🐄 Կայուն անասնապահությունն իբրև Հայաստանի գյուղերի տնտեսական զարգացման բանալի
Անասնաբուծություն

🐄 Կայուն անասնապահությունն իբրև Հայաստանի գյուղերի տնտեսական զարգացման բանալի

Ժամանակակից հասարակության վրա մեծ ազդեցություն ունեցող զբաղմունքի ավանդական ճյուղը

 

#Գործընկեր

* Ներկայացված բոլոր հիմնական ձեռքբերումների տվյալները վերաբերում են 4-րդ (2014-2021) և 5-րդ փուլերին (2017-2021), որոնք ընդգրկում են համապատասխանաբար Հայաստանի հարավը և հյուսիսը:

Անասնապահությունը զբաղմունքի ավանդական ճյուղ է, բայց նույնիսկ 21-րդ դարում այն հնացած համարելը սխալ կլիներ։ Այս ոլորտը մեծ ազդեցություն ունի տեղական համայնքների և ամբողջ երկրի վրա և օժտված է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում գործազրկության և աշխատանքային արտագաղթի հիմնախնդիրները մեղմելու և մարզերում կենսամակարդակը բարելավելու լուրջ ներուժով։ Մի քանի փուլերից բաղկացած «Անասնապահության զարգացում Հայաստանում» ծրագիրը փորձում է լուծել նման խնդիրներն անասնապահության արդյունավետ փորձի ներդրման համակարգային մոտեցման միջոցով՝ սկսելով Հայաստանի հարավից, այնուհետև ընդլայնվելով դեպի հյուսիս: 

 

Սահմանում. արժեշղթան ընդգրկում է արտադրանքի ստեղծման ողջ ընթացքը՝ սկսած ներդրումներից մինչև մշակում, բերքահավաք, վերամշակում, տեղափոխում և սպառող: 

 

Սերտորեն կապակցված լինելով այլ ոլորտների և ծառայությունների հետ՝ անասնապահությունը կարող է նպաստել դրանց զարգացմանը՝ շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությամբ, այն պայմանով, որ արդյունավետ մեթոդներ, ժամանակակից տեխնոլոգիաներ և համապատասխան սարքավորումներ ի սպաս տրվեն բանիմաց ֆերմերներին։ Ծրագրի շնորհիվ մանր ֆերմերները, կաթի և մսի վերամշակողները, խոշոր եղջերավոր կենդանիների գնորդները, ֆերմաների աջակցության ծառայություններ մատուցողները, մեծածախ վաճառողները, կաթի և մսի արժեշղթաների այլ շահագրգիռ կողմերը, ինչպես և ծրագրի թիրախային մարզերում գտնվող համայնքները շոշափելի հաջողությունների են հասել, օրինակ՝ բարելավվել է շուկաների հասանելիությունը, կայուն կապեր են հաստատվել կաթ հավաքող և վերամշակող ձեռնարկությունների հետ, արտադրողականության, ներդրումների և, ի վերջո, շահույթի աճ է գրանցվել: Գյուղական տնտեսությունների արտադրողականությունը բարելավվել է շնորհիվ անասնաբույժների, գյուղատնտեսական ներդրանքի մատակարարների, մեքենայացման մասնագետների ներգրավման, կենդանիների բուծման և կերի արտադրության արդյունավետ ծառայությունների (օրինակ՝ անասնաբուժական, կենդանիների արհեստական սերմնավորման, և հարակից ծառայություններ) զարգացման, ինչպես նաև ֆերմերների կամ մանր անասնապահական տնտեսություն վարողների կարողությունների բարելավման։ Ի հավելումն աճող արտադրողականությանը, կաթի հավաքման և խոշոր եղջերավոր կենդանիների առևտրի բարելավված ենթակառուցվածքը, արտադրողների ու վերամշակողների միջև ամրապնդված շուկայական կապերը թույլ տվեցին իրացնել թիրախային տարածքում մանր տնտեսությունների կողմից արտադրված կաթի և մսի ընդլայնված ծավալները: Հատկանշական է, որ ծրագիրը նաև օգնեց ստեղծել Սյունիքի Անասնաշուկան, որը հետագայում վերածվեց «ԴԸ ՌԱՆՉ» սոցիալական ձեռնարկության: Ծրագիրը նաև աջակցել է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ամրապնդելու համայնքներում ֆերմերների կարիքները հոգալուն ուղղված իրենց կարողությունները, մասնավորապես՝ համայնքի արոտավայրերի հասանելիության ու օգտագործման ենթակառուցվածքների զարգացումը, օժանդակ ծառայությունների և տեղեկատվության հասանելիության ընդլայնումը, տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած ծառայությունների, կենդանիների առողջության հանրային ծառայությունների, անասնապահության հետ կապված տվյալների կառավարման և փաստաթղթավորման բարելավումը։ 

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի բնակչության մոտ մեկ երրորդը կազմող գյուղաբնակների մեծամասնության համար գյուղատնտեսությունն է հիմնական զբաղմունքն ու եկամուտի աղբյուրը։ Անասնապահությունը, մասնավորապես, դարեր շարունակ եղել է եկամտի հիմնական աղբյուրն առավել բարձրադիր տարածքներում, որտեղ հարթ հողերը սակավ են, իսկ կլիմայական պայմանները նպաստավոր չեն գյուղատնտեսության համար։ Մսի և կաթի վերամշակումն ավանդաբար ծնունդ են տվել արտադրության մի շարք ոլորտների, որոնց կարևորությունը դժվար է գերագնահատել: Այնուամենայնիվ, գլոբալ տաքացման և բնակչության աճի ժամանակակից պայմաններում փոփոխվող պայմաններին հարմարվելու համար անասնաբուծությունն էլ ավելի արդյունավետ մեթոդների կարիք ունի։ Ծրագրի գլխավոր ձեռքբերումը պարզապես մսի և կաթի արտադրության աճը և դրանց հետ կապված արժեշղթաների բոլոր հատվածներում պարզ բարելավումները չեն այլ, ինչն էլ ավելի կարևոր է, գիտելիքների և հմտությունների զարգացումը անասնաբուծության ոլորտում: Անասնաբուծության և անասնապահության կատարելագործված մեթոդների կիրառումը կարող է լուրջ սոցիալական և տնտեսական ազդեցություն ունենալ՝ հատկապես այն մարզերում, ուր բնակչության կենսամակարդակն ավելի ցածր է, համեմատ Երևանի կամ որոշ գյուղերի, որտեղ հնարավորություն կա մեծ շահույթով վաճառել վաղահաս բերքը: Այս ոլորտն ունի գյուղական վայրերում նոր աշխատատեղեր ստեղծելու և տնտեսապես թույլ զարգացած համայնքները վերակենդանացնելու՝ ցայսօր չօգտագործված մեծ ներուժ։ 

 

Կարևոր ձեռքբերումների ամփոփիչ տվյալներ* 

▶ Գյուղական բնակավայրերի ավելի քան 150 000 բնակիչների համար դյուրացվել է գյուղատնտեսական շուկաների և ծառայությունների հասանելիությունը։

▶ 168 գյուղատնտեսական ծառայությունների մատուցման (անասնաբուժական, խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական բեղմնավորման, գյուղատնտեսական ներդրանքների մատակարարման) կետեր են ստեղծվել կամ ընդլայնվել ծառայելու համար ֆերմերներին թիրախային 220 գյուղերում։

▶ Տղամարդ և կին ֆերմերների մոտ 70%-ը օգտվել է գյուղատնտեսական աջակցության ծառայություններից՝ ուղղված կենդանիների առողջության և տոհմային հատկանիշների բարելավմանը։ Արդյունքում աճել է խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվությունը, բարձրացել է կաթի և մսի որակն ու արտադրության ծավալները։

▶ 74 տնտեսվարողներ ներդրում են կատարել կաթի հավաքման, վերամշակման, շուկայահանման, ինչպես նաև խոշոր եղջերավոր կենդանիների առևտրի ենթակառուցվածքների ոլորտներում։ 

▶ Կաթնատու կովերի մթերատվությունն աճել է 25%-ով, իսկ մսատու տավարինը՝ 32%-ով։

▶ 46 450 ուղղակի շահառու ֆերմեր (որոնցից 44%-ը՝ կին) ավելացրել է կաթից և մսից ստացվող եկամուտները։ Փոքր տնտեսության վարողների դրամական եկամուտը միջինում աճել է 60%-ով: 

▶ Ոչ գյուղատնտեսական 396 նոր աշխատատեղ (33%-ը՝ կանանց համար) է ստեղծվել կաթի և մսի արժեշղթաներում, ի լրումն 1,311 գյուղաբնակների համար ֆերմերային տնտեսություններում ստեղծված զբաղվածության կամ ինքնազբաղվածության նոր հնարավորությունների: 

▶ Ֆերմերները և մասնավոր միջնորդ ձեռնարկությունները մսի և կաթնամթերքի արժեշղթաներում ներդրել են 2,2 մլրդ դրամ (5,1 մլն շվեյցարական ֆրանկ)՝ օգտվելով ծրագրի ընձեռած հնարավորություններից:

 

▶ Ֆերմերների կողմից կաթի վաճառքի ծավալն աճել է 86%-ով (ավելի քան 201 000 տոննա 2020 թվականին):

▶ Ֆերմերների կողմից մսի վաճառքի ծավալն աճել է 60%-ով (ավելի քան 11 700 տոննա 2020 թվականին)։

▶ Ֆերմերների կողմից կաթի և մսի վաճառքից գոյացած զուտ եկամտի աճը 2020 թվականին կազմել է ավելի քան 13 մլրդ դրամ (23 մլն շվեյցարական ֆրանկ)։ 

 

ԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՄ ՏԱՐԲԵՐ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍՏԱՑԵԼ, ՕՐԻՆԱԿ՝ ԳՈՄՈՒՄ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ ՁՄՌԱՆԸ ՄԻՇՏ ՁԵՂՆԱՀԱՐԿԻ ԵԼՔԵՐԸ ՓԱԿ ԵՆՔ ՊԱՀԵԼ, ԲԱՅՑ ՀԻՄԱ ՏԵՂԵԿԱՑԱՆՔ, ՈՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼն ՕԳՏԱԿԱՐ Է, ՔԱՆԻ ՈՐ ԱՅԴՊԵՍ ԳՈՄՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՈԼՈՐՇԱՆՈՒՄ Է։ ԲԱՑԻ ԱՅԴ, ՄԵՆՔ ՏԵՍԱՆՔ, ՈՐ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԴՐՍՈՒՄ ԱՆԳԱՄ ՁՄՌԱՆԸ ՉԵՆ ՄՐՍՈՒՄ ԵՎ ՇԱՏ ՀԱՆԳԻՍՏ ԴԻՄԱՆՈՒՄ ԵՆ ՑՐՏԻՆ» (ԱՆԱՍՆԱՊԱՀ, ԿԻՆ, ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂ, ՎԱՅՈՑ ՁՈՐ)

 

ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ 

«Անասնապահության զարգացումը Հայաստանում» ծրագիրն իրականացվել է 2006 թվականից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (SDA) ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից: Ծրագրի 5-րդ փուլը (2017-2021 թթ.), որն ընդգրկում էր Հայաստանի հյուսիսը, համաֆինանսավորվել է նաև Ավստրիական զարգացման գործակալության (ADA) կողմից: Ծրագրի աշխարհագրական ընդգրկումը տպավորիչ է․ այն ներառում է Հայաստանի տարածքի զգալի մասը՝ մասնավորապես երկրի հյուսիսային, արևելյան և հարավային սահմանների երկայնքով ձգվող ռազմավարական կարևոր հատվածը: Փաստորեն, այն ընդգրկել է Սյունիքի, Վայոց Ձորի մարզերը, ինչպես նաև Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի գյուղական համայնքների մի զգալի մասը (ընդհանուր՝ 220 բնակավայր)՝ դրանով իսկ ապահովելով ծրագրի ներկայությունը Հայաստանի մարզերի մեծամասնությունում։ Ծրագիրն ունեցել է շահառուներ և գործընկերներ տարբեր մակարդակներում, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում՝ ինչպես, օրինակ, գյուղացիական տնտեսությունները, համայնքապետարանները, վերամշակող կամ ծառայություններ մատուցող ձեռնարկությունները և այլն: Ծրագիրը բաղկացած էր հինգ փուլից, և եթե 1-ին փուլում այն ընդգրկում էր Գորիսի շրջակայքում բնակվող 3000 ֆերմերների, ապա վերջին՝ 4-րդ և 5-րդ փուլերի ընթացքում շահառու ֆերմերների թիվը հասավ 160,000-ի՝ ինչպես երկրի հարավում, այնպես էլ հյուսիսում: Միաժամանակ, ծրագրի շնորհիվ 46 450 անասնապահ ֆերմերների (որոնցից 44%-ը՝ կին) եկամուտն աճել է 60%-ով՝ ներգրավելով 17%-ով ավել վերջնական շահառուների, քան սկզբնապես թիրախավորված էր:

 

Ծրագրի փուլեր. 

Ֆինանսավորվել է SDC-ի կողմից. 

▶ Փուլ 1 – 295 000 շվեյցարական ֆրանկ (2006-2008 թթ․) 

▶ Փուլ 2 – 2 500 000 շվեյցարական ֆրանկ (2008-2011 թթ․) 

▶ Փուլ 3 – 5 412 520 շվեյցարական ֆրանկ (2011–2014 թթ.)

▶ Փուլ 4 – 11 245 756  շվեյցարական ֆրանկ (2014-2021 թթ․ )

 

Համաֆինանսավորում SDC-ի և ADA-ի կողմից

▶ Փուլ 5 – 5 432 600 շվեյցարական ֆրանկ (2017-2021 թթ․) 

 

Ընդամենը՝ 24 885 876 շվեյցարական ֆրանկ։

 

Ծրագրի շրջանակն աստիճանաբար ընդլայնվեց ոչ միայն աշխարհագրական ընդգրկման և շահառուների թվի, այլ նաև ծրագրի թիրախավորած օժանդակ ծառայությունների թվի, համակարգերի փոփոխության և ազդեցության մակարդակի և նույնիսկ ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքելու առումներով՝ COVID-19 համաճարակով և 2020 թվականի պատերազմով պայմանավորված։

 

 

ԱՆԱՍՆԱՊԱՀԸ ՀԱՐՈՒՍՏ Է, ԵՐԲ ԻՐ ԿԵՆԴԱՆԻՆ ԱՌՈՂՋ Է 

Ծրագրի բաղադրիչներից մեկը վերաբերում էր թիրախային շրջաններում անասնաբուժության և խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման ծառայության բարելավմանը` ծառայությունների արդյունավետությունը, որակը և շարունակականությունն ապահովելու նպատակով ներդրումների և գոյություն ունեցող կամ նորաթուխ ծառայություններ մատուցողների կարողությունները զարգացնելու միջոցով: Անասնաբուժական ծառայությունների ցանցի և արհեստական սերմնավորման կետերի ստեղծումը զգալի փոփոխություններ բերեց այդ տարածքներում անասնապահության և անասնաբուծության որակի մեջ: Ծրագրի շնորհիվ տեղացի մասնագետները 2014-2021 թվականներին կարողացան ստեղծել 102 անասնաբուժական և 52 արհեստական սերմնավորման կետ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում: Այս մասնավոր անասնաբուժական սպասարկման կետերը 2020 թվականին ծառայություններ են մատուցել 217 գյուղական բնակավայրերում անասնապահությամբ զբաղվող ավելի քան 15 200 տնային տնտեսությունների: Ծրագրի գործունեության ընթացքում մատուցվել է խոշոր եղջերավոր կենդանիների սերմնավորման ավելի քան 50 000 միավոր մասնավոր ծառայություն: Մասնագիտացված կետերում առաջարկվող ծառայությունների որակի հանդեպ իրենց գոհունակությունն են արտահայտել ֆերմերների ճնշող մեծամասնությունը (92%), որոնք նշել են անասնաբուժական ծառայությունների կարևորությունը կենդանիների հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում, որը նպաստում է անասնագլխաքանակի աճին և կենդանիների որակական հատկանիշների բարելավմանը:

 

ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԼԱՎԱՏԵՂՅԱԿ ԵՆ ԴԵՂԵՐԻՑ. ՆՐԱՆՔ ԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ ԴԵՂ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ։ ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ԾՐԱԳԻՐՆ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ԴԵՐ Է ԽԱՂԱՑԵԼ, ՔԱՆԻ ՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐ ԱՆԱՍԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՎ ՇՓՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»։ (ՄԱՏԱԿԱՐԱՐ, ԵՐԵՎԱՆ)

 

Ավելին, Ծրագրի իրականացման ընթացքում անասնաբուժական և արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցողները շարունակել են աջակցություն ստանալ՝ աստիճանաբար իրենց ներդրումներն ու ծախսերն օպտիմալացնելու համար։ Արդյունքում, ստեղծված անասնաբուժական և արհեստական սերմնավորման կետերը սկսեցին համեմատաբար արագ շահույթ ստանալ՝ դրա մի մասն էլ ուղղելով դեպի պահանջարկ վայելող լրացուցիչ վճարովի անասնաբուժական ծառայությունների ներդրմանը: Անասնաբուժական կետերը ժամանակի ընթացքում դարձան ինքնաֆինանսավորվող՝ ստացված շահույթը վերաներդնելով անհրաժեշտ գործիքներ և դեղորայք ձեռք բերելու մեջ: Իրենք՝ ֆերմերներն ընդգծում էին կանխարգելիչ միջոցառումների և անասնաբույժին կանոնավոր այցելությունների կարևորությունը, ինչը ծրագրի աջակցությամբ կազմակերպված վերապատրաստման և խորհրդատվական դասընթացների շնորհիվ ստացված գիտելիքների անմիջական արդյունքն էր: 2020 թվականին անասնապահությամբ զբաղվող թիրախային ֆերմերների 70 տոկոսին կենդանիների հիվանդությունների կանխարգելման, խնամքի և անասնապահության պրակտիկայի վերաբերյալ ծրագրում ընդգրկված տարածքներում գործող 102 անասնաբուժական կետերում անասնաբույժի խորհրդատվություն կամ անասնաբուժական սպասարկում է տրամադրվել: Ծրագիրը նաև բարելավեց փոխգործակցությունը տեղի անասնաբույժների և անասնաբուժական դեղամիջոցներ ու գործիքներ մատակարարող ընկերությունների միջև՝ ընդլայնելով նրանց մատակարարման աշխարհագրությունը, ծավալները և հաճախորդների թիվը: Ամենատպավորիչը ֆերմերների մտածելակերպի և վճարովի անասնաբուժական ծառայությունների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն էր, որի դրական ազդեցությունը նրանց շրջանում դարձավ անվիճելի։ Փոքր քանակությամբ ցուլերի առկայության պայմաններում առաջացող խոշոր եղջերավոր կենդանիների նեղ ազգակցական բուծումը Հայաստանում աճող խնդիր էր, որի հետևանքով խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային արժեքն անկում էր ապրում: Այս խնդիրը լուծելու համար Ծրագիրն աջակցեց տեղացի մասնագետների կարողությունների ուժեղացմանը՝ տրամադրելու տավարի արհեստական սերմնավորման ծառայություններ, որը կենդանիների տոհմային հատկանիշների և, հետևաբար, տավարի առողջության և արտադրողականության բարելավման միջազգայնորեն ընդունված պրակտիկա է: Դա կարևոր է գյուղացիական տնտեսությունների գործունեության համար, քանի որ կենդանիների տոհմային հատկանիշների բարելավման շնորհիվ աճեց կաթի և մսի արտադրության քանակն ու դրանց որակը՝ համապատասխանաբար բերելով եկամուտների ավելացման: Արհեստական սերմնավորումը նաև ֆերմերներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն բեղմնավորման ժամանակի և, հետևաբար, ծննդաբերության վրա, ինչը ֆերմերներին հնարավորություն է տալիս իրականացնել ծնի արդյունավետ պլանավորում, օրինակ՝ կաթի արտադրության առավել լարված ժամանակահատվածում կամ երբ կաթի սեզոնային գները հասնում են բարձրակետին: Հայաստանի հարավում, օրինակ, անասնաբուծությամբ զբաղվող տնային տնտեսությունների կեսից ավելին օգտվում է ծրագրի աջակցությամբ ստեղծված արհեստական սերմնավորման կետերի ծառայություններից, ինչի արդյունքում 2020 թվականին ծրագրի թիրախային տարածքում տեղական կովերի ավելի քան 30 տոկոսը արհեստական սերմնավորման արդյունք է: Գյուղացիական տնտեսություններում պահվող կենդանիների որակը տարեցտարի բարելավելու համար անհրաժեշտ է ճիշտ ռազմավարություն ունենալը՝ փոխարինելու համար ծերացած և ցածր արտադրողականությամբ կենդանիներին առավել երիտասարդ և մթերատու կենդանիներով: Սա սովորաբար չէր կիրառվում ծրագրի թիրախային տարածքներում, ինչը հանգեցնում էր անասնապահ ֆերմաների ցածր արտադրողականության և լրացուցիչ ծախսերի՝ պայմանավորված մի շարք գործոններով (օրինակ՝ կենդանիների ցածր մթերատվություն, ծննդաբերության խնդիրներ, ծերացող գլխաքանակ, կենդանու կաղություն, ստացված կաթի ցածր ծավալներ, կրծքի հետ կապված խնդիրներ, հորթերի որակի և կովերի վարքագիծ և այլն): 

 

 

Ծրագիրը շարունակել է աջակցել խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային հատկանիշների բարելավմանը և փոխարինման պրակտիկայի խթանմանը: Կենդանիների փոխարինման սխեման առաջին անգամ հաջողությամբ փորձարկվել է ծրագրի ավելի վաղ փուլերում: Այս ուղղությամբ միջամտությունները նաև դրական ուղղությամբ փոխեցին ֆերմերների պատկերացումները խոշոր եղջերավոր կենդանիների որակի գնահատման գործում՝ տարբերակելով վատորակ և լավորակ կենդանիների միջև, ընդ որում՝ վերջիններս կարող են կրկնակի թանկ լինել՝ արժենալով ավելի քան 1 մլն դրամ (2300 CHF):

 

Կենդանիների փոխարինման տպավորիչ առավելություններից մեկը կենդանիների արտադրողականության վրա անմիջական ազդեցությունն էր՝ միաժամանակ ապացուցելով խոշոր եղջերավոր կենդանիների բարելավված տոհմային հատկանիշների օգուտները և խթանելով արհեստական սերմնավորման ծառայությունների պահանջարկը:

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 

«Անասնապահության զարգացումը Հայաստանում» ծրագրի ռազմավարական և երկարաժամկետ ազդեցությունը պահպանելու համար կարևոր էր նպաստել մասնավոր հատվածի զարգացմանը և անդրսահմանային ինտենսիվ տնտեսական հարաբերությունների հաստատմանը՝ ներառյալ կաթնամթերքի արտահանման հնարավորությունների ստեղծումը դեպի հարևան Վրաստան: Ծրագրի արդյունքում հայ և վրացի սպառողներն ուղղակիորեն օգտվեցին բարձր հասանելիությամբ, բարձր որակով և ավելի լավ գներով ապրանքներից՝ շնորհիվ մսի և կաթնամթերքի ինտենսիվ անդրսահմանային առևտրի: Բացի այդ, Հայաստանի հյուսիսային շրջաններում րագիրը կապեց անասնաբուժական և արհեստական սերմնավորման միջոցների առևտրային մեծածախ վաճառողներին անմիջապես գյուղի անասնաբույժների ցանցի հետ՝ ապահովելու համար տարբեր ապրանքների կայուն և ուղղակի մատակարարումը:

 

Վրաստանի և Հայաստանի մեծածախ և մանրածախ առևտրականների միջև նոր անդրսահմանային շուկայական կապեր են հաստատվել: Մասնավոր ձեռնարկություններին (կաթնամթերքի վերամշակողներ և գյուղատնտեսական ներդրանքի մատակարարողներին) աջակցություն է ցուցաբերվել՝ մշակելու կամ բարելավելու իրենց արտահանման ռազմավարությունը, ինչը մեծացրել է պանրի, թթվասերի, կաթնաշոռի, մածունի և կաթնամթերքի ֆերմենտների արտահանման ծավալը Վրաստան: Ձևավորված գործընկերային կապերի և մասնավոր ձեռնարկությունների արտահանման ընդլայնված կարողությունների շնորհիվ Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը (գյուղատնտեսական մթերքների և կաթնամթերքի գծով) 2021 թվականին կազմել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար։

 

ԱՐՈՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻԲՐԵՎ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԾԱՎԱԼԻ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ ԿԱԹ ԵՎ ՄԻՍ ՍՏԱՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ

Փոփոխվող կլիմայական պայմանների սահմանափակ հողային ֆոնդի պայմաններում արոտավայրերի կառավարումը եղել և մնում է արդիական Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվողների համար: Կառավարման ավանդական մեթոդների վերանայման համար անհրաժեշտ են մասնագիտական փորձ և նյութական խթաններ: Բնական արոտավայրերի առկայությունը և հասանելիությունը կենսական նշանակություն ունեն անասնապահության կայուն զարգացման համար: Ինքնաբուխ անասնապահության ռիսկերը բնական էկոհամակարգերի վրա կարող են կտրուկ աճել՝ վտանգելով տեղի կենսաբազմազանությունը, անասնակերի արտադրությունը և գյուղատնտեսական արտադրությունը, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ 

 

Կարևոր ձեռքբերումներ 

Ենթակառուցվածքներ* 

● Գյուղապետարաններն իրականացրել են ընդհանուր թվով 309 նախաձեռնություն՝ ուղղված արոտավայրերի ենթակառուցվածքների բարելավմանը և գերարածեցված կամ որակազրկված արոտավայրերի վերականգնմանը:

● Համայնքապետարանները ներդրել են 1,2 մլրդ դրամ (2,8 մլն շվեյցարական ֆրանկ) կամ ընդհանուր ներդրումների 31%-ը՝ ապահովելով՝ 

▶ 105 000 հա հեռագնա արոտավայր հասանելի դառնալը ֆերմերներին 

▶  212 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի կառուցումը դեպի հեռագնա արոտավայրեր

▶ 213 ջրարբիացման կետի կառուցումը խոշոր եղջերավոր կենդանիների համար

▶ խոշոր եղջերավոր կենդանիների 70 մակատեղի և 13 կթի սրահի կառուցումը 

▶ հովիվների համար 58 կացարանի կառուցումը

▶ 210 հա գերարածեցված, որակազրկված արոտավայրի վերականգնումը

 

 

Համայնքային արոտավայրերը պատկանում են համայնքին և կառավարվում են տեղական իշխանությունների կողմից: Այս ոլորտում ծրագրի թիրախն էր տեղական/գյուղական իշխանությունների կարողությունների զարգացումը՝ արոտավայրերի կայուն կառավարման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ։ Բնական ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և արոտների արդյունավետ կառավարման պրակտիկ մոտեցումներ ներդնելու համար ծրագիրն աջակցեց համայնքներին՝ մշակելու և ներդնելու համայնքային մակարդակում արոտավայրերի կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը: Յուրաքանչյուր գյուղական բնակավայրում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ֆերմերների, համայնքների ավագանիների, տեղական իշխանությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ, որոնք անցել են վերապատրաստում արոտավայրերի կառավարման պրակտիկայի վերաբերյալ և մշակել են արոտավայրերի կառավարմանը վերաբերող ընթհանուր առմամբ 189 արոտների կայուն կառավարման պլան: Տեղական իշխանություններն ընդունել և կիրառել են արոտավայրերի կառավարման այս ծրագրերը, ինչը հանգեցրել է 235 000 հա համայնքային արոտավայրերի բարելավմանը: Բոլոր թիրախային գյուղական բնակավայրերը բարելավել են համայնքային արոտների հասանելիությունը և պահպանել արոտների կայուն կառավարման ներդրված մեխանիզմները: Արոտավայրերի կառավարմանն ուղղված ջանքերի կայունությունն ու շարունակականությունն ապահովելու համար «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն 2017 թվականին ստեղծել է ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը (www.arot.am): Հարթակը թույլ է տալիս համակարգել թեմայով հետաքրքրված տարբեր շահագրգիռ կողմերի գործունեությունն ու նրանց միջև համագործակցությունը՝ կանոնավոր աշխատանքային քննարկումների և շահերի պաշտպանությանն ուղղված գործունեության միջոցով:

 

ՄՍԻ ԵՎ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ 

Անասնապահության հիմնական նպատակներից է հնարավորինս մեծ ծավալի և առավել որակյալ կաթ և միս ստանալն ու շուկա հանելը: Կաթի և մսի արտադրությունն ու վաճառքը մեծացնելու նպատակով ծրագիրը կարողությունների զարգացում և տեխնիկական աջակցություն է տրամադրել թիրախային բնակավայրերի կաթ վերամշակողներին և ֆերմերներին, ինչպես նաև խթանել է ներդրումները կաթի հավաքման ու խոշոր եղջերավոր կենդանիների առևտրի ենթակառուցվածքներում: Միջամտությունները կենտրոնացած էին կաթի մթերման ցանցի ընդլայնման և կաթի հավաքման և հովացման կետերի ստեղծման վրա, հատկապես ամենահեռավոր գյուղերում, որոնք շուկաներից հեռու են: Բացի այդ, կաթնամթերք վերամշակողներին տրամադրվել է տեխնիկական աջակցություն, ինչպիսիք են շուկայավարման և կառավարման թեմաներով խորհրդատվությունը՝ ուղղված կաթի մթերման և վերամշակման արդյունավետության բարձրացմանը և ներքին ու արտաքին շուկաներում իրացման ծավալների ընդլայնմանը:

 

Ծրագրի գործունեության ընթացքում կաթ վերամշակող և կաթի հավաքման 74 կետեր, այդ թվում և մի շարք նոր ձեռնարկություններ, բարելավել են իրենց արդյունավետությունը՝ ավելացնելով կին և տղամարդ ֆերմերներից մթերվող կաթի ծավալը: Մասնավոր միջնորդ ձեռնարկությունները մոտ 1,9 մլրդ դրամի (4,4 մլն շվեյցարական ֆրանկ) ներդրում են կատարել կաթի հավաքման և վերամշակման ենթակառուցվածքներում, մասնավորապես՝ կաթի հավաքման կետեր ստեղծելու, կաթի վերամշակման գործարաններում սարքավորումներն արդիականացնելու, սննդամթերքի արտադրության պահանջները ապահովելու, կաթնամթերքի և պանրի մարքեթինգի և այլ նպատակներով:

 

Հիմնական ձեռքբերումներ. Սյունիք և Վայոց Ձորի մարզեր* 

 ▶ Կաթնատու կովերի մթերատվությունն աճել է 23%-ով, իսկ մսատու տավարինը՝ աճել է 23%-ով։ 

▶ Տարեկան արտադրված տավարի մսի ընդհանուր ծավալն աճել է 98%-ով (2020թ.՝ 2014-ի համեմատ)։ 

▶ Տարեկան արտադրված կաթի ծավալն աճել է 78%-ով (2020թ.՝ 2014-ի համեմատ)։ 

 

Գեղարքունիք, Լոռի, Տավուշ, Շիրակ 

▶ Կաթնատու կովերի միջին կաթնատվությունը 1977 լիտրից հասել է 2490 լիտրի (26% աճ), իսկ մեկ տարում խոշոր եղջերավոր կենդանիների միջին կենդանի զանգվածը 148 կգ-ից հասել է 208,5 կգ-ի (41% աճ)։ 

▶ 28600 անասնապահությամբ զբաղվող ֆերմերների (45%-ը՝ կին) եկամուտը կաթի և մսի արժեշղթայից միջինում աճել է 36%-ով (2020թ. 2017թ.-ի համեմատ)։

 

Կաթի արտադրությունը կայուն և ներդրումների համար գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է, որ ֆերմերների և վերամշակող ընկերությունների միջև մշտական կապ գործի: Ուստի, կաթի շուկայի մասնակիցներն ավելի որակյալ կաթ ստանալու համար մշտական կապ են պահպանում ֆերմերների հետ: Այս ամենի շնորհիվ բարելավվել են նաև կաթի հավաքման կետերի և կաթ վերամշակողների միջև հարաբերությունները, և շատերն այլևս ռիսկային չեն համարում ֆերմերների հետ մեկ տարով կամ ավելի երկարաժամկետ պայմանագրեր կնքելը: Թիրախային շրջաններում տավարի մսի արտադրության աճը չդադարեց՝ չնայած տարբեր մարտահրավերներին, ներառյալ 2020 թվականի պատերազմից հետո տուժած տարածքներում անվտանգության իրավիճակի վատթարացումը և հետագա սրացումները: 2020 թվականին Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից տեղական շուկա մատակարարվող տավարի մսի ծավալները 2014 թվականի համեմատ աճել են ավելի քան երկու անգամ՝ շնորհիվ խոշոր եղջերավոր կենդանիների արտադրողականության բարձրացման և ծրագրի միջամտությունների։

 

«ՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԵՆՔ ՓՈՔՐ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԿՈՐՆԳԱՆ ԷԻՆՔ ՑԱՆՈՒՄ։ ԲԱՅՑ ԵՍ ՔԱՂԵԼՈՒ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԳԻՏԵԻ, ՈՒՇԱՑՆՈՒՄ ԷԻ ՈՒ ԽՈՏԸ ԴԱԽԱՆՈՒՄ ԷՐ, ԽՈՏԻ ԿԵՍՆ ԷՐ ԿՈՎԵՐԻՆ ՀԱՍՆՈՒՄ, ՔԱՆԻ ՈՐ ՉԳԻՏԵԻ ԱՃԵՑՆԵԼՈՒ ՃԻՇՏ ՁԵՎԸ, ՏԵՂՅԱԿ ՉԷԻ ԱՅԴ ԳՈՐԾԻՑ։ ՇՆՈՐՀԻՎ ԱՅՍ ԾՐԱԳՐԻ՝ ԵՍ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԻՄԱՑԱ ԲՈԼՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ։ ԱՆՑՅԱԼՈՒՄ, ԵԹԵ ՄԻ ԿՈՎԸ ՕՐԸ 5-6 ԼԻՏՐ ԿԱԹ ԷՐ ՏԱԼԻՍ, ՀԻՄԱ ՄԻՋԻՆԸ 10 ԼԻՏՐ Է ՏԱԼԻՍ, ՕՐԱԿԱՆ 4 ԼԻՏՐ ԱՎԵԼ Է ՏԱԼԻՍ» (ՖԵՐՄԵՐ, ՏՂԱՄԱՐԴ, ՇԱՔԻ ԳՅՈՒՂ, ՍՅՈՒՆԻՔ)։ 

 

ԽՐԱԽՈՒՍԵԼՈՎ ԿԱՆԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 

Անասնապահությունը կարևոր ոլորտ է ամենահեռավոր և լեռնային գյուղական շրջանների տնտեսության համար: Այն կենսական դեր ունի գյուղական բնակչության կենսագործունեության մեջ՝ որպես տնային տնտեսության մակարդակում կանանց զբաղվածության կարևոր աղբյուր: Գյուղաբնակ տղամարդիկ և կանայք նշանակալի դեր են խաղում անասնաբուծության և անասնապահության մեջ, և Ծրագիրը խստորեն հետևում էր, որ անասնապահության ոլորտում իր գործունեությունը ոչնչով չխաթարեր կանանց դերն ու տնտեսական ներգրավվածությունը ֆերմայում, ընտանիքում և համայնքում։ Վերջնական նպատակն էր առավելագույնի հասցնել ծրագրի ներուժը կանանց տնտեսապես օգտակար լինելու և նրանց ներգրավելու համար: Հատուկ գործողություններ են նախաձեռնվել՝ խրախուսելու համար կին ֆերմերներին և ամրապնդելու իրենց՝ անասնաբուծության հաջողված փորձը կիրառելու կարողությունները: ծրագրի շնորհիվ կին ֆերմերները բարելավել են անասնապահության ասպարեզում իրենց հմտություններն ու գիտելիքները, ինչպես նաև ամրացրել են իրենց ինքնավստահությունն ու ֆերմայի մակարդակում գիտակցված որոշումներ կայացնելու կարողությունը: Ծրագիրն ընդլայնեց եկամուտ ստանալու հնարավորությունները թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց համար. Ծրագրի ընթացքում կաթից և մսից ավելի շատ եկամուտ ստացած 46 450 ֆերմերներից 44%-ը կանայք էին: Ծրագրի կողմից ստեղծված 396 ոչ գյուղատնտեսական  աշխատատեղերի մեկ երրորդը կանանց համար էր: Ընտրված տարածքներում կաթի վաճառքի աճի պատճառով տնային տնտեսություններում պանրի արտադրության ծավալը նվազել է, իսկ այն կանայք, ովքեր տնային պայմաններում պանրագործության հիմնական պատասխանատուներն էին, հնարավորություն ստացան իրենց ժամանակը հատկացնել ավելի արդյունավետ և արժեքավոր գործունեության: Ծրագիրը նաև նպաստեց և դրդեց ֆերմերներին վարկով գնել կթի ագրեգատներ ՝ նվազեցնելով կանանց բեռը, քանի որ հայկական ավանդական միջավայրում կթելու պարտականությունը նույնպես հիմնականում կանայք են ստանձնում: Ավելին, կանանց մասնակցությունը կարողությունների ամրապնդման տարբեր միջոցառումներում (ներառյալ գենդերային հարցերի վերաբերյալ ուսուցում, ֆերմերային տնտեսությունների և բյուջեի կառավարում, շուկայագիտություն, ներկայացման հմտություններ և այլն) նպաստեց կանանց՝ ֆերմայում և տնային տնտեսություններում որոշումների կայացմանը մասնակցելու հմտությունների, գիտելիքների և ինքնավստահության բարձրացմանը: Օրինակ՝ Վայոց Ձորում և Սյունիքում կանանց ներգրավվածությունը եկամտի կառավարման գործընթացում մեծ ազդեցություն է ունեցել. գյուղացիական տնտեսությունների մասնաբաժինը, որտեղ կանայք մասնակցել են եկամտի կառավարմանը, աճել է 67%-ից մինչև 93%: Վերջինը, բայց ոչ պակաս կարևորը․ չնայած կանանց աճող ներգրավվածությանը կթելու և կաթի վերամշակման մեջ, նրանց ֆիզիկական աշխատանքի ծանրաբեռնվածությունը նվազել է՝ շնորհիվ օգտագործվող ավտոմատ կթի ագրեգատների, ինչը նաև հանգեցնում է կաթի վաճառքի ավելացմանը (ինչն իր հերթին նշանակում է տնային պայմաններում կաթի վերամշակման գործընթացում կանանց ներգրավվածության նվազում):

 

ԾՐԱԳՐԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ՄՍԱՏՈՒ ՀՈՐԹ ԳՆԵՑԻ։ ԼԱՎ, ԱՌՈՂՋ ԿԵՆԴԱՆԻ ԷՐ, ՄԻ ՏԱՐԻ ՊԱՀԵՑԻ, ՈՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՇԸ ԶԳԱԼԻ ԱՎԵԼԱՑԱՎ, ՈՒ ԼԱՎ ԳՆՈՎ ՎԱՃԱՌԵՑԻ։ ՀԻՄԱ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻՑ ՀՈՐԹ ԳՆԵԼ ՈՒ ԲՏԵԼ։ (ՖԵՐՄԵՐ, ԿԻՆ, ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂ, ՎԱՅՈՑ ՁՈՐ)

 

ԱՆԱՍՆԱՇՈՒԿԱ «ԴԸ ՌԱՆՉ»

Շուկաների հասանելիությունը կարևոր բաղադրիչ է անասնապահության և մսի ու կաթի արտադրությանն առնչվող արժեշղթայում: Այն կարող է առավել բարձր շահույթով խոշոր եղջերավոր կենդանիներ կամ միս վաճառելու, ինչպես նաև բարձրորակ ցեղատեսակների կենդանի գնելու հնարավորություն տալ: Ահա թե ինչու 2015 թվականին Հայաստանի հարավում ստեղծվեց Սյունիքի անասնաշուկան (2022 թվականին վերանվանվեց «ԴԸ ՌԱՆՉ» ՍՊԸ սոցիալական ձեռնարկության): «ԴԸ ՌԱՆՉ»-ը նպատակ ունի համակարգել կենդանիների առևտուրը Սյունիքում և Վայոց Ձորում և տպավորիչ ազդեցություն է ունեցել Հայաստանի հարավում մսի արտադրության ծավալների ավելացման վրա: Ձեռնարկությունն օգնում է ուղիղ և կայուն հարաբերություններ հաստատել տավարի մսի գնորդների, խոշոր եղջերավոր կենդանիների գնորդների և ֆերմերների միջև՝ տրամադրելով իր ծառայություններն ու ենթակառուցվածքը: Այն նաև ծառայում է որպես գիտելիքի ձևավորման և փորձի փոխանակման հարթակ: Ծրագրի շրջանակներում կենդանիների առևտրի մի շարք միջանկյալ ծառայություններ փորձարկվեցին և ներկայացվեցին ֆերմերներին և մսի առևտրականներին՝ կենդանիների առևտուրն ավելի լավ կազմակերպելու համար: Նման միջնորդական ծառայությունները ներառում են, օրինակ, Հայաստանի գյուղական համայնքներում վաճառվող կենդանիների մասին տեղեկատվության տրամադրումը, մսացու տավարի կանոնավոր վաճառքի կազմակերպումը սպանդանոցներին և այլ ինստիտուցիոնալ գնորդներին, կաթնատու և մսատու տավարի ապառիկ վաճառքը, որակյալ երինջների և կովերի վաճառքը և այլն: Ի թիվս այլ ծառայությունների, ֆերմերների համար հասանելի էին խոշոր եղջերավոր կենդանիներ և գյուղատնտեսական սարքավորումներ գնելու վարկային սխեմաներ, որոնք օգնեցին նրանց ավելացնել առավել արժեքավոր տոհմային հատկանիշներով խոշոր եղջերավոր կենդանիների թիվը և իրենց ֆերմաները վերազինել կերաղացներով և կթի ագրեգատներով՝ առանց սեփական միջոցներից խոշորածավալ և հրատապ ներդրումներ կատարելու։ Գյուղատնտեսական սարքավորումները վաճառվել են ապառիկ՝ մանր տնտեսությամբ ֆերմերների համար դրանք մատչելի դարձնելու համար, որոնց կից տրամադրվել են որոշակի ծառայություններ (օրինակ՝ խոշոր եղջերավոր կենդանիների տարբեր սեռահասային խմբերի կերաբաժինների մասին տեղեկատվություն, կթի սարքավորումների սպասարկում և այլն): Հատուկ կին ֆերմերների աշխատանքը հեշտացնելու համար ներդրվել է կթաման, կաթի պահպանման և կաթի հավաքման կետեր տեղափոխելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ:

 

Սյունիքի անասնաշուկայի կայքը (www.animalmarket.am) խթանում է ձեռնարկության կողմից մատուցվող ծառայությունները և տեղեկացնում ֆերմերներին դրանց մասին։ Բացի այդ, կայքը պարունակում է էջ, որը կոչվում է «Ֆերմերների անկյուն», որտեղ վերջիններս կարող են տեղեկատվություն ստանալ անասնապահություն և հարակից ոլորտներում առաջադեմ մեթոդների և փորձի մասին, գտնել մասնագիտական նյութեր, ուղեցույցներ, տեղեկաթերթիկներ և այլն: Աշխատելով իբրև սոցիալական ձեռնարկություն, այլ ոչ առևտրային ձեռնարկություն՝ անասնաշուկան նաև տրամադրում է իր տարածքը գյուղատնտեսական մասնագիտությունների գծով ուսանողներին, այդ թվում՝  ապագա անասնաբույժներին՝ իրենց արտադրական պրակտիկան անցկացնելու համար: Այս հարթակն ուսումնական կենտրոն է Հայաստանի բոլոր մարզերի ֆերմերների և անասնաբույժների համար՝ հարստացնելու իրենց փորձն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անասնակերի արտադրությունը, ցեղատեսակների բարելավումը, կենդանիների առողջությունը, կենսաանվտանգության ապահովումը, թռչնաբուծական և անասնաբուծական ֆերմաների կառավարումը և այլն: Անասնաշուկան ունի նաև զբոսաշրջության մեծ ներուժ: 2017 թվականից ի վեր «ԴԸ ՌԱՆՉ» -ը հյուրընկալում է ոչխարների խուզման ամենամյա փառատոնը, որը սիրված միջոցառում է զբոսաշրջիկների շրջանում և հիանալի հնարավորություն է ստեղծում մոտակա գյուղերի ֆերմերների համար՝ վաճառելու իրենց արտադրանքը: Սյունիքի մարզում անասնաշուկայի ընդհանուր հաջողությունը կարող է ոգեշնչող մոդել լինել երկրի այլ մասերում նմանատիպ կենտրոններ ստեղծելու համար և ընդհանուր առմամբ, որպես օրինակ ծառայել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր առմամբ, Ծրագիրը Հայաստանում անասնապահության հետ կապված արժեշղթաների զարգացման օրինակով ցույց է տվել նորարարության և առաջադեմ փորձի կիրառման լուրջ ներուժ: Ծրագրի կողմից կիրառված մոտեցումն ունի մեծ ներուժ խթանելու համապատասխան արժեշղթաների զարգացումը տարբեր մակարդակներում և նպաստելու գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավմանն ու քանակի աճին։  Ավելին, Ծրագիրն էական հնարավորություն է ստեղծում երկրի գյուղական բնակավայրերում շատերի, այդ թվում՝ կանանց հմտությունների զարգացման և նրանց աշխատատեղով ապահովման համար: Նոր տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումն այլընտրանք չունի, քանի որ արտաքին մարտահրավերներն այժմ ավելի շատ են, քան ծրագրի մեկնարկի ժամանակ. սահմանի երկայնքով շարունակական անկայունությունը լրացուցիչ բեռ է՝ ի հավելումն ներկայիս կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներին: Չնայած COVID-ից և Լեռնային Ղարաբաղում պատերազմից առաջացած դժվարություններին, ծրագրի արդյունքում ձեռք բերված համակարգային փոփոխությունը հանգեցրեց արոտավայրերի կառավարման, անասնաբուժական ծառայության և անասնաբուծության մեջ առավել խելամիտ մոտեցումների նկատմամբ վերաբերմունքի էական բարելավմանը։ Այս սկզբունքները շարունակում են կիրառվել Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող նոր ծրագրերում՝ կենտրոնանալով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, մասնագիտական կրթությունը և ուսուցումը: