«Կենսարար մուտքեր» դեպի Հայաստանի հարավ
Մինչև այս ամսվա վերջ Գորիսում կարելի է այցելել «Կենսարար մուտքեր. բնակեցման հյուսվածքները Խնձորեսկից Տեղ ու Վերիշեն» հավաքական ցուցադրությունը։ Պատմում ենք, թե ինչու այն իսկապես չարժե բաց թողնել։
Տեքստը՝ Սոնա Կարապողոսյանի
Լուսանկարները՝ Էդ Թադևոսյանի
Ցուցադրությանն օժանդակել է ԱՄՆ-ում գործող «Հայկական գորգերի միությունը» և նախագծի շրջանակում հրատարակված երկլեզու գիրքը տպագրվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչ 2023 թ.-ի օգոստոս:
Հունիսի 3-ի առավոտյան «Սասունցի Դավիթ» կայարանի մուտքի մոտ արտասովոր տեսարան էր. հավաքվել էին մի խումբ արվեստագետներ ու մշակութային լրագրողներ` արևային ակնոցով, ուսապարկերով և մեծ ոգևորությամբ, քանի որ մեկնում էին Գորիս: Պատճառը Սյունիքի Վերիշեն գյուղում մեկնարկող «Կենսարար մուտքեր. բնակեցման հյուսվածքները Խնձորեսկից Տեղ ու Վերիշեն» հավաքական ցուցադրության բացումն էր` համադրված ԱՀԱ կոլեկտիվի հիմնադիր Նայիրի Խաչատուրեանի կողմից: Մոտ հինգ ժամ անց բոլորը, այդ թվում նաև Գորիսի և հարակից Վերիշեն, Տեղ ու Խնձորեսկ գյուղերի բնակիչները, արտասահմանցի զբոսաշրջիկներն ու երևանաբնակ արվեստագետները Վերիշենի մշակույթի տան բակում էին ու սպասում էին «մուտքին» դեպի տուն, որտեղ ներկայացված էին մոտ տասը արվեստագետի աշխատանքներ:
Ձոն՝ խնձորեսկցի նախնիներին
Նախագիծը սկիզբ էր առել 2021 թվականի փետրվարին, երբ ապագա ցուցահանդեսի համադրողը` Նայիրի Խաչատուրեանը, հանդիպել էր ապագա ցուցահանդեսի արվեստագետներից մեկին` Դավիթ Քոչունցին, և տեղեկացել, որ վերջինս ստեղծել է ժամանակակից գորգերի էսքիզներ: Դավիթը գորգերի առաջին էսքիզները ստեղծել էր համավարակի օրերին, ապա դադարեցրել պատերազմ մեկնելու պատճառով: Հետպատերազմյան շրջանը առիթ էր դարձել նորից անդրադառնալու և հետազոտելու անցյալի և ժամանակակից իրականության տարբերությունները:
«Գորգերը, խորանները, քարանձավների խորշերը ինձ համար միշտ եղել են առեղծվածային պորտալներ անցյալի և ներկայի միջև, - բացատրում է Դավիթը: - Նախագիծը բարեկամական ժեստ էր` ուղղված իմ ծննդավայրին և նրա ըմբոստ բնակիչներին»:
Այցելելով Դավիթի արվեստանոցը և ուսումնասիրելով նրա էսքիզները` Նայիրին առաջարկեց արտադրել դրանցից մի քանիսը ու քանի որ գաղափարն ու ոգեշնչանքը բխում էր Խնձորեսկից, որոշեց, որ կարպետներն ու գորգերը գործեն հենց Գորիսի տարածաշրջանի գորգագործները։ Վերիշեն գյուղում գործող Արհեստների կենտրոնի ղեկավար Ռուզաննա Տոռոզյանը ոգևորությամբ արձագանքեց նախագծին և կենտրոնի կանայք սկսեցին գորգագործական աշխատանքները:
Դավիթ Քոչունցի գորգերը
Անուշ Դավթյանի «Գորգուղին»
«Դավթի ժամանակակից գորգերի ու կարպետների կենսագործման մոտեցումը` Երևան-մարզ ու արվեստ-արհեստ համագործակցությունը այն էլ այսքան փխրուն աշխարհաքաղաքական համատեքստում լիարժեք ուզում էի ներկայացնել։ Այդ միտումով է, որ հրավիրեցի տարբեր տեխնիկաներով աշխատող արվեստագետների և հետազոտողների, որ մերձենան ստեղծագործական կոնտեքստին, տեղանքին, մարդկանց և իրենց հայացքով անդրադառնան, թե ինչ տարբեր հյուսվածքներով ենք բնակեցնում ու ապրեցնում տարածքը», - շեշտում է Նայիրին։
Այդպիսով, նախագծին միացան Դավիթի կինը` արվեստագետ Անուշ Դավթյանը, և ֆրանսահայ արվեստագետ Մայդա Շավակը, որոնք «վավերագրելու» էին գորգերի ստեղծումն ու Վերիշենի արհեստների կենտրոնի կանանց աշխատանքները: Անուշը ստեղծեց տեսողական պատում, որը սկսում է խոհանոցում, որտեղ Դավիթն աշխատում է էսքիզների վրա 2020 թվականին և ավարտվում է Վերիշենում 2023-ին, երբ կանայք կտրում են գորգի հենքը, ինչը նշանակում է, որ այն պատրաստ է: Վերնագրված «Գորգուղի»` պատումը ձգվում է Երևանից մինչ Սյունիք` հյուսելով նախագծի անմիջական հետագիծը:
Ավանդական գորգագործության ու ժամանակակից դիզայնի միաձուլում
Փխրուն քաղաքական իրականության պայմաններում խնձորեսկցի կանայք աշխատում էին մի նորարարական համագործացության վրա, որը միաձուլում էր ավանդական գորգագործական տեխնիկաներն ու ժամանակակից դիզայնը, և դա ևս պետք էր շեշտադրել, ներկայացնել արվեստի միջոցով: Այս առաքելությունը ստանձնեց Մայդա Շավակը, որը նախագծի ընթացքում մի քանի անգամ կայանեց Գորիսում, Վերիշենում և Տեղ գյուղում, ապրեց կանանց հետ ու ստեղծեց «Պարաններ» շարքը` կտորների վրա ակրիլով արված պատկերներ, որոնք արտացոլում են վարպետների առօրյայի կարևոր դրվագներ:
Ցուցադրված գործերից մեկը Վերիշենից Ստեփանակերտ տանող ճանապարհն է` մետաքսաթելով ասեղնագործված, որը Մայդան ստեղծել է արցախցի երկու կանանց օգնությամբ: «Կանանց հանդիպեցի հունվարին՝ Գորիսի «Միրհավ» հյուրանոցում, որտեղ վերջիններս սպասում էին Կարմիր Խաչին, որ տանելու էր նրանց Ստեփանակերտ», - հիշում է Մայդան: «Ասեղնագործելիս «ճանապարհին» հայտնվող յուրաքանչյուր բնակավայրի փոխարեն հանգույց էինք անում: Արդեն ուշ գիշեր էր, երբ հասել էինք Լաչինի հանգույցին, կանայք ասացին, որ հույս ունեն` վաղը չեն շարունակի ասեղնագործել… Այդպես էլ եղավ, հաջորդ առավոտ Կարմիր Խաչն ուղեկցեց նրանց տուն»:
Մայդա Շավակի շարքը
Տեղանքը՝ որպես արվեստի բաղադրիչ
«Գորիսը, Խնձորեսկը, Տեղը, Վերիշենն ու իրենց քարանձավներն ու շրջապատող քարե անտառն ունեն մարմնականություն և ներգրավված արվեստագետները, որոնք մեծամասամբ ստեղծագործում են 2D մեդիումներում, չէին կարող արտահայտել կենսապատկերի օրգանիկ ծավալայնությունը», - նշում է Նայիրին: Տեղանքի հետ հաղորդակցվեց Անուշ Ղուկասյանն իր «Ծաղիկներ» շարքով` մեծածավալ, կավե անոթներ, որոնք, ամփոփում են տեղի բնապատկերի ողջ մարմնականությունը` սկսած ժայռերից մինչ Սբ Հռիփսիմե եկեղեցու օրգանական ու անկանոն ուրվագծերը: Բացի Անուշ Ղուկասյանի գործերից, ցուցադրության մեջ ներկայացված է նաև Հռիփսիմե Սիմոնյանի Խնձորեսկցի տղամարդու քանդակը: «Հռիփսիմե Սիմոնյանը շատ ակտիվ է եղել տարածաշրջանում 1960-ականներին, երբ խորհրդային իշխանությունները տեղի բնակիչներին ձորից տեղահանում էին հարթավայր. Հռիփսիմեն փորձել է պաշտպանել տեղանքին բնորոշ մշակույթն ու կենցաղը։ Խնձորեսկի շուրջ ստեղծել է բազմազան աշխատանքեր, այդ թվում գրաֆիկական աշխատանքներ, ջրաներկեր, քանդակներ, խեցեգործական աշխատանքներ», - պատմում է Նայիրին: «Ենդոն», քանդակի նախատիպը, պարզվում է` Դավիթ Քոչունցի պապն է` Թևոս Աղամյանը:
Զարմանալիորեն, կամ գուցե ոչ այնքան, «Կենսարար մուտքեր» ցուցադրությունը տեսանելի և անտեսանելի հանգույցներով կապված է տեղանքի անցյալ ու արդի պատմության հետ և ծառայում է որպես այլընտրանքային «մուտք» դեպի բնակավայրի ներկան: Բացի Հռիփսիմե Սիմոնյանի քանդակից, ցուցադրության մեջ ներկայացված են նաև Խնձորեսկ տիպի երկու պատմական գորգեր` մեկը գորգերի հավաքորդ Լևոն Տէր-Պետրոսեանի անձնական հավաքածուից, մյուսը` ստեղծված Քոչունցների տոհմի մեկ այլ ներկայացուցչի` Մանուշակ Քոչունցի կողմից, ով, գործելով գորգը 30-ական թվականներին, նվիրել է այն իր թոռանը` գեներալ Կամո Քոչունցին: Ցուցադրված մեկ այլ բացառիկ նմուշ, որ գտնվել է Գորիսի Երկրագիտական թանգարանում, 1977 թվականին Ռուբեն Բեգլարյանի կողմից ստեղծված հուշամատյանն է, որն ամփոփում է Խնձորեսկի բնակիչների տոհմացանկերը, նրանց մասնագիտությունները, զբաղմունքները և այլ պատմական տվյալներ: Ռուբեն Բեգլարյանը Վերիշենի արհեստների կենտրոնի ղեկավար Ռուզաննա Տոռոզյանի պապն է եղել:
Նախագծի ստեղծագործական թիմը
Հին ու նոր լուսանկարները
Ցուցադրության մեջ ներկայացված են նաև հինգ լուսանկար՝ արված Գուրոսի կողմից, որը 1920-ականներին ազգագրագետ Ստեփան Լիսիցյանի հետ հետազոտական աշխատանքներ է կատարել Գորիսի տարածաշրջանում, լուսանկարել տեղացիների բնակավայրերն ու կենցաղը: Այս ժամանակ Խնձորեսկը տարածաշրջանի ամենամեծ գյուղն էր, ուներ ութ հազար բնակչություն: Հաջորդող տասնամյակների ընթացքում այն անցել է ուրբանիզացիայի երեք փուլ, ինչի մասին հետազոտությունը ևս ցուցահանդեսի մի մաս էր կազմում և ներկայացված էր Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Պատմական ճարտարապետության հետազոտությունն իրականացրեցին Սարհատ Պետրոսյանն ու Գագիկ Խաչատրյանը։ Վերջիններս այդ պահին Ներքին Խնձորեսկում տներ էին կառուցում տեղահանված արցախցիների համար:
Բացի Գուրոսի լուսանկարներից, ցուցադրության մեջ ներառված էին նաև Փիրուզա Խալափյանի աշխատանքները, որոնք ստեղծվել են պատերազմից հետո: «2021-ից սկսած հաճախ էի մեկնում Սյունիքի` արդեն սահմանամերձ դարձած գյուղեր` տեսնելու, թե ինչպես է 2020թ.-ի պատերազմը փոխել տեղի բնակիչների կյանքը: Առաջին գյուղը, որ այցելեցի, Ներքին Խնձորեսկն էր, - վերհիշում է Փիրուզան, - Գիշերեցի մի տանը, որ 17 քայլ է հեռու չեզոք գետուց և ողջ գիշեր բնակավայրը լուսավորված էր ադրբեջանական լուսարձակներով: Այսպիսով, առերեսվեցի նոր իրականությանը և կարծում եմ` այս այցից ստացած տպավորությունը ստիպեց ինձ վերադառնալ Սյունիք»: Հետագայում Նայիրին ընտրեց մի քանի աշխատանքներ «Կենսարար մուտքերի» շրջանակում ցուցադրելու համար` լուսանկարներ, որ երկխոսության մեջ էին մտնում ցուցահանդեսի մյուս նմուշների հետ և դիպուկ արտացոլում դրությունը սահմանին:
Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Համատեղ աշխատանք՝ տեղացիների հետ
Նախագծի ամենասկզբից ԱՀԱ կոլեկտիվի թիմը ցանկանում էր, որ ծրագիրը լինի մասնակցային և ներառական. այս նպատակով մտածեցին մի շարք միջոցառումներ կազմակերպել ցուցադրության շրջանակում, որոնք ներգրավելու էին տեղացիներին: Առաջին միջոցառումը, որ տեղի ունեցավ բացման հաջորդ օրը, արշավ էր Հին Խնձորեսկում, որ տեղանքին հյուրերը ծանոթանային։ Այնուհետև զրույց եղավ արվեստագետների, գորգերի հավաքորդ Լևոն Տէր-Պետրոսեանի, Վերիշենի արհեստների կենտրոնի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանի և հյուրերի միջև։ Օրն ավարտվեց Փիրուզա Խալափյանի բացօթյա լուսանկարչատանը Սբ Հռիփսիմե եկեղեցու բակում, ուր հրավիրեց բոլոր տեղացիներին` անելու ընտանեկան դիմանկարներ: Գաղափարն ընդունվեց ոգևորությամբ և Վերիշենի և շրջակա գյուղերի բազում ընտանիքներ եկան լուսանկարվելու: Մյուս շաբաթ միջոցառում իրականացրեց Մայդան. նա հրավիրեց բոլոր տեղացիներին` անելու նրանց դիմանկարները մեծ կտորների վրա, ապա նվիրեց նկարազարդված կտորներ իր «հերոսներին»: Այդ կիրակի բոլորի լվացքների կողքին կախված էին գունավոր դիմանկարներ և գունազարդում էին ամառային Գորիսը: Գալիք ամսվա ընթացքում թիմը նախատեսում է նոր միջոցառումներ` բացօթյա լուսանկարչատան նոր հանդիպում, քննարկումներ, ֆիլմի ցուցադրություն:
Ամփոփելով դեռևս ընթացող «Կենսարար մուտքեր. բնակեցման հյուսվածքները Խնձորեսկից, Տեղ ու Վերիշեն» նախագիծը` պետք է նշել, որ բացի արտասովոր մշակութային ակտիվություն բերելուց Հայաստանի հարավ, ցուցահանդեսը դարձել է «մուտք» դեպի Խնձորեսկի անցյալ և ներկա և ստեղծել այլընտրանքային հնարավորություն հաղորդակցվելու տեղանքին ու շփվելու տեղացիների հետ: