Կաթիլային համակարգ
Հետնաբեմ

Կաթիլային համակարգ

ԵՐԵՎԱՆը եղել է «Կաթիլ» ինդի ֆոլք բենդի փորձավայրում և խոսել է երաժիշտների հետ անկախ երաժշտության, ալտերնատիվ լինելու և խումբ ունենալու առօրյա կենցաղի մասին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Հարություն Մալխասյանի

 

ԵՐԵՎԱՆ #73 | 2021

Մեդիտացիա 

Խմբի փորձերը սկսվում են ժամը 3-ի մոտակայքում։ Տղաները հավաքվում են, սուրճ-ծխախոտ, ու ամեն մեկը հարմարվում է իր գործիքի առջև։ Ստուդիան գտնվում է Պռոշյան փողոցի բակերում, որոնք ֆորմալ համարվում են Կոնդ թաղամասի մի մաս։ Թեև վիզուալ առումով կապը Երևանի ամենահին թաղամասերից մեկի հետ կորսված է, բայց նեղ ճանապարհները որոշակի նմանություն պահպանել են։ Հենց այդ ճանապարհներով էլ գտնում ենք ստուդիան, որտեղ իրենց ժամանակի մեծ մասն են անցկացնում «Կաթիլի» տղաները։ 


Ստուդիան գտնվում է շենքերից մեկի նկուղային հարկում։ Առաստաղները ձայնամեկուսացված են, որպեսզի չհարամեն իրենց գլխավերևում գտնվող յոգայի ստուդիայի հաճախորդների անդորրը։ Թեև, ինչպես կատակում են տղաները, խմբի հարվածային երաժիշտ Գրիգոր Դավթյանի թմբուկի թեթև արձագանքները նրանց մեդիտացիայի կարևոր նախապայման են դարձել։ 


Սովորաբար փորձերը լինում են շաբաթը երկուերեք անգամ, բայց կարևոր ելույթներից առաջ տղաները կարող են օրվա մեջ երկու անգամ գալ փորձի կամ գիշերը հենց այս նկուղային հարկի ստուդիայում լուսացնել։ 


Առաջին բանը, որ տեսնում ենք ստուդիա մտնելիս, խառը սեղանն է՝ սուրճ, բաժակներ ու տուփերից մեկի վրա դրված խմբի թարմ ալբոմը՝ «Ակները»։ 

 

 

 

Լյա-ի արանքում

Տղաներն արդեն սկսել էին իրենց փորձը։ Գրիգոր Քարտաշյանը դաշնամուրի կողքին փայտե տախտակի վրա հարմարեցնում է իր սինթեզատորը, մյուսներն իրենց գործիքներով էին զբաղված։ Մի քանի րոպե անց սկսում են նվագել։ Հարվածայիններից մի քանիսի վրա սրբիչներ են, ամենուր՝ լարեր, գորգեր ու հաճելի, ջերմ լուսավորություն։ Փորձասենյակի անկյունում փոքր պատուհան կա, որի մոտ նստած է Թագուհին՝ ստուդիայի տիրակալ կատուն։ Նա մեզ վրա ուշադրություն չի դարձնում։ Նայում է երկնքին։ Տղաներն ասում են, որ շատ ժամանակ է անցկացնում ստուդիայում, շատ է սիրում երկինքը, կարող է ժամերով նայել։ Գրիգորը հարվածում է թմբուկներին և կատուն դուրս է թռչում սենյակից. ակուստիկ երաժշտության սիրահար է, բարձր ձայներից էլ խուսափում է։ 


Իսկ ահա մեզ սրանով միայն ավելի կհետաքրքրես։ Նոր գործ են փորձում, և այն դեռ հղկման կարիք ունի։ «Նոր երաժշտություն մշակելը կարող է տևել մեկ ժամից մինչև ամիսներ,– ասում է Գրիգոր Քարտաշյանը,– կան գործեր, որոնք երկու տարի նվագելուց հետո որոշել ենք ամբողջությամբ փոխել, լեգոյի նման զրոյից հավաքել և այսօր այլ տարբերակով ենք նվագում»։


Շարունակում են նվագել՝ ընթացքում իրար ուղղորդելով՝ «Էս մասը շատ լղոզված ա ստացվում»… «Լյա-ի արանքը շատ ենք ֆրֆռում»… «Բառերով մի մտի, հասարակ մաթեմատիկա ա, հաշվենք մտնենք»։ 


Որոշում են, որ ժամանակն է սրճել։ 

 

 

 

Խարույկի մոտ

«Կաթիլի» տղաները ստուդիայի խոհանոցային հատվածում աթոռներ են շարում, որպեսզի այդտեղ էլ սկսենք մեր զրույցը։ Անմիջապես մեր կողքը տաքացուցիչն է, որի մոտ արդեն իսկ տեղավորվել է կատուն, իսկ մեջտեղում՝ աթոռի վրա, մոխրամանն է։ «Լինում են օրեր, երբ գալիս ենք փորձի ու չենք նվագում, պարզապես կարող ենք ժամերով խոսել, խմել, քննարկել,– պատմում են տղաները,– կարևորը՝ միասին։ Դա էլ մեր թիմ բիլդինգն է»։ 


Երաժշտական կյանքից դուրս էլ են ընկերներ։ Սկզբում խմբի սոլիստ Սևադա Համարբաչյանը և Գրիգոր Քարտաշյանը ծանոթացան Տիգրան Համասյանի համերգին, հետո երկուսն էլ Արցախում էին ծառայում և պարբերաբար հանդիպում էին։ 


«Մի օր՝ բանակից վերադառնալուց հետո, Սևադան զանգեց ու ասեց, որ մի գործ կա, միասին գնանք նվագենք,– հիշում է Գրիգորը,– ընթացքում պատմեց, որ մի քանի ստեղծագործություններ էլ ունի, բայց անավարտ են, դեռ հղկման կարիք ունեն։ Ես էլ առաջարկեցի գնանք Արեգի մոտ, տեսնենք ինչ կասի»։ Հաջորդը թիմին միացավ Գրիգոր Դավթյանը և իրենց առաջին իսկ փորձնական հանդիպմանը չորս ստեղծագործություն սարքեցին։ Մի տարի անց բանակից վերադառնալուն պես թիմին միացավ բաս կիթառահար Ռոբերտ Սիմոնյանը։


«Մեր փաթեթն ընտանեկան է,– ասում է Սևադան,– եթե փորձի չենք, միևնույն է, գրեթե ամեն օր հանդիպում ենք։ Լինում է, որ մեզնից մեկը հոգնած գալիս է տուն ու տեսնում է, որ խմբի մնացած անդամներն իր ընտանիքի հետ նստած թեյ են խմում և սպասում իրեն»։ Նույնիսկ spotify-ով family mix փաթեթն են ակտիվացրել, բոլորով իրենց սիրած երաժշտությունը մի տեղում հավաքում են, լսում ու քննարկում։ Փաթեթում ներառված է նաև խմբի 6-րդ անդամը՝ Գևորգ Ներսիսյանը, ով զբաղվում է խմբի վիզուալ ինքնությամբ։ 


Տղաները ծիծաղելով պատմում են, որ անպայման տարին առնվազն մի անգամ անկեղծության երեկո են ունենում, այսպես կոչված՝ «ծեծոցի»։ Հավաքվում են իրար գլուխ ու սկսում մտքներին եկածն իրար ասել։ Մի լավ թափ են տալիս իրենց, լուծում բոլոր հարցերը և շարժվում առաջ։ «Շատ խմբեր ամիսներով լռում են, իսկ հետո այնքան է կուտակվում, որ մի ծուռ կպցրած լարի պատճառով վիճում ու բաժանվում են»,– ասում է Ռոբերտը։

 

 

 

Դժվար, բայց ոչ ալտերնատիվ 

Առաջին ամիսներին երևի թե ակումբ չկար, որտեղ մտած չլինեին։ Ամենուր ներկայացնում էին իրենց, առաջարկում, որ նվագեն։ Սկզբում վերաբերմունքը շատ իմիջիայլոց էր, բայց, երբ տեսնում էին, որ դահլիճը միշտ լիքն է, արդեն իրենք էին հրավիրում։ Երևանում «Կաթիլի» առաջին համերգը «Ուլիխանյան» ակումբում էր, որը սոլդ աութ եղավ, ինչի արդյունքում նրանց խնդրեցին ևս երկու համերգ նվագել նույն օրերին։ 


«Դու, որպես խումբ, չպիտի քեզ համարես ալտերնատիվ,– ասում է Ռոբերտը,– հայկականն այնքան պիտի զարգանա, անկախ ժանրից, որ այն, ինչ այսօր անվանում են ժամանակակից հայկական երաժշտություն, հենց դա էլ համարվի ալտերնատիվ»։ 


Սևադայի և Արեգի խոսքով՝ Հայաստանում ցանկացած երաժշտական ոլորտում ընդունված է՝ եթե բան չի մնում նվագելու, անցնում են ֆոլքին։ «Մեզ մոտ այդպես չէր,– ասում է Սևադան,– մենք մեր երաժշտությունն անվանում ենք «ինդի ֆոլք», քանի որ այն անկախ է, ցանկացած պահի իր ֆորմը փոխում է ըստ մեր ճաշակի: Բացի այդ, մենք ոչ թե նվագել ենք և ուղղակի մի օր որոշել անցնել հայկականի, այլ ի սկզբանե եղել ենք այդ երաժշտության մեջ և անկեղծորեն սիրել ենք այն»։

 

 

***

Տղաները պարբերաբար ճանապարհորդում են Հայաստանով, գնում տարբեր մարզեր և համարում են, որ ճանապարհը կենսական կարևորություն ունի։ «Միասին աշխատելու, մի բան ստեղծելու համար պիտի միասին ճանապարհ անցնես, սկզբից գաղափարական, հետո՝ իրական,– ասում է Արեգը,– այն, ինչով մենք հիմա զբաղվում ենք, դա ինքն իրենով ճանապարհ է»։ 


Խոսակցությունն ավարտում ենք, կատուն, որը վերջին մի ժամը հանգրվանել էր գրկիս ու քնել, փախչում է դեպի փորձասենյակը, տղաներն էլ հերթով անցնում են իրենց գործիքների մոտ, որպեսզի շարունակեն ճանապարհը և մշակեն իրենց նոր գործը։

հավելյալ նյութեր