Կարիշոկ Դուլյան. «Սիրում եմ նայել՝ ոնց են մարդիկ լվացք փռում»
Արվեստ

Կարիշոկ Դուլյան. «Սիրում եմ նայել՝ ոնց են մարդիկ լվացք փռում»

Սեպտեմբերին Երևանում ցուցադրվեց նկարչուհի Կարիշոկ Դուլյանի նոր մեծ՝ Make Love, Not War կտավը։ ԵՐԵՎԱՆը հանդիպել է նախկին ճարտարապետի հետ ու զրուցել իր աշխատանքներում այդքան հաճախ հանդիպող քաղաքային ու երևանյան սյուժեների, ինչպես նաև սիրո կարևորության մասին։

Տեքստը՝ Մարիամ Ալոյան


Լուսանկարները՝ Կարիշոկ Դուլյանի արխիվ

 

ԵՐԵՎԱՆ #77 | 2022

#Արվեստ

Ճարտարապետից նկարիչ

4-5 տարեկան երեխա էի, ինձ տարան նկարչության դասերի։ Մի օր էլ ուսուցիչս՝ ռուս աղջիկ էր Լենա անունով, որոշեց, որ իմ նկարներով պիտի անհատական ցուցահանդես անի: Եվ երևի դա էլ հենց սկիզբը հանդիսացավ: 


Նկարչական տարբեր ուղղություններով էի հետաքրքրվում, բայց ի վերջո ընդունվեցի Ճարտարապետության և շինարարության համալսարան: Այնտեղ հանդիպեցի մի ֆանտաստիկ դասախոսի, որը շատ անսովոր ու զարմանալի բաներ էր սովորեցնում ու պահանջում էր շատ նկարել: Քաղաքում նկարելու սերս սկսվեց այդտեղից: Հետո գնացի Մադրիդ, բայց այստեղ աշխատում էի որպես ճարտարապետ ու էլ չէի նկարում: Մեջս անընդհատ ցավ էր, որ ես դա չեմ անում, չեմ հասցնում: Մեկ էլ մի օր էլ չդիմացա համակարգչի դիմաց նստելուն, ինչ-որ տարբեր բաներ համընկան, ու ես, բախտի բերմամբ, այդ աշխատանքը թողեցի: Բայց դեռ չէի հավատում, որ նկարելով կարելի է ապրուստ ապահովել: Բայց հետո եկավ 2020-ը, վրա եկավ քովիդը, և ես հասկացա, որ ոչ մի ուրիշ բան էլ չեմ ուզում անել, ուզում եմ միայն նստել տանն ու նկարել: 


Ինձ հեչ տխուր չէր տանը փակված լինելը: Սկսեցի նկարել, մարդիկ սկսեցին գնել ու շատ հավանել նկարներս: Նախորդ ձմեռ գնացի ԱՄՆ, մնացի հինգ ամիս, ցուցադրություններ կազմակերպեցի, նոր ծանոթներ գտա: Հետո եկա այստեղ ու ունեցա 2 անհատական ցուցահանդես: 

 

 

 

Փողոցներն ու պատշգամբները

Երբ համալսարանում սկսեցի նկարել, այդ ժամանակ էլ արթնացավ այդ սերը դեպի բակեր. գուցե դրանից է, որ հետո դառա քաղաքաշինության մասնագետ: Բայց ես սիրում եմ նկարել ամենատարօրինակ կառույցները, շենքերը՝ ավելացրած ու պակասեցրած պատշգամբներով: Շատ չեմ սիրում նկարել ճիշտ երեսպատված ու լավ կառուցված շենքերը: Հնության, սխալ ու անկանոն կառույցներով լի բակերի մեջ ենք մենք, դա է ազնիվը: Ամեն մարդ իր առաջ եկած տներով, ձեռքի տակ ընկած նյութերով երեսպատած, ամենատարբեր իրերից հավաքած ու սարքած, ապօրինի շինություններով... 


Սիրում եմ նայել՝ ոնց են մարդիկ լվացք փռում, նստած նարդի խաղում, բուրդ լվանում: Ես վաղուց լսել էի, որ իսկական ճարտարապետը պիտի բակերով քայլի, այլ ոչ փողոցներով, իսկ մեր բակերում ամեն ինչ կտեսնես։ Օրինակ, մեկը գիպսե ֆորմա է գտել, հունահռոմեական բազրիքի ոճով, բերել կպցրել է իր փակած պատշգամբի վրա: Ես դրա մեջ տեսնում եմ գեղեցկություն, որը գուցե սխալ է, երևի, ճարտարապետը քնել է իմ մեջ, բայց ինձ հաճելի է մարդկանց արտահայտումները տեսնել, հիշել, որ բոլորը տարբեր են: 

 

 

 

Երևանն ու մյուս քաղաքները

Ես երեք տարի ապրել եմ Մադրիդում: Շատ սիրուն տեղ էր, բայց մարդկանց խոսելու թեմաներն ինձ հոգեհարազատ չէին, և այդ խոսակցությունից ես ջերմություն չէի զգում, ու դա ինձ չէր ոգեշնչում: Բայց, օրինակ, Նահագներում մարդիկ ավելի տարբեր էին, չնայած, միևնույն է, Երևանի հարազատությունը չկար: Օրինակ, այնտեղ մարդիկ լվացքն էլ դրսում չեն փռում, ու երբ իմ նկարները տեսնում էին, զարմանում էին, որ դեռ նման երևույթ կա: Իսկ Իտալիայում՝ Նեապոլում, որտեղ սարսափելի շատ են գողությունն ու ավազակությունը, ամեն ինչն այնքան մարդկային ու ջերմ է, փողոցները նեղ են, տները մոտ, ամեն մեկն իր տնից զրուցում է դիմացի հարևանի հետ: Այդպիսի բան Ամերիկայում չեմ տեսել ես, ամեն մեկն իր տանն ու իր գործերով է: Իսկ այստեղի բակերի թեմաներն ու մարդկանց տրամադրությունները չկան որևէ այլ տեղ:

 

Ի՞նչ փոխել Երևանում

Երևանում շա՜տ բան կփոխեի: Ես անվերջ քանակությամբ բարեկարգումների արդյունքում կստանայի մայթերի լայնացում, անպետք տարածքների վերացում, քաղաքն ավելի խնամված կդարձնեի: Քառակուսի բարձրահարկ տների արանքի բակերը շատ տգեղ են: Կարելի էր կանաչը շատացնել, այգիներ, հետաքրքիր տարածքներ ստեղծել: Մարդիկ պիտի մի քիչ փոխվեն ու սկսեն մտածել քաղաքի մասին, քիչ աղտոտեն, տան պես վերաբերվեն քաղաքին: Հին շենքերն էլ չէի քանդի, այլ կվերանորոգեի, կամրապնդեի և դրանց հետ կհամադրեի նորը, որի համար լավ ճաշակ և աշխարհից տեղեկացվածություն է պետք: 

 

 

Վաճառք

Անցյալ տարի մի մեծ թղթի վրա իմ վառ նկարներից մեկը պրինտ էի արել ու ուրախ-ուրախ կանգնել էի, փռել էի մի քարի վրա, որ նայեմ: Մի աղջիկ մոտեցավ՝ վա՜յ, ինչ լավ նկար է, ուզում եմ գնել: Մի շատ լավ ռուս աղջիկ էր, զանգահարեց հետո, պայմանավորվեց ու գնեց նկարը: Ստացվեց, որ փողոցում նկար վաճառեցի: Հետո դառանք լավ ընկերներ։ 


Մի անգամ էլ՝ շատ վաղուց, երբ Իսպանիա գնալու համար գումար էի հավաքում, որոշեցի գնալ Վերնիսաժ ու նկարներս տարա վաճառելու: Բայց ունեի ընդամենը երկու նկար վաճառքի, երկու նկարով նստել էի Վերնիսաժում: Չվաճառվեց, բայց մարդիկ գալիս էին ու հավանում էին, հետո տխրում էին՝ ինչո՞ւ է այսքան քիչ: Կարծես եթե կողքից մի տաս հատ էլ լիներ, այդ հավանածը կառնեին։

 

 

Սերը (գուցե) կփրկի

Մարդ արարածն ագրեսիվ կենդանի է: Ես իմ ամենամեծ նկարի (կոչվում է “Make love, not war”) շնորհանդեսի ժամանակ պատմեցի, որ կան երկու տեսակի կապիկներ, որոնք նման են մարդուն. շիմպազեն, որը շատ ագրեսիվ է ու իր հարցերը կռվով է լուծում, և բոնոբոն, որ շատ հանգիստ է, հարցերը կանայք են լուծում, առաջարկում են սկզբում սիրով զբաղվել և հետո նոր կլուծեն խնդիրները: Մենք ավելի նման եղանք շիմպանզեներին: Մարդու համար ավելի կարևոր բաներ են փառքը, հարստությունն ու սիրուն հերթ չի հասնում: Այնինչ շատ կուզեի, որ բոնոբո տեսակին ավելի մոտ լինեինք։

հավելյալ նյութեր