Lumen Coffee. երևանյան սրճախմություն
Սուրճ

Lumen Coffee. երևանյան սրճախմություն

Lumen Coffee-ի համահիմնադիր կարող են դառնալ բոլոր ցանկացողները՝ մասնակցելով քրաուդֆանդինգին և նախօրոք ամրագրել Երևանում առայժմ չտեսնված սուրճ։

*Այս հոդվածում առնվազն 54 անգամ օգտագործվել է սուրճ բառը ☕️

 

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Նկարները՝ Lumen Coffee


ԵՐԵՎԱՆ #62 | 2020

#Սուրճ

Նոր սովորություններ ու նոր սրճարան

Աշնանը Երևանի փոքր կենտրոնի գողտրիկ բակերից մեկում՝ Տերյան 3ա հասցեում կբացվի «Լյումեն» սրճարան-մասնագիտացված խանութը: Սրճարանի հիմնադիրը Արթուր Լյումեն Գևորգյանն է (բարդ չէ գուշակել, թե որտեղից է ծագել սրճարանի անվանումը): Նա շատերին ծանոթ է որպես լուսանկարիչ, առաջին մասնագիտությամբ էլ ինժեներ է, բայց շուտով պատրաստվում է փորձել իրեն բարիստայի դերում:

 
Image for post

 

«Լյումենի» նպատակն է ոչ միայն լավ սուրճ առաջարկել, այլ վերաիմաստավորել սուրճ խմելու մշակույթը Հայաստանում: Ամեն օր, հենց այնտեղ, բովելու են արաբիկա սուրճի տարբեր տեսակներ, իսկ երբեմն անցկացվելու են, այսպես կոչված՝ cupping session-ներ՝ սուրճի տեսակների համտես: Հենց ինքը՝ Արթուրը, պատմելու է սուրճի մասին ու սովորեցնելու է հոտի և համի շնորհիվ տարբերակել տեսակներն ու համադրությունները: Բացի այդ, ամեն օր սրճարանում հնարավոր կլինի գնել թարմ պատրաստված թխվածք կամ սենդվիչներ: Այստեղ վաճառելու են նաև թեյեր, բայց ոչ թե հասարակ, այլ թրմված, հասունացած սուրճի հատիկների կեղեվից:

 

Սուրճի բովման սարքը տեղադրված է լինելու սրահի ներսում. մի քիչ աղմկելու է, բայց այդ ընթացքում սրահում այնպիսի սրճային բույր է լինելու, որ վստահաբար իրական սրճասերները կգնահատեն, նույնիսկ կլինեն մարդիկ, ովքեր կգան պարզապես սրահում այդ սուրճի բույրը զգալու համար: Ի դեպ, սրճարանում մատուցվելու է միայն բարձր կարգի սուրճ, այսինքն՝ մեկ առ մեկ առանձնացվելու և օգտագործվելու են միայն լավագույն հատիկները։ Այդ ամենը համադրվելու է բարձրորակ երաժշտության հետ՝ հիմնականում վինիլային ձայնապնակների վրա:

 

Արթուրի խոսքով, սրճարանի վայրի ընտրությունն էլի պատահականություն չէ: Մի կողմից կենտրոնում է, բայց մյուս կողմից՝ գողտրիկ բակում, աղմուկից հեռու. «Մենք ուզում ենք զարգացնել քաղաքներում թաքնված գողտրիկ վայրերի կոնցեպտը,- ասում է Արթուրը,- վայրեր, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց լավ ծանոթ են տեղացիներին: Աշխարհի գրեթե բոլոր կետերում գոյություն ունեն այդպիսի կոլորիտային վայրեր, որոնք քաղաքային մշակույթի կարևոր մասն են»: Սրճարանի բրենդինգը վստահվել է Braind ընկերությանը, իսկ ներսի վիզուալ ընկալումը SNKH ճարտարապետական ստուդիոյի աշխատանքն է:

 

Սուրճի փիլիսոփայություն

«Լյումեն» սրճարանում մատուցվելու է բացառապես արաբիկա տեսակի սուրճ՝ բերված աշխարհի տարբեր ծայրերից, մասնավորապես հասարակածի մոտ գնվող երկրներից օրինակ՝ Եթովպիա, Կոստա Ռիկա, Նոր Զելանդիա, Աֆրիկա և Բրազիլիա: Հենց այնտեղ է աճում լավագույն արաբիկան, որը Հայաստանում դեռ մեծ տարածում չունի: Արթուրը նշում է, որ տեղացիները հիմնականում խմում են ռոբուստայի հատիկներից պատրաստված սուրճ, որն ըստ դասակարգման համարվում է ոչ անորակ, բայց ցածր բյուջետային: Իսկ, օրինակ, արաբիկան համարվում է բարձրակարգ տեսակի սուրճ:

 
Image for post

 

Ըստ Արթուրի, Հայաստանում իսկական սուրճ խմելու մշակույթը շատ թույլ է, որպես կանոն՝ բավարարվում ենք պարզապես մի բաժակ սև սուրճով, քաղցրությունը՝ նորմալ: Վերջին տասնամյակում տարածվել են էսպրեսսոյի հիման վրա սուրճերը, ինչը որոշակիորեն բարելավել է վիճակը, որոշակի բնավորություն է մտցրել այս սովորության մեջ, բայց, միևնույն է, ըստ լուսանկարիչ-բարիստայի, մի բան պակասում է:

 

Արթուրն արդեն ունի այս ոլորտում մեկ հաջողված փորձ: Դա կնոջ՝ Անժելայի հետ համատեղ հիմնած Eat&Fit սրճարանն է, որը նույնպես իր տեսակով հեղափոխական էր, քանի որ առողջ սնունդն ու ապրելաոճը երբևիցե տեղացիների այցեքարտ չի եղել, բայց վերջին տարիներին Eat&Fit-ը դարձել է երևանցիների կողմից ամենասիրված սրճարաններից մեկը: Ունենալով նմանօրինակ փորձառություն՝ Արթուրը վստահ է, որ հաջողելու են, քանի որ բնակչության առնվազն 80 տոկոսը չի պատկերացնում իր առավոտն առանց մեկ գավաթ սուրճի:

 

«Կարծում եմ, միակ բարդությունը կարող է լինել արաբիկային անցում կատարելը ,- ասում է Արթուրը,- բայց դա նույն բանն է, ինչ ամբողջ կյանքի ընթացքում խմես շաքարավազով սուրճ ու մեկ էլ հանկարծ որոշես թարգել: Սկզբում անսովոր կլինի, բայց ինչ-որ պահից, երբ կրկին փորձես սուրճը շաքարավազով խմել, այդ համադրությունը այլևս այդքան գերիչ չի լինի: Անգամ կմտածես՝ ինչպես ես կարող էի նախկինում սուրճը այդ ձևով խմել»:

 
Image for post

 

Բոլորով հանուն սուրճի

Սրճարանի բացմանը մնացել էր մի քանի ամիս, և աշխատանքները ընթանում էին ամբողջ թափով: Սակայն վերջին ամիսների քովիդային իրավիճակը ֆինանսական լուրջ խնդիրներ ստեղծեց, բայց Արթուրը որոշեց, որ պետք է շարունակել աշխատանքը։ Այդպես մոտ մեկ ամսից կկազմակերպվի քրաուդֆանդինգ, և հաջողության դեպքում (ինչում Արթուրը վստահ է)՝ հավաքված գումարը կծածկի սրճարանի բոլոր նախնական ծախսերը և արդեն հոկտեմբերին նրանք կկարողանան բացել իրենց դռները:

 

Սա չի լինի հասարակ գումար հայթայթման արշավ: «Ես առհասարակ դեմ եմ գործընկերական ֆորմատին, երբ որևէ մեկը գումար է ներդնում քո բիզնեսի մեջ, կամ պարզապես գումար է նվիրաբերում քեզ,- ասում է Արթուրը,- ես նախընտրում եմ ստացված գումարի փոխադարձ մի բան տալ»: Այդպես որոշվեց սուրճի նախավաճառք կազմակերպել, ու ստացված նվիրատվության փոխադարձ 40% զեղչով սուրճ կամ սուրճի հումք առաջարկել:

 

Մարդկանց կտրվեն միավորներ, մեկ միավորը համարժեք կլինի 1 դոլար/500 դրամի: Եթե բացվելուց հետո, մեկ գավաթ սուրճը արժենալու է դիցուք 800 դրամ, ապա նախավաճառքի շրջանում, մեկ միավորով հնարավոր կլինի գնել մեկ բաժակ սուրճ: Հավաքված գումարը կուղղվի մնացած սարքավորումները գնելուն և տարածքի վերանորոգմանը: Արթուրի խոսքով արդեն շատերն անհամբեր սպասում են. դեռ արշավը չեն սկսել, բայց արտերկրից ընկերներ ունի, ովքեր հարյուր բաժակ սուրճի համարժեք գումար են նվիրաբերել: Սրճարանը մի հետաքրքիր առաջարկ ունի, մարդը կարող է միանվագ վճարել 1,500,000 դրամ և ողջ կյանքի ընթացքում «Լյումեն» սրճարանում անվճար սուրճ խմել:

 
Image for post

 

Սուրճ առանց մրցակցության

Ի սկզբանե Արթուրն այս նախագիծը պետք է միայնակ իրագործեր, բայց որոշ ժամանակ անց ծանոթացավ Շանթի հետ, ով սուրճի մասնագետ է: Նա հինգ ամիս առաջ Լիբանանից ժամանել է Հայաստան՝ այնտեղ հինգ տարի աշխատելով որպես սուրճի բովարար և բարիստա: Քանի որ հենց Արթուրին այս ոլորտը շատ հետաքրքիր է, ինքը նույնպես այս ընթացքում խորացված ուսումնասիրում է ոլորտը, արդեն տևական ժամանակ է, ինչ անցել է բացառապես արաբիկա սուրճի տեսակին ու ակտիվորեն աջակցում է այլ սրճային նախաձեռնություններին: Ասում է ՝ Հայաստանում արդեն իսկ կան մարդիկ, ովքեր զարգացնում են այս մշակույթը, նույնիսկ Երևանից դուրս: «Մենք չենք մրցակցելու, այլ բոլորով փորձելու ենք նոր մշակույթ ստեղծել»: