Ինչպիսի՞ն է ժամանակակից Հայաստանը․ ֆոտոմրցույթ Karmir Film Lab-ից
Karmir Film Lab—ի թիմը հայտարարել է մրցույթ բավականին պարզ, բայց միաժամանակ բարդ թեմայով՝ ի՞նչ է ժամանակակիցը Հայաստանում կամ ինչպիսի՞ն է ժամանակակից Հայաստանը։ Չկա խիստ պահանջ մնալու միայն ռեպորտաժի շրջանակում, չկա սահմանափակում մնալու միայն անալոգ ձևաչափում, ընդունվում են ցանկացած ձևաչափով արված լուսանկարներ, նույնիսկ հեռախոսով նկարահանված։ Նախագծի մասին պատմում է Լաբի համահիմնադիր Ալեքսեյ Կոմոզան։
Մրցույթի պայմանները
- Թեմա․ «Ինչպիսի՞ն է ժամանակակից Հայաստանը»
- Բոլոր լուսանկարները պետք է արված լինեն 2025 թվականին
- Ընդունվում են ցանկացած ձևաչափի լուսանկարները՝ և՛ թվային, և՛ ժապավենային
- Ամեն մասակից կարող է ուղարկել մինչև 5 լուսանկար
- Լուսանկարը պետք է զուգակցվի կարճ նկարագրությամբ
- Վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 31, 2025
- էլ․ հասցե՝ info@karmir.film
- Ընտրված լուսանկարները կըդնգրկվեն ցուցահանդեսում և տպագիր ֆոտո-գրքում
- Հաղթողները կստանան ժապավեն Karmir Film Lab-ից
Երբ 2023 թվականի նմանատիպ մրցույթից հետո մեր համահիմնադիր Լևոն Բադիկյանի հետ քննարկում էինք մրցույթի արդյունքները, մեզ թվաց, որ այն ձևաչափում, որը մենք հայտարարել էինք՝ փողոցային լուսանկարչություն, առկա էր որոշակի դիդակտիկ մոտեցում։ Դա հետագայում դարձավ սահմանափակում, և երբեմն մեզ ուղարկում էին կադրեր, որոնք ֆիքսում էին Հայաստանը որպես հանրային գիտակցության մեջ գոյություն ունեցող պատկեր։ Վանքեր, լեռներ, բնություն, պաստորալ տեսարաններ։ Սա նորմալ է, նման պատկեր պետք է գոյություն ունենա, ցանկացած վայր իրեն որոշակի կերպով է ընկալում։ Սակայն այդ ձևակերպմամբ մենք կարծես սահմանափակել էինք այն ձևաչափը, որը ցանկանում էինք դարձնել ամենամյա։ Մեզ համար իսկապես կարևոր էր, որ համընկնեն երկու բան։ Որ մրցույթը հնարավորություն տա հավաքելու այնպիսի աշխատանքներ, որոնք ֆիքսում են այսօրվա իրականությունը այնպես, ինչպես այն տեսնում է հեղինակը։ Եվ որ լինի հնարավորություն այդ մրցույթը անցկացնել ամեն տարի։ Այդպես հնարավոր կլինի հետահայաց տեսնել հայացքի փոփոխությունը, վերադառնալ նախորդ արդյունքներին, համեմատել դրանք ներկայի հետ և ձևավորել համատեքստ։ Այո, սա հնարավոր է դանդաղ գործընթաց լինի, սակայն այստեղ անհրաժեշտ է ժամանակային հեռավորություն, դրա համար էլ կարևոր է վերանայել և վերագնահատել սեփական անցյալ աշխատանքները։ Հենց այդ պատճառով էլ մենք ցանկացանք ֆիքսել թեման և փորձել այն վերարտադրել ամեն տարի։
Հայաստանը նույնիսկ այս երկու տարվա ընթացքում զգալիորեն փոխվել է, երկիրը ակտիվորեն փորձում է գտնել իրեն, և այդ փոփոխությունները ֆիքսելը թվում է կարևոր գաղափար։ Հենց նման միջավայրում լուսանկարչությունը սկսում է գործել որպես առօրյային ուշադիր նայելու և ներսից փոփոխությունները նկատելու միջոց։

Karmir-ի համահիմնադիրներ Ռուբեն Քոսյանը, Ալեքսեյ Կոմոզան և Նարեկ Սարգսյանը
Կարևոր է նաև այն, որ մրցույթը բաց է, իսկ դրա արդյունքները չեն անհետանա միայն ամփոփումից հետո։ Նախատեսվում է ֆոտոցուցահանդես, սակայն առավել կարևոր է աշխատանքները պահպանել ֆոտոգրքի ձևաչափով։ Այստեղ էլ կա տարբերություն պրոֆեսիոնալ մրցույթներից, որոնք հաճախ մնում են սեփական մասնագիտական շրջանակի ներսում։ Սեփական աշխատանքները մյուսների հետ համեմատելը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ է տեղի ունենում քո հայացքի հետ, որքանով ես նման կամ տարբեր նայում իրադարձություններին որպես լուսանկարիչ, ինչպես ես կառուցում կադրը, և ավելի հեշտ է դառնում գիտակցել, թե որն է իսկապես քոնը։ Լուսանկարչության մեջ մտքի կրկնությունը արտահայտվում է տեսարանի ընտրության և դրա գեղարվեստական ձևակերպման մեջ։ Իսկ սեփական տարբերությունը տեսնելը կարևոր քայլ է դեպի սեփական ոճը։
Հետաքրքիր է նաև, որ մրցույթում կարող են հայտնվել բեմադրված աշխատանքներ։ Դա կարող է լինել ժամանակակից արտ լուսանկարչություն, որը աշխատում է Հայաստանի վիզուալ կոդի հետ, կամ պարզապես հեռախոսով արված ֆոտոօրագիր, որը տեքստի հետ միասին կարող է ձևավորել շատ անձնական խոսք։
Մրցույթի սահմանափակումները միայն երկուսն են։ Լուսանկարները պետք է արված լինեն 2025 թվականին և Հայաստանի տարածքում։

Մեզ համար կարևոր էր նաև տեսնել տարբեր երկրներից մասնակցող հեղինակների աշխատանքներ, քանի որ միշտ հետաքրքիր է, թե ինչ է լուսանկարում մարդը, երբ նա չունի այդքան բարդ և խորքային կապ տեղանքի հետ։ Նա հաճախ այլ կերպ է ուշադիր լինում թե մարդկանց, թե տարածքի նկատմամբ, նրա հայացքը ընկնում է այլ տեսարանների և այլ վիզուալ շեշտադրումների վրա։ Շատ հաճախ հյուրն է լուսանկարում արտաքին շերտը, քանի որ ամեն ինչ տեսնում է առաջին անգամ, և միջավայրը նրա համար դեռևս պայմանական է։ Իսկ նա, ով մշտապես ապրում է երկրում, աշխատում է ներքինի հետ։
Կարմիր ֆոտոլաբորատորիան այս տարի նմանատիպ մրցույթ է անցկացնում նաև Բելգրադում, Սերբիա, որտեղ թիմը արդեն մեկ տարի է աշխատում, և նախատեսում է նույն ձևաչափը իրականացնել նաև Լոս Անջելեսում՝ այն տարածքում, որը նրանք բացելու են հաջորդ տարի։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես ընկերների կողմից որպես հոբբի սկսված փոքր նախագիծը աստիճանաբար վերածվում է միջազգային համայնքի՝ հայկական անվան տակ։ Եվ թվում է, որ հենց նման ձևաչափում է, որ լուսանկարչական լաբորատորիան այսօր դառնում է ոչ միայն անալոգ լուսանկարչությամբ հետաքրքրված մարդկանց վայր, այլ տարածք, որտեղ խոսում են լուսանկարչության մասին ընդհանրապես։ Եվ ինչը հատկապես կարևոր է, դա իրական ֆիզիկական վայր է, ուր կարելի է գալ, այլ ոչ թե միայն սոցիալական ցանցում գոյություն ունեցող համայնք։ Հենց սա է, որ ֆոտոլաբորատորիան դարձնում է իսկապես ժամանակակից մշակութային վայր։
Մասնակիցների աշխատանքները գնահատելու համար կհրավիրվեն տեղական լուսանկարչական համայնքի ներկայացուցիչներ, իսկ ընտրված աշխատանքների հեղինակները կստանան հստակ և հասկանալի հետադարձ կապ՝ ռեվյուի ձևաչափով, քանի որ երկխոսությունը մրցույթի կարևոր մաս է։ Մրցույթը մտածված է որպես open call, այսինքն՝ աշխատանքների ընտրություն առանց մեկ հաղթողի։ Նախատեսվող ֆոտոգիրքը ներառելու է նաև տեքստեր, և մասնակիցները կարող են ուղարկել կարճ գրություններ իրենց լուսանկարների հետ, որոնք, ինչպես առաջարկում է Կարմիրը, չպետք է ուղղակի նկարագրեն պատկերը, այլ աշխատեն որպես հակակետ։ Տեքստ, որը չի բացատրում լուսանկարը, այլ գոյություն ունի նրա կողքին որպես արտահայտման հավասար մաս։ Արդյունքում պետք է ստացվի ալմանախի ձևաչափով գիրք, որտեղ մի քանի հեղինակներ կիսվում են իրենց պատմություններով և զգացողություններով, իսկ այդ տարբերությունները միավորվում են ամբողջական և բազմաշերտ տեսլականի մեջ։ Այդպիսի մոտեցմամբ հնարավոր է փորձել ստեղծել ժամանակակից Հայաստանի վիզուալ օրագիր։