Իբրահիմ Մաալուֆ․ «Իմ կյանքի մի մեծ մասը կապված է կինոյի հետ»
Ոսկե Ծիրան 2026

Իբրահիմ Մաալուֆ․ «Իմ կյանքի մի մեծ մասը կապված է կինոյի հետ»

Արհեստական բանականությունն ու արվեստը, կինոն ու երաժշտությունը, Հայաստանն ու Լիբանանը․ Ոսկե ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի անդամ, հանրահայտ շեփորահար Իբրահիմ Մաալուֆը, որ Երևանում նաև հանդես կգա իր «Trumpets of Michel-Ange» նախագծով, զրուցել է երաժիշտ Արթուր Աթայանի հետ՝ «Ոսկե ծիրանի» օրաթերթի համար։ Գործընկերների թույլտվությամբ ԵՐԵՎԱՆը զրույցը հրապարակում է ամբողջությամբ։

Հարցազրույցը՝ Արթուր Աթայանի / «Ոսկե ծիրանի» օրաթերթի 

#ՈսկեԾիրան

Ձեր հոլովակը, որը թարգմանել և հնչյունավորել էիք արհեստական բանականության միջոցով, պայթեցրեց հայկական Ինստագրամը։ Եվ հարցս հենց արհեստական բանականության մասին է՝ երաժշտության համատեքստում։ Արդյո՞ք կա ԱԲ-ն արվեստում կիրառելու էթիկական ձև, և եթե այո՝ ո՞րն է դա։

 

Ես հավատում եմ, որ ամենակարևորը մտադրությունն է՝ ինչ նպատակով ես այն օգտագործում։ Եթե վերադառնանք իմ այդ զվարճալի տեսահոլովակին, դրա միակ նպատակն էր կապ հաստատել հայ ժողովրդի հետ, որպեսզի մարդիկ ինձ հասկանան, լսեն ու զգան, որ ես իրենց եղբայրն եմ։ Չէի ուզում գալ պարզապես որպես դրսից եկած երաժիշտ, ուզում էի լինել հայկական մշակույթի մի մասնիկը այն ժամանակահատվածում, երբ այնտեղ եմ լինելու։ Հույս ունեմ, որ երբ լինեմ Հայաստանում, մարդիկ ինձ մի քիչ հայերեն կսովորեցնեն, կծանոթացնեն ուտեստներին, ու, առհասարակ, ամեն ինչին։

 

Երաժշտության մեջ նույնն է։ Եթե քո մտադրությունն ընդամենը պատահական երաժշտություն ստեղծելն է ԱԲ-ի միջոցով, որովհետև ծույլ ես ինքնուրույն ստեղծագործելու համար, դա վատ է։ Որպես պրոֆեսիոնալ երաժիշտ ու կոմպոզիտոր, որը տարիներ շարունակ թղթի վրա է նոտաներ գրել, ես տեսել եմ տեխնոլոգիաների էվոլյուցիան։ Երբ դադարեցի թղթի վրա գրել և անցա համակարգչին, ամեն ինչ շատ ավելի հեշտացավ, սկսեցի ավելի արագ ստեղծագործել։

 

ԱԲ-ն ինձ համար նոր տեխնոլոգիա է, որը պետք է օգնի ինձ էլ ավելի արագ գործել։ Քանի դեռ այն մնում է գործիք իմ երաժշտությունը զարգացնելու համար, ամեն ինչ կարգին է։ Բայց նրանց, ովքեր ԱԲ-ն օգտագործում են հեշտ ճանապարհով երաժշտություն ստեղծելու համար, խորհուրդ կտամ զգույշ լինել. մի օր նրանք կարող են ստանալ մի երաժշտություն, որն իրենց չի պատկանում։

 

 

Իսկ ի՞նչ սպասումներ ունեք Հայաստանից։

 

Շատ հուզված եմ ու ոգևորված։ Շատ հայ ընկերներ ունեմ, որոնք արդեն 10-15 տարի է՝ հարցնում են, թե ինչու չեմ գալիս ու չեմ նվագում Հայաստանում։ Ես էլ պատասխանում էի, որ պարզապես առիթը չէր ստեղծվում։ Գիտեմ, որ թե՛ մշակութային, թե՛ մարդկային առումով մենք շատ ընդհանրություններ ու նմանություններ ունենք։ Բազմաթիվ ընկերներ, երաժիշտներ ու արվեստագետներ ունեմ հայերի մեջ. օրինակ՝ թմբկահարս հայ է։ Ու մենք կապված ենք, շատ ընդհանուր կետեր կան։ Բացի դրանից, ժյուրիի կազմում լինելն ինձ համար շատ խորհրդանշական է, քանի որ կինոաշխարհը միշտ մեծ տեղ է զբաղեցրել իմ կյանքում։ Ֆիլմերի սաունդթրեքերի կոմպոզիտոր եմ, ավելի քան 20-25 ֆիլմի երաժշտություն եմ գրել։ Իմ կյանքի մի մեծ մասը կապված է կինոյի հետ, ինչի մասին շատերը չգիտեն։ Այնպես որ, այս փառատոնի մի մասնիկը դառնալը նույնպես շատ ոգևորիչ է։ Անհամբերությամբ սպասում եմ այդ օրերին։

 

Ինչպե՞ս սկսեցիք ֆիլմերի համար գրել։ Իմ պատկերացմամբ, դա երևի բոլորովին տարբերվում է, այսպես ասած, «սեփական» երաժշտությունը ստեղծելուց։

 

Երբ երեխա էի, միշտ զգում էի, որ ավելի շատ կինոյի կոմպոզիտոր կդառնամ, քան պարզապես երաժիշտ։ Սիրում էի կինոն, սիրում էի լսել ֆիլմերի երաժշտությունը։ Բայց հնարավորություններ չունեի։ Իմ առաջին երեք ալբոմները՝ «Diaspora»-ն, «Diachronism»-ն ու «Diagnostic»-ը, իրականում երբևէ գոյություն չունեցած ֆիլմերի սաունդթրեքեր են։ Ես հույս ունեի, որ մի օր ռեժիսորները կամ մեծ կինոարտադրողները կլսեն իմ երաժշտությունն ու կասեն. «այս տղայի հետ արժե աշխատել»։ Բայց շատ տարիներ անցան, մինչև որևէ մեկը հիշեց իմ մասին։ Առաջին ֆիլմը, որի վրա աշխատեցի, էկրան բարձրացավ 2013-ին՝ նույն տարում, երբ թողարկվեց «Illusions»-ը։ Ես միշտ մտքումս ունեի դա, անհամբեր սպասում էի ու երազում։

 

Երբ սկսեցի, այլևս կանգ չառա. դա դարձավ իմ երկրորդ մասնագիտությունը։ Ստեղծագործական պրոցեսն էությամբ շատ մոտ է իմ սեփական ալբոմների վրա աշխատելու ոճին. գաղափարը հղանալու և այն իմ ուզած հնչողությանը հասցնելու ձևը նույնն է։ Բայց մեծ տարբերությունն այն է, որ սեփական ալբոմներիս վրա աշխատելիս ոչ մեկն ինձ չի ասում՝ սա չհավանեցի, կամ սա երկարացրու, ավելի արագ նվագիր։ Իսկ ֆիլմի վրա աշխատելիս դու աշխատում ես ռեժիսորի համար, որն ունի իր պատկերացումը. դա իր «երեխան» է, ոչ թե իմը։ Այնպես որ, ես պետք է հետևեմ հրահանգներին, միայն ես չեմ որոշողը։ Եթե ճկուն ես և ընդունում ես այս կանոնները, ապա ամեն ինչ լավ է։ Այդ դեպքում պրոցեսը նմանվում է քո ալբոմի ստեղծմանը, բայց այս պայմանն ընդունելը գլխավոր տարբերությունն է։     

 

 

Կինոկոմպոզիտորների մոտեցումները անթիվ-անհամար են։ Բայց անձամբ ձեզ համար ինչպե՞ս է երաժշտությունը հարաբերվում պատումի հետ։ Ինչպե՞ս եք այն հարմարեցնում տեսաշարին կամ սցենարին։

 

Առաջին փուլը հասկանալու մասին է. ովքե՞ր են այս հերոսները, ո՞րն է պատմությունը, ինչո՞ւ է այն այսպես պատմվում, ինչո՞ւ է պատկերն այսպիսին։ Մի հսկայական մաս նվիրված է պատմության խորքային ընկալմանը՝ յուրաքանչյուր փոքր դետալ և ենթատեքստ հասկանալուն։ Դա նման է դերասանի խաղին. դու երբեք չես շարժվում միայն առաջին շերտով, միշտ կա երկրորդ, երրորդ շերտ, ընկալման բազմաթիվ մակարդակներ։ Օրինակ, եթե ասում են՝ գլխավոր հերոսը տխուր է. դա առաջին մակարդակն է։ Երկրորդ մակարդակն այն է, որ նա տխուր է, բայց նաև՝ բարկացած։ Իսկ երրորդ մակարդակն այն է, որ նա տխուր է, բարկացած է, բայց հույս է փայփայում։ Չորրորդ մակարդակում նա վախենում է այդ հույսից։ Դու պետք է հասկանաս այս ամենը, որպեսզի ներթափանցես ֆիլմի էության մեջ։ Երբ հասկանում եմ սա, սկսում եմ վստահել իմ էմոցիաներին և հոգեբանական արձագանքին։ Սկսում եմ ստեղծագործել առանց չափից շատ մտածելու, ուղղակի վստահում եմ ինձ և այն երաժշտությանը, որը ծնվում է այդ էմոցիաների հիման վրա։

 

Այսինքն, երաժշտությունն ընդգծում է ֆիլմի հենց էմոցիոնալ խորությունը։

 

Անշուշտ։ Դրա համար է երաժշտությունն այդքան կարևոր ֆիլմում։ Հանդիսատեսը միշտ չէ, որ առաջին հայացքից հասկանում է ամեն ինչ. երկխոսությունները կամ տեսաշարերը կարող են բարդ լինել։ Երաժշտությունը բռնում է քո ձեռքն ու տանում քեզ այն էմոցիոնալ վիճակին, որն անհրաժեշտ է կատարվածը հասկանալու համար։

 

Ձեր «The Trumpets of Michel-Ange» նախագիծը դրական, նույնիսկ՝ էյֆորիկ զգացումներ է արթնացնում։ Ո՞րն է գաղտնիքը, ինչպե՞ս ստեղծեցիք այս նախագիծը, որը բերում եք Հայաստան։

 

Այս նախագծի մեղեդիները ես երազել եմ նվագել տարիներ շարունակ. դրանցից մի քանիսը գրել եմ դեռ մանկական տարիքում։ Հայրս [Նասիմ Մաալուֆը՝ հանրահայտ լիբանանյան շեփորահար, -խմբ․] միշտ երազում էր, որ շեփորահարներն օգտագործեն իր ստեղծած քառորդ տոներով շեփորը, բայց, ցավոք, շատ քչերը հետաքրքրվեցին դրանով։ Ես նրա լավագույն աշակերտն էի։ Երբ մեծացա այս քառորդ տոների ու մուղամի աշխարհում, ցանկացա հարգանքի տուրք մատուցել հորս ժառանգությանը։ Իմ մանկության մեղեդիներին անհրաժեշտ էր շեփորահարների անսամբլ, բայց ոչ ոք չէր նվագում այդ գործիքը։ Ստիպված էի տարիներով սպասել ու ապացուցել մարդկանց, որ այս գործիքը հետաքրքիր է։

 

Այսօր ինձ հետ բեմում գտնվող շեփորահարների կեսն այն երեխաներն են, որոնք 8-10 տարեկանում իրենց ծնողների հետ գալիս էին իմ համերգներին։ Ես նրանց հետ նկարներ ունեմ, երբ դեռ փոքր էին։ Նրանք ինձ ասում էին, որ մեծանան՝ ինձ նման են նվագելու։ Ես սպասեցի նրանց։ Այսօր նրանք Փարիզի կոնսերվատորիայի ամենաբարձր մակարդակի դասական շեփորահարներ են։ Այսպիսով, ես վերջապես կարողացա կյանքի կոչել այս նախագիծը, որի մասին երազում էի 20 տարի առաջ։ Դա ինձ անսահման երջանկացնում է։ Ինձ զգում եմ 20 տարեկան երիտասարդ, որը պարում է, երգում, անգամ նորից ամուսնանում (ծիծաղում է)։ Հրաշալի է տեսնել այս երիտասարդներին ինձ հետ մի բեմում։