🥁 «Կայֆ էր, որովհետև սիրում էի նվագել՝ կապ չուներ, թե ում հետ»
Թմբկահար Կորյուն Բոբիկյանը երևանյան ռոք համայնքի ամենաակտիվ անդամներից մեկն է եղել։ Մոտ 15 տարվա ընթացքում նա հարվածային գործիքներ է նվագել մեկ տասնյակ խմբերում՝ The King’s Cross-ից ու Alter Ego-ից մինչև Stryfe ու Sworn: ԵՐԵՎԱՆի խնդրանքով Կորյունը վերհիշել է այդ բազմազբաղ ժամանակները։
Տեքստը՝ Արտաշես Արշակյանի
Լուսանկարները՝ Կորյուն Բոբիկյանի արխիվ, Հարություն Մալխասյանի
ԵՐԵՎԱՆ # 73 | 2021
Beetles
Ես սովորում էի 5-րդ դասարանում, երբ մտքովս անցավ ռոք խումբ ստեղծել։ Գլխավոր հանցակիցս Հենդոն էր՝ շատ փոքրուց դեռ բակից ընկերություն էինք անում ու համ էլ նույն դասարանում էինք սովորում։ Ես քիչ թե շատ գլուխ էի հանում կիթառից, Հենդոն արդեն սովորում էր։ Մեր դասարանում սովորում էր նաև Սուրենը, ինքն էլ շատ լավ երգում էր։ Հետո երեքիս միացավ Հենդոյի եղբայրը, ով թմբուկ էր նվագում։ Էդպես կազմեցինք մեր առաջին խումբը։ Շատ հեռու չգնացինք ու անունը դրեցինք Beetles։
Որպես խումբ առաջին անգամ բեմ բարձրացանք 1994 թվի սեպտեմբերի 21-ին՝ Ճարտարապետների տանը։ Հայրիկս օգնեց կազմակերպման հարցում՝ ճարտարապետ էր ու կապեր ուներ շենքում։ Էդ օրը մենակ Beatles երգեցինք։
1995 թվին մեր խմբում մի քանի փոփոխություններ եղան, որոնցից մեկը շրջադարձային էր ինձ համար։ Մի օր, երբ հերթական փորձի ժամն էր, զայրացա և փոխարինեցի մեր խմբի թմբկահարին։ Դե ինքը սիրողական էր նվագում, իսկ ես էդ ժամանակ էստրադային սիմֆոնիկ նվագախմբում ջութակ էի նվագում, ու մտածեցի, որ կկարողանամ գլուխ բերել հարվածայինները։ Գլուխ բերեցի ու էդ պահից կապվեցի հարվածային գործիքների հետ։
Շատ չանցած՝ նոր խումբ ձևավորեցինք։ The King’s Cross-ում ես թմբկահար էի, Հենդոն ու Սուրոն նույն աշխատանքին էին։ Մեզ միացավ ևս մեկ կիթառահար՝ Աշոտը, ով երկու տարի մեզ հետ նվագելուց հետո դուրս եկավ խմբից և մեկնեց Ամերիկա։ Շուտով մենք մնացինք նույն կազմով՝ երեք ընկերներով։ Միասին նվագեցինք շուրջ 15 տարի, մինչև 2000-ականների վերջը, երբ խմբից գնացի ու ժամանակավոր արտագաղթեցի։
Կորյունի առաջին խումբը՝ Beetles
The King's Cross, «Մեր հայրենիք»
Պապայի ընկերները
12 տարեկան էի, երբ պապաս ինձ հետը տարավ Ոստան Հայոցի ու Էմփիռեյի միացյալ համերգին։ Որպես հին ռոքեր՝ ծանոթացրեց հետները, դե փոքր էի, հետս երեխու նման էին շփվում՝ «բալես, ի՞նչ նվագենք քո համար էսօր», էդ տիպի։ Ութ տարի հետո զանգ ստացա Էմփիռեյի Սաքոյից, ասեց, որ թմբկահար չունեն, առաջարկեց միանալ։ Էն ժամանակ, ի դեպ, Էմփիռեյը հեվի մետալ էր նվագում՝ արագ, ծանր ռիթմերով, ձեր էսօրվա իմացած խումբը չէր։ Ընդհանրապես, բավական կայֆոտ բազմազանություն կար էդ տարիներին՝ մետալիստներ կային, պանկեր, ալտերնատիվ, փսիխոդելիկ, պրոգ՝ ինչ ուզես։ Կյանքն ահավոր դժվար էր, իսկ մշակույթը, երաժշտությունը, ռոքը ծաղկում էին։ Մշակույթը փրկում էր բոլորին՝ մի մասին նվագելով, մյուսներին՝ նվագողներին լսելով։
Նույն կազմը, տարբեր խմբեր
98 թիվն էր։ Սունդուկյանի թատրոնի կողքը կար «Սահինյան» դիսկոն։ Մենք մի անգամ համերգ ունեցանք՝ Alter Ego-ն ու մենք։ Alter Ego-ն, իրականում, երկու հոգուց էր բաղկացած՝ Էդոն ու թմբկահարը։ Բայց ինչ-որ ժամանակ հետո թմբկահարն արտագաղթեց, ու մենք՝ ես, Սուրոն, Հենդոն, միացանք Էդոյին։
Սա, ըստ էության, Էդոյի հեղինակային պրոյեկտն էր։ Գլխավոր տարբերությունը լեզուն էր՝ Alter Ego-ի երգերի մեծ մասը հայերեն էին, իսկ The King’s Cross-ն անգլիալեզու էր։ Մեր առաջին հինգ ձայնագրված երգերն իրարից տարբեր էին ու ունեին կոնկրետ ազդեցություն՝ Ջեթրո Թալ, Փինք Ֆլոյդ, Նիրվանա ու էլի։
2001-ին միացա Օքսենհեմին, որը լրիվ ուրիշ բան էր նվագում՝ King’s Cross-ի ու Alter Ego-ի հետ համեմատ։ Բայց էնտեղ որպես ջութակահար գնացի, թմբակահարի կարիք չունեին։
Ինտելեկտ լիգա
1998 թվի ամռանը նվագեցինք նորաբաց Ինտելեկտ լիգա ակումբում՝ հիմիկվա Stop-ի տեղում։ Շատ կայֆ էր, հատկապես, որ դրանից առաջ ութ ամիս ոչ մի իվենթի չէի գնացել, սաղ օրը պարապել էի ընդունելության քննությունների համար ու էդ մեծ ընդմիջումից հետո վերջապես հասա գործիքներին։ Էն ժամանակ շատ համախմբված, ամուր, ընկերական տուսովկա կար, ոնց որ մի ընտանիք լինեինք։ Իսկ ակումբը մի քանի ամիս հետո տեղափոխվեց Ժուռնալիստների տուն, որտեղ էլի անընդհատ նվագում էինք։
Բոլորի թմբկահարը
Առհասարակ, հայկական ռոքի համար սրանք լավագույն տարիներն էին։ Ես 1994-ից մինչև 2009 թվերը նվագել եմ Էմփիռեյում, The Beautiful Project-ում, Stryfe-ում, Sworn-ում, The King’s Cross-ում, Alterego-ում, առանձին համերգներին՝ էլի ում հետ ասես։ Եղել են դեպքեր, երբ փառատոների ժամանակ միաժամանակ հանդես եմ եկել մի քանի խմբերի հետ՝ ես մնացել եմ թմբուկների մոտ, մնացած երաժիշտներն են եկել տեղերով փոխվել։ Հա, չէ, մի անգամ տեղը տվեցի Նարեկին, հետո էլի ես նստեցի…
Ես ուրախ էի, կայֆ էր, որովհետև սիրում էի նվագել՝ կապ չուներ, թե ում հետ։ Ու քանի որ ես մասնագիտությամբ հենց երաժիշտ եմ, կոնս եմ ավարտել, հիշողությունս տեղն էր, հանգիստ նվագում էի ամենատարբեր ոճերում։ 2001 թվի վիդեո կա՝ իմ ծնունդին, արդեն նորմալ խմած, շշերի վրա փայտերով Slayer ենք նվագում։ Ու դե փորձեր, փորձեր, փորձեր։ Առօրյայիս մեծ մասն անցնում էր մի փորձից մյուսը գնալով, երկու-երկու ժամ ամեն մեկի հետ, էդպես մինչև գիշերվա մեկը։ Իսկ հետո ընդունվեցի Հայ Սուպերստար աշխատանքի՝ 9-ից 2-ը էնտեղ էի, հետո խմբերի հետ, մինչև գիշերվա հազարը։
Փող չկար առանձնապես, որ ասեմ՝ էդքան ճկռում էինք, որ հարստանանք։ Զուտ էնտուզիազմ ու սեր։
Կորյուն Բոբիկյանը ձայնագրում է հարվածայինների բաժինը՝ Stryfe-ի "Speak to Dream" կատարման համար
Ֆեստաշատ հայոց ռոք
93 թվի Gaudeamus-ին, որ Վահան Արծրունին էր կազմակերպել, պապաս նվագում էր, ինձ էլ հետը բեմ էր տարել։ Էդ օրվանից ու մինչև 2009 թիվը Հայաստանում ինչքան ռոք ֆեստ ա եղել, ես դրանց բոլորին նվագել եմ։
Sworn լսողները չէին գնա Օքսնհեմ լսելու, Օքսնհեմի ֆանատներն էլ դժվար լսեին Beautified Project: Էդ բոլորին մի տեղ հանդիպելու տեղը ֆեստերն էին։ Firewall-ը, հիշում եմ, աննախադեպ էր իր ժամանակի համար։ 2003 թվին էր կարծեմ, ու իր մեջ ներառեց հին ու նոր սերունդները։ Նույն էֆեկտը ուներ Love Summer-ը։ Հետո Տիկնիկայինը դարձավ ռոք կենտրոն, բոլոր մետալ իվենթներն էնտեղ էին լինում։ Դե ՆՓԱԿի ֆեստերն էին շատ հավես։ Մթնոլորտն ընտիր էր, բայց դե ավելի շատ հավաքույթ էր, քան ֆեստ։ Երաժշտական առումով համենայն դեպս սաունդն էն չէր, բարաբանները նվագելուց պոկվում ընկնում էին, բայց ամեն դեպքում՝ կայֆ վիճակ էր։
Իան Գիլլանը և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, թմբկահար՝ Կորյուն Բոբիկյան
Նոր խմբեր
2009 թվին գնացի։ Վերջերս հետ եկա, տեսնեմ՝ ոչինչ չկա։ Ոչ մի օրիգինալ բան չի մնացել։ Հին խմբերը կամ ցրվել են, կամ էնքան են փոխել ոճը, էնքան հեռացել իրենց իրական ձայնից, որ ճանաչելի չեն։
Beat Repeat ակումբն եմ բացել, շատ եմ ուզում, որ ջահել երեխեքը, որոնք նոր են մտնում ասպարեզ, երևան, փորձեն, նվագեն, զարգանան։ Դրան զուգահեռ պատրաստվում եմ նորից հավաքել իմ խումբն ու նվագել։ Ավելի ճիշտ, մի քանի նախագիծ կա։ Մի խումբը կլինի պրոգ-ռոք, մի ուրիշ մետալ խմբում արդեն նվագում եմ ջահել տղեքի հետ՝ Deth Spown, մեկ էլ cover jam band եմ հավաքում, որ հավես քավռներ ենք անելու, օրինակ՝ Թուփաքի California Love-ը՝ ռոք արանժիրովկայով։ Գուցե Էդոյի հետ Alter Ego-ով հավաքվենք նորից…
Ընդհանուր առմամբ նվագել եմ 10-ից ավելի խմբերում։ Մեկ-մեկ մտածում եմ՝ հավաքեմ էդ բոլոր ժողովրդին՝ կայֆոտ համերգ կլիներ։