Շատ կարգապահ սիրահարները «Վստրեչի» կամրջի մոտ
Համբույր 2020․ Երևանի ամենամեծ սթրիտ-արտը, որին այդքան էլ կողմ չէին շենքի բնակիչները։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ Արման Ստեփանյանի արխիվից
Look ամսագրի շապիկը, օգոստոս 1937թ․
Երևանի մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանից Շենգավիթ կայարան ճանապարհին հայտնի «Վստրեչի» կամրջի մոտ ուշադիր եղեք պատուհանից դուրս նայելիս։ Բնակելի շենքերից մեկի պատին հսկայական (140մ քառ․) սթրիթ-արտ է հայտնվել՝ «Kiss 2020» անվանմամբ։ Պատկերված «անամոթները» համբուրվում են բոլորի աչքի առաջ։ Դե լավ, ոչինչ, դիմակներով են։ Երևանը փորձել է պարզել, թե դա ինչ է ու ինչպես է հայտնվել այդտեղ։
Սթրիթ-արտի հեղինակը միջավայրի դիզայներ Արման Ստեփանյանն է, ով իր գաղափարն իրականացրել է Awesome Foundation Yerevan-ի աջակցությամբ։ Սա մի անկախ խումբ է, որ նվիրված է մեր իրականությունն ավելի լավը դարձնող գաղափարների աջակցման գործին և յուրաքանչյուր ամիս տրամադրում է 1000 ԱՄՆ $-ին համարժեք փոքր դրամաշնորհ՝ տվյալ ամսվա հաղթող նախագծին։
Արմանի նախագիծը մտածված էր վաղուց, սկսվեց պատերազմն ու Արմանը հրաժարվեց իր մտքից։ Սակայն ընկերները ոգեշնչեցին, համոզեցին անպայման իրականացնել գաղափարը։ Արմանը երկար է մտածել պատկերի շուրջ, ինչ անել ու ինչ նկարել։ Նրան, ինչպես և բոլորիս ողջ տարի անհանգստացնում էր համավարակը, որը ըստ նրա հեռացնում է մարդկանց իրարից։ Սակայն Արմանը վստահ է, որ սիրո համար ոչ մի խոչընդոտ լինել չի կարող, ահա թե ինչու ընտրվեց հենց այս պատկերը։
Ուսումնասիրելով այս շրջանի սթրիթ-արտի միջազգային փորձը, հասկացավ, որ ճիշտ ճանապարհին է։ Թեման հաճախ է արծարծվել ի դեմս Ռենե Մագրիտի, Գուստավ Կլիմտի և այլ հայտնի «համբույրների» վերարտադրոթյուններով։ Սիրահար զույգը համբուրվում է, չնայած որ դիմակներով՝ պահպանելով համավարակի կանոնները։ Պետք էր պատկեր, որը կարձանագրեր համավարակը՝ որպես համաշխարհային պատմական իրադարձություն ու միևնույն ժամանակ կմիավորեր մարդկանց սիրո գաղափարի շուրջ։
Որպես հիմք ընտրվեց 1937 թվականին՝ գրիպի համաճարակի ժամանակ թողարկված «Look» ամսագրի շապիկը, որտեղ պատկերված էին դերասաններ Բեթի Ֆերնեսն ու Սթեյնի Մորտոնը։ Արմանը երկար շրջել է Երևանում, դիտարկել բոլոր շենքերն ու բոլոր պատերը, ու ինչպես նկարիչը կտավ է ընտրում, այնպես էլ ինքը ի վերջո գտավ ամենահարմար պատը, որը երևում է թե՛ մեքենայով ու թե՛ մետրոյով անցնելիս։ Կամուրջն ու «Վստրեչնն» էլ էլ ավելի խորհրդանշական են դարձնում սիրահարների հանդիպման վայրը։
Բայց, ամեն բան այդքան հեշտ ու հարթ չընթացավ։ Եղան բնակիչներ, որոնք չհավատացին Արմանի բարի մղումներին։ Որորշ դավադրապաշտներ նույնիսկ ստորագրահավաք ձեռնարկեցին ընդդեմ նոր սթրիթ-արտի, ոմանք էլ փորձում էին խանգարել առանց այն էլ դժվար աշխատանքին՝ դատարկ շշեր ու ծխախոտի մնացորդներ նետելով պատուհանից։ Իհարկե՝ այս մասշտաբի սթրիթ-արտը անհնար կլիներ իրականացնել առանց վերամբարձ կռունկի։
Գաղափարները շատ են։ Սա նկարչի առաջին մեծամասշտաբ աշխատանքն է, բայց վստահ է, որ վերջինը չէ։