Լիլիթը՝ լույսով ու գույնով պայքարողը
Ցուցահանդես

Լիլիթը՝ լույսով ու գույնով պայքարողը

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվել է նկարչուհի Լիլիթ Հարությունյանի առաջին, ցավոք սրտի՝ հետմահու ցուցահանդեսը։ ԵՐԵՎԱՆն այցելել է միջոցառմանն ու շփվել Լիլիթի ընկերների ու մտերիմների հետ։

Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի

 

Լուսանկարները՝ Seryy Mark

#Արվեստ

Մոլբերտի վրա Լիլիթ Հարությունյանի վերջին կտավն է՝ անավարտ ու անվերնագիր․ պատերին՝  նկարչուհու տարբեր տարիների աշխատանքները։ 

 

 

 

Նոյեմբերի 30-ը երիտասարդ նկարչուհու ծննդյան և «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացված նրա առաջին անհատական ցուցահանդեսի օրն էր։ Վերջին երկու տարիներին Լիլիթը նոյեմբերի 30-ին արտերկրում է եղել, միայնակ, ընտանիքից հեռու, հիվանդության դեմ պայքարում․․․

 

Նոթատետրում արված նշումը՝ անհատական ցուցահանդես ունենալու նրա երազանքը, նոյեմբերի 30-ին հարազատներն իրականություն դարձրին ՝ որպես ծննդյան նվեր Լիլիթին, Լիլիթից՝ նվեր հանրությանը։ «Լույսի և գույնի ճանապարհորդություն» խորագրով մեկօրյա ցուցահանդեսին ներկայացված էին նկարչուհու ստեղծագործությունները՝ գրաֆիկա, դուդլ, դիմանկար, նատյուրմորտ, կոլաժ։

 

 

 

«Լիլիթը հանդարտ, իսկ նրա նկարները շատ էմոցիոնալ են ու հախուռն․ քույրս այդպիսին է նաև կյանքում և հիվանդության դեմ պայքարում։ Նա «գունավոր» մարդ է մտքերով, տրամադրությամբ, էությամբ, հագուստով, անգամ՝ մատնահարդարմամբ»,- ասում է Աղավնի Հարությունյանը՝ քրոջ մասին խոսելով միայն ներկա ժամանակով։ Աշխատանքները հիմնականում աբստրակտ ոճով են պատկերված՝ գույնի առատությամբ, կապույտի գերիշխանությամբ։ 

 

«Լիլիթը ծաղիկ է և նրա «Ծաղիկները» իմ ամենասիրելի կտավն է, որն իմ տանն է կախված»,- ասում է Աղավնի Հարությունյանը։

 

 

««Ծաղիկներն» այն ժամանակ է նկարել, երբ ինքը էմոցիոնալ և ֆիզիկական առումով շատ մութ տեղում է եղել, բայց լույս ու նուրբ ծաղիկներ է նկարել, փորձել է դժոխքի դեմ լույսով պայքարել»,- ասում է Սյուզաննա Շամախյանը՝ Լիլիթի ընկերուհին ու գործընկերուհին։ 

 

«Կյանքում, աշխատանքում, արվեստում Լիլիթը միշտ նա՛խ երազող է եղել և երազանքների մի մասը հասցրել է իրագործել»,- Գայանե Ղարագյոզյանն է ասում՝ Լիլիթի ընկերուհին ու գործընկերը։

 

 

 

«Լիլիթն ինձ համար հիմա ծաղկեփունջ է, լռակյաց, բայց լեցուն ներաշխարհով․ այդպիսին եմ իրեն տեսնում նաև իր «Ինքնադիմանկարում»,- հարևանուհին է ասում՝ Սուսաննա Աբրահամյանը։

 

«Օրերից մի օր այս նկարը նվիրեց ինձ․ մեծ հպարտությամբ պահում եմ նկարը, շատ թանկ նվեր է ինձ համար։ Հուսամ՝ սիրած նոտաներ գտել է իմ նվագած մեղեդիներում»,- Վիգեն Բալասանյանն է ասում իր բարեկամ-հարևանուհու մասին դարձյալ ներկա ժամանակով։ 

 

 

Ինքնադիմանկար

 

 

Այս ցուցահանդեսը դարձավ Լիլիթի իրականացած երազանքը և լուռ հանդիպում՝ նրա գույների ու լույսի աշխարհի հետ։ Այդ մի օրում Լիլիթը վերադարձրեց իր ներկայությունը նրանց, ովքեր սիրում են իրեն` թողնելով մի ճանապարհ, որն այժմ շարունակվում է իր նկարների գունավոր ու լուսավոր ճանապարհով։

 

հավելյալ նյութեր