Լքված ու վերածնված 7 կառույց աշխարհի տարբեր ծայրերում՝ Evoca Travel Card-ի հետ
Աշխարհի շուրջ

Լքված ու վերածնված 7 կառույց աշխարհի տարբեր ծայրերում՝ Evoca Travel Card-ի հետ

Խանջյանի ամառանոցի վերականգնումը կարող է դառնալ Դիլիջանում պատմական ժառանգության պահպանման և նոր շունչ հաղորդելու կարևորագույն նախաձեռնությունը։ Մինչ այդ, եկեք շրջենք աշխարհում և ծանոթանանք յոթ հայտնի կառույցների հետ, որոնք ժամանակին լքված էին, սակայն այսօր իրենց քաղաքների ամենահետաքրքիր վայրերից են դարձել։ Այդ ուղղություններով ճանապարհորդելն առավել հարմարավետ կլինի Evoca Travel Card-ով։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

 

ԵՐԵՎԱՆ #92  | 2026

 

Խորագրի գործընկեր՝ Evoca Travel Card

#Գործընկեր #Այնտեղ by EVOCA

 

Tate Modern. Լոնդոն

Էլեկտրակայանից՝ թանգարան

 

 

Թեմզայի հարավային ափին կանգնած հսկայական աղյուսե շենքն իր բարձր ծխնելույզով աշխարհի ամենահայտնի արվեստի թանգարաններից մեկն է։ Սակայն ի սկզբանե այստեղ գործում էր Bankside Power Station էլեկտրակայանը։ Այն կառուցվել է 1947-1963 թվականներին և երկար տարիներ էլեկտրաէներգիա է մատակարարել Լոնդոնին։ 1981 թվականին կայանը փակվեց և շենքը մնաց լքված։

 

Մեկ տասնամյակ անց կառույցը նոր կյանք ստացավ։ Շվեյցարական Herzog & de Meuron ճարտարապետական բյուրոն այն վերածեց ժամանակակից արվեստի թանգարանի, որտեղ տեղակայվեց Tate Modern-ը։ Ճարտարապետները պահպանեցին շենքի արդյունաբերական բնույթը. հսկայական Turbine Hall դահլիճն այսօր ծառայում է մեծածավալ արվեստի ինստալացիաների համար։ Թանգարանը բացվեց 2000-ին ու դարձավ ամենաշատ այցելվող թանգարաններից մեկն աշխարհում։

 


 

The High Line. Նյու Յորք

Բեռնատար երկաթուղուց՝ քաղաքային այգի

 

 

Մանհեթենի արևմտյան մասում փողոցների վրայով ձգվում է կանաչ գիծ։ High Line-ը՝ «բարձր գիծը», կառուցվել էր 1930-ականներին որպես բեռնատար երկաթուղի, որը նախատեսված էր գործարաններ և պահեստներ ապրանք տեղափոխող գնացքների համար։ 20-րդ դարի վերջում երկաթուղին դադարեց գործել և հայտնվեց լքված վիճակում։ Քաղաքի բնակիչները, սակայն, առաջարկեցին անսպասելի գաղափար՝ ոչ թե այն քանդել, այլ վերածել հանրային այգու։ Ճարտարապետական և լանդշաֆտային նախագծի հեղինակներն էին Diller Scofidio + Renfro և James Corner Field Operations ստուդիաները։ Նրանք պահպանեցին երկաթգծերի մի մասը և դրանք ինտեգրեցին նոր կանաչ տարածքի մեջ։ Այգու առաջին հատվածը բացվեց 2009 թվականին։ Այսօր High Line-ը Նյու Յորքի ամենահայտնի հանրային տարածքներից է և դարձել է քաղաքային վերաիմաստավորման միջազգային օրինակ։

 


 

Berghain. Բեռլին

Էլեկտրակայանից՝ գիշերային ակումբ

 

 

Բեռլինի մշակութային վերափոխման խորհրդանիշներից մեկը Berghain ակումբն է։ Շենքը, որտեղ այն տեղակայված է, ժամանակին եղել է Արևելյան Բեռլինի էլեկտրակայանի համալիրի մաս։ Բեռլինյան պատի անկումից հետո քաղաքի բազմաթիվ արդյունաբերական շենքեր մնացին չօգտագործված ու մոռացված։ Այդ հսկայական բետոնե կառույցը նույնպես երկար ժամանակ դատարկ էր, մինչև 2004 թվականը, երբ այն վերածվեց տեխնո երաժշտությանը նվիրված ակումբի։ Բարձր առաստաղները, բաց բետոնե պատերը և մեծ դահլիճները ստեղծեցին յուրահատուկ մթնոլորտ, որը դարձավ Berghain-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը։ Ժամանակի ընթացքում այն դարձավ աշխարհի ամենահայտնի էլեկտրոնային երաժշտության ակումբներից մեկը։

 


 

Jefferson Market Library. Նյու Յորք

Դատարանից՝ գրադարան

 

 

Նյու Յորքի Գրինվիչ Վիլիջ թաղամասում կանգնած է կարմիր աղյուսե շենք՝ բարձր ժամացուցային աշտարակով։ Այն կառուցվել է 1874-1877 թվականներին որպես դատարանի շենք։ 20-րդ դարի կեսերին դատարանը փակվեց, և քաղաքային իշխանությունները նախատեսում էին շենքը քանդել։ Սակայն տեղի բնակիչները նախաձեռնեցին շենքի պահպանության շարժում. բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին շենքը դիտարկել ճարտարապետական ժառանգություն և պահպանել։ Արդյունքում այդպես էլ եղավ և 1967 թվականին կառույցը վերաբացվեց որպես Jefferson Market Library՝ Նյու Յորքի հանրային գրադարանների համակարգի մասնաճյուղ։ Այն սենյակները, որտեղ ժամանակին դատական նիստեր էին անցկացվում, այսօր դարձել են ընթերցասրահներ։

 


 

Book Tower. Դետրոյթ

Գրասենյակային երկնաքերից՝ բազմաֆունկցիոնալ համալիր

 

 

1926 թվականին կառուցված Book Tower երկնաքերը երկար տարիներ համարվում էր Դետրոյթի ամենահեղինակավոր գրասենյակային շենքերից մեկը։ Այն գտնվում էր քաղաքի ֆինանսական և բիզնես կենտրոնում։ Քաղաքի տնտեսական անկման տարիներին շենքը դատարկվեց և երկար ժամանակ մնաց լքված վիճակում։ Սակայն նրա ճարտարապետական արժեքը և պատմական նշանակությունը փրկեցին այն վերջնական կործանումից։

 

2020-ականներին իրականացվեց լայնածավալ վերականգնման նախագիծ, և այսօր Book Tower-ը վերաբացվել է որպես բազմաֆունկցիոնալ համալիր՝ բնակարաններով, հյուրանոցով, գրասենյակներով և ռեստորաններով։ Այսօր այն դարձել է Դետրոյթի վերածննդի կարևոր խորհրդանիշներից մեկը։

 


 

Gucci Hub, Միլան

Ավիացիոն գործարանից՝ նորաձևության ընկերության գլխավոր գրասենյակ

 

 

Միլանում գտնվող Gucci Hub-ի համալիրը ժամանակին Իտալիայի ավիացիոն արդյունաբերության կարևոր վայրերից էր։ 1915 թվականից այստեղ գործում էր Caproni ընկերության ինքնաթիռների գործարանը, որն Իտալիայի ավիացիայի վաղ շրջանի կարևոր կենտրոններից էր։ Տարիների ընթացքում գործարանը փակվեց և տարածքը մնաց լքված և անխնամ։ 2010-ականներին Piuarch ճարտարապետական ստուդիան վերափոխեց այն՝ ստեղծելով Gucci բրենդի գլխավոր գրասենյակը։ Այսօր պատմական արտադրական շենքերը վերածվել են ժամանակակից աշխատավայրերի, ցուցասրահների և նորաձևության ցուցադրությունների տարածքների։

 


 

La Fábrica, Բարսելոնա

Ցեմենտի գործարանից՝ ճարտարապետական ստուդիա և բնակավայր

 

 

1973 թվականին ճարտարապետ Ռիկարդո Բոֆիլը Բարսելոնայի մերձակայքում հայտնաբերեց լքված ցեմենտի գործարան։ Համալիրը բաղկացած էր բետոնե աշտարակներից, սիլոսներից և արդյունաբերական կառույցներից, որոնք ժամանակի ընթացքում ծածկվել էին բուսականությամբ։ Բոֆիլը որոշեց ոչ թե քանդել դրանք, այլ վերափոխել։ Տարիների ընթացքում գործարանը դարձավ La Fábrica՝ յուրահատուկ համալիր, որտեղ տեղակայված են նրա ճարտարապետական ստուդիան, գրասենյակները, այգիները և բնակելի տարածքները։ Այս նախագիծը դարձել է Եվրոպայում շենքերի վերաիմաստավորման ամենահայտնի օրինակներից մեկը։

հավելյալ նյութեր