Փչովի կոկորդիլոսը Հանրապետության հրապարակում
Արվեստ

Փչովի կոկորդիլոսը Հանրապետության հրապարակում

Մի քանի օր առաջ ճարտարապետ Վրույր Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվեց ռուսաստանցի արվեստագետ Միխայիլ Ծատուրյանի (Միշա Լիբերտի) նախագիծը․ հսկայական փչովի կոկորդիլոսը (ժամանակավոր) Հանրապետության հրապարակի կենտրոնում։ Նախագծի հեղինակը ԵՐԵՎԱՆին պատմել է, թե ինչպես ծնվեց այդ գաղափարը։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

 

Պատկերները՝ Միխայիլ Ծատուրյանի / @mishalibertee

#Արվեստ

Հարցեր բարձրացնող կենդանիներ

Իմ ավելի հայտնի Փղիկը (#Slonik) և այս Կոկորդիլոսը (#Kroc) «Inflatable Candies» շարքից են։ Դրանք մինիմալիստական ոճով արված կենդանիների հսկայական ֆիգուրներ են, որոնց միջոցով ես բարձրացնում եմ շրջակա միջավայրի և սովորական մարդկանց՝ դրա վրա ազդելու հնարավորության հարցերը։ 

 

#Slonik քանդակը՝ 2019 թվականի Burning Man փառատոնում, ԱՄՆ

 

Նույն շարքից է նաև Սոչիի #Serna-ն։ Այն հանգստավայրի հյուրերին պատմում էր կովկասյան սերնաների մասին, որոնք ժամանակին ապրել են հենց այն տեղերում, որտեղ այժմ կառուցված են հյուրանոցները։ Իսկ #Kraken քանդակը տեղադրվել է Մոսկվայի Զարյադյե զբոսայգում և ակնարկում է ջրոլորտի նկատմամբ հոգատար վերաբերմունքը։ 

 

Կոկորդիլոսի վրա ազդել է նաև «Միմինո» կինոնկարը։ Միլիոն անգամ դիտել եմ այն ու անգիր գիտեմ բոլոր թևավոր խոսքերը։ Ու երբ ծնվեց #Kroc-ի գաղափարը, միանգամից հասկացա, թե որտեղ է նրա համար իդեալական վայրը։ Այդպես վերջակետ կդրվի ֆիլմում կանաչ փչովի կոկորդիլոսի ապարդյուն որոնումների մասին սյուժետային գծին, իսկ Երևանը կունենա աշխարհի ամենամեծ փչովի կոկորդիլոսը։ 

 

 

 

#Kroc-ի երկարությունը՝ 60մ, լայնությունը՝ 30մ, բարձրությունը՝ 13մ

 

Հանրապետության հրապարակի չօգտագործվող տարածքը

Բացի նրանից, որ սա քաղաքի ու երկրի գլխավոր հրապարակն է, այնտեղ կա մի հսկայական հատված, որը ոչ մի կերպ չի օգտագործվում, չի զարդարում հրապարակը, նույնիսկ անցորդները չեն կարող դրան հասնել։ Կատարյալ կետ է հանրային արվեստի համար։ #Kroc-ը՝ աշխարհի ամենամեծ փչովի քանդակը, կդառնար ժամանակավոր, բայց շատ գրավիչ տեսարժան վայր զբոսաշրջիկների համար։ Գոնե Վրաստանից շատ մարդ կգար, չէ՞ որ, ինչպես պնդում էր Վախթանգ Կիկաբիձեի Միմինոն՝ Թբիլիսիում էլ չկա կանաչ կոկորդիլոս։ 

 

Ի սկզբանե ուզում էի, որ Կոկորդիլոսի երախում բատուտ լինի, որպեսզի երեխաների շփվեն քանդակի հետ։ Իսկ մարմինն ունի մուտքեր, այնպես որ ներսում կարելի է տաղավար ունենալ, որտեղ հնարավոր կլիներ անցկացնել ցուցահանդեսներ կամ պարզապես հանգստի գոտի կազմակերպել։ Օդափոխության համակարգը կպաշտպաներ ներսույթը շոգից՝ փորձարկել ենք անապատում տեղադրված Փղիկով, ստուգված է։ 

 

Բայց եթե քանդակը տեղադրվի Հանրապետության հրապարակում, ապա այդ ամենը վտանգավոր կդառնա, այնպես որ` բատուտն ու տաղավարը դժվար թե իրականություն դառնան։ Իսկ բուն քանդակի ստեղծման համար, բացի ֆինանսական միջոցներից, նաև անհրաժեշտ է քաղաքային իշխանությունների թույլտվությունը։ Կասկածներ ունեմ, որ դա ամենաբարդ մասն է։ 

 

 

 

Կասկադի առյուծը

Վաղուց երազում եմ նաև Կասկադում մի աշխատանք ունենալ։ Ունեմ արդեն հարմար կենդանի՝ #Levon անունով Առյուծը։ Բայց նա էլ Կոկորդիլոսի պես առայժմ միայն կոնցեպտ է, ոչ Գաֆէսճեան կենտրոնի հետ եմ քննարկել, ոչ էլ քաղաքապետարանի, բայց հույս ունեմ, որ մի օր գոնե մի աշխատանք կունենամ Երևանում։ 

հավելյալ նյութեր