Լինել Լուգանսկից, սիրել Կիևը, ապրել Երևանում. «Կարծես այնտեղ լինեմ»
Պատերազմ

Լինել Լուգանսկից, սիրել Կիևը, ապրել Երևանում. «Կարծես այնտեղ լինեմ»

Երևանում արդեն տասը տարի ապրող ուկրաինուհի Եվգենիա Կոզաչեկը պատմում է պատերազմի, իր մտերիմների ու երկու մայրաքաղաքների միջև ապրելու մասին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Նկարազարդումը՝ Վիլյամ Կարապետյանի

 

ԵՐԵՎԱՆ #75 | 2022

Կրկնվող պատմություն 

Ես Հայաստան եկա տասը տարի առաջ։ Ծնվել եմ Ուկրաինայի Լուգանսկի շրջանում։ Համալսարանն ավարտելուց հետո՝ մինչև Մայդանի դեպքերը, տեղափոխվեցի Կիև, իսկ հետո ամուսնացա ու եկա Հայաստան։ Այդ տարիներին էլ սկսվեցին Ուկրաինայի ծանր ժամանակները։ Մայդանից հետո խլեցին Ղրիմը, սկսվեց Դոնեցկի ու Լուգանսկի պատմությունը։ Մինչ այդ, թեև Հայաստանում էի բնակվում, բայց միշտ գիտեի, որ կարող եմ վերադառնալ այնտեղ, տեսնել ընկերներիս, բարեկամներիս։ Բայց 2014-ի պատերազմի արդյունքում նրանցից շատերը հայտնվեցին աշխարհի ամենատարբեր անկյուններում և այդ կետը, որտեղ ես կարող էի միշտ վերադառնալ, կարծես վերացավ։ Երբ մինչ Հայաստան գալը տեղափոխվեցի Կիև, այնտեղ էլ բազմաթիվ ընկերներ գտա, արդեն ձևավորել էի նոր շրջապատ և ամեն տարի գնում էի բոլորին տեսնելու։ Բայց այս պատերազմը կրկնեց նախորդի պատմությունը. Իմ բոլոր ընկերները կրկին աշխարհի հակառակ անկյուններում են։

 

Ապաստարաններում

Երկու ավագ քույրերս և նրանց երեխաներն Ուկրաինայում են։ Առաջին օրերին ապաստարաններում էին գիշերում, իսկ ցերեկվա ժամերին վերադառնում տուն, լվացք անում, վերցնում անհրաժեշտ իրերն ու նորից իջնում ապաստարան։ Վատն այն էր, որ այդ տարածքները պատրաստ չէին մարդկանց ընդունելու, ամենուր փոշի, կեղտ ու սարդոստայններ էին։ Այդ պատճառով էլ քույրերս որոշեցին իրենց բնակարանի պատուհանները փակել ներքնակներով ու մնալ այնտեղ։ Երեխաներին տեղավորեցին լոգարանում, քանի որ այն ամենաապահով վայրն է համարվում նման իրավիճակներում, իսկ մեծահասակները տեղավորվեցին միջանցքում։ Երեք օր այդպես մնացին և, ի վերջո, որոշեցին փախչել։ 


Նստեցին գնացք ու մեկնեցին արևմուտք։ Մեծ դժվարությամբ էին կարողացել հայտնվել այդ գնացքում։ Մարդիկ բրդում էին իրար, կռվում տեղի համար։ Մի օրվանից ավելի ճանապարհ պիտի գնային, իսկ գնացքի պատուհանները չէին բացվում, բոլորն իրենց վատ էին զգում, շնչելու օդ չկար։ Սկզբում հասան Իվանո-Ֆրանկովսկ, որտեղ իրենց տեղավորեցին համալսարանի մարզասրահում ու մի քանի օր այնտեղ էլ քնում էին բարակ վերմակների տակ։

 

 

Դեպի արևմուտք

Բայց այդպես երկար շարունակվել չէր կարող։ Ես մի ուկրաինացի ընկերուհի ունեմ, ում հետ ժամանակին բանկում էինք աշխատել։ Մի քանի տարի առաջ զանգահարել էր ինձ ու խնդրել, որ մի քանի գիշեր իրեն մեր տանը հյուրընկալենք։ Պարզվեց, որ նա վերջին տարիներին ճանապարհորդում էր աշխարհով, նվագում փողոցներում ու այդպես գումար վաստակում։ Հիմա էլ հայտնվել էր Հայաստանում։ Կամուկացի մեջ էի, բայց, ի վերջո, ամուսնուս էլ համոզեցի, ու նա մնաց մեր տանը։ Այդ ժամանակ, իհարկե, չէի էլ պատկերացնում, որ մի օր նա ինձ կօգնի ու կփրկի ընտանիքս։ 


Կապվեցի իր հետ, պարզվեց կորոնավիրուսի պատճառով մի պահ դադարեցրել էր ճանապարհորդություններն ու հայտնվել Դրագոբրատում, որն Ուկրաինայի ամենաբարձր ու գեղեցիկ վայրերից է։ Այնտեղ հրաշք բնություն է, լեռնադահուկային հանգստի գոտի կա։ Նա էլ աշխատում է մի հոսթելում, որտեղ իր նման մարդիկ գալիս են հանգստանալու, մեդիտացիա անելու։ Նրան խնդրեցի, որ քույրերս մի որոշ ժամանակ այնտեղ մնան։ 


Պայմանները, իհարկե, շատ լավը չեն, իրենց տրամադրված տարածքն իրականում խորդանոց է, որի համար, միևնույն է, պետք է ամսական 600 դոլար վճարեն։ Բայց ստեղծված իրավիճակում, մեր իրականության մեջ նույնիսկ այս փոքր սենյակը շատ ավելի լավ է, քան երբ ստիպված էին ապաստարաններում գիշերել կամ իրենց բնակարանի հատակին քնել։ 

 

Զորակոչում

Քույրերս չեն կարող դուրս գալ երկրից ու գալ ինձ մոտ։ Նրանցից մեկի որդին զորակոչման տարիքում է և նրան երկրից բաց չեն թողնի, իսկ մայրն էլ չի ուզում նրան այնտեղ միայնակ թողնել։ Սկզբից մտածում էինք մյուս քույրս իր աղջկա հետ ամեն դեպքում դուրս գա երկրից, բայց որոշեցին չբաժանվել։ Վերջերս էլ ծառայության ենթակա բոլոր երիտասարդներին գրանցում էին, որ եթե կարիք լինի, տանեն կռվելու։ Քրոջս որդուն մի կերպ թաքցրին։ 


Լուգանսկում էլ բարեկամներ ունեմ, այնտեղ բոլորին են ստիպում ծառայության անցնել։ Կարող ես պարզապես մեքենայով անցնելուց լինել, կանգնեցնեն քեզ, հանեն մեքենայից ու ստիպեն գնալ ծառայության՝ հանուն Լուգանսկի ու Դոնեցկի անկախության։ Այնտեղ տղամարդկանց ամենուր թաքցնում են։ 

 

Նավակով Մոլդովա

Մյուս ընկերուհիս հիմա արդեն Գերմանիայում է։ Միայնակ մայր է՝ երկու անչափահաս զույգ երեխաների հետ։ Կիևի հեռուստաաշտարակի պայթյունն իրենց մաշկի վրա են զգացել, քանի որ անմիջապես իրենց տան կողքին էր։ Հիմա այն պայմանները, որում ապրում են, մեղմ ասած, այդքան էլ լավը չեն, բայց առնվազն ապահով է։ 


Ամուսնուս եղբայրն էլ Կիևի մերձակայքի էլիտար բնակավայրերից մեկում է ապրում ու նույն օրը, երբ հղի կնոջը երկրից դուրս ուղարկեց, նրանց տան մոտ պայթյուններ եղան, բոլոր ապակիները կոտրվեցին, հետագայում էլ այդ տարածքի տների մեծ մասը հողին հավասարեցրին։ Այն տներում էլ, որոնք պահպանվել են, չեչեններ ու ռուսական բանակի այլ զինվորներ են մնում։ 


Շատերը տներից բացի իրենց ամբողջ ունեցվածքն են կորցրել, կյանքի գործը, գործարաններ, բիզնեսներ։ Տղամարդկանց երկրից դուրս չեն թողնում։ Չնայած, իհարկե, կան տարբերակներ։ Նավակներով աստղաբաշխական գումարներով մարդկանց տեղափոխում են Մոլդովա կամ այլ երկրներ, բայց երբեմն գումար ունենալն էլ չի օգնում։


Պարզ է, որ ոչ ոք չի ուզում զոհվել, պարզ է, որ սա քաղաքականություն է, մեծ խաղ. կանցնեն օրեր, գուցե տարիներ, բայց նորից կբարիշեն, իսկ մարդկանց այլևս հետ բերել չի լինի։ 

 

Մտքով Ուկրաինայում

Ես Հայաստանը սիրում եմ և մարդիկ հրաշալի են, բայց ես, անկեղծ ասած, այդպես էլ չինտեգրվեցի։ Մյուս կողմից՝ ինքս ինձ իմ տեղում չէի զգում նաև իմ ծննդավայրում։ Իմ կյանքը սկսվեց Կիևում, երբ հայտնվեցի այնտեղ ու սիրահարվեցի։ Դա կարելի է նկատել նույնիսկ իմ խոսելու ձևից։ Տասը տարի է, ինչ ապրում եմ այստեղ, բայց կարող եմ ասել, օրինակ՝ ձեր եղանակը լավն է, իսկ մեզ մոտ այդքան էլ չէ՝ նկատի ունենալով Կիևը։


Տարին երկու շաբաթով միշտ մեկնում եմ Կիև և հենց այնտեղ ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում։ Աղջկաս էլ եմ միշտ ինձ հետ եմ տանում, փորձում եմ փոխանցել նույն սերը իր երկրորդ հայրենիքի նկատմամբ։ Նա իրեն այնտեղ էլ է լավ զգում և միշտ նշում է, որ և՛ հայ է, և՛ ուկրաինացի։ Հիմա շատ լավ հասկանում է, որ մի բան այն չէ, իրեն քույրերիս նկարներն էի ցույց տվել ապաստարաններից ու նկատում եմ, երբ մի բան է հիշում Ուկրաինայի մասին, հուզվում է։ Ես էլ երբեմն ինձ դժվար եմ զսպում, բայց գիտեմ, որ մենք ապահովության մեջ ենք, իսկ կարող էինք այնտեղ լինել։ Որքանով էլ, որ Հայաստանում եմ վերջին տասը տարին, բայց այս ամենը հին էմիգրանտի պես չեմ ընկալում, կարծես այնտեղ լինեմ։

հավելյալ նյութեր