Կինոյից այն կողմ․ Փարաջանովն ու նորաձևությունը
Ի պատիվ հայ կինովարպետ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին՝ ավելի քան 40 հայ դիզայներներ կցուցադրեն բացառիկ ստեղծագործություններ՝ ոգեշնչված արվեստագետի հավերժական արվեստով։
Աղբյուր՝ Նորաձևության և Դիզայնի Պալատ
Մայիսի 18-31-ը Սերգեյ Փարաջանովի թանգարանը կներկայացնի «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսը, որը նախաձեռնել է Նորաձևության և Դիզայնի Պալատը Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ: Ցուցահանդեսը խոստանում է լինել մեծարանք «Նռան գույնը» և «Մոռացված նախնիների ստվերները» գլուխգործոցների հեղինակին: Ինչպես հուշում է վերնագիրը՝ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսը միաձուլում է 20-րդ դարի հայկական արվեստը ժամանակակից նորաձևության հետ՝ հնարավորություն տալով հայ դիզայներներին վերափոխել թանգարանը հեղինակային զգեստների և աքսեսուարների, որոնք արտացոլում են Փարաջանովի արվեստը: Ցուցահանդեսը հրավիրում է այցելուներին՝ խոստանալով անմոռանալի տպավորություններ:
Ցուցահանդեսը հրաշալի հնարավորություն է նաև հայկական նորաձևությունը ներկայացնել արվեստի համադրությամբ, ինչպես նաև հետաքրքրություն առաջացնել հայ դիզայներների և հայկական արտադրանքի նկատմամբ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների շրջանում: Այսպիսով, կխթանվի հայկական արտադրության ապրանքների սպառումը և նորաձևության ոլորտը, որի պոտենցիալը հսկայական է մեր երկրում:
Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր hատվածի գարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ։