«Լռությունից հետո». Ջերմուկի լքված ճարտարապետությունը
Հունիսի 14-ից հուլիսի 14-ը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Ջերմուկի պատկերասրահում տեղի կունենա ToC մշակութային կազմակերպության «Լռությունից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը՝ նվիրված Ջերմուկի Մշակութային պալատին։ Ցուցահանդեսը մաս է կազմում «Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» լայնածավալ ծրագրի, որի նպատակն է վերաիմաստավորել լքված ճարտարապետությունը որպես մշակութային հիշողության կենդանի շերտեր՝ այն վերածելով արվեստային կենդանի միջավայրի։
Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի
Լուսանկարները՝ ToC
Կուռզալի ջահել տարիները
1986-ին Ջերմուկում կառուցվեց ճարտարապետ Մարտին Միքայելյանի հեղինակած մշակույթի պալատը, որ ջերմուկցիների համար դարձավ իսկական մշակութային կենտրոն և որին ջերմությամբ անվանելու էին «Կուռզալ» (курортный зал)։ Կուռզալն ուներ գրադարան, 800 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ, երկու լողավազան՝ բաց (տանիքում) և փակ, սրճարան, ռեստորան, ակումբ։
Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչպես մի շարք այլ նմանատիպ խոշոր կառույցներ, Կուռզալն էլ աստիճանաբար սկսեց կորցնել իր փայլը։ Մինչև 90-ականների կեսերը դեռ ակտիվ կյանքով ապրող պալատը վերջնականապես լքվեց 2000-ականներին, անտարբերության մատնվեց և վերածվեց համայնքային լուռ վկայի․ այսօր՝ կանգուն, բայց լուռ, շենքը դարձել է ժամանակի և անտարբերության վկան։
Յուրաքանչյուր ճարտարապետություն ի սկզբանե լքված էր
…քանի դեռ մարդը մուտք չի գործել այնտեղ։
Այսպես էին մտածում ToC մշակութային կազմակերպությունում, երբ նախաձեռնում էին «Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» ծրագիրը՝ որպես լքված ճարտարապետության վերաիմաստավորելու և վերարժևորելու փորձ՝ ի դեմս Կուռզալի։
ToC-ի համահիմնադիր, արվեստաբան և համադրող Սոնա Հովհաննիսյանը պատմում է, թե ինչպես ծագեց ծրագրի գաղափարը. «Երբ դեռ ուսանող էի, Երևանում շատ շենքեր քանդվեցին՝ սիրելի Կուկուրուզնիկը, Լեզվի ինստիտուտը… Հետևելով մարդկանց արձագանքներին, դեռ այդ տարիներից հասկացա, թե ինչ հիշողություններ ու ինքնության շերտեր է կրում ճարտարապետությունը, հատկապես սովետական շրջանի մոդեռնիստական շենքերը։ Իսկ երբ ծանոթացա Ջերմուկի մշակութային պալատի պատմությանը, փորձեցի հասկանալ, թե ինչպես էր ստացվել, որ այդքան ակտիվ կյանքով ապրող շենքը լքվել էր և սկսեցի հարցադրել մոռացված ու անտեսված տարածքների հետ փոխազդեցության հնարավորությունները»։
Իր այս ծրագրով 2024 թվականին ToC-ի նախագիծն ընտրվեց եվրոպական հեղինակավոր ճարտարապետական LINA հարթակի կողմից՝ աշխարհի տարբեր երկրների 310 նախագծերից՝ դառնալով առաջին հայկական ծրագիրը հարթակում։ Եվ կյանքի կոչվեց՝ ստանալով ֆինանսավորում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության ընկերության (SDC) կողմից:
Ճարտարապետության ռենկարնացիա
«Տարիների ընթացքում Կուռզալի հանդեպ մարդկանց էմոցիաները քնել են, կապն այլևս ակտիվ ու գիտակից չէ՝ ամեն օր նրա մասին մտածելու համար։ Մեր նպատակն է ցույց տալ, որ այդ կապը կա, պարզապես նրան արթնացնող է պետք։ Եվ ով կարող էր ստանձնել այդ դերը, եթե ոչ արվեստագետը, որը կարող է արդեն մոռացված, մեզ համար աննկատ դետալներից նոր արվեստ ստեղծել՝ այդպիսով շարունակելով շենքի պատմությունը, թեև ոչ անհրաժեշտաբար նույն ֆունկցիայով ու ֆորմայով, ինչ նախկինում էր»,- պատմում է ToC-ի համահիմնադիր, արտ մենեջեր Մարիաննա Աճեմյանը։
Այս մոտեցման հիմքն այն է, որ ճարտարապետությունը կարող է վերածնվել, եթե նրան հաղորդվի նոր բովանդակություն։ «Լռությունից հետո»-ն հենց այդպիսի փորձ է՝ արվեստի միջոցով շենքի հետ նոր հարաբերություն կառուցելու։
Այսպիսով, ճարտարապետությունը ռեինկարնացնելու համար լքված շենքին ավելացնում ենք մի քիչ արվեստ (ցանկալի է բազմադիսցիպլինար), նրան նոր շունչ հաղորդում և կոտրում շենքի լռության պատնեշը։
Մարդուն դեպի ճարտարապետություն տանողը արվեստագետն է
Իսկ «Լռությունից հետո» խոսում են գեղարվեստական տպագրող Սոֆի Մուսոյանի ցիանոտիպիա տեխնիկայով, ով աշխատում և էքսպերիմենտներ է անում բնական նյութերով՝ վերաիմաստավորելով իր միջավայրը, լուսանկարիչ Արմեն Տեր-Մկրտչյանի, որ լուսանկարում է ժամանակը և քանդակագործ Մանվել Մաթևոսյանի, որը ստեղծագործում է քարի և տարբեր մետաղների՝ ուսումնասիրելով ժամանակակից քանդակագործության առանցքային հարցերը, աշխատանքները։
Ցուցահանդեսում ներկայացված բոլոր գործերը ստեղծվել են անսովոր պայմաններում ընդամենը 4-5 օրում՝ Ջերմուկում արվեստագետների կացարանի ծրագրի ընթացքում։
Այս ամենի հետ միասին ToC-ի նպատակներից մեկը համայնքին ներգրավելն է, նրա էմոցիաներն արթնացնելը, իսկ էլ ինչ էմոցիաներ առանց ֆիլմի, որը ֆիքսում է արվեստագետների շենքի հետ հարաբերվելու կուլիսային պրոցեսը։
«Միտքն այն էր, որ ցույց տայինք, թե ինչպես է մարդը հարաբերվում ճարտարապետության հետ, կենտրոնանալով այն փորձառության օրինակի վրա, որն ունենում եք առաջին անգամ շենք է մուտք գործելիս, - ասում է Սոնա Հովհաննիսյանը, - Առօրյա կյանքում մենք դա չենք նկատում, մինչդեռ այս դեպքում շենքի հետ հարաբերություններին սկիզբ է դնում արվեստագետը։ Նա դառնում է ուղղորդող, որը, ծանոթանալով, զննելով շենքը, մեզ իր ուղեկիցն է դարձնում՝ կարծես ստեղծելով երկխոսություն արվեստի ու ճարտարապետության միջև»։
Այս ամբողջ գործընթացի մեջ կարևոր է նաև համայնքի ներգրավումը՝ նրա էմոցիոնալ, անգիտակից կապը տարածքի հետ։ Ծրագիր և ցուցահանդեսը ներկայացնում է, թե ինչպես ստեղծագործական մոտեցումները կարող են նպաստել հասարակական համերաշխությանը, մշակութային և արվեստային համագործակցությանը, ինչպես նաև տեղի համայնքի զարգացմանը, միաժամանակ ուշադրություն հրավիրելով համատեղ պատմություններին և հնարավոր ապագային։
Արվեստը մտածողությունը փոխող ուժ ունի
«Ծրագիրը ոչ միայն արվեստի մասին է, այլ հարաբերության վերակառուցման փորձ՝ մարդու, պատմության և միջավայրի միջև, - ասում են ToC-ում ու շարունակում,- մենք հույս ունենք, որ այս ծրագիրը կդառնա նախադեպ լրջորեն մտածելու մոռացված շենքերի մասին, որոնք իսկապես արժեք են ներկայացնում. չէ՞ որ ի վերջո մենք չգիտենք, թե ինչ դեր այն շինությունները կստաձնեն մեր և մեր միջավայրի ապագայում։ Անգործությունը նույնպես գործողություն է, բայց արվեստն ուժ ունի մարդկանց մտածողությունը փոխելու»։
Այսպիսով, լռությունից հետ Ջերմուկի մշակութային պալատը նույնպես ասելիք ունի։