտելեկտուալությունից, այլ հակառակը՝ պայքար սնոբիզմի և ինքնահավանության դեմ, որպես լեզվաշերտի ու լեզվամտածողության ընդլայնում, լեզվական ընկալունակության մեծացում։
Հուսով եմ, երբ մեծանան ու այս էքսպերիմենտի նկարագրությանը ծանոթանան, կներեն իմ գործած կարգին անկարգությունը, որը հնարավոր է մեկնաբանեն իբրև իրենց՝ ինձ նմանեցնելու կամ իմ՝ իրենց ժամանակը դեպի իմը հետ քաշելու հուսահատ ձեռնարկ հայրեր և որդիներ հավերժական պայքարի ծիրում։