Էներգիայի անսպառ աղբյուր
Մենք մերոնցով

Էներգիայի անսպառ աղբյուր

Սյունիքում հետաքրքիր վայրերի ու երևույթների պակաս, իհարկե, չկա, բայց դա չի նշանակում, որ պետք չէ բացահայտել նորը։ Տարածաշրջանը պատմականորեն ունի կավագործության հարուստ ավանդույթներ։ Դրանց շարունակողներից է վարպետ Վահագն Համբարձումյանը, որի արվեստանոցը Սիսիանում կարող են այցելել զբոսաշրջիկները։

Տեքստը՝ Նայիրի Խաչատուրեան


Լուսանկարները՝ «Իմ Հայաստան» ծրագիր

 

ԵՐԵՎԱՆ #63 | 2020

 

 

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան

Սիսիանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1989 թվականին, որպես Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ, իսկ 1993 թվականին ստացել է ինքնուրույն թանգարանի կարգավիճակ։ Թանգարանը տեղակայված է 1937 թվականին կառուցված շենքում։ Թանգարանի ֆոնդերում պահվում են միայն Սիսիանի տարածաշրջանը ներկայացնող մշակութային արժեքներ։ Թանգարանի ֆոնդը բաղկացած է հնագիտական և ազգագրական նյութերից։ Այստեղ կարելի է տեսնել Զորաց Քարերի կայանատեղիից, Աղիտու, Լոր գյուղերից, Սիսիան քաղաքի տարբեր թաղամասերից պեղածոներ։ Իսկ ազգագրական բաժինը ներառում է տարածաշրջանի գորգարվեստը, ձեռագործը, արհեստները, տարազը։
Թանգարանը նաև հարուստ է տարբեր ժամանակների կավագործական նմուշների հավաքածուով։

 

 

#ՆերքինՏուրիզմ

 

 Համադրող Նայիրի Խաչատուրեանը խոսել է վարպետի հետ իր արհեստի անցյալի, ներկայի ու ապագայի մասին։

 

 

Դուք զբաղվում եք աշխարհի և մարդկության պատմության հնագույն արհեստներից մեկով: Այս գործի շարունակող լինելը որոշակի պատասխանատվություն ենթադրո՞ւմ է։ 


— Իհարկե, և ոչ միայն շարունակելու, նաև հնարավորինս զարգացնելու և վերականգնելու այն, ինչը չի պահպանվել։ Մենք շատ ունենք խեցեգործական բարձրարվեստ և ֆունկցիոնալության բարձր մակարդակի խեցեղեն, որոնք հիմա դուրս են մնացել ուշադրությունից։ Իմ խնդիրը դրանց թե՛ գեղարվեստական, թե՛ ֆունկցիոնալության, թե՛ տեխնոլոգիական առումով վերադարձնելն է մեր ժամանակներ։ 


Հնագույն խեցեգործական աշխատանքները կավե առարկաներ էին (կժեր կամ անոթներ) կամ կավից պատրաստված արձանիկներ: Իսկ դուք բացառապես կիրառական առարկաներ եք ստեղծում: Ինչո՞ւ։


— Ինձ մոտ լավ էր ստացվում նաև քանդակի տեխնիկայով աշխատելը, բայց խեցեգործական հնագույն տեխնիկան ու տեխնոլոգիաները կլանեցին ինձ, ոչ մի տեղ չէի գտնում իրենց մասին մասնագիտական մանրամասն ուսումնասիրություններ, մանավանդ տեխնոլոգիաների ու զարդերի մեկնաբանման տեսանկյունից։ Բայց չէ՞ որ հին ժամանակների խեցեգործները՝ Հայկի սերունդները, դեռևս չորս-հինգ-վեց հազար տարի առաջ արդեն անում էին մի բան, որ մեր ժամանակներում միայն 20-րդ դարի սկզբներին սկսեցին անել՝ համադրել ֆունկցիոնալն ու գեղեցիկը։ Երբ նայում եմ հին ժամանակների աշխատանքները, մարմնովս հաճելի դող է անցնում. նյութի այնպիսի զգացողություն կա, այնքան բարձր ճաշակի մասին են վկայում, այնքան սեր, ակնածանք, վարպետություն կա... Դրանք են պատճառները, որ կլանեցին ինձ ու տարան մի աշխարհ, որի մուտքը հազարամյակների խորքերում է։


Հիշո՞ւմ եք՝ առաջին անգամ ե՞րբ եք փորձել ձեր ուժերը բրուտագործական անիվի վրա: 


— Առաջին անգամ թաքուն եմ փորձել, չգիտեմ ինչու, այնտեղ, որտեղ սովորելու նպատակով աշխատում էի, ինձ թվում էր, որ դեմ կլինեն, եթե աշխատեմ դուրգի վրա, փոքրիկ բաժականման բան ստացվեց, հրաշք կատարվեց, հասկացա, որ դա հետաքրքրության ու սիրո սահմանագիծն էր, մարմնովս սարսուռ անցավ։ Հաճույքն ու վախը խառնվել էին իրար՝ այն վախի նման, երբ սիրահարված պատանին ուզում է խոստովանել սիրած աղջկան իր սերը, բայց վախենում է, որ ոչինչ չի ստացվի։ Հետո հասկացա, որ ինձ ոչինչ չի կարող կանգնեցնել ու հենց այդ օրվանից նախաձեռնեցի իմ առաջին դուրգի պատրաստման աշխատանքները: 

Անիվն ինձ համար էներգիայի անսպառ աղբյուր է, բայց սիրում եմ նաև ձեռքով ծեփել։ Դուրգի վրա աշխատելն ինձ համար նման է կյանքի շրջապտույտի, անիվը պտտվում է և աշխատանքը ծնվում է, հետո, արդեն ձեռքով, սկսվում են մշակման աշխատանքները, սկզբում մշակվում է թաց վիճակում մի քիչ պնդելուց հետո, ապա երկրորդ անգամ՝ ավելի պնդելուց հետո, երրորդ անգամ՝ չորանալուց հետո, որից հետո մտնում է վառարան։ Կախված աշխատանքի հաստությունից՝ թրծվում է իրեն համապատասխան ջերմային ռեժիմով, վառարանից դուրս գալուց հետո, աշխատանքի տեսակին համապատասխան, նորից անցնում է մշակման մեկ կամ մի քանի փուլ, կամ ջնարակվում է ու նորից մտնում վառարան և այլն։

 


Դուք նաև ուսումնասիրություններ եք կատարում անցյալի կավագործական ավանդույթների մասին… 


— Ասել իմ աշխատանքները կապված են հնագույն ավանդույթների հետ, կնշանակի շատ քիչ բան ասել՝ ոչ միայն կապված են, այլ հնագույն կավագործության ավանդույթները կազմում են իմ աշխատանքների հիմքը, ու հենց այդ հիմքի վրա էլ փորձում եմ կառուցել իմ ստեղծագործական, նաև տեխնիկական ու տեխնոլոգիական մասը։ Այո՛, շատ եմ ուսումնասիրել և շարունակ ուսումնասիրում եմ։ Համարում եմ, որ հայկական հնագույն ավանդույթները ներկայիս իմ աշխատանքների հետ կապված են այնքան, որքանով ես իմ ծնողների, կամ երեխաներս ինձ հետ կամ իրենց տատիկ-պապիկների։ Պատկերացնենք ծառ առանց արմատ, կամ թույլ արմատներով, կամ հզոր արմատային համակարգով. մենք ունենք այդ հզոր արմատային համակարգը ու հենց դրա համար էլ անհրաժեշտ է աճել այդ համակարգի վրա ու էլ ավելի հզորացնել այդ համակարգը, քանի որ ամեն նոր ճյուղ աճելիս ծառի վրա իր հետ նաև այդ ճյուղին համարժեք արմատ է ավելանում, որ սնվի այդ ճյուղը։ Ճիշտ եմ համարում սնվել մեր արմատային համակարգից՝ միևնույն ժամանակ հզորացնելով այն։


Ինչպե՞ս է զարգացել ձեր գործունեությունն այն բանից հետո, ինչ ձեր կավագործական աշխատանոցները սկսեցիք անցկացնել որպես զբոսաշրջային փորձառություն: 


— Երբ որոշեցինք զբոսաշրջիկներ ընդունել մեր մոտ, դա որոշ չափով փոխեց մեր արհեստանոցի մթնոլորտը, մի ժամանակ աշխատում էինք մեր և պատվիրատուի համար, բայց հիմա նոր որակներ ձեռք բերելու անհրաժեշտություն առաջացավ, քանի որ արդեն անհրաժեշտ էր արտասահմանցուն ներկայացնել մեր մշակույթի մի կտոր, ու շատ հնարավոր է բավականաչափ տեղեկացված մարդկանց։ Նորից անհրաժեշտություն առաջացավ վերախմբագրել գիտելիքները, թերթել գրականություն՝ զբոսաշրջիկներին լավագույնս ներկայացնելու մեր մշակույթը։ Նաև տարածքի վերանորոգման խնդիր դրվեց: Պահանջարկից ելնելով՝ նաև հայկական խոհանոց ունենալու հարց առաջացավ ու սկսվե՜ց... 

Այստեղ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր գործընկերներին, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին վերը նշվածները կյանքի կոչելու մեր հետ միասին՝ ամենատարբեր տեսակի աջակցություններ տրամադրելով։ Մեր գործընկեր կազմակերպությունները՝ «Իմ Հայաստան» ծրագիրը, որի հետ փորձառությունը փորձառություն սարքեցինք, «Ինտեգրված գյուղական զբոսաշրջություն» ծրագիրը, որի հետ արվեստանոցն արվեստանոց սարքեցինք, ՓՄՁ ԶԱԿ և Եվրոմիության համատեղ ծրագիր, որի հետ խոհանոցը սարքեցինք, «Հայրենիք Միություն», որի հետ սանհանգույցը սարքեցինք։ 

 


Ի՞նչ նշանակություն ունի այս արհեստագործական ավանդույթի ներկայացումը տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներին: Սովորաբար ինչպիսի՞ արձագանքներ եք ստանում մարդկանցից: 


— Արհեստագործությունը հրաշալի ավանդույթներ ունի և արտասահմանցի զբոսաշրջիկներին ներկայացնելն առավել քան կարևոր է։ Մենք համարում ենք զբոսաշրջությունը մշակութային երկխոսության նման մի բան և առիթը պետք է օգտագործել մեր մշակութային խոսքն ասելու և լավագույնս մշակույթը ներկայացնելու։ Մենք դրանով մեր նպաստն ենք բերում մշակույթի միջոցով Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, հետևաբար նաև հզորացմանը։ Իսկ արձագանքները շատ տարբեր են, ու բոլորը դրական: Տեղացի զբոսաշրջիկների մասով ուզում եմ ասել, որ իրենց հետ հետաքրքիր է, հատկապես երբ ուզում են սովորել ու ծանոթանալ իրենց պատմության հնագույն ժամանակների խորհրդանիշներին։


Որտե՞ղ խորհուրդ կտաք ուսումնասիրել կավագործության կարևոր նմուշներ։ 


— Սիսիանի թանգարանում հսկայական թվով հրաշալի աշխատանքներ կան՝ տարբեր ժամանակների։ Հատկապես հավանում եմ մի ծիսական անոթ, որի վրա կա խոյի եղջյուրանման զարդանախշ։ Ծիսանոթը հայտնաբերվել է Զորաց քարերից։ Կան նաև հրաշք աղամաններ ու էլի ամենատարբեր ծիսական ու կենցաղային անոթներ, որոնց ուսումնասիրությունից մեր մշակույթի մասին կարողանում ենք պատկերացում կազմել։