Kitchen-ի ներքին խոհանոցը
Ռեյվ

Kitchen-ի ներքին խոհանոցը

Kitchen Recordings լեյբլը հիմնադրվել է 2015 թվականին և այս տարիներին հասցրել է Երևանից դուրս գալ միջազգային ասպարեզ։ Մինչ այժմ այն թողարկել է 50-ից ավելի արտիստների 121 ռելիզ։ Երաժիշտներն ամբողջ աշխարհից են, իսկ ժանրերը՝ պրոգրեսիվ հաուսից մինչև օրգանիկ հաուս և մելոդիկ տեխնո։ Լեյբլի հիմնադիրների հետ փորձում ենք պարզել Kitchen-ի ներքին խոհանոցը։

Տեքստը՝ Անի Յավրենցի


Լուսանկարները՝ Հարություն Մալխասյան, Kitchen Recordings

 

#Ռեյվ

Երկու տարի առաջ ծանոթացա Վարդանի (Dale) հետ, որի մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ ինքը դառնալու է իմ անվերջ հարցուպատասխանների միակ աղբյուրը։ Նստում էինք, պատմում էր 90-ականների քլաբբինգից, թվարկում էր անուններ ու քլաբեր, որ մնացել են մենակ իր հիշողություններում։ Էս անգամ մեր մշտական զրույցներին միացան նաև Լևոնն (Leon Gris) ու Մանուկը (Deep Danny) ու փորձեցինք վերհիշել կյանքը Kitchen Recordings-ից առաջ ու հետո։

 

 

 

Բոլորն ազատ են

- Հիշում ե՞ս՝ Rozalla-ն երգ ուներ՝ Everybody is free, - Վարդանը միացնում է 93 թվականի ուրախ պարային հիթը, մի երկու վայրկյան ժպտում (հավանաբար հիշելով սեփական 90-ականները) ու շարունակում, - էդ երգը շատ էր տպավորվել, ինձ թվում ա առաջիններից էր, որ արդեն պատանեկան տարիքում կասետի տեսքով ձեռք բերեցի։ Դրանից առաջ դե պապայի վինիլների ու կասետների հաշվին էի ապրում, բայց մեջն ընդամենը երկու հատ էլեկտրոնային կար՝ ֆրանսիական Space-ն ու սովետական Zodiac-ը։

 

Հայրական վինիլներից հետո արդեն Երևանի առաջին ակումբներն էին՝ «Նոստալջին», «Կասկադը», «Զելյոնին», «Ռելաքսը», «Դվինը», «Տորնադոն», «Նկուղն» ու դրանցում ձևավորված դիջեյների, արտիստների ու պարզապես տժժացողների ամուր ընտանիքը։ Այնտեղ բոլորն ազատ էին ճիշտ Ռոզալլայի երգի պես։ Վարդանն առաջին անգամ էդ ընտանիք մտավ իր ընկեր Արտյոմի միջոցով, որն ապագա Դեյլին ծանոթացրեց «Նոստալջիի» Հարութի (նույն ինքը՝ DJ Չիպ) հետ ու պայմանավորվեց, որ էնտեղ նվագել սովորի։ Սովորելը եղավ, հետո եղավ նաև նույն ակումբում նվագելը։ 

 

- Հիշում եմ՝ առաջին անգամ ոնց նվագեցի, - ասում է Հայաստանի ամենափորձառու դիջեյներից մեկ,․ - Հարութն էդ օրը հատուկ չեկավ գործի, որ ես ինքնուրույն կառավարեմ ու ինձ ավելի վստահ զգամ։ 

  

Ակումբային ծանոթություններ

Ինչպես լիքը ուրիշ բաներ Դեյլի կյանքում, այս կարևոր ծանոթություններն էլ տեղի են ունեցել ակումբում։ Ավելի ստույգ՝ «Կամիում»։

 

- Փլեյի հետ նստած էինք, խառը խոսում էինք, Մանուկն եկավ, պատմեց, որ մյուզիք ա գրում ու նվագում, ծանոթացանք ու էդ օրվանից ընկերացանք։ Իսկ Լևոնի հետ՝ էլի «Կամիում», ծանոթացրեց արդեն Միտոյան Արմանը («Կամիի» հիմնադիրը) ու ասեց՝ «կարգին տղա ա, շատերի նման բառադի չի»։ Ճիշտ էր ասում։ 

 

Վարդանի պատմածներից միշտ մտածել եմ, որ 90-ականների քլաբերում ինչ-որ առանձնահատուկ ջերմություն կար, մի քիչ ուրիշ ձև էին ընկերություն անում, ուրիշ ձև էին երաժշտություն լսում։ Կամ ուղղակի լավ ա պատմում, չգիտեմ․․․

 

Վարդան Բաբայանը (DJ Dale), Մանուկ Մանուկյանը (Deep Danny) և Լևոն Դավթյանը (Leon Gris)

 

Դավիթ Սահակյանն ու Kitchen-ի ռելիզների նկարազարդումները

 

Նաև ինտերնետ չկար, իսկ դա արդեն հսկայական տարբերություն է մեր օրերի հետ։ Հիմա դժվար էլ է պատկերացնել՝ մարդիկ եսիմորտեղից պեղած CD-ները, վինիլները հավաքում, միասին լսում էին, կամ իրար փոխանցում։ Իսկ լսարանն ուներ իր սիրած երգերը, մարդիկ գալիս սպասում էին, թե երբ են դիջեյները հենց էդ երգը միացնելու, որ պարեն։

 

2007 թվականին Դեյլը Փլեյի հետ հիմնեց Հայաստանի DJ-ների ասոցացիան, որը զբաղվում էր կրթական և սոցիալական գործունեությամբ, ինչպես նաև DJ-ներ պատրաստելով, որտեղ դասավանդում էին  DJ Էքստրիմն ու Դեյլը։ Մի խոսքով, մոտավորապես էսպես էլ սկսվեց ու հետագայում դարձավ նաև կենսակերպ՝ երաժշտության ու քլաբբինգի ճանապարհը։ 

 

Արդեն 2012 թվականին Լևոնն ու Մանուկը ձևավորեցին SUPACOOKS դուոն։ Սուպեր խոհարարների (եթե շատ բառացի թարգմանենք անվանումը) երաժշտությունը ձգվում է պրոգրեսիվ հաուսից ու դիփ հաուսից մինչև մելոդիկ տեխնո։ Եվս երեք տարի անց պարզ դարձավ, որ հասունացել է նոր կարևոր քայլ։ Եվ այդ քայլը սեփական լեյբլի ստեղծումն էր։ 

 

Այդպես ծնվեց Kitchen Recordings-ը, որի գործունեության երկրորդ տարում թիմին որպես իվենթ մենեջեր միացավ նաև Վարդանը (Մանուկն իր հերթին զբաղվում է արտիստների ու ռեպերտուարի մենեջմենթով, Լևոնը լեյբլ մենեջերն է):

 

 

 

 

 

Լեյբլի կարևորությունը բոլորի համար

Kitchen-ի հիմնադիրները վստահ են, որ երկրի տնտեսական և մշակութային կյանքը բարելավելու, ինչպես նաև զարգացնելու և ուշադրություն սևեռելու գործիքներից մեկն էլեկտրոնային երաժշտությունն է։ Իսկ այդ ոլորտում մրցունակ լինելու, ճանաչվելու և որպես մշակութային երկիր ձևակերպվելու համար անհրաժեշտ է ունենալ նաև մրցունակ լեյբլ, որը կգեներացնի, կստեղծի, կհղկի մրցունակ արտիստների։

 

Լևոնը պատմում է, որ աշխատանքային վազքի մեջ երբեմն դժվար է հասկանալ ու տեսնել աշխատանքի արդյունքը և գիտակցել համաշխարհային լսարանի վերաբերմունքը լեյբլին։ 

 

- Մենք էստեղ մի քիչ լճացած վիճակում ենք ու չենք զգում, թե իրականում ինչքան ենք աճել, հետո մենք երևի ինչ-որ տեղ թերագնահատում ենք ինքներս մեզ, - խոստովանում է Kitchen-ի համահիմնադիրը։ - Իրականում մեծ ներուժ կա Հայաստանում, կան շատ տաղանդավոր արտիստներ, որոնք ոչնչով չեն զիջում միջազգային ճանաչում ունեցող շատ դեմքերի։

 

Վարդանը հավելում է, որ արդեն իսկ քանդվում են սահմանները, որոնք ստեղծվել են դրսի ու ներսի շուրջ, ինչը, իհարկե, շատ կարևոր է ու արտիստի աշխատանքի ամենատեսանելի արդյունքներից մեկն է։ Թեև շատերը համեմատության մեջ թերագնահատում են լոկալ արտիստներին, սակայն կարևոր է գիտակցել, որ գրեթե բոլոր իվենթների վերջում հնչում է արդեն թևավոր դարձած մեկնաբանությունը՝ «արա, դե մերոնք ուրիշ են, էլի»։ 

 

Դե իսկ Kitchen Recordings-ին ու Supacooks-ին միջազգային շուկայում արդեն լավ գիտեն և հաճախ են ստանում մեկնաբանություններ, որտեղ նշվում է, որ պատիվ է իրենց մոտ թողարկվելը։ Սրանք բոլորը հաջողություններ են, որոնք հպարտանալու տեղիք են տալիս ոչ միայն Kitchen-ի տղաներին, այլ նաև բոլորիս։ 

 

Լեյբլի առկայությունն առավել մեծ կարևորություն ունի արտիստի կյանքում։ Դեյլը բացատրում է պատկերավոր․

 

- Որպես օրինակ կարող ենք վերցնել ինչ-որ X արտիստի, որը ցանկանում է հրապարակել իր երաժշտությունն ինչ-որ Y հարթակում։ Այստեղից ավելի լայն լսարան ձևավորելու ու դուրս գալու համար անհրաժեշտ է, որպեսզի արտիստը հայտնվի որևէ խոշոր խանութում, օրինակ՝ Beatport-ում, ինչն անհնար է առանց լեյբլի միջամտության։ Այսինքն՝ արտիստի համար ավելի բարդ կլինի հայտնվել աշխարհի երաժշտության օվկիանոսում, եթե նա չի համագործակցում որևէ լեյբլի հետ։ Այս համատեքստում լեյբլի առաքելությունն արտիստի համար ճանապարհ հարթելն է։ 

 

    

Լեյբլի ռելիզները թողարկվում են հատուկ պատրաստված վիզուալներով

 

 

«Պատի հենքը» իվենթների շարքը Kitchen-ի այցեքար-տերից մեկն է

 

 

Պատկերավոր մյուզիք

Kitchen Recordings-ն ունի արդեն 121 ռելիզ, որոնցից վերջին 21-ն ունեն ոչ միայն պարզապես շապիկի նկար, այլ հատուկ այդ երաժշտության համար ստեղծված թվային արտ։ Համագործակցությունը երիտասարդ ու խոստումնալից նկարիչ Դավիթ Սահակյանի հետ արդեն իսկ հիացնում է շատերին։ Ստեղծված 21 աշխատանքների մասին Դավիթը պատմում է․ «Չէի կարող անել մի բան, որ պարզապես ինձ է դուր գալիս, նկարը պիտի համապատասխաներ երաժշտությանն ու դա շատ պարտավորեցնող էր։ Պետք էր յուրաքանչյուր նոր ռելիզի հաղորդել նաև վիզուալ տեսք ու էսթետիկ արժեք տալ։ Դա մի ամբողջ ճանապարհորդություն էր ինձ համար, յուրաքանչյուր ռելիզ իր հետ նոր ու տարբեր պատկերներ էր բերում»։

 

Լեյբլի զարգացման գործում մյուս կարևոր գործիքն իվենթներն են, որոնք դարձնում են այն ավելի ճանաչելի և ստեղծում հնարավորություն լայնացնելու լսարանն ու հասանելի լինել ավելի մեծ զանգվածների համար։ Դա էլ իր հերթին լեյբլն ավելի ցանկալի է դարձնում այլ արտիստների համար։ «Պատի հենքի» տիպի ծավալուն իվենթները մեծացնում են հետաքրքրությունն ու վստահությունը երկրի երաժշտական ոլորտի հանդեպ, իսկ դրսից ժամանած արտիստի դրական փորձառությունը ձևակերպում է երկրի դրական կերպարն աշխարհի տարբեր կետերում։

 

Ահա այսպես, հին ու բարի 90-ականներից հասանք 21-րդ դարի երրորդ տասնամյակ։ Դժվար թե այն ժամանակվա սկսնակ դիջեյները պատկերացնեին, թե ուր կհասնեն իրենք շնորհիվ սիրո ու նվիրվածության` երևանյան փոքր ակումբներից մինչև 2000 հոգանոց մեծ իվենթներ ու միջազգային ճանաչում ունեցող լեյբլ։ Եվ սա դեռ ճանապարհի սկիզբն է, վստահ են Kitchen-ի հմուտ խոհարարները։  

 

հավելյալ նյութեր