«Կինը և խորհրդային Երևանի տնտեսությունը»
Ցուցահանդես

«Կինը և խորհրդային Երևանի տնտեսությունը»

Նոր ցուցադրություն Երևանի պատմության թանգարանում։

Լուսանկարները՝ Երևանի պատմության թանգարան

Մարտի 8-ից՝ կանանց տոնի առթիվ, Երևանի պատմության թանգարանում կբացվի «Կինը և խորհրդային Երևանի տնտեսությունը» ցուցադրությունը։ 

 

Թանգարանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ 

Խորհրդային իշխանության տարիները Երևանի համար տնտեսական հաջողությունների ժամանակաշրջան եղան: Մայրաքաղաքը աստիճանաբար դարձավ թեթև, սննդի, իսկ ավելի ուշ՝ նաև հանքային, ծանր և քիմիական արդյունաբերության կենտրոն: Արդյունաբերական որոշ ճյուղերի համախառն արտադրանքով Երևանը Խորհրդային Միության տնտեսական համակարգում գրավում էր առաջնային տեղերից մեկը: Արտադրանքը արտահանվում էր միության մյուս հանրապետություններ և արտասահմանյան երկրներ: Մեծ պահանջարկ էին վայելում հատկապես Երևանում արտադրված կոնյակը, գինին, ծխախոտը, կոշիկները, գորգերը և այլն:

 


Ձևավորված ավանդույթի համաձայն, արդյունաբերական ձեռնարկություններն իրենց արտադրանքի առաջին նմուշներից նվիրում էին Երևան քաղաքի պատմության թանգարանին: Դրանցից կազմավորվեց թանգարանի հավաքածուի արտադրական ֆոնդը, որի մի մասը ներկայացված է նշված ցուցահանդեսում: Այցելուներն այստեղ կտեսնեն գինու կոմբինատի և կոնյակի գործարանի (1953-1991թթ. այս գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը), ծխախոտի կոմբինատում արտադրված գլանակների, սովորական և ֆիլտրով բարձրորակ մակնիշի սիգարետների, կոշիկի «Մասիս» արտադրական միավորման, ժամացույցի գործարանի արտադրած զարթուցիչների, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցների, կարի «Գարուն» արտադրական միավորման, հախճապակու գործարանի ազգային բովանդակությամբ, Գեղարվեստական կոմբինատի և «Հայգորգ» արտադրական միավորման արտադրանքներից:


Երևանի տնտեսության մեջ նշված ժամանակաշրջանում անփոխարինելի դերակատարություն են ունեցել կանայք, ուստի այս ցուցահանդեսում ներկայացված են այն ցուցանմուշները, որոնք պատրաստվել են նրանց կողմից:

 

Ցուցահանդեսում, բացի թանգարանային առարկաներից, լեդ էկրանով նախատեսվում է ցուցադրել վերոհիշյալ ժամանակաշրջանին վերաբերվող փաստա-ավերագրական ֆիլմ, ինչպես նաև վահանակների վրա տպագրված նյութեր թանգարանի լուսանկարների հավաքածուից: