Կենդանիների դիմակահանդես-շքերթ
«Արևորդի» փառատոնի ամենագունեղ միջոցառումներից մեկը կենդանիների դիմակահանդես-շքերթն է։ Մինչ այս տարվա մասնակիցները դեռ պատրաստում են իրենց զգեստները, առաջարկում ենք զմայլվել նախորդ տարիների լուսանկարներով։
Տեքստը՝ Արեգ Դավթյանի
Լուսանկարները՝ «Արևորդի» ՀԿ, FPWC
ԵՐԵՎԱՆ #83
Փառատոնն այս տարի կթիրախավորի կենսաբազմազանության պահպանության թեման՝ հանրությանն իրազեկելով Հայաստանում և աշխարհում կենսաբազմազանության կորստի և դրա կանխման համար անհրաժեշտ քայլերի մասին։
Երիտասարդների շրջանում մտածողություն զարգացնելով կենսաբազմազանության հետ կապված արդիական խնդիրների վերաբերյալ՝ միջոցառումը նաև նպատակ է հետապնդում նրանց շրջանում գործնական հմտություններ ձևավորել թափոնների կառավարման և թափոնին «երկրորդ կյանք» տալու համատեքստում։
Մասնակից խմբերը նախևառաջ պետք է ուսումնասիրեն բնության մեջ վտանգված կենդանա/բուսատեսակները և ընտրելով դրանցից իրենց համար առավել հետաքրքրականները՝ թափոններից ստեղծեն գրավիչ ու բազմերանգ վերամշակված հագուստներ՝ շքերթի ժամանակ դրանցով ներկայանալու համար։
Հաստատությունը կարող է մեկ կամ մի քանի թիմերով ներկայանալ, յուրաքանչյուր թիմ ներկայացնելու է ընտրված բույսի կամ կենդանու մեկ տեսակ: Պաստառի վրա գրված բնապահպանական, ինքնատիպ կարգախոսով և իրենց պատրաստած կերպարներով մասնակիցները մոտ 1,5 ժամ կքայլեն Երևանի կենտրոնական փողոցներով:
Շքերթին մասնակցող ամենից ստեղծարար գաղափարներն իրագործած և լավագույնս ներկայացած թիմը կստանա խրախուսական մրցանակ. անկախ ժյուրին կընտրի լավագույն թիմին, որի անդամների համար կկազմակերպվի երկօրյա բնապահպանական դպրոց՝ ուսուցողական արշավներով, աշխատարաններով ու բազմաթիվ անակնկալներով։
Օրակարգ
• «Կենդանիների դիմակահանդեսշքերթը» տեղի կունենա 2024 թվականի մայիսի 26-ին։
• Մասնակիցների հավաքման վայրը և ժամը՝ Ստեփան Շահումյանի անվան հրապարակ, Շահումյանի արձանի մոտ, 13:00-ին։
• Շքերթի երթուղու մեկնարկը՝ 13:30 վերոնշյալ վայրից։
• Շահումյանի հրապարակից շքերթը կշարժվի դեպի Ս. Շահումյանի պուրակ՝ քայլելով դեպի Հանրապետության հրապարակ։
• Հանրապետության հրապարակում շքերթը կանի երկու շրջապտույտ, և ապա կուղևորվի Ամիրյան փողոց։
• Ամիրյան փողոցով քայլելով՝ շքերթը կուղևորվի դեպի Մաշտոցի պողոտա՝ քայլելով դեպի Միսաք Մանուշյանի անվան պուրակ։
• Միսաք Մանուշյանի անվան պուրակը կլինի վերջին կանգառը, որտեղ տեղի կունենա մինչև 40 րոպե տևողությամբ համերգային ելույթ, որով միջոցառումը կամփոփվի։
• Ավարտ՝ 16:00