Լիլիթ Ալթունյան. «Երբեմն ինձ պատկերացնում եմ որպես ծառ»
Դիզայն

Լիլիթ Ալթունյան. «Երբեմն ինձ պատկերացնում եմ որպես ծառ»

ԵՐԵՎԱՆի նոր շապիկի խորհրդի, «Արևորդի» փառատոնի հետ տարիների համագործակցության ու բնության հանդեպ մարդու վերաբերմունքը փոխելու կենսական նշանակության մասին պատմում է անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, հեղինակ-նկարազարդող Լիլիթ Ալթունյանը։

Տեքստը՝  Արտավազդ Եղիազարյանի

 

Պատկերները՝ Լիլիթ Ալթունյանի

 

ԵՐԵՎԱՆ #83 | 2024

 

Լիլիթ Ալթունյան
 

#Շապիկ #Դիզայն

ԵՐԵՎԱՆի նոր շապիկը

Շապիկի կոմպոզիցիան արված է մանդալան նմանակելով. մանդալան հինդուիզմում տիեզերքի մոդելն է։ Այդ շրջապտույտի մեջ երևում է, թե որքան փոխկապակցված է մեր մոլորակի ահռելի կենսաբազմազանությունը՝ ամենափոքր բույսից մինչև ամենախոշոր կենդանին։ Մարդը, իհարկե, նույնպես այս շղթայի մասն է, չնայած որ մենք, որպես տեսակ, կարծես փորձում ենք դրա մասին մոռանալ։ Էդ պատճառով մարդու կերպարը պատկերում ներկայացված չի, այս դեպքում մարդը նայողն է, կարևորողը՝ ոչ թե շահագործողը:

 

Պարզ ֆորմաներով եմ աշխատել, որպեսզի միանգամից հասկանալի, աչքի ընկնող ու ճանաչելի սիլուետներ լինեն։ Երևի պետք է նշել, որ ԵՐԵՎԱՆի շապիկի տարբերակը խառնուրդն ու մի քիչ խենթ տարբերակն է, որում մեկտեղված են բոլոր տեսակները, ու մանդալան պտույտի մեջ է (էստեղ երևան է եկել իմ անիմատորի մասնագիտությունը), իսկ փառատոնի համար արված են նաև թեմատիկ բաժանված ազդագրեր՝ բույսեր, ծովային կենդանիներ, ցամաքային կենդանիներ, թռչուններ։ Տեսակների ընտրությունն արվել է ըստ վտանգվածության ու կոմպոզիցիայի նպատակը հաշվի առնելով։ Համենայն դեպս, սա էլ մի փոքր առիթ է հիշեցնելու, որ, օրինակ, դելֆինները կամ հայկական մուֆլոնները պաշտպանության կարիք ունեն։

 

 

 

Արևորդ

Փառատոնի հետ առաջին անգամ սկսեցի համագործակցել դեռ 2008 թվին, բայց էն ժամանակ միացա, երբ գործն արդեն ընթացքում էր ու ավարտին հասցրեցի դիզայներ Իվանա Կրչադինացի  աշխատանքը։ Դրանից հետո արդեն միայնակ եմ արել մի շարք փառատոների վիզուալ կոնցեպտները և այս կամ այն կերպ միշտ եղել եմ փառատոնի կողքին։

 

Կարող է թվալ, թե դժվար է ամեն տարի նոր պատկերային ինքնություն հորինել արդեն կայացած փառատոնին, որը մշտապես նույն թեմայի մասին է՝ բնության պահպանության։ Բայց իրականում այդ թեման այնքա՜ն մեծ, լայնածավալ ու անսահման է, որ երբեք չի լինում տարբերվող մի բան մոգոնելու խնդիր։ Ընդհանրապես, «Արևորդին» մեծապես պատմողական միջոցառում է, ես էլ սիրում եմ պատմել պատմություններ բնության մասին՝ վառ պատկերներով։ 


Բարեբախտաբար, փառատոնի թիմն ինձ միշտ մեծ ազատություն է տվել, իսկ ստեղծագործող մարդու համար դա ուղղակի երջանկություն է։ 

 

 

 

Արվեստը և բնապահպանությունը

Ես շատ վաղուց եմ անհանգստացած մեզ շրջապատող բնության վիճակով։ Ես հարգում եմ կենդանական աշխարհն այն աստիճան, որ բացարձակ ոչ մի աստիճանով չեմ կարող վեր դասել մյուսներից։ Ու երևի չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ իմ բոլոր աշխատանքներում՝ «Արևորդին» լինի, թե չէ, միշտ խոսում եմ բնության մասին։ Ու ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ իմ աշխատանքը մարդկանց վրա գոնե ինչ-որ ազդեցություն թողել է, ներդրված գաղափարներն ընկալվել են։ 

 

Ընդհանրապես, իր մեջ գաղափար չկրող ստեղծագործությունն արվեստ էլ դժվար կարելի է համարել։ Իսկ եթե կա ներդրված գաղափար, որը հանկարծ հայտնվում է պարարտ հողի մեջ, ապա արվեստը, այո, կարող է ինչ-որ բան մեր շուրջը փոխել։ Ես լավատես եմ։ 

 

 

Հիշում եմ Յան Արտյուս Բերտրանի Home-ն «Արևորդու» ժամանակ. չեմ կարող բառերով բացատրել, թե ոնց էր ինձ ցնցել այդ կինոն, որովհետև փայլուն համադրված էր վիզուալ արվեստն ու շատ կարևոր ասելիքը։ Իսկ մի ուրիշ անգամ Cowspiracy ֆիլմը դիտելուց հետո ժամանակի ընթացքում կուտակված ապրումներս ավարտվեցին այլևս բուսակեր լինելու որոշմամբ:


Բնությունը մանկական գրականության մեջ

Իմ բոլոր պատկերագրքերը նույնպես բնության մասին են, թեկուզ եթե դա առաջին պլանում չի։ Կապույտ աղվեսը, օրինակ, շրջում է անտառներով ու վերջում հասկանում, որ իր իրական տունն իր հայրենի անտառն է. պատմության մեջ բնություն ու տուն գաղափարները մեկտեղված են: Երաժիշտ հրեշը, թողնելով անտառը, գնում է քաղաք, այնտեղ չի գտնում իմ փնտրածն ու կարևորում է իր բնության մասնիկ լինելը: Խավարի թագավորը բացահայտում է բնության ներդաշնակությունը լույսի ու մութի հարաբերության մեջ, տեսնում է դրանց կարևորությունն ու ինքն էլ դառնում է դրա մասը։ Մի գիրք էլ հիմա է ընթացքում, այստեղ գաղափարը շատ ավելի ակնհայտ է՝ պետք է փրկենք ծառերը։ 

 

Այդ թեման շատ հոգեհարազատ էր, որովհետև երբեմն ինձ պատկերացնում եմ որպես ծառ։ Ստաբիլությունը, բնության մաս լինելը, հողին կպած` իրատես լինելը, դեպի վեր ձգտումը՝ այդ բոլոր որակները կարծես իմ մասին լինեն։ 

 

 

Ինչպես փրկել ու փրկվել

Ես առաջին հերթին ինքս ինձ եմ հետևում, ամեն գործողություն անելիս գնահատում եմ՝ ինչքանով է արածս բնության հետ ներդաշնակության մեջ, վնասում եմ, թե չեմ վնասում։ Բայց, ցավոք, միջավայրն ունի իր սահմանափակումներն իմ այս ձգտումների մեջ: Մարդկությանը համեստությունն է պակասում։ Այն թյուր կարծիքը, թե մենք ամենաուժեղն ենք ու իշխում ենք ամեն ինչին, մի օր կկործանի բնությունն ու հետևաբար նաև մեծամիտ մարդուն։ 

 

 

Իրականում բնապահպանությունը շատ ավելի լայն հասկացողություն է, քան ծառ տնկելը կամ չկտրելը։ Դա տիեզերքի մեր ընկալումն է։ Այսօրվա մարդու որոշիչ դերն այդ շրջապտույտի մեջ: Ոչ մի կենդանի էակ չի վնասում իր մորը՝ բնությանը, մարդուց բացի: Բայց լավ է, որ կան ավելի գիտակից հասարակություններ։ Վերջերս Իսլանդիայում էի ու էնքան համեստ էին այդ մարդիկ, այնքան մեծ հարգանք ունեին բնության տարրերի, այդ թվում և մարդու նկատմամբ: Իրենք գիտակցում են, որ իրենց ամեն օրը, գուցե կյանքը կախված է մի հերթական հրաբուխի կամքից, դրա համար էլ չեն մոռացել բնության նկատմամբ հարգանքը:  

 

Սրա համար պետք է նաև կրթել մարդկանց, լավ է, որ «Արևորդին» իր մասով ահռելի գործ է արել ու անում։ Ոչ միայն էկո-ակումբները, թեմատիկ նկարչական օրեր ու բազմակի ներգրավված իրադարձություններ ու ակցիաներ նկատի ունեմ, այլև տարատեսակ մանկական ստեղծագործություններ, որ ժամանակի մեջ մնում են: Մի անգամ նույնիսկ բնության մասին հեքիաթների գիրք ստեղծեցինք երեխաների հեքիաթներով ու նկարազարդումներով: Հենց մանուկ հասակից է պետք մարդկանց սովորեցնել բնության ճիշտ ընկալումն ու պաշտպան լինելու մղումը:

հավելյալ նյութեր