«Լինչ կա չկա»․ հայերը հրաժեշտ են տալիս Դեյվիդ Լինչին
Հունվարի 16-ին կյանքից հեռացավ ամերիկյան ու համաշխարհային կինոյի ամենայուրահատուկ կինոգործիչներից մեկը՝ «Թվին Փիքսի» և «Մալհոլանդ Դրայվի» հեղինակ Դեյվիդ Լինչը։ Ահա թե ինչպես նրան հրաժեշտ տվեցին համացանցի հայկական տիրույթում։
19.01.2025Կարեն Ավետիսյան
Կինոքննադատ, Ոսկե ծիրան կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն
ԼԻՆՉ ԿԱ ՉԿԱ. Ջ Ա Հ Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ն
20-ր դարի տեսողական արվեստի մեծագույն վարպետներից մեկի՝ Դեյվիդ Լինչի մահը, ինչպես և իր ֆիլմերը՝ չափազանց կինեմատոգրաֆիկ է ու տիպիկ լինչական։
Կրակը Լինչի առանցքային տարերքն է՝ կործանումից ու վտանգից մինչև կիրք ու խանդավառություն. երկկեցաղ դուալիզմ, որի բնությամբ պարուրված է նրա ամբողջ արվեստը:
«Թվին փիքս» կուլտային սերիալի փսիխոդելիկ փրիքվելը վերնագրված է՝ FIRE WALK WITH ME անգլերեն արտահայտությամբ, որտեղ կետադրական նշանի բացակայությունը տարընթերցելի է դարձնում արդյոք հնչածը ահազանգ է թե կոչ, իսկՄալհոլանդ դրայվ» ցայտաբղետ ու լուսաթրթրիռ գլուխգործոցում Լոս Անջելեսը կարծես վառվում է արարման ու կործանման խառնարանում:
78-ամյա Դեյվիդ Լինչը թոքերի էմֆիզեմայի (թոքերի օդափոխության ծայրաստիճան խանգարում) տառապանքների մեջ շնչում էր բացառապես թթվածնային դիմակով, ինչպես «Կապույթ թավիշ» ֆիլմի Ֆրենկ Բութը Դենիս Հոպերի դերակատարմամբ՝ Լինչի ձեռամբ ստեղծված ամենատարօրինակ անտագոնիստներից մեկը ու ահա կալիֆորնիական հրդեհների հետևանքով հարյուրավոր միկրոգրամներով վատթարացած օդի ախտոտվածությունը հասան հոլիվուդյան բլուրներ, որտեղ Լինչը էվակուացվեց հենց Mulholland Drive փողոցից հրդեհվող Լոս Անջելեսի ներքո։
Through the darkness of future past
The magician longs to see
One chants out between two worlds
Fire walk with me ...
Անջելո Բադալամենտիի՝ հռչակավոր «Թվին Փիքսի» ոչ պակաս հռչակավոր սաունդթրեքի ամենահայտնի հատվածը։
Եվա Թովմասյան
Հաղորդավար
Էն ժամանակ երբ ես 18-19 տարեկան էի, Աբովյանի վրա դիսկերի մեծ խանութ կար։ Անունը չեմ հիշում, էդ էլ դուք ասեք։
Կնունքիս նվեր էի ստացել DVD ու աշխարհն իմն էր մի աննկարագրելի կարգի։ Հավաքածս փողերը դրեցի իրար վրա ու ճամփա ընկա։ Մի տեղ կարդացել էի, որ կա մի տարօրինակ սովորություններով ռեժիսոր, անունը Դևիդ Լինչ ու էս Դևիդ Լինչը հավի ոսկորների կոլեկցիա ա հավաքում։ Ուղեղս անասելի կլանել էր էդ դրվագը ու մտածում էի, որ արտասովոր, չտեսնված, միտքը պայթացնող ֆիլմեր պիտի նկարի էս մարդը իրա էս խելքին։
Էն ժամանակ ինձ միլիոններ թվացող քռչոտ փողերս գրպանիս մեջ սեղմած մտա խանութ, որտեղ չորս պատ ծայրից ծայր ֆիլմեր ու երաժշտություն էր։ Դրախտավայր։
Արեշի քունջուպուճախում մեծացած Եվայի համար դա, ինչ խոսք, գրանդիոզ իրադարձություն էր, ու դրա համար ամեն ինչ տպավորվել ա էս րոպեիս պարզության պես։
«Բարև ձեզ, ես ուզում եմ Դևիդ Լինչի բոլոր ֆիլմերը»։
Դիսկեր վաճառող տղան մի տեսակ նայեց, բայց բան չասեց։ (Էստեղ փոքրիկ սպրավոչկա 18-19 տարեկանում ես հազիվ անցնում էի 14-15-ի տեղ): Եկա տուն նստեցի ու միացրեցի «Մալհոլանդ Դրայվը»։
Աբովյանի վրայի դիսկերի մեծ խանութը էդ օրվանից այլևս չգնացի։ Արեշի քունջուպուճախում մեծացած Եվայի համար անասելի խայտառակություն էր դիսկեր վաճառող տղայի աչքերի մեջ երկրորդ անգամ նայել իմ՝ արդեն «Մալհոլանդ Դրայվ» նայած աչքերով։
Բայց համոզվեցի ու իմ աչքով տեսա, որ հավի ոսկորների կոլեկցիա հավաքող Դևիդ Լինչը իրոք որ արտասովոր, չտեսնված, միտքը պայթացնող ֆիլմեր ունի։
Ներսես Գևորգյան
Ռեժիսոր
Խնդրում եմ ասեք,որ գնացել ա սև վիգվամ իրա համար ապրի ու 25 տարի հետո կվերադառնա օբսկուր խցից․․․ Մե՜ծ խոռոչ բացվեց կինոյի ամենաափսոսանքով լի էջերից մեկում։
Անասելի դժվար կլինի առանց Լինչի երկնային ներկայության։Կինոյի ոսկեհուր արևը մարեց։
Լինչը իմ առաջին սիրած ռեժիսորն ա ու ամենաազդեցիկներից կինո ճանապարհի ձևավորման վրա։
Լինչը ապացույցն ա այն դիսկուրսի,որ ռեժիսոր լինելը մեծագույն առաքելություն ա եթե ճիշտ տանես ուղեծիրդ։
Մի քանի տարի առաջ Լինչը դարձավ յութուբ-բլոգեր՝ վարելով անկրկնելի ու միանգամայն լինչյան եղանակի տեսություն։
Արման Գիզյան
Ես սովորաբար չեմ անում նման պոստեր, ու ֆբ-ում նման տեքստեր չեմ գրում, բայց հիմա․․․
Դեվիդ Լինչն էսօր մահացավ։
Ես, իհարկե ունեցել եմ իմ կյանքում ու արվեստում տարբեր ուսուցիչներ՝ ինստիտուտներում, որտեղ սովորել եմ, դպրոցում, կյանքում, տանը։ Բայց ԼԻՆՉԸ, թերևս իմ ամենամեծ ուսուցիչն է եղել։ ՈՒ Ս ՈՒ Ց Ի Չ Ը։
էս ձեր իմացած ռեժիսորներից չէ, որ իհարկե տաղանդավոր են, ունեն հանճարեղ նկարներ, բայց ցանկացած պահի կգնան մեծ ստուդիաներ հերթական կասկածելի ու պահանջված կինոն նկարելու ու հերթական մրցանակաբաշխության մրցանակը ստանային։ Ինքը մեկն էր, էն քչերից որ ուներ իր ուղին, իր ճանապարհը, իր աշխարհայացքը, ընկալումները իր պատկերացումները, իր գույները, իր մեղեդիները, իր վախերը, տագնապները ու իր հսկա, հսկա, հսկա ժառանգությունը արվեստում։
Համարյա ոչ ոք չգիտի, որ հենց ինքը փոխեց սերիալարտադրությունը, իհարկե մինչև էդ կար թվայլայթ զոնը, բայց հենց ինքը փոխեց սերիալները։ Իմ ամենասիրելի, իմ ամենասիրելի Թվին Փիքսով,։ ինքը ցույց տվեց, որ կարող է սերիալը լինի արվեստ, որ էդ կարող է լինի գ ե ղ ե ց ի կ, որ էդ կարող է լինի խ ե լ ա ց ի, որ էդ կարող է լինի ա ր վ ե ս տ։
Մարդ ով միևնույն ժամանակ կարող էր ստեղծել Մալհոլլանդ դրայվը իր բազմանշանակությամբ , մարդ ով թվային կամեռայով կնկարեր Ինլենդ իմփայրը իրա խորությամբ միևնույն ժամանակ նկարել Վայլդ Հըրթսը՝ պարզությամբ, չարաճճիությամբ։ մարդ ով կնկարեր Րեբբիթսը․․․ էդ անհասկանալի տո լի սիթքոմը ծիծաղելու, տո լի վախենալու ու ազդեցիկ հորրորը անտրոպոմորֆ նապոներով,։ մարդ ով առաջին կինոն նկարել է 10 տարվա մեջ, կոպեկներով փող հավաքելով։, էն կինոն, որ նկարվել է կոպեկներով, բայց Լինչի անունը միանգամից բարձրացրել ու հավասարեցրել է ամենամեծերի կողքին, որ բոլորը միաբերան ընդունեցին էդ կինոն ու իրան, որպես միավոր։ Հենց Դեբյուտից, որը ուղղակի նկարվել էր ոչ մի բանից։/դե հետո ասեք, որ լավ բանի համար մեծ փող է պետք/։ Մարդ ով կնկարեր էդ ծանր դետեկտիվային, նուարոտ ու խենթացնող Բլյու վալվետ ու կնկարեր էնքան պարզ, էնքան հումանիստաան Սթրեյթ սթորին։
Մարդ ով չէր հոգնի ու ամբողջ կյանքում կնկարեր կարճամետրաժներ։
Որ կարող էր հրաժարվել հոլիվուդյան մեծ ստուդիաների փողոտ առաջարկներից ու իր տանը նստած, քարով ու փետով հերթական կարճամետրաժը նկարեր։ Որովհետեև ինքն է Ռ Ե Ժ Ի Ս Ո Ր Ը, Ս Տ Ե Ղ Ծ Ա Գ Ո Ր Ծ Ո Ղ Ը, Ա Ր Վ Ե Ս Տ Ա Գ Ե Տ Ը։ Մարդը։
Մարդ ով ամբողջ կյանքում ստեղծագործել է, ստեղծագործել է։ մարդ ով կնկարեր կլիպներ լավ արտիստների համար ու ամենահրաշալի արտիսներին կօգներ, թերևէ քրիստա բելլին։ ախ Լինչ, Լինչ․․․ Օրինակ է նրա, որ Արվեստը Արվեստի համար է։
Ու արվեստի մեծ սահմաններում՝ լինի կինեմատոգրաֆ, ինչպես իրան գիտեն հիմնականում, լինի երաժշտության մեջ, կերպարվեստում, տո գրողը տանի, անգամ կիրառական արվեստում, երբ որ կարող էր ինչ որ աթոռ սարքեր ու էդ հիացմունքով ցույց տար։
Չգիտեմ, ես տխուր եմ։ Իրոք տխուր եմ։
Լինչը ոչ միայն համագործակցում էր բազմաթիվ երաժիշտների հետ, այլև պարբերաբար ձայնագրում էր սեփական երաժշտությունը։
Լիլիթ Մարգարյան
Գիտուժ նախաձեռնության ղեկավար
Լինչն իր արվեստում ցանկացած միտք հարյուր տակ ծալում էր ու իր ստեղծած իրականություններում պախկվացնում շերտերի տակ։ Ստեղծում էր երազ կամ խաղ ու ստիպում էր, որ խորանաս ու հատիկ-հատիկ բացահայտես դրանք։ Բայց մեկա հետևից չէիր հասցնում, խառնում էր ու կորցնում, ստիպում էր, որ հանձնվես (surrender) իր արվեստին։
Միայն զգացմունքներն էին Լինչի ֆիլմում չթաքնված - մաքուր, սիրուն, խորը ու, իհարկե, տարօրինակ:
Շատ ընկերներ ունեմ, որ Լինչ սիրում են։ Դեպրեսիա են հետը հաղթահարել կամ ուրիշ հազար ու մի բան։ Բոլորը տարբեր ձև են ընկալում իր արվեստ։ Ես Լինչին սիրել եմ «Թվին Փիքսով»։ Էս գործը չլիներ, էլի կսիրեի, բայց դժվար սենց ուժեղ սիրտս մտներ։
Մի խոսքով շատ տխուր ա, որ կյանքը սիրունացնող ցանկացած մարդ գնում ա։
Լինչի մուսաներից մեկը՝ Իզաբելլա Ռոսելինին՝ «Blue Velvet» նուարում։
Նաիրա Մուրադյան
Նկարիչ, անիմացիայի ռեժիսոր
Թվում էր Սարոյանը, Շառլը ու Լինչը չեն մահանալու։
Դավիթ Գյումիշյան
Ռեժիսոր
Գնաց մեր ժամանակների ամենայուրօրինակ դեմքերից մեկը։ Սուտ կլինի, որ ասեմ իրա արվեստի անվերապահ ֆան եմ, բայց միշտ հիացել եմ Լինչի ինքնավստահությամբ ու էքսպերիմենտալ ոգով` լինելով էպոտաժի ոխերիմ թշնամի։
30+ տարիքում ֆիլմերից 2 անգամ եմ հուզվել, մեկը Elephant Man-ն էր։
Ֆիլմադարան ՀԿ
Ի սրտե ցավակցում ենք մտերիմներին ու բոլոր կինոսերներին։ Մեծ ռեժիսորներ կան, որոնց ակունքը, ազդեցություններն ու ստեղծագործական տրամաբանությունը գոնե առաջին հայացքից ավելի ըմբռնելի են ու համեմատաբար հեշտ որսալի։ Սակայն Լինչը բառի բուն իմաստով բացառիկ է ու բառի էլ ավելի բուն իմաստով՝ անկրկնելի։ Աշխարհը չէր տեսել ու այլևս երբեք չի տեսնի երկրորդ Դեյվիդ Լինչ։ Եվ դա հրաշալի է, որովհետև հանդիսատեսի համար չի կարող ավելի բերկրալի բան լինել, քան լիովին կայացած ու ինքն իրեն գտած արվեստագետը։
Խաղաղությամբ հանգչես, պարոն Լինչ