Կոնդենսացված փառատոն
Կոնդ

Կոնդենսացված փառատոն

ԿՈՆԴենսացված /«Kondensé / Kondensiarte Diversität»/ խորագրով փառատոնը Կոնդի փողոցներում համախմբել էր մի խումբ արվեստագետների ու լիքը երևանցիների։ 

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Goethe-Zentrum Eriwan

#Կոնդ

17-րդ դարում ձևավորված Կոնդ թաղամասում են գտնվում Երևանի ամենահին տները, որոնց գոյությունն այսօր սպառնալիքի տակ է: Կարևորելով այս ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, օրինակ՝ պարսկական ճարտարապետության նմուշները, 1687-ին կառուցված մզկիթի ավերակներն ու էլի շատ բաներ, Ֆրանսիայի դեսպանությունը և Գյոթե կենտրոնը, համագործակցելով համալսարանների, հասարակական կազմակերպությունների և մշակութային օպերատորների հետ, ԿՈՆԴենսացված /«Kondensé / Kondensiarte Diversität»/ խորագրով փառատոնի շրջանակում հուլիսի 5-ից 11-ը ներկայացրեցին մշակութային և գիտական միջոցառումների շարք:

 

 

 

 


Լիքը մարդ՝ Ռուսթավելի փողոցում

Փառատոնի ծրագիրն իսկապես շատ հագեցած էր։ Կոնդի թիվ 23 դպրոցի բակում՝ Ռուսթավելի 17 հասցեում տեղի ունեցան ֆրանսիական և գերմանական անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ, անցկացվեց արվեստի ճամբար, որտեղ կային գրաֆիտիի, շաբլոնների, մետաքսագրություն, անիմացիոն ֆիլմերի հերոսների ստեղծման, երաժշտական գործիքների պատրաստման աշխատարաններ, Կոնդի և ճարտարապետության շուրջ քննարկումներ, փակման համերգ և «Կոնդը տարբեր դիտակերպերով. նախագծեր և հեռանկարներ» խորագրով ցուցահանդես։ 

 

Փառատոնին բոլոր այս միջոցառումներում իրենց մասնակցությունն ունեին արվեստագետներ։ Մերի Մունը, Սիրանուշ Աղաջանյանը, Սարգիս Հովհաննիսյանը, Վրեժ Քասունին, Հայկ Կարապետյանը, Արևիկ Առաքելյանը, Անի Քանանյանը ինչպես նաև Ֆիլմադարան ՀԿ-ն Հայաստանից, Գերիտ Ֆիշերը (նույն ինքը՝ Brozilla), Կլաուդիա Կուլենկամպֆը, Ռիտա Քոհելը, Դավիդ Կրաուսը Գերմանիայից, Գիյոմ Ռեյնարդը, Սուզան Մոնոն, Հովհաննես Քույումջյանն ու Հուգո Դագուլիոնը Ֆրանսիայից։ 

 

Հայկ Կարոյի Կարապետյանի երաժշտական վարպետաց դասը

 

 

Ի դեպ՝ պատահական չէր նաև տեղի ընտրությունը, թիվ 23 դպրոցն այս պահին չի գործում, փլուզման վտանգի տակ է և սա այդ հարցի շուրջ ուշադրություն հրավիրելու լավ հնարավորություն էր: Բացի այդ, հենց այստեղ արվեստագետ Մերի Մունը միտք ուներ բացելու արվեստի կենտրոն, ասում է, որ տարածքը շատ հարմար է այդ նպատակի համար։ Այդպես սկսվեց համագործակցությունը Գյոթե կենտրոնի հետ, ինչի արդյունքում ծնվեց փառատոնը։ Եվ հենց այս նույն հասցեում էլ փառատոնից հետո հնարավոր է գտնել աշխատարանների արդյունքները․ գրաֆիտի, խճանկար և տրաֆարետային արվեստի նմուշներ։ 

 

Կոնդի ու կոնդեցիների համար

Փառատոնն իրական տոն դարձավ հատկապես կոնդեցի երիտասարդների ու երեխաների, ինչու ոչ, նաև մեծահասակների համար, ովքեր հատկապես հետաքրքրված էին երեկոյան կինոդիտումներով։ Ամեն ինչ հենց այդպես էլ մտածված էր. փառատոնը Կոնդի ու կոնդեցիների համար էր, այն թաղամասի դիմագիծը պահպանելու, ընդգծելու նպատակ ուներ, ինչը պետք է արվեր հենց թաղամասի բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Միայն նրանք գիտեն իրական Կոնդը՝ ներսից, նրանք ապրում են այդ կղզյակում կարծես Երևանից կտրված, իրենց միկրոաշխարհում, միայն իրենց հատուկ կենցաղով, իսկ քիչ հեռու՝ բարձրահարկ հյուրանոցներն են, էլիտար շենքերը։ 

 

Փառատոնի մասնակիցներն ու կոնդեցիները

 

Սիրանուշ Աղաջանյանի խճանկարը

 

 

«Kondensé»-ը յուրատեսակ հնարավորություն էր ընդգծելու Կոնդի կարևորությունը, նրա դիմագիծը, ցույց տալու, որ այն մեծ ներուժ ունի ոչ միայն ճարտարապետական առումով, այլև իբրև թաղամաս ու մշակույթ։ Փառատոնը մի ամբողջ շաբաթ արվեստ բերեց այդ թաղամաս ու թույլ տվեց Կոնդի բնակիչներին կամա թե ակամա առնչվել այդ արվեստին։ Իսկ փառատոնի թողած հետքերը մնացին այստեղ, անցեք Ռուսթավելի փողոցով ու համոզվեք։ 

հավելյալ նյութեր