Live Chef by Cigaronne. խոհանոց, որը թաքցնելու բան չունի
Խոհանոց

Live Chef by Cigaronne. խոհանոց, որը թաքցնելու բան չունի

ԵՐԵՎԱՆը գնացել էր Live Chef-ի խոհանոց՝ հանդիպելու քաղաքի ամենաքննարկվող սննդային նախագծերից մեկի հետևում կանգնած թիմին, փորձելու ճաշացանկի ամենապահանջված ուտեստները և լսելու դրանց մասին պատմությունները։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի

 

ԵՐԵՎԱՆ #91 | 2026

#Գործընկեր #Գաստրո

Աշխատանքային սեղանով մեկ ալյուր է, վերևում տեսախցիկի կարմիր լույսը շարունակաբար թարթում է. անկյունում հարմարված խմորը դեռ առավոտից սպասում էր իր աստղային ժամին, և ահա վերջապես խոհարարը դրան վերջնական տեսք է տալիս՝ ձեռքի հանգիստ, վստահ շարժումներով։ Այս գործընթացն այստեղ կատարվում է օրական տասնյակ անգամ։

 

Մենք կանգնած ենք Live Chef-ի խոհանոցում և դիտում ենք, թե ինչպես է խմորագունդը սահուն պիցցայի տեսք ստանում, և հետաքրքիրն այն է, որ մենք միայնակ չենք։ Երևանի մեկ այլ ծայրում տասներկու րոպե առաջ պատվեր գրանցած հաճախորդը հենց հիմա իր հեռախոսի էկրանին հետևում է նույն ձեռքերին, որոնք աշխատում են այդ նույն խմորի հետ։ Հաջորդիվ նա կտեսնի, թե ինչպես է թանձրուկը տարածվում այդ նույն խմորի մակերեսով մեկ, կտեսնի ինչպես են շարվում պանրի կտորները և ինչպես է այն վերջապես հայտնվում վառարանում։ Երբ պիցցան տաք-տաք հասնի իրեն, նա արդեն իսկ տեղյակ կլինի դրա անցած ճանապարհի մասին։

 

 

Սա Live Chef-ի հիմնական գաղափարն է, և այն այնքան պարզ է և հասկանալի, որ մարդ ակամա մտածում է՝ ինչո՞ւ որևէ մեկն ավելի շուտ չէր մտածել այս ձևաչափի մասին։

 

«Երբ մարդը տեսնում է, թե ինչպես է իր ուտելիքը պատրաստվում, նա ոչ թե պարզապես ապրանք է ստանում, այլ փորձառություն, որը միանշանակ ավելի վստահելի և միևնույն ժամանակ ոգևորիչ է,» ասում է Pogossian Luxury Brand House-ի այս նախագծի գաղափարի հեղինակ և ընկերության համահիմնադիր Արմեն Պողոսյանը։

 

Խոհանոց՝ իրական ժամանակում

Live Chef-ն առցանց ռեստորան է։ Այստեղ չկան սեղաններ, մատուցողներ, գինու քարտ։ Դուք պատվիրում եք հավելվածի միջոցով, և ձեր սնունդը պատրաստվում է փորձառու խոհարարների կողմից, իրական ժամանակում՝ տեսախցիկի առջև։ Յուրաքանչյուր քայլ հեռարձակվում է ուղիղ եթերով։ Կարող ես հետևել կամ չհետևել՝ ընտրությունը քոնն է, բայց տեսախցիկներն անընդհատ միացված են, և խոհանոցն աշխատում է այնպես, կարծես ամբողջ քաղաքը հետևում է։

 

«Մարդիկ հակված են վստահել նրան, ինչ կարող են տեսնել,– ասում է նա,– սննդի առաքումը զարգացող ոլորտ է, բայց ունի իր թաքնված, անհայտ կողմը։ Մենք հնարավորություն տեսանք բերելու թափանցիկություն և փորձառության տարրեր մի ոլորտ, որտեղ սովորաբար երկուսն էլ բացակայում են»,– ասում է Արմենը։

 

Pogossian Luxury Brand House-ի համասեփականատեր Արմեն Պողոսյանը

 

Այն, ինչ նկարագրում է համահիմնադիրը, պարզապես բիզնես մոդել չէ։ Դա պատասխան է շատերի իրական մտահոգությանը։ Ամեն մարդ, որը երբևէ առցանց սնունդ է պատվիրել թե՛ Երևանում, թե՛ աշխարհի ցանկացած այլ անկյունում, ունեցել է կասկածի այդքան տրամաբանական պահը. որտե՞ղ է այս սնունդը պատրաստվել, ո՞վ է այն պատրաստել, ինչպիսի՞ն էր այդ խոհանոցը։ Live Chef-ը հարցը վերացնում է՝ կոտրելով խոհանոցի և հաճախորդի միջև եղած պատը։ «Մենք հասկացանք, որ սննդի պատրաստումը կարող է լինել և՛ ապրանքը, և՛ բովանդակությունը»,– ասում է Արմենը։

 

Խոհարարն ու լեռը

«Ամեն առավոտ նայում եմ Արարատին և ոգեշնչվում։ Հետո գնում եմ աշխատանքի»,– ծիծաղելով ասում է Live Chef-ի շեֆ խոհարար Իլյա Կարպաևը, երբ հարցրեցինք, թե ինչն է նրան ոգեշնչում Live Chef-ի մենյուի վրա աշխատելիս։ Կատակ է, բայց մասամբ։

 

Իլյան այն մարդկանցից է, ում կենսագրությունն ինքնին արդեն պատմություն է։ Նախքան խոհանոցը նրա ասպարեզը բոլորովին այլ էր. հույն-հռոմեական ըմբշամարտ, պրոֆեսիոնալ մրցումներ, միջազգային կարգի մարզիկի կոչում։ Կարգապահությունը, որը սովորեցնում է հենց սպորտը, ակնհայտ է նաև խոհանոցում. ոչ մի ավելորդ շարժում, ամեն ինչ իր տեղում և ժամանակին։

 

Մոսկվայի խոշոր խոհանոցներով անցած ճանապարհն էլ հեշտ չէր. ճշգրիտ ու պահանջկոտ միջավայրեր, որոնք խոհարարին ձևավորում են ոչ պակաս, քան սպորտային մարզումները։ Ի դեպ, Իլյան իր ամբողջ կարիերան անցկացրել է բաց խոհանոցներում, այնպես որ Live Chef-ի ձևաչափը նրա համար բնական է եղել հենց սկզբից։ Այդ փորձն ամբողջությամբ բերել է Live Chef-ի խոհանոց, ուր հաճախորդը տեսնում է ամեն ինչ, և հետադարձ կապն անմիջական է ու անխուսափելի։ Սա, նրա խոսքով, թիմին դրդում է անընդհատ սովորել և կատարելագործվել։ «Մեր ոլորտում կարևոր է անդադար սովորելը, այստեղ գալով բնականաբար սկսեցի ուսումնասիրել հայկական մշակույթն ու խոհանոցը»,- ասում է նա։ Ի դեպ, այն ինչ մեր թիմով հասցրեցինք փորձել տեղում՝ փափուկ պիցցա, ավոկադոյով աղցան ու մի նոր, դեռ անանուն խմորային ուտեստ, պարզապես անմոռանալի էր։

 

 

 

Ինչպես է այս ամենն աշխատում

Live Chef-ի տնօրեն Արթուր Սարգսյանի խոսքով նույնիսկ այսօրվա բաց խոհանոցով ռեստորաններն ունեն իրենց թաքնված կողմերը՝ գործընթացի այն հատվածները, որոնք մնում են հյուրերի տեսադաշտից դուրս։ Այստեղ այդ խնդիրը գոյություն չունի։ Ամեն ինչ տեսանելի է։ Գրասենյակը հետևում է հեռարձակմանը հաճախորդների հետ միաժամանակ։ Մաքրության չափանիշներն ու պատրաստման եղանակները հստակ սահմանված են, և այդ ամենը հաճախորդը կարող է տեսնել սեփական աչքերով։

 

Մենյուն կառուցված է խոհարարի ստեղծագործական մոտեցման և իրական տվյալների համադրության վրա։ Այն սեզոնային է, պարբերաբար թարմացվում է։ «Ցանկացած լավ խոհանոց կենդանի օրգանիզմ է,– ասում է Արթուրը,– այն միշտ աճում և փոխվում է»։

 

Թիմը ուշադիր է յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ, և հաշվի է առնում բոլոր անհատական նախասիրություններն ու ալերգիաները։ Հիմնականում պատվիրում են ամբողջ ընտանիքի կամ գրասենյակային թիմերով, և մենյուն ստեղծվել է հաշվի առնելով այդ հանգամանքը։ «Յուրաքանչյուր տանն ու աշխատավայրում կան տարբեր տարիքի ու տարբեր ճաշակի մարդիկ։ Մենք փորձել ենք արտացոլել այդ բազմազանությունը,– ասում է Արթուրը,– որպեսզի թիմի կամ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարողանա գտնել իր սիրելի ուտեստը»։ Նկատելի հպարտությամբ ավելացնում է Արթուրը. «Մեզ մոտ նույնիսկ տարեց հաճախորդներ կան, որոնք հեշտությամբ պատվիրում են հավելվածի միջոցով։ Կարծում եմ՝ մենք մշակույթ ենք փոխում»։

 

Ի դեպ, վստահության կարևորագույն գործոններից է հավելվածում եղած տեղեկության և պատվերի համապատասխանությունը. պատվիրած սնունդը պետք է նման լինի հավելվածում եղած նկարին։ Առաքումից առաջ ուտեստները կարճ ժամանակով թողնում են տուփի մեջ, որպեսզի համոզվեն, որ այն պահպանվում է նույն համային որակներով և տեսքով։ Կարճ ասած՝ այն, ինչ տեսել եք էկրանին, դա էլ կհասնի ձեր սեղանին։

 

 

Խոհանոցից այն կողմ

Ընկերությունը չի սահմանափակվում այս մի ձևաչափով և առաջարկում է նաև Food Truck-ի ձևաչափը՝ բերելով խոհանոցը հաճախորդի մոտ. շարժական խոհանոց, անձնական խոհարարներով, մասնագիտացած սպասարկող անձնակազմով և բարձրորակ մեկանգամյա օգտագործման սպասքով՝ պատրաստ մեկնելու ցանկացած վայր։ Live Chef-ի Food Truck-ն արդեն հասցրել է լինել Արենու գինու փառատոնին, Երևանի գինու օրերին և երկրի գրեթե բոլոր խոշոր փառատոններին։ Սպասարկել է ամենատարբեր միջոցառումներ՝ հարսանիքներից մինչև էքսպոներ, և նույնիսկ ավանդական խաշի արարողություն է կազմակերպել բնության գրկում։ Անկախ առիթից, հաճախորդից ու միջոցառման անցկացման վայրից, ձևաչափը մնում է նույնը. ռեստորանային որակ՝ շարժական տարբերակով։

 

Live Chef-ի ամենասիրված ծառայություններից է Fine Dining ձևաչափը, երբ մատուցողը գալիս է ձեր տուն և ապահովում է ամբողջական ռեստորանային փորձառություն առանց տնից դուրս գալու։ Մատուցումը, սպասքը, ճաշացանկը, ամեն ինչ նույն մակարդակով է, ինչ բարձրակարգ ռեստորանում, տարբերությունն այն է, որ այդ ամենը տեղի է ունենում ձեր ճաշասենյակում։ Այս տարբերակը հատկապես տեղին է մասնավոր ընթրիքների, կորպորատիվ միջոցառումների և հատուկ առիթների ժամանակ, երբ ուզում ես ինչ-որ բան, որը ավելի մտերիմ ու անձնական է, քան ռեստորանը, բայց ավելի բարձրակարգ, քան տնական սնունդը։

 

Հաճախորդների կողմից հատկապես սիրվել է ցերեկային ժամերին հասանելի բիզնես լանչերի ձևաչափը և թիմի կողմից պատրաստվող ռեստորանային որակի կիսաֆաբրիկատներն ու կիսապատրաստ ապուրները։ Շատ շուտով միանգամայն ակնհայտ դարձավ, որ դրանք իդեալական տարբերակ են, երբ ժամանակ չունես երկար պատրաստելու, բայց ուզում ես որակյալ սնունդ ուտել։

 

Հայաստանից այն կողմ

Արմենը բնութագրում է Live Chef-ի հավաքական հաճախորդին այսպես. «քաղաքային կյանքով ապրող, հետաքրքրասեր, որակի հանդեպ պահանջկոտ, մեկը, ում համար թափանցիկությունն ու նորարարությունն անհրաժեշտ երևույթներ են»։ Այդպիսի մարդիկ, ենթադրաբար, կան ոչ միայն Հայաստանում։ Երկարաժամկետում ընկերությունը դիտարկում է արտահանել այս մոդելն աշխարհի այլ քաղաքներ։ «Ցանկացած քաղաք, որտեղ կան լավ գործող ենթակառուցվածքներ և առաքման կայացած համակարգեր, կարող է դառնալ մեր հաջորդ ուղղությունը»,– ասում է Արմենը։ Live Chef-ի մասին արդեն խոսվել է Forbes Germany-ում՝ Pogossian Luxury Brand House-ին նվիրված հոդվածի շրջանակում, ինչը հուշում է, որ ակնհայտ հետաքրքրություն կա ձևաչափի նկատմամբ։

 

 

Օնլայնից՝ ֆիզիկական տիրույթ

Միջազգային ասպարեզում իր տեղը գտնելուն զուգընթաց ընկերությունը մոտ ապագայում կբացի արդեն իսկ իր իրական դռները երևանցիների համար։ Ձևաչափը՝ բիստրո, հայկական և ֆրանսիական խոհանոցների միաձուլում՝ հրավիրյալ խոհարարների կողմից մշակված մենյուով, որի նպատակն է հայկական խոհանոցը ներկայացնել աշխարհին։ Ձևաչափը կփոխվի օրվա ընթացքում. առավոտյան վազքից հետո՝ նախաճաշի վայր, կեսօրին՝ լիարժեք ճաշելու վայր, իսկ երեկոյան՝ իր առանձնահատուկ մթնոլորտով ռեստորան։ Սա կարծես նախագծի բնական հաջորդ քայլն է, որը հաստատ շուտով իր մեծ հետքը կթողնի Երևանի գաստրո դաշտում։

 

Իսկ մինչ ֆիզիկական ռեստորանի նախագիծը խմորման ընթացքի մեջ է, Live Chef-ի խոհանոցն աշխատում է ամեն օր՝ 11:00-ից 22:00-ը։ Հավելվածը սպասում է սթորում, խցիկները միշտ միացած են։