Կիևյանցիները․ Կիևյան կամուրջի վերանորոգումը [ֆոտոշարք]
Օգոստոսի 15-ին երթևեկության համար կվերաբացվի Կիևյան կամուրջը։ Լուսանկարիչ Էդ Թադևոսյանը մի քանի շոգ օրեր է անցկացրել շինհրապարակում՝ հետևելով վերականգնողական աշխատանքներին։ Իսկ «Պրետոր» ընկերությունը պատմել է ԵՐԵՎԱՆին, թե ինչ աշխատանքներ են կատարվել։
Լուսանկարները՝ Էդ Թադևոսյանի
2026 թվականի հունիսի 17-ից Երևանում ընթանում է Կիևյան կամրջի վերանորոգումը։ Աշխատանքներն իրականացնում է «Պրետոր» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ճանապարհաշինությամբ, կամուրջների, ուղեանցերի ու էստակադաների կառուցմամբ և հիմնանորոգմամբ, ինչպես նաև տարբեր ինժեներական կառույցների սպասարկմամբ։


Կամրջի երթևեկելի հատվածում աշխատանքները սկսվել են հին ասֆալտբետոնե շերտի և դեֆորմացիոն կարերի ապամոնտաժումից։ Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև նախկինում տեսանելի չեղած խնդիրներ՝ վնասված և քայքայված բետոն կամրջի հեծանային հատվածներում և ափային հենարանի պահարանային պատի գլխամասում։ Վնասված հատվածները հեռացվել են, իսկ երկաթբետոնե շերտը վերականգնվել է՝ ամրանավորմամբ։
Վերանորոգման կարևոր փուլերից մեկը դեֆորմացիոն կարերի ամբողջական վերականգնումն է։ Յուրաքանչյուր կարի համար կատարվել է 252 հորատանցք, իսկ ամբողջ կամրջի վրա՝ 2016։ Տեղադրվել և խարսխվել են խարսխաձողեր, պողպատե թիթեղներ, ապա նոր դեֆորմացիոն կարերը։ Դրանց հատվածում կիրառվել է «Ակրիշով» տեսակի պոլիմերային բետոն, որը Հայաստանում օգտագործվում է առաջին անգամ։ Այն նախատեսված է դինամիկ և մեխանիկական ազդեցությունները մեղմելու, անցման հարթությունն ու ամրությունն ապահովելու և մեքենաների անցման ժամանակ հարվածներն ու տատանումները նվազեցնելու համար։ Նյութի կիրառումը պահանջում է հատուկ ջերմաստիճանային պայմաններ, ինչի պատճառով վերջին օրերին աշխատանքներն իրականացվում են նաև գիշերային ժամերին։



Զուգահեռ վերականգնվել են երթևեկելի հատվածի պաշտպանիչ բետոնե շերտերը, քանդվել են հին անվահրիչները, իսկ դրանց փոխարեն իրականացվել է բազալտե բնական քարով երեսպատում։ Մայթերն ամբողջությամբ ջրամեկուսացվել են, անցկացվել են լուսավորության և օպերատորների կաբելային համակարգերի համար նախատեսված նոր խողովակներ։ Լուսավորության սյուները մաքրվել և ներկվել են, իսկ էլեկտրական մալուխները տեղափոխվել են մայթերի տակ գտնվող դիտահորեր։
Առանձին ուշադրություն է դարձվել ջրահեռացման համակարգին։ Վերականգնվել և բացվել են փակված կոյուղագծերը, փոխարինվել են վնասված դիտահորերի կափարիչները։ Կամրջի ամբողջ երկարությամբ տեղադրվել է 76 ջրահեռացման համակարգ։ Ասֆալտի տակ կուտակվող ջուրն ու կոնդենսացիան հեռացվելու են երկկողմանի և երկայնական ուղղությամբ տեղադրված «զամբյուղ» տիպի դրենաժային համակարգի միջոցով։ Ջրահեռացման խողովակների տրամագիծը մեծացվել է՝ ջրի ավելի արագ հեռացման համար։



Կամրջի երկու կողմերում վերականգնվել են նաև արգելափակոցները։ Տեղադրվել են W-աձև արգելափակոցներ, ինչպես նաև նոր ցինկապատ արգելափակոցներ՝ լուսանդրադարձիչներով։ Հին բազալտե երեսպատումը մոտեցումների հատվածներում մաքրվել է ավազաշիթային եղանակով, իսկ հեծանների կոնսոլային հատվածները մշակվել են տիսկոտրոպիկ խառնուրդներով և պատվել հիդրոֆոբացնող նյութով։
Աշխատանքների ավարտական փուլում իրականացվել է ասֆալտապատումը՝ հարթեցնող, 5 սմ ներքին և 4 սմ վերին մանրահատիկ ասֆալտբետոնե շերտերով։ Ասֆալտապատվել են նաև երկու կողմերի մայթերը։



Վերանորոգումն իրականացվում է շաբաթը յոթ օր՝ հիմնականում ժամը 08։00-ից 20։00-ը, իսկ վերջին փուլում՝ շուրջօրյա։ Ըստ աշխատանքային ծրագրի՝ երթևեկելի հատվածը նախատեսվում է բացել օգոստոսի 15-ին՝ սկզբնապես նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն։
Երթևեկության բացումից հետո աշխատանքները չեն ավարտվի։ Նախատեսվում է շարունակել հենարանների վնասված հատվածների մաքրումն ու վերականգնումը, քայքայված ամրանների մշակումը, կամարային և այլ հատվածների մշակումը տիսկոտրոպիկ խառնուրդներով ու հիդրոֆոբացնող նյութերով։ Այս աշխատանքները հնարավոր կլինի իրականացնել արդեն առանց կամրջի երթևեկելի հատվածը փակ պահելու։