#kondgallery. պարտիզանական պայքար Ժամի քուչում
Կոնդ

#kondgallery. պարտիզանական պայքար Ժամի քուչում

2018 թվականին Կոնդի մի հատված վերածվեց սթրիտ-արտ ցուցասրահի։ Այս զարմանալի արտ-նախագծի մասին խոսել ենք հեղինակի՝ Սերգեյ Նավասարդյանի հետ։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի


Լուսանկարներ՝ @kondgallery


ԵՐԵՎԱՆ #53 | 2019

 

yerevantropics

#Դիզայն #Կոնդ

 

2018 թվականի օգոստոսին Սարյանի փոստի հետևում գտնվող բենզալցակայանի հարակից պատին, այնտեղ, ուր սկսվում է Երևանի ամենախորհրդավոր հատվածը՝ լեգենդար Կոնդը, մի գիշերվա ընթացքում ծնվեց տարօրինակ մի պատկեր՝ Արարատի գագաթները հիշեցնող եռանկյուններ, արմավենի, բոցավառ շիշ՝ «մոլոտովի կոկտեյլ»։

 

Երևանի ստեղծագործական անցուդարձից տեղյակ մարդիկ ճանաչեցին yerevantropics-ի ձեռագիրը, բայց Կոնդում երևանյան արևադարձից տեղյակ չէին։

 

 

Ամբողջ աշխարհում գրաֆիտիները շատ բարդ ճակատագիր են ունենում, նույնիսկ եթե դրանք հեղինակել է Բենքսին, իսկ այստեղ առավել ևս չհիմնավորված նորամուծությունները չեն ողջունում. Կոնդն ունի իր կանոնները։

 

Վանդալիզմը մասամբ վանդալիզմի ենթարկվեց. Արարատին ձեռք չտվեցին, իսկ «մոլոտովը» ծածկվեց։ Գրաֆիտիի հեղինակ Սերգեյ Նավասարդյանը, նույն ինքը՝ yerevantropics-ը, որոշեց պարզապես գնալ ու շփվել տեղացիների հետ։ Շփումը ստացվեց, պատկերը մասամբ վերականգնվեց ու դեռ լրացվեց. այժմ վերևի անկյունում գրված է [սթրիթ արտ պատկերասրահ]։ Այդտեղից էլ մեկնարկեց վերջին շրջանի երևանյան արդի արվեստի ամենափախած նախագծերից մեկը։

 

Սարյանից սուրճ ֆռթացնելով հասնում ենք Ֆրիկ։ Հարցնում եմ Սերգեյին (որը մի քանի անգամ ԵՐԵՎԱՆի շապիկներ է նկարել և ընդհանրապես մեր ամսագրի ընկերն է), թե ինչու հենց այստեղ, հենց այս պատին։

 

 

«Ընդհանրապես, երբ փնտրում եմ նկարելու պատ, ու, երբ այն գտնում եմ, առաջնորդվում եմ զգացողություններով ու մտքերով, որոնք ներշնչված են միջավայրից: Ֆրիկի վրա երկար պատը միշտ ճանապարհիս էր, գնում-գալիս նայում էի, եփվում էր ինչ-որ բան:

 

Նկարեցի:

 

Մի որոշ ժամանակ անց տեսա նկարի էն հատվածը, որտեղ մոլոտովն էր՝ փակած սպիտակով: Հասկացա, որ շփում ա պետք։ Եկա, ծանոթացա, պատմեցի՝ ինչ եմ անում, ինչի եմ անում: Պատմեցի, որ ուզում եմ Կոնդը, որպես միջավայր, փոխի նշանակությունը: Ճիշտ ա, խոսակցությունները, որ Կոնդը սենց թե նենց քանդելու են, միշտ ակտուալ են: Ու մասամբ արդեն քանդված ա: Շատ տարբեր ա Կոնդը, ամեն դեպքում, թաղից թաղ՝ ուրիշ:

 

Կոնդը մեծ ա, ու կարելի ա ձևավորել նոր միջավայր ու գոյության իմաստ: Օրինակ՝ դառնա բաց տարածք փողոցային արվեստի համար՝ արտ թաղամաս: Սրանով նպաստել ժամանակակից արվեստի և հասարակության մշակութային զարգացմանը: Տենց, Ժամի քուչի ժողովուրդը ջերմ ընդունեց: Մերսի»:

 

Իսկապես, հիմա Սերգեյին էստեղ ճանաչում են, պապիկները ժամերով կանգնում են ստվերի տակ և նայում, թե ինչպես է նա, ռեսպիրատորներով դեմքը ծածկած, արդեն գունավորված ձեռքերով թափահարում ներկի բալոնն ու պատին նոր գործ ստեղծում: Երբեմն մոտենում, խորհուրդներ են տալիս («Ստեղից էլ գիծ քաշի, թող հավասար եռանկյուններ դառնան»)։

 

 

«Մարտահրավեր ա՝ պայքարել սև գույնի համար, սևն ամենաքիչն ա սիրվում Կոնդում: Ամեն մեկն իր կոնֆլիկտն ունի սևի հետ: Ես իմ հերթին փորձում եմ սևը համադրել այլ գույների հետ, որոնք կարող են փոխել սևի բացասական ընկալումը: Ինձ դուր ա գալիս #kondgallery-ի մուտքի պատը՝ սպիտակ, կարմիր, օրանժ, սև ուրվագծերով:

 

Իմ սիրած հարցը՝ բա ո՞րն ա քո քյարը: Հարցնում են՝ ներկերը դու ես առնում, չէ՞: Հա: Ինքդ ես չէ՞ անում: Քո ժամանակն ես չէ՞ ծախսում: Բա ինչի՞ համար: Իմ քյարն արվեստի զարգացումն ու Կոնդի վերաիմաստավորումն ա որպես թաղամաս:

 

Սթրիտ-արտը մի քիչ այլ քյարի մասին ա: Անհասկանալի ապագայով թաղի վերաիմաստավորումն արվեստի միջոցով արդեն մեծ ձեռքբերում ա:

 

Իմ գործը Կոնդում նաև լուրջ սոցիալական խնդիր լուծելու հնարավորություն ա բացում: Զարգացման պլանները շատ տարբեր կարող են լինել, սա ավելի տնտեսական-քաղաքական մեկնաբանում կարա ունենա:

 

Գլխավոր ճարտարապետի ասուլիսից հասկացա, որ հստակ պլաններ դեռ չկան, բայց նախագծեր ու մտքեր «Փարիզից շատ են»: Օքեյ:

 

Ավելանում ա մարդկային հոսքը, աշխուժություն ա մտնում, ու էդ ժամանակ կարելի ա զարկ տալ համեստ միկրոբիզնեսին, մանավանդ հարկերից ազատելու միտումներ են նկատվում:

 

Էդ իր հերթին կարող ա շոշափելի քյար դառնա տեղացիների համար: Սուրճ, պատկերասրահ, բուտիկ, հուշանվեր, երջանկություն: Պետք ա ավելի հստակ հասկանալ զարգացման պլանները՝ ինչ ա դառնալու և ուր ա գնալու: Միգուցե քաղաքային իշխանություններն էս հաշվով ուրիշ մտքեր ունեն»:

 

Կարեն Միրզոյանի լուսանկարները

 

Dima Gred-ի աշխատանքը

 

Արեգ Շահինյանի գրաֆիտին

 

Անցնում ենք ոսկեգույն երկնքով ու սև Արարատով նկարի մոտով, հասնում ենք ինչ-որ մեկի տան ցանկապատից աչքով անող կատվին (համարյա վստահ եմ, որ կատու էր) ու նստում ենք իշոտնուկին։ Սերգեյը ոգևորված բացատրում է, որ իր գործողությունները, ըստ էության, պարտիզանական բնույթ ունեն։ Նա չունի պետական աջակցություն, թույլտվություն և գործընկեր։ Թույլ տվողը տեղացիներն են, ի վերջո նրանց պատերն են ու տան դարպասներն են հանդիսանում որպես կտավ:

 

«Տարբեր ընկալումներում սթրիտ-արտը դիտարկվում ա որպես վանդալիզմ: Իմ կարծիքով, որոշ վանդալիզմն էլ արվեստ ա, օրինակ՝ վագոններ բոմբելը, որ էն չի, ինչ ես եմ անում, բայց հասկանում ու ընդունում եմ: Էն, ինչ ես եմ անում, ուրբանժամանակակից կարելի ա անվանել, որը միտված ա միջավայրի վերաիմաստավորմանը: Արվեստը փողոցում՝ արվեստ ա առանց միջնորդի: Հատուկ և փակ մարգինալ միջոցառումները չեն լուծում էն խնդիրները, որոնք միանշանակ կարևոր են մեզ համար, ու որոնք փորձում եմ լուծել ես՝ արվեստը փողոց հանելով»:

 

Կապույտ դարպասի վրա անսպասելիորեն հայտնվում են yerevantropics-ի ոճի հետ ընդհանրապես չբռնող նկարներ։ Մի ուրիշ անկյունից ողջունում է գեղեցիկ օրնամենտալ ոզնուկը։ Էստեղ Սերգեյի պատումը հասնում է այն պահին, երբ նրան միանում են այլ հեղինակներ։ Եվ ոչ միայն գրաֆիտի արտիստներ, ահավասիկ՝ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի ֆոտոները՝ ամրացված պատերից մեկին։

 

Թբիլիսցի Lamb-ի գրաֆիտին

 

«Քանի որ սա բաց տարածք ա, իհարկե, ցանկացողը կարող ա գալ, նկարել: Բայց պետք ա հիշել՝ Կոնդը սպեցիֆիկ թաղ ա, սպեցիֆիկ մենթալիտետով, տեղացիք ունեն յուրահատուկ պատկերացումներ ու գաղափարներ: Ես միաժամանակ հետազոտում եմ, ապա նկարում և համադրում՝ կամուրջ հանդիսանում Կոնդի ու արտիստների մեջ:

 

#kondgallery-ն կոչ ա ստեղծագործողներին միանալու, որ ստեղծենք բաց արվեստ՝ հասանելի բոլորին: Հենց էդ պատճառով ես մենակ չեմ ստեղծագործում Կոնդում: Ինձ միացավ Կարեն Միրզոյանը, Թիֆլիսից Lamb-ը, Ossy-ն՝ ֆինլանդացի արտիստ:

 

#kondgallery-ով հետաքրքրվող շատ տարբեր նկարիչներ կան, էս տարի սպասում եմ շատերին, և հետաքրքրությունն աճում ա օր օրի»:

 

BTA Krew-ի և Թումոյի սաների աշխատանքը

 

yerevantropics-ի` Ucraft-ի աջակցությամբ կատարված աշխատանքը

 

@jaen.art-ի տիեզերական սնկերը

 

Ակնհայտ է, որ միջազգային ներգրավվածությունը միջազգային ուշադրություն է բերում դեպի Երևանը, քաղաքի փինն ավելի տեսանելի է դարձնում քարտեզի վրա, ինչի հետևանքով էլ տուրիստական հետաքրքրությունն է մեծանում: Հարցնում եմ՝ եթե լիներ պետական աջակցություն, մի՞թե պաշտոնյաները չէին խանգարի նախագծին պետական միջամտությամբ, պետպատվերով գրաֆիտին մի քիչ տարօրինակ է հնչում, և սովորաբար նույնքան տարօրինակ նայվում (Երևանն այդ փորձն ունեցել է)։ Սերգեյը մասամբ համաձայնում է, բայց օրինակ է բերում։ Եթե պետությունը կամ քաղաքապետարանը հոգային տեխնիկական ծախսերը, բայց չմիջամտեին կոնցեպտուալ մասին, կլիներ իդեալական: Ստիպված եմ համաձայնել։