Կատվամշակութային ժառանգություն
Լուսանկարիչ Բիայնա Մահարին գնացել է Դարիկ գյուղ ու տեսել, թե ովքեր, ինչպես և ինչու են բազմացնում և տարածում Վանա կատուներին, որոնք ապրում են գամփռների հետ կողք կողքի, բազմադարյան վիշապաքարի հավերժական հայացքի ներքո։
Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարու
ԵՐԵՎԱՆ #89 | 2025
Ժուկով-ժամանակով կապուտակ մի լճի ափին քաղաք կար, քաղաքի նեղլիկ փողոցներում եռում էր կյանքը, վաղ առավոտից փողոցներում հայտնվում էին վաճառականներն ու աշուղները, բամբասելն արդեն սկսած կանայք սուրճ էին եփում, բեղերով մի ծերուկ անշտապ բացում էր իր գլխարկների կրպակը, բանկի մոտ քիչ-քիչ հերթ էր կուտակվում, եկեղեցիներում պատարագ էին մատուցում ու հարսանիքներ անում, գլխավոր հրապարակում էլ հաստատ ինչ-որ բանից դժգոհ մարդիկ էին հավաքվել, չէ՞ որ հայերը չեն կարող ամեն ինչից գոհ լինել։ Կապուտակ լճի ափի այս քաղաքի նեղլիկ փողոցներից, սակայն, միայն մարդիկ չէին օգտվում. քաղաքի փափլիկ այս բնակիչները հաստատ սիրված էին։ Դա իրենց աչքերից այսօր էլ է երևում։ Կորսված սիրո ու հայրենիքի գենետիկ հիշողությունը միայն մարդկանց դեմքին չէ, որ դաջվում է։


Վանա կատուների իրական դեմքը
Փակեք ձեր աչքերն ու պատկերացրեք Վանա կատու: Ինչպիսի՞ն է այն։ Ամբողջովին սպիտա՞կ։ Մի աչքը կանաչ, մյուսը կապո՞ւյտ։ Եթե այո, շնորհավորում եմ, դուք պրոպագանդայի զոհ եք, ինչ մեղքս թաքցնեմ՝ ես էլ ձեզ հետ: Պարզվում է, որ իրական հայեցի Վանա կատուները պատմականորեն եղել են ծիրանագույն փարթամ պոչով, ականջներին ունեցել են ծիրանագույն նշաններ, աչքերը՝ կապույտ կամ ծիրանագույն, երբեմն՝ մի աչքը կապույտ, մյուսը՝ ծիրանագույն, բայց երբեք ոչ կանաչ:
Բացի հատուկ գունավորումից՝ Վանա կատուներն առանձնանում են լայն կրծքավանդակով և շատ լայն թաթիկներով. ասում են՝ լողալու համար է, չէ՞ որ ժամանակին ձմեռային ամիսներին Վանա տառեխով էին սնվում: Իսկ ի՞նչ պատահեց հետո։ 1915 թվականին եղավ Ցեղասպանությունը, երբ հայերի հետ միասին Վանա կատուներին ոչնչացնում էին՝ որպես հայկականության խորհրդանիշ։ Թեպետ շատ արագ Թուրքիայում հասկացան, որ պետք չէ ոչնչացնել այն, ինչ կարող ես սեփականաշնորհել: Փոխարենը որոշվեց վերաիմաստավորել Վանա կատվին և օրիգինալի փոխարեն ստանալ նոր՝ ամբողջովին սպիտակ տարբերակը, որն իրականում Վանա կատվի և անգորայի խառնուրդն է, և այդ գործընթացը, Իրինայի համոզմամբ, շարունակվում է մինչ այսօր:

Հայրենադարձ փիսիկները
1996 թվականն էր, երբ Իրինայի ամուսինը՝ Արմենը, պատմեց, որ իրենց առաջարկում են երկու հնատիպ Վանա կատվի ձագուկ գնել, համատարած ճգնաժամ էր և այդ վիճակում թանկարժեք ձագերին գնելը շատ տարօրինակ քայլ էր։ Այդուհանդերձ, համաձայնվեցին առանց երկմտելու. չէ՞ որ այդ ժամանակ իսկական Վանա կատու Հայաստանում ուղղակի չկար: Փիսիկները եկել էին Միացյալ Նահանգներից, այնտեղ էլ հավանաբար իրենց տատերը և պապերը հայտնվել էին Ցեղասպանությունից հետո նավերով ժամանած հայ ընտանիքների հետ:
Հայրենադարձ փիսիկները սկզբից բնակություն հաստատեցին Իրինայենց երևանյան բնակարանում: Իրինան ասում է, որ կատուներին բազմացնելու հետևում բիզնես գաղափարներ կանգնած չէին, փոխարենը հայրենասիրությունն էր, այն որ մեր հայկական կատուներն են, որ պետք է նրանք լինեն և բազմանան, չնայած որ Իրինայի ամուսինը և տղաները կատուներից ալերգիա ունեին և ունեն:


— Մենք ընտանիքով տենց ենք, ինչ հայկական բան կա, սիրում ենք, դրա համար մեզ մոտ Վանա կատուն ա, հայկական գամփռն ա, մեր ոչխարների ցեղը Բալբասն ա, Ղարաբաղի ձիով էինք ուզում զբաղվել, ցավոք չստացվեց,– պատմում է Իրինայի ամուսին Արմենը, որը կատուների հայտնվելուց մի քանի տարի առաջ արդեն սկսել էր զբաղվել զտարյուն հայկական գամփռների բազմացմամբ:
Բայց վերադառնանք փիսիկներին։ Եվ այսպես, առաջին երկու ձագի պատահաբար իրենց մոտ հայտնվելուց հետո սկսեցին մտածել ինչ անել այդուհետ:
Բազմակատու ընտանիք
— Երկու կատու արդեն ունեինք, բայց իրենք եղբայր ու քույր էին։ Սկսեցի Եվրոպայով փնտրել այլ Վանա կատուների, որպեսզի արյունները տարբեր լինեն։ Նախապես ընկերներիս հարցրեցի՝ ով կպահի։ 5-6 հոգի համաձայնվեց, բայց երբ ամեն ինչ կազմակերպեցի, սկսեցին հերթով զանգել հրաժարվել, իսկ կատուներն արդեն Հայաստանում էին,– պատմում է Արմենն ու հիշում՝ ինչպես էին բարեկամների բակում հապշտապ կառուցած ազատավանդակում տեղավորած կատուներին նստած նայում ու մտածում՝ ինչ են անելու։ Անելանելի թվացող իրավիճակին լուծում գտնել ի վերջո հաջողվեց Իրինային:
— Տունը բաժանեցինք երկու մասի՝ մի տեղ կատուներն էին, մյուսում՝ ամուսինս ու տղաները։ Ճաշ էի տանում-բերում մի մասից մյուսը, օդափոխում, հավաքում. քանի որ վերցրել էինք մեզ վրա՝ անում էինք էլի:
Երբ կատուների քանակն անցավ 20-ը, Երևանում դիմանալն այլևս անհնարին էր, և կատուների հետ Իրինան էլ վերջնական տեղափոխվեց Դարիկ:

Դարիկ
Դարիկում Իրինայենց ընտանիքը հայտնվել է այնքան վաղուց, որ այն ժամանակ այդ ընտանիքը դեռ նույնիսկ չկար: 1989 թվականն էր, երբ զոովետը (Ագրարային համալսարանի անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը) նոր ավարտած երևանցի Արմենը որոշել էր, որ ուզում է զբաղվել գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Երկար փնտրտուքներից հետո հենց ամբողջովին դատարկ Դարիկում էր գտել իր երազանքների հողը և որոշել այստեղ հիմնավորվել: Իրինան, որ Արմենի հետ էր սովորում համալսարանում, շուտով դարձավ Դարիկում նրա զինակիցը և ապա ընտանիքը: Այստեղ են Իրինան ու Արմենը բնակվում արդեն երեսուն տարուց ավել, այստեղ են ծնվել և մեծացել նրանց երեք զավակները:
— Երազանքս էր, որ կատուներն ազատ ման գան շների հետ մի տարածքում գյուղի մեջ, ու սկզբում այդպես էր,- ցավոք, Արմենի երազած իդիլիան երկար չտևեց, շներն ու կատուներն այդուհանդերձ ընդհանուր լեզու չգտան, և ի վերջո, մարդիկ ստիպված էին կատուներին մեկուսացնել։ Այնուամենայնիվ, ասում են՝ կատուները շատ չեն դժգոհում՝ մաքուր օդն էլ ունեն, ման գալու տարածքն էլ, կանաչն էլ, արևայրուք ընդունելու տեղերն էլ:
Գյուղի միակ ճանապարհը տանում է ուղիղ Արմենի ու Իրինայի տուն: Տան շեմին նստած զրուցում ենք, դիմացը երևում են մի քանի շինություններ՝ գոմերը, փոքրիկ տնակը, որտեղ ապրում են գյուղի՝ Արմենից ու Իրինայի ընտանիքից բացի միակ բնակիչները՝ նրանց երկու աշխատողները, և հորիզոնից հորիզոն լիքը-լիքը բլուրներ, որ կարծես ստեղծված են ավստրիական շորիկով թռվռալու և «Էդելվեյս» երգելու համար: Իրինան հերթով պատմում է գյուղի շինությունների մասին և վերջում ցույց տալիս հեռվում մի կետիկ:
— Իսկ մի քիչ այն կողմ վիշապս ա... գնա՞նք տեսնես։

Դարիկի հյուրընկալ վիշապը
Իրինան պատմում է, որ մի քանի տարի ուսումնասիրել է, թե ինչպես է ճիշտ հետ կանգնեցնել վաղուց ընկած վիշապաքարը: 7 տարի առաջ էլ պետական օրգանների համաձայնությամբ և ներկայացուցիչների վկայությամբ հավաքվել են մոտ 150 ընկերներով և սեփական ուժերով վեր են խոյացրել 4,5 տոննա կշռող 4 մետր բարձրությամբ վիշապաքարը: Ասում է, որ շատ էին վախենում, որ կվնասվի բարձրացնելու ընթացքում, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ ու ոնց որ թե նաև շատ ուրախ:
— Ես բոլոր վիշապներն եմ սիրում,– ասում է Իրինան,– բայց այս մեկին յուրահատուկ, չէ՞ որ նա ինձ ընդունել է այս տարածքում:
Իրինան պատմում է, որ հուշարձանը նաև տարբեր հիվանդություններ է բուժում, բայց միայն այն պայմանով, եթե բուժառուն իրոք հավատում է վիշապաքարի կախարդանքին:


Դարիկը որպես փիլիսոփայություն
Մոտակա քաղաքը Գյումրին է, մոտ երկու ժամ հեռու, մոտակա այլ բնակավայրը՝ երևի մոտ կես ժամ հեռու (չնայած թեկուզ հարթեցված, բայց ամեն դեպքում գրունտային ճանապարհով, թվում է՝ շատ ավելի շատ): Որ ուղղությամբ էլ հորիզոնին նայես՝ բլուրներից բացի միակ բանը, որ կտեսնես, սահմանապահներն են:
Հարցնում եմ՝ արդյոք չե՞ն հոգնում այստեղ մենակ լինելուց։
— Չէ, բոլորովին,– պատասխանում է Իրինան,– այստեղ տեղափոխվելու համար էլ չեմ փոշմանում, Դարիկն ինձ համար ժամանակավոր ապրելատեղ չի, սպառողական վերաբերմունք չունենք Դարիկի հանդեպ, Դարիկը փիլիսոփայություն ա, շատ լուրջ փիլիսոփայություն: Ֆիզիկական աշխատանքն էլ չի հոգնացնում, օրինակ՝ օֆիսում ես չէի աշխատի, դա իմը չի, իմը սա է:
Այնուամենայնիվ, այստեղ, ասում են, ամբողջովին մենակ երկար չես մնա: Դարիկը փիլիսոփայություն է ոչ միայն Արմենի ու Իրինայի ընտանիքի համար, այլ նաև իրենց ընկերների, որոնք հաճախ են հյուր գալիս: Վերջերս նաև հաճախակի հյուրեր են դարձել Արմենի և Իրինայի տղաների ընկերները, իսկ տարին մեկ անգամ այստեղ գյուղական պրակտիկայի են գալիս Վալդորֆյան դպրոցի 7-րդ դասարանցիները: Գալիս են երկու շաբաթ ապրում, հաց թխում, պանիր սարքում, կով կթում, կենդանիներին կերակրում, ջերմոցում կանաչիներ ցանում և գնում հետ քաղաքային փոշին շնչելու: Իրինան ասում է, որ մյուս տարի շատերը նորից հետ են գալիս արդեն ոչ թե դասերի շրջանակում, այլ ուղղակի: Հաճախ գալիս են երեխաները, որոնք ավարտելուց հետո չգիտեն ինչ անել, գալիս են այստեղ մտքերը հավաքում, գնում:


Բոլորին հավասար
Միասին գնում ենք կատուներին կերակրելու, Իրինան հերթով ծանոթացնում է.
— Վանին՝ ամենամեծը, 20 տարեկան, Արաքսը, էն մեկը՝ Ծիրանիկը… Վա՜յ, Անանուխ, դու էլ ե՞ս հղի…
Ինչպես պարզվեց, բոլորն էլ հղի են, ներառյալ Վանի տատիկը։ «Տղաների» վրա էլ ներկով նշաններ են արված, շուտով ծննդաբերելու ժամանակը կգա և նրանց «կանանցից» կառանձնացնեն: Ի՞նչ է անելու ձագերին Իրինան, դեռ չգիտի, ասում է՝ շատ դժվար է իրենցից բաժանվում, անպայման պետք է վստահ լինի, որ ճիշտ ձեռք են ընկնում: Ոմանք վաճառվում և գնում են արտասահման, մյուսներին գնում են Հայաստանից, նրանց կյանքից Իրինան միշտ փորձում է տեղյակ լինել:
Կատուները հավաքվում են Իրինայի բերած ուտելիքի շուրջ: Միաժամանակ օդ խոյացած 10 նարնջագույն պոչիկները շատ խորհրդավոր տպավորություն են թողնում:
Իրինան զբաղեցնում է իր տեղը պատի տակ՝ նստարանի վրա, կատուները կշտանալուց հետո հերթով գալիս են սիրվելու:


Հարցնում եմ՝ արդյոք ինչ-որ մեկին յուրահատուկ ավելի շատ է սիրում.
— Նրանց, ովքեր ինչ-որ պատճառով հաշմանդամ են դարձել, օրինակ՝ պատուհանից ընկած, բայց փրկված, հազիվ քայլող, որ իմ տված կատուներից ինձ վերադարձրել են՝ մտածելով, որ կսատկի՝ դրանք են իմ սիրած կատուները, որովհետև իրանք «դուխ» ունեն, կյանքի հանդեպ ձգտում, պայքար… Դե բայց ես բոլորին եմ սիրում, չեմ կարող ինձ նույնիսկ անվանել կատու կամ շուն սիրող, բոլորին հավասար սիրում եմ, ամեն մեկին յուրովի, ցանկացած շան, ցանկացած կատվի։
Կատուների տարածքի մուտքի մոտ խաղաղ պառկած՝ հանգստանում են Արմենի գամփռները:
Իրինան ասում է որ կենդանիների՝ իր և ամուսնու բաժանումը շատ պայմանական է, ամեն դեպքում ամեն ինչ միասին են անում, ինքն էլ է շներով զբաղվում, ամուսինն էլ՝ կատուներով: Բոլոր կենդանիներով զբաղվում է նաև կրտսեր որդի Վահագը: Ասելով բոլոր՝ նկատի չունեմ շներին և կատուներին: Այստեղ բնակվում են սագեր, բադեր, հավեր, ձիեր, իշուկներ, տարբեր ժամանակներում եղել են նաև այծեր, նապաստակներ և ագռավներ, բայց այստեղ ամեն ինչ փոփոխական է:
Եթե Իրինան կատուների «մայրն» է, ապա Վահագը նրանց մեծ եղբայրն է: Ազատավանդակում դրված փայտյա տնակների հեղինակը հենց նա է, Վալդորֆի երեխաների հետ են պատրաստել: Ասում է, որ երբեմն գյուղի ծանր գործերի ընդմիջումներին գալիս է կատուների մոտ՝ ուղղակի սիրելու:
— Ես շատ ուրիշ ձևի եմ ընդունում Վանա կատուներին, քանի որ հայկական են, հետո ինչքան ինձ հիշում եմ՝ իրանք կան,– պատմում է Վահագը, քանի դեռ կատուներից մի քանիսը պայքարում են իր ուշադրությունը գրավելու համար:
Չկորցնել ժառանգությունը
Դժվար է ասել, թե քանի Վանա կատու է ծնվել և ապրում այժմ զանազան ընտանիքներում Իրինայի, Արմենի ու այժմ նաև Վահագի շնորհիվ, մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ մոտ 1500 փիսիկ այս արդեն գրեթե 30 տարվա մեջ: 2011 թվականին կատվի տարի էր, այդ առիթով Իրինան բացել էր Վանա կատուների պահպանման ֆոնդ, Վանա կատուների ակումբ, տոհմածառերն էր գրում, անձնագրեր էր տալիս կատուների հետ, բայց ասում է՝ հետո հիասթափվեց, հիմնականում հետաքրքրության պակասից և փակեց երկուսն էլ:
Հիմա երազանքը Վանա կատուների պահպանման կենտրոնն է.
— Ուզում եմ, որ մարդիկ գան տեսնեն, ճանաչեն, որ ուրիշ կատու չտեսնեն մտածեն՝ Վանա կատուն դա է, գան սիրեն նրանք, ովքեր ալերգիա ունեն և պահել չեն կարող։ Մարդիկ իրանց ժառանգությունը չեն ճանաչում. հայերը կորցրեցին Ղարաբաղի ձին, կորցրեցին Վանա մրոտ հավին, հիմա էլ գամփռին ու Վանա կատվին կկորցնենք..․


Կատուները, շները, մարդիկ և հույսը
Չնայած Իրինայի երբեմն հոռետեսական տրամադրությանը, Դարիկում հույսը շարունակում է ապրել: Այո, այստեղ չեք տեսնի իդեալական սանրվածքով շների, որ ամեն ամիս գնում են ցուցահանդեսների և լուսանկարվելու համար ճիշտ կանգնելու դիրքերը ձեռքի նշանով են կատարում, փոխարենը կտեսնեք արևի տակ խոտերի մեջ դժվար աշխատանքային օրվանից հետո հանգստացող ամենահայկական աչքերով նրբիկ գամփռին, որին եթե շոյեք, Վահագը կողքից կհուշի, որ նա նախորդ ամիս երկու գայլ է սպանել հոտը պաշտպանելիս: Այստեղ չեք տեսնի վզերին վարդագույն զանգակներ կպցրած սանրած կատուների, որոնք սովոր են բազկաթոռի զարդ լինել, փոխարենը կտեսնեք կանաչներում իրենց բնական հում մսի՝ որսին մաքսիմալ մոտիկ կերակուրները հոշոտող կատուների արկածախնդիր, կայծը չկորցրած աչքերը: Այստեղ վիշապաքարի խիստ հայացքի տակ բնությունը դեռ փորձում է պայքարել կեղծ պրոգրեսի դեմ, այստեղ ոչինչ արհեստական սիրունացրած չէ, ոչինչ չի փորձում թվալ…
Դարիկում շարունակում են ապրել հույսը, Արմենն ու Իրինան, Վահագը, գամփռներն ու Վանա կատուները, ու միայն Վանա տառեխն է, որ այստեղ չկա: Միգուցե ժամերով պատերին նստած, հեռուն նայող կատուները ոչ թե պարզապես տաքանում են արևի տակ, այլ կապուտակ լճի հետքե՞րն են փորձում հորիզոնում տեսնել։