Կինոյի կադր
Ֆոտո

Կինոյի կադր

Լուսանկարիչ Վահան Ստեփանյանը, որը տարիներ շարունակ լուսանկարում է Ոսկե ծիրանի հռչակավոր հյուրերին, պատմում է, թե ինչպես իրանցի Աբբաս Քիառոստամին սկզբունքորեն չհանեց արևային ակնոցը, իսկ կորեացի Լի Չան-դոնը լուսանկարվեց Աֆրիկյանների շենքում։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի


Լուսանկարները՝ Վահան Ստեփանյանի


ԵՐԵՎԱՆ #55, 2019

#ՈսկեԾիրան

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

Էս շարքը սկսվեց նրանից, որ Երևան եկավ հոլանդացի կինոգետ Պիտեր վան Բուրենը, որը պիտի աշխատեր փառատոնային թերթի վրա։ Մի կողմից՝ ինքն էս բոլոր թույն դեմքերին անձամբ գիտեր, մյուս կողմից էլ շատ ոգևորված էր ու բոլորին փորձում էր փոխանցել էդ ոգևորությունը։ Ինձ ասում էր՝ «արխային գնա նկարի, պիտի շատ բոց նկար ստանաս, որ շապիկին տպենք» և այլն։ Դա շատ օգնեց հասկանալու, թե ինչքան հեշտ կարելի ա շփվել ու աշխատել նույնիսկ ամենամեծ ռեժիսորների հետ։

 

Որպես կանոն՝ բոլորի հետ նախապես պայմանավորվում էինք, փոքր ստուդիա էի կազմակերպում Golden Tulip — ում, որտեղ անցնում էին կոնֆերանսների ու հանդիպումների մեծ մասը։ Ի դեպ, էդ բոլոր պայմանավորվածությունները ստանալու համար ինձ միշտ օգնում էին Ծիրանի մեդիայի բաժնի երեխեքը՝ մի քանի հոգի էս ընթացքում փոխվել ա, ու բոլորի հետ վերջում դարձել ենք մտերիմ ընկերներ։

 

Ֆաթիհ Աքին

 

Ճիշտ ա, Պիտերը ոգևորում էր ու դու էլ փորձում ես հասկանալ, որ բոբոներ չեն դիմացդ, բայց էս մարդկանց նկարելը հատկապես բարդանում ա նրանով, որ իրանք վիզուալ արվեստներից են ու փակ աչքերով տեսնում ու հասկանում են քո դրած լույսը, կառուցած կադրերը և այլն։ Դրանից ավելի ես լարվում, իսկ լարվածությունը ոչ մի լավ բանի չի բերում։ Բարեբախտաբար, փորձի հետ էդ անցնում ա, գումարած՝ հերոսները հաճախ իրանք են օգնության գալիս։ Օրինակ՝ Ֆաթիհ Աքինին պիտի հինգ րոպե նկարեի, բայց մեկ էլ պարզվեց, որ ուսումնասիրել, տեսել ա իմ նկարները ու առաջարկեց ավելի երկար ժամանակ անցկացնել, որ հետո էլ ինքը կարողանա էդ նկարները ուրիշ տեղ օգտագործել։ Նույնը եղավ Սերգեյ Սոլովյովի հետ ու էլի մի քանիսի։ Շատ խոխմ ա, որովհետև ստացվում ա՝ մինչև ստեղ գալը էդ խեղճ մարդիկ իրանց ձեռի տակ սեփական դեմքով նորմալ պորտֆոլիո չեն ունեցել։

 

Լի Չան-դոնին նկարեցինք հյուրանոցային ստուդիայում, հետո ասեց, որ շատ կուզեր քաղաքը տեսնել։ Առաջարկեցի դուրս գանք, պտտվենք։ Շատ հավես շարք եղավ Աֆրիկյանների ակումբի շենքում։ Կաննում մի քանի տարի հետո բռնացրեցի, ընդ որում՝ գորգի վրա ինչ-որ բրեդփիթոտ մեծ աստղեր էին, ինքն էլ աննկատ անցնում էր, գոռացի, կանչեցի՝ հիշեց, գրկվեցինք։ Հուզիչ էր։

 

Աբբաս Քիառոստամի

 

Լի Չան-Դոն

 

Կաննում նաև Քիառոստամիին էի հանդիպել։ Դրանից մի քանի տարի առաջ նկարել էի իրան Երևանում։ Ես շատ տարբեր պատճառներով չեմ սիրում նկարել ակնոցով մարդկանց, իսկ ինքը սկզբունքորեն չէր հանում։ Բայց ես դրա մասին չգիտեի։ Սովորականի պես խնդրեցի, ինքն էլ իր խորհրդավոր հանգստությամբ ասեց՝ ես ակնոցս չեմ հանում։ Ստիպված համակերպվեցի։ Կաննում որ հանդիպեցինք, ինքը ինձ հիշեց ու համարյա արդարանալով ասեց՝ տես, ստեղ էլ չեմ հանում։

 

Էգոյանը հաճախ էր գալիս, ես էլ անընդհատ փորձում էի լավ պորտրետ ստանալ՝ ի վերջո, ինքը Ծիրանի համար շատ կարևոր դեմք էր, մեր պարծանքն ա՝ վերաբերմունքը մի փոքր ուրիշ էր։ Առաջին երկու փառատոներին ստացած կադրերը դուրս չէին գալիս, դրա համար երրորդ անգամ մոտեցա, բացատրեցի։ Ինքն էլ համաձայնվեց, որ արժի կրկին փորձել ու մի քիչ ավելի շատ ժամանակ տրամադրել։ Էս մեկից գոհ եմ։

 

Ատոմ Էգոյան

 

Կիմ Կի-Դուկ

 

Հյուզ ախպերներից մեկն էր եկել` Ալբերտը։ Չեմ հիշում ինչ պատճառով՝ առանձնապես չէր ուզում նկարվել։ Բայց համաձայնվեց, երբ տեսավ վրայիցս կախած պալառոիդը։ Ասեց՝ ոնց ուզում ես, կնկարվեմ, բայց էն պայմանով, որ պալառոիդով հատուկ մի կադր իմ համար անես։ Արդյունքում պալառոիդների շարքիս մեջ միակ դեպքն ա, որ ոչ թե մեկ, այլ երկու կադր ա․ իմ օրինակի վրա ինքն ա ստորագրել, իր օրինակի վրա՝ ես։

 

Ալբերտ Հյուզ

 

Ուլրիխ Զայդլ

 

Էսքան նկարվածներից բոլորի ֆիլմերի հետ էլ ծանոթ եմ, բայց քչերի գործերն եմ իսկականից սիրում։ Ուլրիխ Զայդլն էդ քիչ ռեժիսորներից էր։ Բացի դրանից, ինքը նաև լուսանկարիչ ա։ Մի տարի հետո Սլովակիայում մեծ ֆոտո փառատոն էր ու գլխավոր ցուցահանդեսներից մեկն իրենն էր։ Հանդիպեցինք, շփվեցինք, զարմացանք, թե ինչ փոքր ա աշխարհը, որ ես ու Զայդլը իրար այ սենց տարբեր տեղերում հանդիպում ենք։

հավելյալ նյութեր