Կատուներն ու նրանց մարդիկ
Կատուներ

Կատուներն ու նրանց մարդիկ

Լուսանկարիչ Բիայնա Մահարին այցելել է երևանյան կատուների տներ։

Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարու

 

ԵՐԵՎԱՆ #89 | 2025

 

Նվիրվում է Իրբիսի հիշատակին 🐾
#Կատուներ

Անի, Էդ և Էդուլ, Անի, Պիձյուկ, Ռաֆայել, Սուրո, Հասմիկ, Անահիտ

 

 

 

Էդն ասում է, որ ժամանակին մտածում էր, որ եթե ընտանիք չկազմի, ապա կենդանիների կացարան է բացելու, բայց այնպես ստացվեց, որ հանդիպեց Անիին, ու հիմա միասին ունեն 10 կատու, որոնցից սեփական ցանկությամբ և պլանավորված են միայն երեքը։

 

Էդոն, Անին, Պիզձյուկը, Ռաֆայելը, Սուրոն և երիտասարդ մայր Հասմիկը՝ իր երեք մանկահասակ որդիների հետ իրենցով լցնում են Էդոյի ու Անիի ամբողջ առօրյան: Հյուր գնում են հերթափոխերով, երկրից բացակայելուց միշտ դիմում բարեկամների և ընկերների օգնությանը. կատուներին ոչ միայն պետք է կերակրել և մաքրել, այլև պահպանել բոլորի սովորությունները. մի քանիսը առավոտյան գնում են ման գալու, երեկոյան վերադառնում, մյուսները նախընտրում են տանը մնալ: 


Կատուների մեծ մասը հայտնվել է փրկելու և ապագայում տեղավորելու նկատառումներով, բայց փրկելն Էդի ու Անիի մոտ լավ է ստացվում, այ տեղավորելը՝ ոչ այդքան: Իրենց ցանկությամբ հայտնվել է Սուրոն՝ Էդի ու Անիի առաջին կատվի, Մուկուչի հիշատակին: Մուկուչին որդեգրել էին 2020-ին՝ մկներին սեփական տնից հեռու պահելու մտքով։ Ասում են՝ երբեք մտքով նույնիսկ չի անցել, որ կատուն ինչ-որ հատուկ տեսակի պիտի լինի ու իրան պիտի առնել: Այսօր որդեգրության տվողների դերում արդեն իրենք են, Մկո, Ֆելո ու Շուշանիկ կատուները սպասում են իրենց սիրող տերերին:

 

 


 

Ստեփան ու Սիրուն

 

 

 

Միշտ չի, որ դու ես ընտրում կենդանուն, երբեմն ինքն է ընտրում քեզ: Ստեփանի պատուհանների տակ Սիրունի մի քանի օր լացելուց հետո հարևանները ԱԻՆ էին կանչել՝ մտածելով, որ փիսիկը չի կարողանում իջնել բարձր տեղից։ ԱԻՆ-ի աշխատակիցներին տեսնելով նա վախեցել և պարզապես ինքնուրույն փախել էր: Ստեփանն այդ պատմությունն իմացավ հետո, երբ հարևաններով սկսեցին կատվին կերակրել, բայց Սիրունը չափազանց վախկոտ էր ու ոչ ոքի մոտիկ չէր թողնում… բացի Ստեփանից: 


Որոշ ժամանակ անց Սիրունը սկսեց պատուհանին մոտ գալ, հետո ավելի մոտ, իսկ հետո պատուհանից հյուր գալ Ստեփանին, մի քիչ մնալ ու նորից գնալ: Բայց ի վերջո մի օր եկավ և երևի միասին որոշեցին, որ էլ չի գնա: 

 


Առաջին հայացքից նուրբ գեղեցկուհին զննման արդյունքում պարզվեց՝ շատ գեղեցիկ տղա է, բայց անունը մնաց Սիրուն, որպես իր նուրբ գեղեցկության վկա: Շուտով կլրանա Սիրունի երկու տարեկանը, հաստատ կնշեն, այդ ընթացքում Ստեփանը վերանորոգում է պլանավորում, որպեսզի տարածքը հարմարեցնի կատվին, առաստաղի տակ հարմար ճեմուղիներ ունենա Սիրունը, որը մինչև հիմա մեկ-մեկ սիրում է պատուհանից նայել, բայց արդեն ներսի կողմից:

 


 

Հասի, Հայկ և Միստեր

 

 

Հասին ու Հայկը կատու վերցնելու մտքին շատ պատասխանատու էին մոտեցել. շատ երկար ուսումնասիրություններից հետո հասկացել էին, թե որ ցեղատեսակն է իրենց ամենամոտը և սկսել էին փնտրել՝ որտեղից կարող են հենց այդ կատվից գնել: Հայաստանում չգտնելուց հետո հասել էին Ռուսաստանի շուկա, որտեղ և գտնվեց բաղձալի ձագուկը: Մնում էր կազմակերպել Երևան տեղափոխումը։ Սպասումն անտանելի էր և Հասին ինքնաթիռի տոմս է գնում, որպեսզի գնա փիսիկին ինքնուրույն բերի, բայց փիսիկը ենթադրյալ թռիչքից մի քանի օր առաջ հիվանդանում է, և տոմսը կորում է: Որոշ ժամանակ հետո «կրկին փորձիր» կարգախոսով ու նորից գնված տոմսով Հասին մեկնում է Մոսկվա, գիշերում օդանավակայանի կողքի հյուրանոցում, մյուս առավոտ Միստերի հետ միասին վերադառնում Հայաստան: 


Հասին ասում է, որ երբ օդանավակայանում առաջին անգամ բռնեց բրդոտ գնդիկը, միանգամից հասկացավ, որ կյանքը փոխվեց: Երևանի օդանավակայանում արդեն սպասում էին փուչիկներով դիմավորող ընկերները: Միստերի անունն ընտրել են միասին՝ ի պատիվ երկուսի սիրած գրքի՝ «Դրեզդենի արխիվները» ֆենթըզիի գլխավոր հերոսի կատվի։ 

 

 


Արդեն 3 տարի է, ինչ Միստերը Հայկի ու Հասիի ընտանիքի լիարժեք անդամն է: Մեկ-մեկ պատահում է, որ մոռանում է, որ կատու է, վազելով դռան մոտ դիմավորում է տերերին, խաղալիքները մոտեցնում, որ տերերը գցեն՝ ինքը բերի, բայց հետո նորից արագ հիշում է, սթափվում, որ հանկարծ չմոռանան՝ ով է էս տան տերն ու ամենասիրուն տղան:

 


 

Ռայա, Ալեքսանդր, Ռոբերտ, Հենրիխ և Իրբիս

 

 

Իրբիսի անունը միշտ չէր Իրբիս, կար ժամանակ երբ նա Տվիքսիկն էր և ինչ-որ մեկի կիսախաղալիք փիսիկն էր, որ մի օր մեծացավ դարձավ կատու և ավտոմատ՝ անհետաքրքիր: Այդ ինչ-որ մեկը ֆեյսբուքով կատվին իբր ժամանակավոր պահող ման գալուց հանդիպել էր Ռայային ու Ալեքսանդրին՝ դեռ երիտասարդ ու անհամեմատ անդարդ: Նրանք որոշեցին Տվիքսիկին որոշ ժամանակ պահել զուտ կատվային փորձ ձեռք բերելու համար, բայց ժամանակավոր պահելու ժամանակը գնալով երկարում էր, ու ի վերջո պարզվեց, որ Տվիքսիկի տերը կատվին հետ վերցնել էլ չի ուզում. մնում էր կամ նոր տեր ման գալ, կամ էլ ընտանիք ընդունել կատվին, որի հետ արդեն հասցրել էին կապվել: Այդպես Տվիքսիկը ձյունահովազի անուններից մեկով Իրբիս վերանվանվեց և մնաց: 

 

 


Երեխաների ծնվելուց առաջ բարեկամները հորդորում էին կատվից ազատվել, բայց Ռայան և Ալեքսանդրը տան անդամին դուրս հանելու տարբերակը չէին դիտարկում, փոխարենը ուսումնասիրեցին բոլոր պոտենցիալ վտանգների իրատեսական լինելը և հավելյալ զգուշության համար արեցին որոշ ստուգումներ: 


Այսօր Իրբիսը լիիրավ մեծ եղբայր է երկվորյակներ Ռոբերտի ու Հենրիխի համար: Իհարկե տարիքային տարբերությունը զգացնել է տալիս, միշտ չի հավես ունենում երեխաների խելքին ընկնի խաղա, չէ՞ որ ինքն արդեն լուրջ տղամարդ է:

 


 

Արսեն և Վիգո

 

 

 

Արսենն ու Վիգոն հանդիպել են ութ տարի առաջ: Ի սկզբանե Վիգոն Արսենի նվերն էր կնոջը, բայց այնպես ստացվեց, որ Վիգոն ընտրեց Արսենին որպես իր մայր և հայր։ Ամբողջ կյանքը սեփական տանը ապրած Վիգոն փոքրուց ակտիվ մասնակցում է թաղամասի կյանքին. Չնայած ինքը հեչ կռվարար չի ու սիրով զիջում է իր կերը բակի կատուներին, Արսենի ասելով՝ կար ժամանակ, որ հաճախ տուն էր հետ գալիս կռված և խառը պատմություններով։ Երևի դրանք պատմելու ցանկությունից է, որ Վիգոն սովորել է համարյա մարդու ինտոնացիայով նախադասություններով խոսել։ 

 


Վերջերս Վիգոյի մոտ բուռն ջահելությունից եկած մի խումբ հիվանդություններ է հայտնաբերվել, ներառյալ ՁԻԱՀը (այո կատուների մոտ էլ է լինում)։ Չնայած Վիգոն ակտիվ բուժումներ է ստանում, Արսենը մի քիչ տխուր ասում է, որ ինչ Վիգոյի ախտորոշումները հաստատվել են, վայելում է կատվի հետ ընձեռված ամեն օրը։

 


 

Կրիստինա, Կոստյա և Վալյա, Տրիպիկ, Նամի, Պլուտո, Պրինցեսսա, Ֆրեյա, Պանադերո

 

 

 

Առաջին տեսքից սովորական այս բնակարան մտնելուց դժվար է պատկերացնել, որ այստեղ ապրում են 6 կատու և մեկ շուն, միակ լուռ վկան մանր-մանր կտորների փրթված մուտքի դռան ներքին հարդարանքն է ու միշտ կողպեքով փակ դուռը. ասում են Տրիպիկը՝ որն իր անունը ստացել է "tripod" ից իր ամպուտացված ոտքի պատճառով, սկզբից կրծել կամ/և ճանկռել է դուռը, իսկ հետո սովորել է հեռվից վազքով գալ, թռիչքի մեջ՝ եղած մի թաթով կախվել դռան ծածկի մնացորդներից, հետևի ոտքերով կանգնել դռան բռնակի վրա, սեղմել, բացել դուռը ու տնից փախել: Բացի էս մի առօրյա պայքարից, այս տանն ամեն ինչ հանգիստ է ու խաղաղ, բոլորը հնազանդ ընդունում են Տրիպիկի առաջնորդ լինելը և սուս-փուս ենթարկվում, նույնիսկ Վալյան՝ 6 կատուների հետ ապրող միակ շունը։ Ասում են պակասող թաթի տեղը Տրիպիկին նեղում է միայն մի դեպքում՝ երբ փորձում է թաթով ինչ-որ մեկին դաստիրակչական ապտակ հասցնել, երբեմն մյուս թաթի բացակայության պայմաններում հավասարակշռությունն է կորցնում: 

 


 

Սուսաննա, Կարեն, Մարիա և Ֆենիքս

 

 

 

Մարիան՝ Սուսաննայի աղջիկը, կեսկատակ վստահեցնում է, որ Ֆենիքսին իրենից և եղբորից շատ են սիրում, տիկին Սուսաննան ժխտում է, բայց էլի կեսկատակ։


Տիկին Սուսաննան միշտ դեմ էր տանը կենդանի պահելուն, բայց ստացվեց այնպես, որ իր տղայի և տղայի կնոջ վերցրած կատուն իրենց չմերվեց, և երբ քննարկվում էր ինչ անել, տիկին Սուսաննան հիշեցրեց տղային, որ կենդանու համար վերցրած պատասխանատվությունն ուրանալ չի կարելի, ու ի վերջո այդ պատասխանատվության տակից որոշեցին դուրս գալ իրենք՝ ամուսնու հետ միասին: 

 


Շատերի համար վախենալու թվացող Ֆենյան, ասում են, շատ քնքուշ է, տիկին Սուսաննայի կողքից այն կողմ չի գնում, միշտ այնպես է պառկում, որ գոնե մարմնի մի մասով իրեն կպնի, նույնիսկ աման լվանալուց ուսերին նստած հետևում է. վերջերս երկու օրով տնից բացակայած տիկին Սուսաննայի ամուսնուն՝ Կարենին, ասում են՝ երկու օր սպասել է դռան մոտ: Ֆենիքսը չի սիրում բարձր ձայներ և բացասական խոսակցություններ, միշտ հետևում է, որ բոլորը հաշտ լինեն ու հանգիստ խոսեն իրար հետ, մի անգամ նույնիսկ Կարենին խիստ պատժել է ֆուտբոլ նայելուց գոլին բարձր արձագանքելու համար։ Այդ դեպքից հետո Կարենը գոլերի ժամանակ շատ զգույշ ու նուրբ է ուրախանում: Տիկին Սուսաննան ասում է, որ Ֆենյայից հետո կենդանիներին լռիվ այլ աչքով է նայում, սիրտը չի դիմանում անընդհատ սոցիալական ցանցերում հանդիպող դժբախտ կենդանիներին, ասում է՝ եթե տանը ոչ ոքի չընդունող Ֆենյան չլիներ, հաստատ մի շուն արդեն որդեգրած կլիներ:

հավելյալ նյութեր