Կատապուլտ Հայաստանի ստեղծարար ոլորտի համար
Մարտի 31-ին ՀայԱրտ մշակութային կենտրոնում բացվեց Կատապուլտ տաղավարը։ ԵՐԵՎԱՆը պատմում է, թե ինչու չարժե բաց թողնել ժամանակակից արվեստի այս ցուցահանդեսը։
Տեքստը՝ Սոնա Կարապողոսյանի
Լուսանկարները՝ Էդ Թադևոսյանի/ՀԲԸՄ-ի Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի
Կատապուլտ տաղավարը մաս է կազմում ՀԲԸՄ-ի Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի, որն իրականացնում է Creative Armenia -ի հետ համատեղ (Ստեղծարար Հայաստան) և ֆինասավորված է Եվրոպական Միության կողմից:
---
2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։
Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag
Մարտի երկրորդ կեսից խանգարվեց Էջմիածին գնացող վարորդների հանդարտ առօրյան, որոնք իրենց չգրված, բայց հաստատուն կայանատեղին ունեն Մաշտոց-Սարյան խաչմերուկում: Ազատ ժամանակ նրանք հետաքրքրությամբ հետևում էին ՀայԱրտ մշակութային կենտրոն տարվող անթիվ պարագաներին` շինարարակական նյութեր, բույսեր, արվեստի գործեր: Երբեմն նրանք անգամ համաձայնում էին շատ-շատ կարճ ժամանակով կիսել իրենց թանկարժեք տեղը նյութեր տեղափոխող մեքենաների հետ: Իրականում, սրանք Կատապուլտ տաղավարի` ստեղծարար ոլորտի այլընտրանքային ցուցահանդես-վաճառքի նախապատրաստական աշխատանքներն էին: Ի ուրախություն վարորդների` տաղավարը, վերջապես, բացվեց մարտի 31-ին և կշարունակի գործել մինչ ապրիլի 30-ը:
Ինչու
Աննա Գարգարյանը` Կատապուլտ ծրագրի ղեկավարը, պատմում է, որ տաղավարի գաղափարն առաջացավ գիտակցությունից, որ Հայաստանում շատ քիչ կան հարթակներ ստեղծարար ոլորտը ցուցադրելու, և դրա պրոդուկտը վաճառելու համար: «Որոշեցինք միախառնել արվեստի շուկայի և բիենալեի կոնցեպտները. այսինքն` վաճառել գործեր, բայց ներկայացվելով դրանք որպես համադրված մոտեցումներ, ունենալ խմբակային և սուբյեկտիվ ցուցահանդեսներ ոլորտի մասնագետների կողմից»,- բացատրում է Աննան: Շուտով հայտարարվեց գաղափարների կանչ և անկախ ժյուրին ընտրեց այն վեց նախագծերը, որոնք ներկայացված էին լինելու Կատապուլտ տաղավարում:
Ինչից է բաղկացած
Այս նախագծերից յուրաքանչյուրը ներկայացված է առանձին ենթատաղավարով, որոնք կոչվում են կապսուլներ: Առաջին կապսուլը, որ նվիրված է տեսողական արվեստին` համադրված է Ժամանակակից արվեստի ինստիտուտի կողմից և ուսումնասիրում է ժամանակակից արվեստ հարաբերություններն ավանդական տեխնիկաների, օրինակ` ասեղնագործության, գորգագործության հետ:
Կունստ հաուզը, որ համադրել է Ստեղծարար տեխնոլոգիաների կապսուլը, վերածել է իր տարածքը «Կունստ սթորի» (արվեստի խանութի), որը գործում է մետավերսում և բջջային հավելվածներ է վաճառում նկարիչ լինելու, հետմարդկային ժամանակաշրջանի լուսանկարչության և ապագայի վրա տեխնոլոգիաների ազդեցության վերաբերյալ:
Միջոլորտային` գրքերի և ճարտարապետության կապսուլը երրորդն է, որն ուսումնասիրում է փոխհարաբերությունները քաղաքային միջավայրի և գրքերի միջև: Այն համադրված է «ԻմՊրինտ» ԶՎՈՆ ստուդիայի և Կարեն Բալյանի կողմից:
Չորրորդ կապսուլը նվիրված է Նորաձևությանը և համադրված է Նորաձևության և դիզայնի պալատի կողմից: Այն ներկայացնում է շուրջ քսան հայկական նորաձևության ապրանքանիշներ:
Տպագրության և գրքերի ենթատաղավարը վերնագրված է «Արվեստի անկախ հրատարակիչների կապսուլ»: Համադրված ԱՀԱ կոլեկտիվի և ՄԱՆ ԲԱՆ արխիվի կողմից` այն ներկայացնում է արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտում գործող ավելի քան 50 անկախ հրատարակիչների գրքեր, և այլ տպագրական նյութեր:
Վեցերորդը` Կոմիքսների կապսուլն է` Պանիկ լաբը (խուճապ լաբարատորիա), որը համադրված է Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնի կողմից: Ենթատաղավարը ներկայացնում է հայ անկախ կոմիքս արվեստագետների կողմից ստեղծված բացիկներ, գրաֆիկական նովելներ և այլն: Կապսուլներում ներկայացված պարագաների մեծամասնությունը վաճառվում է:
Միջոցառումներ
Բացի համադրված տաղավարներից, Կատապուլտն առաջարկում է նաև միջոցառումների բազմաճաշակ շարք, որոնց մի մասն արվում է այլ փառատոների կամ արդեն իսկ ներգրավված կապսուլների թիմերի հետ համագործակցությամբ: Մինչ այս ամենին զուգահեռ ՀայԱրտում ընթանում է «ԱՐԷ» կատարողական արվեստի փառատոնը, որն ունի իր առանձին և հագեցած ծրագիրը, Կատապուլտը համագործակցում է նաև «Ուրվական» փառատոնի հետ, որոնց փոքրիկ բարը դիմավորում է այցելուներին ՀայԱրտի բակում: Մինչ տաղավարներին հասնելը, հյուրերին առաջարկվում է նաև ծանոթանալ Ռուբեն Արևշատյանի կողմից համադրված ցուցահանդեսին` նվիրված հյուրընկալող շենքի պատմությանը:
Բուն Կատապուլտի միջոցառումները բաժանվում են երեք խմբի` զրույցներ, աշխատարաններ և ներկայացումներ: Զրույցները տեղի են ունենում ամեն երեքշաբթի և բարձրացնում են ստեղծարար ոլորտի արդիական հարցերը: Աշխատարանները, որոնք ավելի մասնագիտական են, նվիրված են լինելու ճարտարապետությանը. մասնակիցները երազելու են ՀայԱրտ շենքի ապագան, ինչպես նաև մետաքսատպագրությանը: Ներկայացումները գլխավորապես երաժշտական են, և ինչպես ծրագրի մյուս միջոցառումները, բաց են բոլորի համար:
Միջոցառումների առանձին շարքով է հանդես գալիս «Արվեստի անկախ հրատարակիչների» կապսուլը, որն մի ամսվա ընթացքում հյուրընկալելու է գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ` նվիրված հրատարակչության, տառատեսակների ստեղծման առանձնահատկություններին, արվեստի գրադարաններին և այլն:
Տաղավարի շարունակությունը
Կատապուլտ տաղավարը թիմի պլանավորած գործողություններից մեկն է միայն: Աննա Գարգարյանը պատմում է, որ նախատեսվում է նաև «հանել տաղավարը դուրս», այսինքն` մասնակցել միջազգային թիրախավորված էքսպոներին և ներկայացնել Հայաստանը: «Մենք ուզում ենք, վերջապես, կապ ստեղծել միջազգային կոլեկցիոներների հետ. այստեղ շուկան շատ փոքր է», - ամփոփում է Աննան: