Lumen 1936. սուրճ, գինի, գրքեր
Նստավայր

Lumen 1936. սուրճ, գինի, գրքեր

snkh ճարտարապետական արվեստանոցի հիմնադիրներ Արմինե և Աշոտ Սնխչյանները ԵՐԵՎԱՆին պատմել են, թե ինչպես են վերաիմաստավորել քաղաքի ամենահին գրախանութներից մեկի տարածքը, որտեղ վերջերս բացվեց Lumen 1936 սրճարանը։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ Արթուր Lumen Գևորգյանի, Արմինե Սնխչյանի

#Ճարտարապետություն

Մի գժական բան

Արմինեն պատմում է, որ երբ ինքն ու Աշոտը ուսանող էին, Ճարտարապետական համալսարանից տուն գնալիս հաճախ մտնում էին Մաշտոցի 45 հասցեում գտնվող «Լույս» գրախանութ։ Այնքան հաճախ էին այստեղ լինում, որ իրենց արդեն գրքեր էին նվիրում։ Նույնիսկ եթե քիչ գումար էին ունենում, միևնույն է, մի պաստառ կամ քարդ անպայման գնում էին։ Նաև այդ պատճառով երկուսի համար էլ չափազանց կարևոր էր սրճարանը նախագծելիս պահպանել դրա ինքնությունը։

 

Արթուր Լյումենը (սրճարանի հիմնադիրը) մի օր Արմինեին ասաց, որ հին գրախանութը տարածքը ազատ է։ «Մի գժական բան կստացվի անել, չէ՞,» - հարցրեց նա, իսկ ճարտարապետներն էլ հաստատեցին, որ միանշանակ հնարավոր է։ Երբ առաջին անգամ եկան ուսումնասիրելու տարածքը՝ այն արդեն դատարկված էր, գրքերն այլևս այնտեղ չէին և դա շատ անսովոր էր։«Մենք տեսանք նախկին «Լույսի» թե՛ թերությունները, թե՛ գեղեցկությունը։ Կարծես մերկ լիներ»,- պատմում է Արմինեն։ 

 

 


 

Տեղում սկսեցին մտածել, թե ինչ է կարելի անել։ Առաջնային խնդիրն էր պահպանել վայրն այնպիսին, ինչպիսին կա ու, ամենակարևորը, չվնասել․ կահույքը շուրջ ութ տասնամյակ առաջ ստեղծել էր հայտնի վարպետ Հովհաննես Նաղաշյանը։ 

 

Պատասխանատվությունը շատ մեծ էր։ Մեջտեղում դրված ցածր պահարանները նրանք հանձնեցին Հայաստանի պատմության թանգարան, որպեսզի դրանք վերականգնվեն ու պահպանվեն, իսկ մնացած կահույքը, ըստ մասնագետների խորհրդի, մանկական օճառով ու բամբակով մաքրում էին և անմիջապես չորացնում, որպեսզի խոնավությունը չհասցնի ներծծվել։ Կահույքի լաքը ամբողջությամբ ճաքճքած էր, բացի այդ, պատերին մնացել էին գրախանութի տարիներին սոսնձված պաստառների հետքերը․ «Վնասված որոշ մասեր վերականգնել չստացվեց, բայց սա էլ է պատմություն, որը այս վայրի մասին է»։

 

Ռադիկալ ուրիշ

Կահույքի բոլոր նոր տարրերը չժանգոտող պողպատից են։ Նպատակը մեկն էր՝ նրանց միջամտությունը պետք է հստակ տարբերվեր գոյություն ունեցող ինտերիերից։ «Մենք ցանկանում էինք, որ մարդը մտնի և հստակ հասկանա, որ սա հին է, իսկ սա ստեղծվել է արդեն մեր օրերում,- պատմում է Արմինեն, - դա կահուքի նյութը ընտրելիս էլ ենք հաշվի առել։ Այն պիտի ռադիկալ ուրիշ լիներ․ թեթև, եթերային , որպեսզի եղած միջավայրը որպես ֆոն չծառայեր»։ 

 

Նույնիսկ այն հատվածներում, որոնք փոխարինել են նոր դետալներով, միևնույն է, պողպատ են օգտագործել, որպեսզի նույնիսկ ամենափոքր, և առաջին հայացքից աննկատ, միջամտությունները հստակ տարբերվեն: Պողպատը շատ արտացոլանք ունի և թույլ է տալիս ուշադրությունը պահել հին տարրերի վրա։ «Այն ամենը, ինչն ավելացրել ենք, կարող է վաղը դուրս գալ և ոչ մի հետք չթողնել,- ասում է Արմինեն,- այն պարզապես հյուր է։ Եթե նույնիսկ մի օր այստեղ այլևս չլինի սրճարան, տարածքը, միևնույն է, կմնա այնպիսին, ինչպիսին կար մինչ դրա բացումը»։ 

 

snkh-ում մշակված նոր կահույքը

 

 

Ի դեպ, նոր կահույքի և լուսավորության նախագծումը ամբողջությամբ snkh-ն  է արել և այն արտադրվել է տեղացի վարպետների կողմից։ «Գուցե բարձիկներով ավելի հարմար լիներ նստել, բայց մտածեցինք, որ այստեղ մարդիկ պիտի զգույշ լինեն, չպիտի ընկնեն հարմար բազմոցի վրա, պիտի ուշադիր լինեն, որպեսզի ոչ մի բան չվնասեն,- ասում է Արմինեն,- այս վայրը արժանի է, որ հոգատար լինես, երբեմն լուռ ուսումնասիրես այն»։ 

 

Իհարկե, տարածքում ավելի «ֆանքոտ» հատված ևս մտածված է։ Դեպի խոհանոց ու զուգահար տանող, նեոնային լույսերով լուսավորված տարածքը նախատեսված է «լուսանկարվելու, համբուրվելու և վերարկուները կախելու համար»։ Գրքային անկյունը այս պահին դեռ համալրվում է, այնտեղ դեռ շատ գրքեր են ավելանալու, որպեսզի վայրը համապատասխանի ցուցափեղկի «սուրճ, գինի և գիրք» գրվածքին։ 

 

 

 


Ժամանակի հետ միասին

Այս վայրը բազմիցս փոխել է իր գործառույթները․ ի սկզբանե եղել է ծխախոտի խանութ, այնուհետև բոլորը այն գիտեին  որպես «Նոտանորի խանութ», իսկ հետո այն դարձավ գրախանութ։ Աշոտը  վստահ է՝ նորմալ է, որ տարածքը շարունակում է իր կյանքը, տրանսֆորմացվում է ժամանակի հետ և այսօր այդ փոփոխությունները բերել են այն սրճարանի ֆորմատի, որտեղ կա նաև գրախանութի հատված։ «Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ եթե մի բան շահավետ չէ, երկար կյանք չի ունենում։ Այդ առումով ես միանշանակ բիզնեսի կողմից եմ, եթե այն պահպանում է արժեքները։ Այլ բան է, որ կան բիզնեսներ, որոնք շատ վատ և անպատասխանատու են վարվում տարածքի հետ»,- ասում է Արմինեն։ 

 

Աշոտը հավելում է․ «Ցավալի է, որ գրախանութը չաշխատեց, բայց այսօր քաղաքում բազմաթիվ գրախանութներ կան, որոնք որակյալ գրականություն են բերում և նրանում, որ այստեղ սրճարան է գործում, որը բավականին հարգանքով է վերաբերվում վայրի ինքնությանը, ոչ մի ցավալի բան չկա։ Երևի նույնիսկ կահույքն է ուրախացել, որ նորից օգտագործվում է, որ այս պատմական տարածքի վրա խաչ չեն քաշել և այն նորից ապրում է»։

հավելյալ նյութեր