Կորիզ․ Ոսկե ծիրանի 9 հայրենական կարճամետրաժները
Կինո

Կորիզ․ Ոսկե ծիրանի 9 հայրենական կարճամետրաժները

ԵՐԵՎԱՆի թղթակիցը դիտել է Ոսկե ծիրանի կարճամետրաժ մրցույթում (նույն ինքը՝ Կորիզ ծրագիր) ներկայացված հայկական ինը ֆիլմերը և շփվել հեղինակների հետ։

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի

#ՈսկեԾիրան

Հոկտեմբերի 9-ին հայտարարվեցին փառատոնի հաղթողները

 

«Կորիզ» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ «Աշխարհը» (ռեժ․՝ Քրիստինե Հարությունյան, ԱՄՆ/ Հայաստան), «Արծաթե ծիրան» ստացավ «Ստորգետնյան» (ռեժ․՝ Հովիկ Հակոբյան, Ֆրանսիա/ Հայաստան)։ Իսկ Գենադի Մելքոյանի անվան Հատուկ մրցանակ ստացավ «Գլխիվարը» (ռեժ․՝ Օվսաննա Շեկոյան, Հայաստան)։  

Հարմար տեղավորվելով «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում (ի դեպ՝ լեփլեցուն)՝ պարզում եմ՝ դիտելու եմ 9 կարճամետրաժ ֆիլմ՝ երկու ժամում։ Շուտով դահլիճը լցվում է խուլ արձագանքներով՝ մեծ էկրանին Ալեքսի Պարզումյանի «Լեռնային Ղարաբաղ․ Երկու երեխա պատերազմում» ֆիլմն է։ 24 րոպեում մեզ պատմում են Թալիշ գյուղում ծնված երկու հայ երեխաների՝ Սամվելի և Ավոյի ճակատագրերի մասին, որոնք ընդամենը տասը տարեկան են, բայց չնայած իրենց փոքր տարիքին, հասցրել են զգալ պատերազմի թողած դաժան հետևանքները: Ֆիլմը պատկերում է, թե ինչպես է փոխվում երկու դասընկերների և նրանց ծնողների ճակատագրերը մի քանի ամիսների ընթացքում՝ գյուղի ռմբակոծություններից և ադրբեջանական ուժերին հանձնումից հետո։ Այդպես, մեկ տարի դեռ անցած, հայկական կինոն արդեն փորձում է վերաիմաստավորել 44-օրյա պատերազմի հետևանքները։ 

 

«Շեմից այն կողմ»

 

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, կինոփառատոնը ֆիլմերի ցուցադրությամբ բարձրաձայնում է մի շարք հասարակական խնդիրներ՝ պատմելով բռնության կիրառման և խտրականությունների մասին։ Ռեժիսոր Անգինե Իսանյանի «Շեմից այն կողմ» սոցիալական դրամայում հանդիսատեսը ծանոթանում է բռնության ենթարկված մի կնոջ պատմության, որն արժանանում է ոստիկանների անուշադրությանն ու վերադառնում է բռնարար ամուսնու մոտ։

 

Տասներկու րոպե տևողությամբ այս կարճամետրաժ ֆիլմը գլխավոր հերոսուհու՝ բռնության ենթարկված կնոջ միջոցով ասես խոսում է դահլիճի հետ՝ ցույց տալով, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ անտարբերությունը և հասարակական ամոթին զոհ գնալը։ Ոստիկանական բաժանմունքի ծառայողները չեն գիտակցում, որ կնոջ ստորագրությունը կարող է կնոջը դատապարտել մահվան։ Անգինե Իսանյանը պատմում է, որ ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմություն և որքան էլ ցավալի է՝ մեր հասարակությունում շատ կանայք զոհ են գնում անտարբերությանն ու ամուսնու զրկանքներին։ Սակայն ֆիլմն ավարտվում է երգով, որն ասես պատգամ է հանդիսատեսին․ «Փշրեցե՛ք վերջին շղթաները պինդ՝ թող քարը քարին չմնա»։

 

 

Ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «Գլխիվարը» պատմում է հայաստանյան հեռավոր գյուղերից մեկում մի դիպվածի մասին, որը հիմնովին փոխում է գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի երիտասարդ ուսուցչի կյանքը։ «Իմ ֆիլմը պատմում է գյուղի ուսուցչի մեկ օրը և ցույց է տալիս, թե ինչպես մեկ օրը կարող է գլխիվայր փոխել կյանքի ընթացքը։ Ֆիլմը մեզ համար ավարտվում է մեկ կարևոր հաղորդագրությամբ, որ չնայած գլխավոր հերոսը դեռևս տեղյակ չէ երեխայի մահվան մասին, իր կյանքն այլևս առաջվանը լինել չի կարող։ Այն, որ հերոսի կյանքը ընդհատվում է մի կետում՝ պարզից էլ պարզ է, սակայն, թե ինչ հետագա ընթացք է ունենում պատմությունը՝ դատավարություն լինում է թե ոչ, կամ այլ մանրամասներ՝ ներկայացված չէ»,- մեկնաբանում է Օվսաննա Շեկոյանը։ 

 

Մինչև այս պահը դիտած ֆիլմերից «Գլխիվարն» առանձնանում է այն հատկանիշով, որ սյուժետային հետագա զարգացումները թողնված են դիտողի հայեցողությանը և հարցերը, որոնք բարձրաձայնվում են ֆիլմում՝ պետք է լուծում գտնեն դահլիճում ներկա գտնվողներից յուրաքանչյուրի մտքում։ Հարցին, թե որն է ֆիլմի առանձնահատկությունը, ֆիլմի ռեժիսոր Օվսաննա Շեկոյանն առանձնացնում է, որ յուրաքանչյուրն ինքը պետք է պատասխանի, թե ինչու պետք է դիտել 15 րոպե տևողությամբ այս ֆիլմը, սակայն իր համար առանձնահատուկ է այն, որ ֆիլմը ներկայացնում է իրականության մի շերտը, որը կարիք ունի բացահայտվելու։ 

 

 

27-ամյա Հովիկ Հակոբյանի «Ստորգետնյա» կարճամետրաժ ֆիլմը նույնպես դեբյուտ է։ Ապրելով և ստեղծագործելով Ֆրանսիայում՝ ժամանել է Հայաստան իր ֆիլմը հայաստանյան կինոմաններին ներկայացնելու համար։ 

 

Ֆիլմի իրադարձությունները կատարվում են Երևանում՝ Ավան վարչական շրջանում։ Ավելի ստույգ՝ 230 մետր ստորգետնյա՝ Ավանի աղի հանքավայրում, որտեղ տղամարդիկ և կանայք բուժում են ստանում ավելի հեշտ շնչելու համար: Ֆիզիկական գործունեությունը և բժշկական խորհրդատվությունները սահմանում են այս ընդհատակյա աշխարհի ռիթմը, որտեղ պատմվում են տարբեր պատմություններ: Կարճամետրաժ այս ֆիլմում ներկայացված են մարդկային պարզ հարաբերություններ, օրինակ՝ ինչպես են երեկոյան ժամերին հավաքվում մարդիկ և ստորգետնյա այս տարածքում խոսում եղանակային փոփոխությունների և «դրսի աշխարհի» մասին։

 

«Իմ ֆիլմը վավերագրական և խաղարկային ժանրերի խառնուրդ է։ Մինչև ֆիլմարտադրության փուլը սկսելը, ես լսել էի այս վայրի մասին և որոշեցի հենց այստեղ նկարել իմ ֆիլմը։ Սա յուրահատուկ տարածք է, որտեղ կան պատմություններ, որոնք պետք է լինեն լսելի մյուսների համար, ինչպիսիք են Ինգայի, Լյուսիի, Վահեի և մյուսների անձնական պատմությունները։ Այս վայրի մասին մտածել եմ դեռևս Ֆրանսիայում եղած ժամանակ և հենց այտեղից էլ սկսվել է արտադրողական փուլը»,- պատմում է ֆիլմի ռեժիսորը։ 

 

«Ժամանում»

 

Րաֆֆի Մովսիսյանի «Ժամանման» գլխավոր հերոսը՝ Հայկը վերադառնում է Հայաստան արտագնա աշխատանքից։ Նա գալիս է տուն՝ Ամանորը դիմավորելու ընտանիքի հետ: Կինը, երեք երեխաներն ու մայրը սպասում են նրան հեռավոր գյուղում: Նա շուտով հասկանում է, որ կորցրել է տան ղեկավարի իր պաշտոնը, և նրան ընտանիքից բաժանող հեռավորությունը միայն ֆիզիկական տարածքի չափիչ չէ այլևս։

 

Ռեժիսորը, որ սրանից առաջ երկար տարիներ աշխատել է Ոսկե ծիրանում, խոստովանում է, որ պատասխանատվությունն ավելի մեծ է, երբ խոսք է գնում հայաստանյան հանդիսատեսի գնահատանքի մասին․«Այս ֆիլմը նկարելուց առաջ ամենամեծ վախը ինքս ինձնից էր, քանի որ ես պետք է հանդես գայի ոչ թե որպես կինոքննադատ, այլ ռեժիսոր։ Ես մտա մի ալիքի մեջ, որտեղ ես էի նկարողը, ոչ թե նկարածի մասին խոսողը։ Ամենաշատը ինձ հուզում է հայաստանյան ցուցադրությունը, քանի որ ուզում եմ լսել բոլորի կարծիքները՝ հատկապես նրանց, ովքեր ինձ գիտեն որպես կինոքննադատ»,- մեկնաբանում է ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանը։

 

«Աշխարհ»

 

Երեկոյի ընթացքում ցուցադրված հաջորդ ֆիլմերն էին՝ ռեժիսոր Նարիա Մուրադյանի «Թևավորը», որտեղ պատմվում է, թե ինչպես է փոթորկվում միապաղաղ քաղաքի անդորրը, երբ քաղաքում է հայտնվում անհայտ վայրից եկած թևավոր շունը, Քրիստինե Հարությունյանի «Աշխարհը», որտեղ գլխավոր հերոսուհու՝ Կլոդետի միջոցով ռեժիսորը ներկայացնում է Հայաստանի հեռավոր գյուղ տեղափոխված կնոջ ապրումները՝ հարմարվելու մոր մոտալուտ կորստի հետ և ներքին բախումը՝ առերեսվելու անխուսափելի կորստի հետ, Լուիզ Մարտին Փափազյանի «Զորակոչիկը», որի գործողությունները կատարվում են Ադրբեջանական սահմանին մոտ հայկական զորամասերից մեկում, երբ ժամկետային զինծառայության մեկնած տղաներից մեկը սկսում է իր օրերն անցկացնել երազելով, և ևս մեկը՝ ռեժիսոր Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազ» կարճամետրաժ ֆիլմը։ Ֆիլմի հիմքում ընկած է այն հարցը, թե ինչպիսի երազներ էր տեսնում 20-րդ դարի խոշորագույն գրողներից մեկը՝ Կաֆկան։ Այս հարցի մտորումներով էլ ստեղծվել է կարճամետրաժ այս անիմացիոն ֆիլմը, գլխավոր հերոսը հենց Կաֆկան է՝ մութ անդունդում՝ դատարանի առջև։ Իրեն սպասվում է դատավճիռը՝ հավերժական անքնությանը։ 

 

«Կաֆկայի երազը»

 

Ոսկե ծիրանի գեղարվեստական ղեկավոր Կարեն Ավետիսյանը կարծում է, որ այս Ծիրանի կորիզի հայկական հատվածը փառատոնի ամենամեծ հաղթանակներից է։ Մեր զրույցի ժամանակ նա հպարտությամբ նշում է, որ ներկայացված 9 ֆիլմերից 7-ը նախքան Երևանի կինոփառատոնում ցուցադրվելը հանդես են եկել մի շարք կարևոր փառատոներում (Կրակով, Ռոտերդամ, Անեսի և այլն): Եվս երկու կինոնկար իրենց փառատոնային արշավը սկսում են Ոսկե ծիրանից՝ Օվսաննա Շեկոյանի «Գլխիվարը» և Նարիա Մուրադյանի «Թևավորը»։ 

 

«Ներկայացված ֆիլմերի առանձնահատկությունն այն է, որ դրանք արդեն իսկ ընտրված են ժյուրիի կողմից։ Դրանք տարբեր են իրենց բովանդակությամբ՝ 44-օրյա պատերազմից մինչև երիտասարդական հիմնախնդիրներին առնչվող բովանդակությամբ, ուստի դժվար է բոլոր 9-ը ֆիլմերում գտնել մեկ ընդհանուր կարմիր գիծ, թերևս միայն կարելի է փաստել, որ մեր հեղինակներն անդրադառնում են մեր անհանգիստ տարածաշրջանը հուզող ամենատարբեր ու ամենաարդիական հարցերին»,- մեկնաբանում է Կարեն Ավետիսյանը։

հավելյալ նյութեր